Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի նկատմամբ հարուցված քրեական գործը կքննի «ոչ պատահական» դատավոր։
Նա նախկինում աշխատել է Ալեն Սիմոնյանի հետ, ու այժմ Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել նրան` հասկացնելով, թե սխալ էր արել, երբ կալանավորեց իր հարսին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը մակագրվել է հենց նույն` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին, որը քաղաքական իշխանության հետ ուղիղ կապ է ունեցել։
Դատավոր Մերի Մոսինյանը 2019 թվականից աշխատանքի է անցել ԱԺ-ում, բարձրացել կարիերայի աստիճաններով՝ հասնելով մինչեւ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պաշտոնին։ Հենց այդտեղից էլ անցել է իր հաջորդ աշխատանքին՝ նշանակվելով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Արդյունքում, երբ այս գործի շրջանակում կալանավորեցին Ալեն Սիմոնյանի հարսին, 168.am-ը տեղեկություններ հրապարակեց, որ Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել դատավորին` «հասկացնելու» նրա սխալ քայլը։
Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ցույց տալու համար, որ Մերի Մոսինյանը սխալ էր, իրենք՝ ճիշտ, վերջինիս ծաղրելու համար նրան ծաղիկներ է ուղարկել:
Մերի Մոսինյանը, սակայն, չի գնահատել իր նախկին ղեկավարի ժեստը, ու, ըստ 168.am-ի, դիմել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Խաչիկ Ղազարյանին՝ Ալեն Սիմոնյանի արարքը գնահատելով որպես ճնշում դատավորի վրա:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա տեւական ժամանակ կալանքի տակ էր ու վերջերս ազատ արձակվեց։ Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայություն ձեռք բերելու մրցույթի ընթացքում՝ կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով՝ քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:
Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ կռիվ կտան դատարանում»:
Օրեր առաջ մահկանացուների օդանավից հրապարակած կադրերը հեղափոխական բազմությանը մտովի տեղափոխեցին 2018 թվական, երբ Արայիկ Հարությունյանը մետրոյով էր աշխատանքի գնում, Արարատ Միրզոյանը ԴԱՀԿ-ի հետ մարտնչում էր փոշեկուլի պարտքի հարցով, իսկ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն քաղաքացու հռչակել էր վարչապետ։ Ներկայացվող փաստաթղթի համաձայն` մասնավոր հրամցված այցը պետբյուջեի հաշվին էր` հուշանվերներից մինչեւ տաքսի կամ այլ փոխադրամիջոցներ։ Ավելին` ծախսերը ընդունվելու են ոչ թե նորմատիվների շրջանակում (ինչպիսին «նախկինների» ժամանակ էր) այլ փաստացի, ինչը նշանակում է` ցանկացած շռայլություն թույլատրելի է, չկա սահմանափակող նորմատիվ։ Եթե Փաշինյանը մեզ հուսադրում էր վիրտուալ ապագայով` խոստանալով, որ «Կա՛ ապագա», իրենք ներկան են վայելում։ «Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին, իսկ նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։ Ինչպես նաեւ գրել էինք, որ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին. իսկ թալանն ուրիշ ի՞նչ բնութագրում ուներ:
ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա աշխատանքից ազատման պատճառը ոչ միայն շինբարեկարգման ոլորտի տապալումն էր, այլեւ քաղաքապետարանում ունեցած տարաձայնությունները։ Գրել էինք, որ նա չի ցանկացել աշխատել փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ենթակայության ներքո, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Մեր տեղեկություններով՝ Լեւոն Հովհաննիսյանը պահանջել էր Խորեն Գրիգորյանին հաշվետու լինել իրեն ու ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Խորեն Գրիգորյանին դուր չէր եկել իր նկատմամբ վերահսկողությունը, եւ վիճաբանությունից հետո նա աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Աշխատանքից ազատվելուց հետո էլ, սակայն, Խորեն Գրիգորյանը ակտիվորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառումներ էր անում, նրա լուսանկարները տարածում իր էջում, երբեմն էլ՝ ՔՊ նիստերին մասնակցում։ Մենք գրել էինք նաեւ, որ Խորեն Գրիգորյանը նախորդ տարի ՔՊ կուսակցական դրամահավաքին նվիրաբերել էր 2 մլն դրամ։ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին մեր տեղեկությունը հաստատեց նաեւ ինքը՝ Խորեն Գրիգորյանը. «Մասնագիտությամբ ազգագրագետ եմ, իսկ հանձնաժողովը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով ու խնդիրներով է զբաղվում նաեւ, որոնք ուղիղ իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեն: ԱԺ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանից եղել է աշխատանքի առաջարկ, որը սիրով ընդունել եմ», – ասաց նա: Այսպիսով՝ Խորեն Գրիգորյանը, որի անունը կառուպցիոն համակարգում բազում սկանդալների կիզակետում է հայտնվել, այսուհետ կզբաղվի մարդու իրավունքներով:
Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով: Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշների մեջ ներառված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած՝ «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարություն»-ում նշում էր, որ ՀՀ բնակչությունը պետք է դարձնի 5 մլն մարդ: Ստացվում է, որ բնակչության աճի գործընթացը Փաշինյանը կայացնում է ոչ թե օրինական, այլ «անօրեն» ճանապարհով: Այսինքն՝ այս դեպքում վարչապետի երազած բնակչության աճը ապահովեց ոչ թե ծնելիության մակարդակի բարձրացումը, այլ Արցախից խաղաղ բնակչության բռնի տեղահանումը։ Փաստերն ապացուցում են, որ իշխանությունները նույնիսկ իրենք իրենց հանդեպ հաշվետու չեն. իսկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ միայն հայերով 5 մլն բնակչություն ապահովել հնարավոր չէ, պետք է օտարերկրացիների եւս ներգրավեն՝ Փաշինյանի ծրագրերն իրականացնելու համար: