«ՎՈԿԱԼԱՅԻՆ ԼԱՎ ՏՎՅԱԼՆԵՐ ՈՒՆԵՄ». Լ. ՄՈՐՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Chika Chika» անվանումով տեսահոլովակը: Լիլին «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից եւ պատմել է՝ ինչպես են աշխատել այս տեսահոլովակի համար:

 

«Կրկին ռուսերենով եմ երգը ներկայացրել, քանի որ ունեմ բացառապես ռուսերենով ձայնագրված երկու ալբոմ: Ես եւ ամուսինս՝ Վադիմը, ով նաեւ իմ պրոդյուսերն է, ալբոմները լսարանի դատին հանձնելու որոշում ենք կայացրել: Իհարկե, ոչ բոլորը կունենան տեսահոլովակ, բայց այս մեկը պարային էր, կարծում եմ, որ կսիրվի: Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ բոլոր երգերս սիրվում են: Այդ մասին փաստում են դիտումները եւ նամակները, որոնք գրեթե ամեն օր ստանում եմ իմ երկրպագուներից», – ասաց Լիլին:

Նրա խոսքով՝ այս անգամ էլ աշխատել է ռուս մասնագետների հետ, թեպետ տեսահոլովակը նկարահանել են ԱՄՆ-ում:

«Իմ կարծիքով ռուս մասնագետները շատ լավ են զգում այս երգերի տրամադրությունը: Վստահում եմ նրանց, իսկ արդյունքից շատ գոհ եմ մնում: Առհասարակ, միջազգային աշխատանք ստացանք. տեսահոլովակում նկարահանվել են տարբեր ազգերի գեղեցիկ աղջիկներ: Շատ վառ ու հետաքրքիր աշխատանք ենք ստացել, ինչպես արդեն հասկացել եք՝ չեմ վախենում նորովի հանդես գալուց»:

Լիլին զրույցի ընթացքում նշեց, որ երգին եւ երաժշտությանը շատ լուրջ է վերաբերվում:

«Արդեն երկու տարուց ավելի է, որ գրեթե ամեն օր մասնագետների հետ մշակում ենք ձայնս: Դա անում ենք վոկալի ուսուցչուհիների օգնությամբ, ցանկանում եմ ավելի կատարելագործվել, փորձում եմ տարբեր մասնագետների օգնությամբ ամեն ինչ սովորել, ամեն բան իմանալ: Այնպես է, որ ես վոկալային լավ տվյալներ ունեմ, պարզապես այսպիսի երգեր եմ ներկայացնում, քանի որ «թեթեւ» երգերը հիմա շատ արդի են, խաղարկային երգերը սիրվում են երիտասարդների, երեխաների կողմից: Դրանք ինձ էլ են շատ դուր գալիս, բայց ալբոմում ունեմ երգեր, որոնց շնորհիվ վոկալային տվյալներս եմ ցույց տվել: Այդ երգերի շնորհիվ մարդիկ գոնե որոշ չափով կհասկանան, թե ես ինչպես եմ երգում, ինչ վոկալային տվյալներ ունեմ: Ցանկացած ճաշակի տեր մարդ էլ կարող է իր հոգուն հարազատ մոտ երգ գտնել իմ ալբոմների մեջ»:

Լիլին նաեւ հավելեց, որ ամուսինը շատ է աջակցում իրեն, միասին աշխատում են բոլոր դետալների վրա, նույնիսկ միասին բեմական համարձակ կերպարներն են ընտրում:

«Միասին հասկանում ենք՝ ինչը պետք է փոխենք, այդ թվում՝ թե՛ ձայնի, թե՛ խոսքերի մեջ, տեսահոլովակի սցենարն էլ ենք միասին որոշում: Շատ երջանիկ կին եմ, քանի որ ամեն հարցում նա իմ կողքին է: Ինչ վերաբերում է բեմական համարձակ կերպարներիս, պետք է խոստովանեմ, որ այնպես չէ, որ մինչեւ բեմ դուրս գալն իմ կերպարները վառ չէին, որովհետեւ ես ինձ որքան հիշում եմ՝ թե’ փոքր տարիքում, թե’ դպրոցական տարիներին, թե’ համալսարանական տարիներին, միշտ սիրել եմ տարբերվել բոլորից, լինել վառ կերպարներով: Ավելին՝ ինքս ինձ համար հագուստներ եմ կարել, կերպարներ ընտրել, իսկ այսօր ամուսինս աջակցում է նաեւ այս հարցում՝ ընդունելով ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Խանդելը, իհարկե, խանդում է. կարծում եմ, որ եթե մի օր հասկանամ, որ կողակիցս ինձ չի խանդում, ուրեմն՝ նրան այլեւս անհետաքրքիր եմ: Ընդգծեմ նաեւ, որ ես երբեւէ խանդելու որեւէ առիթ չեմ տալիս, մենք միմյանց շատ վստահում եւ հավատում ենք», – եզրափակեց երգչուհին:

 

 

 

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԼԱՎԱՇԻ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային եւ տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արեւիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը:

 

«Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի փառատոնը նվիրվում է հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան տարբեր մշակութային միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում եւ գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության եւ ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրու հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն եւ երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ:

Գյուղական մթերքներով լի տաղավարները կներկայացնեն ոչ միայն Արեւիկ, այլեւ հարակից գյուղերը՝ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի կունենա լավաշի եւ այլ ուտեստների համտես, կներկայացվի նաեւ արցախյան խոհանոցը։

Փառատոնի հիմնական նպատակը Արեւիկ համայնքի լավաշի թխման ավանդույթի վերարժեւորումն ու հանրահռչակումն է, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության եւ իրազեկման միջոցով համայնքային կյանքի աշխուժացումը, գաստրո, էթնո եւ էկո զբոսաշրջության զարգացման խթանումը:

Նշենք, որ փառատոնի առանցքում ե՛ւ գյուղը, ե՛ւ փառաբանման առարկան՝ լավաշը, պատահական չեն ընտրվել:

Արեւիկը դեռեւս խորհրդային տարիներից հռչակված է եղել հացթուխներով եւ կարմրահատ ցորենից թխվող լավաշով, ուստի փառատոնի հիմնական ուղերձը թոնրում ավանդական եղանակով թխվող լավաշ հացի փառաբանումն է: 2023 թվականին պատ-գեղանկարի միջոցով Արեւիկ համայնքի մանկապարտեզի պատին պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅ ՋԱՀԱԿԻՐ ՄԱՐԶԻԿԸ

Հուլիսի 17-ին Էլմիրա Կարապետյանը պատմություն է կերտել՝ դառնալով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին մարզիկը, ով մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցման վազքին՝ դառնալով ջահակիր երկրորդ հայ մարզիկը պատմության մեջ:

Առաջին անգամ հայ մարզիկը մասնակցել է ջահի փոխանցման արարողությանը 40 տարի առաջ՝ 1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին ջահակիրն է, ինչը պատմական իրադարձություն է։

Հայ օլիմպիական հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր։

2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին եւ կշարունակվեն մինչեւ 2024 թվականի օգոստոսի 11-ը: Փարիզը գլխավոր հյուրընկալող քաղաքն է, իսկ խաղերն անց են կացվելու Ֆրանսիայի 16 այլ քաղաքներում: Փարիզի Օլիմպիական խաղերին կկայանան 32 մարզաձեւերի մրցումներ եւ մեդալներ կստանան 329 մարզիկներ:

Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 15 մարզիկներ, որոնք հանդես կգան 7 մարզաձեւերում։

Հուլիսի 26-ին կայանալիք բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։

«Փարիզ 2024» Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներն են.

l Հրաձիգ՝ Էլմիրա Կարապետյան

l Մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան

l Ազատ ոճի ըմբիշներ՝ Վազգեն Թեւանյան, Արսեն Հարությունյան

l Բռնցքամարտիկ՝ Դավիթ Չալոյան

l Հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան

l Ծանրորդներ՝ Վարազդատ Լալայան, Գարիկ Կարապետյան, Անդրանիկ Կարապետյան

l Լողորդներ՝ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան

lՄարզիկ (աթլետ)՝ Երվանդ Մկրտչյան

Սա կլինի Հայաստանի ութերորդ անընդմեջ ելույթը ամառային օլիմպիական խաղերում հետխորհրդային ժամանակաշրջանում։

 




Լրահոս