ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Զարուհի Բաթոյանը։

 

Բաթոյանը մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը համագործակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես փորձագետ։ 2018-2019 թվականներին՝ հեղափոխությունից հետո, եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ապա 2019-2020 թվականներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2021 թվականից ԱԺ պատգամավոր է եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Զարուհի Բաթոյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը 2014 թվականին միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

ԱԺ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 12,5 մլն դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 327 հազար դրամ, որից 10 մլն 107 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 587 հազար դրամը կենսաթոշակ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Սեռական եւ վերարտադրողական իրավունքի եվրպական պառլամենտական ֆորումում կատարած աշխատանքի համար Բաթոյանը ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Բաթոյանը «Արդշինբանկ»-ից եւս ստացել է եկամուտ՝ 559 հազար դրամ։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որը հասարակության շրջանում եւ սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

Փաթեթում կար կետ՝ կուսության ստուգումն արգելելու մասին։ Կանայք առաջարկում էին փաթեթում ներմուծել նաեւ «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ էին առնում նույնասեռականներին։ Այս նախագծով առաջարկվում էր նաեւ բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Պատգամավորների հեղինակած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց։

 

 

 

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

«Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալիֆորնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ»:

Այս մասին գրառում է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության համար։

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների եւ վարժանքների գործընկեր երկրներում:

 

 

ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԿԱՅԱՐԱՆՈՒՄ՝ ՀԵՂԵՂԻՑ ՀԵՏՈ

Երեկ (խմբ.) տեղացած հորդառատ անձրեւը աբսուրդային իրավիճակ էր ստեղծել Երեւանի մետրոյի «Շենգավիթի» կայարանում։ Ուժեղ անձրեւը հեղեղել էր «Շենգավիթի» կայարանը, իսկ ներսում գտնվող մարդիկ մի կերպ փորձում էին դուրս գալ ամբողջությամբ ջրի տակ անցած մետրոյի կայարանից։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշում է՝ հեղեղի պատճառը ջրատար խողովակների խափանումն է եղել. «Ծավալը մեծ է եղել ջրի, լավ հեղեղել է կայարանը, բայց շուտ կարգավորվել է խնդիրը։ Մետրոյի աստիճանավանդակի ներքեւի հատվածում է եղել հեղեղը։ Մեր աշխատակիցներն էլ այնտեղ են եղել, բայց, ֆիզիկական միջամտություն է եղել, թե խողովակի խցանումն է բացվել, չեմ կարող ասել, կարող է մի պահ խողովակը խցանվի, հետո դա կարգավորվի ու նորից ջուրը նորմալ տանի։

Ամբողջ քաղաքի ջրերը հավաքվում են ու գալիս Շենգավիթ. ամենացածրադիր հատվածն է, եթե Կենտրոնում կամ այլ վարչական շրջանում խցանում է լինում, ամբողջ կեղտը հետո Շենգավիթում է հավաքվել»։

Հարցին՝ ինքն անձամբ հեղեղից հետո գնացե՞լ է այնտեղ՝ հասկանալու իրավիճակը, եւ ինչ վնասներ են եղել՝ Շենգավիթի թաղապետն ասաց. «Ես չեմ գնացել, բայց մեր աշխատակիցներն այնտեղ են եղել, իսկ վնասների մասին մետրոյի ղեկավարությունից պետք է ճշտեք»։

 

 

ԱՅՑ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից հայտնում են. «Վարչական շրջանում գործող կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում, սույն թվականի հուլիսի 17-ին կազմակերպվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի այցը Դրոյի 22/5 հասցեում գործող «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ:

Այցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ծանոթացավ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի ընթացիկ ծրագրերին:

Արտակ Հովակիմյանը անմիջական ու ջերմ զրույց ունեցավ «Գթության խոհանոց» ծրագրի շահառուների, ինչպես նաեւ «Հույսով լի եւ առողջ մանկություն» ծրագրի երեխաների հետ»:

 

 

ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄ

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարեւորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԵՐԺԵԼ Է

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման չկայանալը:

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաեւ վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր եւ բարձրագույն մակարդակով բանակցությունները եւ մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

 




Լրահոս