Հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի Սեւանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել է ավագանու անդամ: Ինչ է եղել կրակոցի պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով սպանվել է Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:
Ըստ նախաքննական մարմնի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել եւ ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19-ամյա եւ Տավուշի մարզի 40-ամյա բնակիչները։
19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լեւոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է:
Քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին՝ Լեւոն Բանդուրյանը եւ 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ հանգստանալիս են եղել Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սեւան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 41-ամյա բնակիչ տղամարդկանց եւ Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչ կնոջ հետ։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետեւանքով Սեւանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաեւ նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։
Իսկ ինչն է եղել վիճաբանության բուն պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ավագանու անդամ Արսեն Աֆիյանը բարձր է խոսել հյուրանոցում ու նրան նկատողություն է արել քրեական հեղինակության որդին, ինչից էլ սկսվել թեժ խոսակցությունը ու կրակոցներ են հնչել:
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր.
«2024թ. հուլիսի 17-ին՝ «Սեւան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 եւ 56-ամյա, ինչպես նաեւ Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել եւ ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19-ամյա եւ Տավուշի մարզի 40-ամյա բնակիչները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ին, «Սեւան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37-ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19-ամյա եւ Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներին ձերբակալելու մասին:
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր, հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել եւ զննության է ենթարկվել նաեւ հիշյալ դեպքը տեսանկարահանող սարքը։
Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է քրեական վարույթի համար էական նշանակության հանգամանքներ պարզելու, ինչպես նաեւ տեղի ունեցած դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է»:
ՍԿԱՆԴԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 000-ներով գոլդ համարանիշների աճուրդի շուրջ սկանդալը շարունակվում է:
էլեկտրոնային աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված «ՆԱՄԲԵՐ ՈՒԱՆ» ՍՊ ընկերությունը եւս կներկայանա դատարան: Նկատի ունենալով, որ 23.02.2024 թվականին՝ ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի էլեկտրոնային աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՆԱՄԲԵՐ ՈՒԱՆ» ՍՊ ընկերությունը, նրա շահերը շոշափվելու են նշված գործով կայացվելիք դատական ակտով:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը որոշել է «ՆԱՄԲԵՐ ՈՒԱՆ» ՍՊ ընկերությանը գործի դատավարությունում ներգրավել որպես երրորդ անձ։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ-ն մարտի 29-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ու պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թվականին՝ ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչի եւ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչի:
Դատելով իրավիճակից՝ վերոնշյալ «գոլդ» համարի աճուրդ է կայացել ու Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» հյուրանոցը մասնակցել է աճուրդին, սակայն չի հաղթել ու հիմա գործարարին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները, ու «գոլդ» համարը իրենը դարձնելու «կռիվ է տալիս»։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանություն, սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքում հաշվառված եւ փաստացի բնակվող 39-ամյա տղամարդը, 2024 թվականի մարտի 9-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում վիճաբանել է տուժողի՝ Երեւան քաղաքի 28-ամյա բնակչի հետ, ինչը վերաճել է քաշքշուկի։ Դրա ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 39-ամյա տղամարդն իր մոտ նախապես պահվող սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի կենսական նշանակության օրգանների՝ գլխի, որովայնի, դաստակի եւ ուսի հատվածներին։ Սակայն ակումբի պահնորդական ծառայության աշխատակիցների միջամտությամբ նրա հանցավոր գործողությունների կանխման, շտապօգնության աշխատակիցների եւ հիվանդանոցում ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել 28-ամյա երիտասարդի կյանքը եւ հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Տուժողի ստացած մարմնական վնասվածքների մեխանիզմը, ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, հանդիսանում են կյանքի համար վտանգավոր:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: