ՈՒՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՎ ԻՆՉ ՀԱՄՏԵՍԵԼ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջերկրածովյան ամենավառ երկրներից մեկը՝ արաբական միակ քրիստոնյա պետությունը, որի մայրաքաղաքը հայտնի է որպես արեւելքի Փարիզ, առանձնանում է իր տեսակով, բնույթով եւ մշակույթի ու ժամանցային վայրերի հետաքրքիր խառնուրդով:

 

Լիբանան. ահա թե որ երկիրն է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների:

Եկեք միասին ճանապարհորդենք Լիբանանում եւ ուսումնասիրենք այն վայրերը, որտեղ պարտադիր պետք է սնվել՝ միաժամանակ խոսելով նրա մասին, թե ինչ պետք է փորձել՝ զգալու լիբանանյան խոհանոցի համը:

Լիբանանի «համը» զգալու համար պետք է ուտել լիբանանյան ուտելիքներ. անպայման եղեք Ժյունիի ծովափերում, որտեղ կարող եք վայելել Միջերկրական ծովի ձկնաշխարհը: Արեւելքի Փարիզի երեկոյան շունչը զգալու համար այցելեք Մար Մխայել. սա Բեյրութի ամենագունագեղ փողոցներից է, որը երեկոյան վերածվում է բացօթյա ժամանցային գոտու՝ երաժշտություն, խմիչք, լույսեր:

Հաջորդը Դբբայե գյուղն է, որը հիանալի վայր է երեկոյան ժամանցի համար: Եթե երեկոյան ժամանցի սիրահար եք, ապա հենց այստեղ կգտնեք կողք կողքի բազմաթիվ բարեր, փաբեր եւ ռեստորաններ, որտեղ կարելի է մինչեւ լույս ուրախանալ:

Պետք է անպայման այցելել հայկական Այնճար գյուղ եւ ճանապարհին մտնել Շթորա գյուղի ագարակ՝ վայելելու լիբանանյան քամած մածունով բրդուճները (սենդվիչ): Եթե հասել եք Այնճար, ապա անպայման եղեք Բաալբեքի ավերակներում, որի մոտակայքում կարող եք ուտել տարածաշրջանին բնորոշ սֆիհաները. վստահեցնում ենք համը շատ երկար կուղեկցի Ձեզ:

Պաղպաղակի սիրահարները պետք է անպայման փորձեն գրեթե բոլոր խանութներում առկա սառույցե պաղպաղակները եւ, որ ամենակարեւորն է, արաբական «ծեծած» պաղպաղակը, որը պատված է պիստակով:

Պետք չէ մոռանալ Մար Մխայելում գտնվող «Frooza Booza» պաղպաղակի խանութի մասին, որտեղ կարելի է համտեսել տեղում պատրաստվող պաղպաղակ:

Եթե ցանկանում եք օրն ավարտել լիբանանցիների պես, ապա երկար երեկոյից ու վայելքներից հետո՝ կեսգիշերն անց, անպայման վայելեք «Sea Sweet» քաղցրավենիքի խանութի հայտնի պանիրով քնաֆեն: Եթե առաջին անգամ եք ուտելու, ապա նախընտրությունը տվեք կես հատին՝ հազիվ կարողանաք ավարտել այն:

Նախաճաշելիս ընտրեք արաբական եւ հենց բուն լիբանանյան խոհանոցին հատուկ սնունդ: Կարող եք փորձել «մանաիշ» կամ «ֆաթայեռ»: Առաջինը ձիթրոնի եւ համեմունքների խառնուրդից պատրաստված թխուկ է, որը պիցցայի տեսք ունի, իսկ երկրորդը՝ պանիրով պատրաստված թխուք: Ինչպես նաեւ պարտադիր փորձեք լիբանանյան «քա՛աք» հացիկները: Նախաճաշը կարելի է ամբողջական դարձնել մեխակով եւ դարչինով համեմված մեկ բաժակ սեւ թեյով, քամած մածունով, լոլիկով, վարունգով եւ տեղական թել-պանրով:

Լանչի համար կարող եք այցելել բուն լիբանանյան խոհանոց եւ փորձել «ֆուլ» (պատրաստվում է բակլայից) կամ «ֆաթթե» (պատրաստվում է սիսեռից եւ թահինից), որոնք հագեցնող եւ հետաքրքիր ուտեստներ են: Դրանից հետո՝ մինչեւ ուշ երեկո ուտելու ցանկություն չեք ունենա:

Ճաշելիս նախապատվությունը տվեք լիբանանյան խոհանոցի համեղագույն աղցաններից թաբբուլեին եւ ֆաթթուշին, նախուտեստներից՝ հմմոսին, մթաբբալին եւ մհամմարային,  յալանջիին (ձեթով, առանց մսի սարմա), պանիրով տապակված պյորեկներին եւ փաթաթա հառռային (թարգմանաբար՝ տաք կարտոֆիլ): Որպես հիմնական ճաշ կարող եք ընտրել քյուֆթեի տարբեր տեսակներ, շիշ թաուկ, քեբաբ՝ նախապատվությունը տվեք սմբուկով քեբաբին: Եթե ցանկանում եք սնվել արագ եւ մատչելի, ապա փորձեք իսկական արաբական լեհմեջուն կամ շաուրման. հավատացնում ենք արաբական որեւէ երկրում վերջիններս փորձելուց հետո կզգաք, որ առաջին անգամ եք ուտում:

Ընթրիքին կարող եք վայելել արաբական քաղցրեղեն՝ մահլաբիյե, եթե կաթի սիրահար չեք, ապա մի փորձեք, վերցրեք մղլի, որը պատրաստվում է բրնձի փոշուց եւ համեմունքներից, յուրահատուկ համ ունի, փորձեք նաեւ աշթա. կաթի սերից պատրաստված այս քաղցրը միայն արաբական աշխարհին է հատուկ կամ ընտրեք քնաֆե, որը պարզապես փորձել է պետք:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 6-ին Գորիսում թունավորվել էին 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները. 4-ամյա երեխան մահացել էր:

 

Առողջապահության նախարարությունից ավելի ուշ հայտնեցին, որ 7 հոգանոց ընտանիքից մկեը՝ 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երեւան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։

Երեկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, որում գրված է՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ եւ ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող եւ մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը՝ 120 օր):

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը ասաց՝ «հայտարարությունից ավել բան չեմ կարող ասել, միայն պիտի ասեմ, որ հենց նույն օրը, երբ եղել է ահազանգը, այդ օրն էլ ընտանիքի անդամներից ճշտել ենք, թե ինչ մթերք են գնել եւ այն որտեղից են գնել»։

Նրա խոսքով՝ նմուշներ են վերցվել, դրանք տարվել են լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքները հրապարակվել են:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

«ՏԱՎՈՒՇ» ՋՕԸ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Յուրի Որսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017թ. փետրվարի 9-ին  «Տավուշ»  ՋՕԸ-ի վարչական խորհրդի նախագահի հետ կնքած թիվ 1 աշխատանքային պայմանագրի համաձայն, նշանակված լինելով  «Տավուշ»  ՋՕԸ-ի  գործադիր տնօրենի պաշտոնում, օգտագործելով իր պաշտոնեկան դիրքը, ունենալով ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու, ֆինանսական փաստաթղթերը ստորագրելու լիազորություն, 2017 թվականի ամռանը «Տավուշ» ՋՕԸ-ի կողմից Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրում կառուցված 1032 մետր ընդհանուր երկարությամբ ոռոգման օժանդակ ջրագծի կապակցությամբ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ներկայացրել է կատարողական ակտ, որի համաձայն՝ ջրագծի կառուցման համար հատկացվել է 6592000 ՀՀ դրամ. կատարողական ակտում նշված, սակայն փաստացի՝ չկատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 460586,47 դրամ, նշված ջրագծի կառուցման կատարողական ակտում որպես իրականացված աշխատանք ներկայացվել է կատարվածից ավելի ծավալով եւ վատնել է 664799,65 դրամ՝  «Տավուշ»  ՋՕԸ-ին պատճառելով խոշոր չափերի գուքային վնաս։ 2024թ. ապրիլի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Յուրի Սարգսի Որսկանյանի անմեղությունը 01.08.2003թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հենրիկ Աբելի Միրզոյանի դրվագով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ, Որսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սամվել Սերյոժայի Սարգսյանի դրվագով), Յու. Որսկանյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին եւ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա սահմանահատումների վրա դրված արգելքը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հայցը՝ Յուրի Որսկանյանից, հօգուտ  «Տավուշ»  ՋՕԸ-ի 1.059.283,65 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի` Յուրի Որսկանյանից, հօգուտ «Տավուշ»  ՋՕԸ-ի բռնագանձել 140.000 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ պատճառված վնասի գումար»: Յուրի Որսկանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով մասամբ բեկանել կամ փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.04.2024թ.-ի դատավճիռը: Ներկայում քրեական գործերով վերաքննիչ դատարանում այդ գործով նիստեր են կայանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս