ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։

Ստորագրահավաք անցկացնելու վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին։

-Պարո՛ն Խզմալյան, ինչպես առաջացավ ստորագրահավաք անցկացնելու գաղափարը, ինչպե՞ս եք սկսելու այդ գործընթացը։

-Մենք համարում ենք, որ սա Սահմանադրության պահանջն է, միջազգային որեւէ կառույցին անդամակցելու համար պետք է հանրաքվե անցկացվի։ Մենք անհրաժեշտ ենք համարում ստորագրահավաք սկսել ու չսպասել մինչեւ դա բարեհաճեն մեր իշխանությունները։

Ստորագրահավաքի համար դիմելու ենք ԿԸՀ, որտեղից մեզ կփոխանցեն պետական ձեւաչափերով սահմանված փաստաթղթերը, մենք պետք է հավաքենք 50 հազար ստորագրություն եւ հանձնենք ԱԺ՝ որպես պահանջ՝ հանրաքվե անցկացնելու. մենք հանրաքվե չենք կարող նախաձեռնել, դա պետք է հանձնենք ԱԺ կամ կառավարություն։

-Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ անգամ մերժել է հանրաքվեի Ձեր առաջարկը՝ ասելով, թե դրա կարիքը չկա, քանի որ ինքն արդեն գիտի ժողովրդի կարծիքը, ի՞նչ է փոխվելու հիմա։

-Նա իր անձնական կարծիքը հայտնեց, իսկ նույն ֆորումի ժամանակ նա, ի պատասխան իմ հարցին, ասաց՝ պետք է հարցնել ժողովրդին՝ ուզո՞ւմ են ԵՄ անդամ դառնալ։ Ես տրամաբանական հակասություններ եմ տեսնում երկու հայտարարությունների միջեւ, ուստի մենք անցնում ենք երկրորդ մասին՝ հարցնելու ենք ժողովրդին։

-Իսկ ե՞րբ եք մտադիր սկսել ստորագրահավաքը։

-Մենք հաշվարկել ենք՝ մոտավորապես երկու-երեք շաբաթ կպահանջվի, որ հանձնենք փաստաթղթերը. շրջայցեր կլինեն մարզեր, որպեսզի մեր համախոհները եւս իրազեկ լինեն ու մասնակցեն ստորագրահավաքին։

Խոսքը օգոստոս ամսվա կեսի մասին է. ստորագրահավաքն ունի ժամկետ՝ 45-60 օր, այնպես որ, մենք արդեն սեպտեմբերի վերջին պետք է ավարտած լինենք այն։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով: Այս մասին շաբաթ օրն օկուպացված Շուշիում հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Ալիեւը՝ խոսելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ զարգացումներից։

Ալիեւը խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման համար կրկին առաջ է քաշում երկու հիմնական նախապայման՝ Հայաստանը պետք է համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը եւ փոխի Սահմանադրությունը։

Ադրբեջանի նախագահն արդարանում է, թե Սահմանադրության փոփոխության պահանջը պետք չէ վերագրել Հայաստանի ներքին գործերին միջամտություն։

Ըստ Ալիեւի՝ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։

«Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումն անհնարին է»,- ասել է Ալիեւը։

Ի դեպ՝ հայկական կողմը ոչ միայն չի ընդդիմացել Ալիեւի՝ Հայաստանի Մայր օրենքը փոխելու պահաջին, այլ Փաշինյանն ինքը հայտարարել է, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք, իսկ նոր ձեւավորված հանձնաժողովն արդեն իսկ զբաղվում է նոր Սահմանադրության նախագծի մշակման հարցով։

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՐՑԱԽՑԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսին տեսակցել են Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ղեկավարությանը:

Հնարավորություն է ստեղծվել, որ նրանք կապ հաստատեն ընտանիքների հետ։

Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետեւանքով 16 անձ է գերեվարվել, որոնց թվում են նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել:

«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման եւ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարեւոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների, ինչպես նաեւ կայունության, խաղաղության եւ բարեկեցության տեսլականի վրա։

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների եւ անդամ երկրների իմ գործընկերներին», – նշել է Միրզոյանը:

 

 

ՎԻԶԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ԵԽ արտաքին գործերի նախարարներն քննարկել են Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության հարցը:

«ԵԽ-ն ողջունում է Հանձնաժողովի մտադրությունը ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու եւ երկխոսության փուլերում, այդ թվում՝ չափանիշների սահմանման եւ դրանց իրականացման գնահատման գործընթացում, Խորհրդին եւ անդամ պետություններին լիարժեք ներգրավելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑԵԼ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը, ինչը նշանակում է, որ կողմերը դրա հետ կապված քաղաքական որոշում ունեն:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն էր տեղեկացրել, որ ՀՀ-ում ռազմական կցորդի միջոցով ՀՀ ԶՈՒ-ի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ծրագրեր են նախապատրաստում:

Իհարկե, մեկ բան է ռազմական գործակցության ընդլայնումը ռազմական կցորդի ակտիվ ներգրավվածությամբ, մեկ այլ խորություն է ՊՆ-ում ներկայացուցիչ ունենալու հանգամանքը, ինչը, ըստ ամերիկացի դիվանագետի, ռազմավարական գործընկերության փուլ թեւակոխելու պատմական փաստ է:

Պաշտոնական Երեւանը չի շտապում փակագծերն ամբողջությամբ բացելուն, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈՒ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի ե՛ւ գաղափարական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ հայեցակարգային հիմք:

Զուտ ռազմական տեսանկյունից՝ այս կամ այն մոդելի առումով կողմնորոշումը կամ միտվածությունը, դեռ չի երաշխավորում այդպիսի չափանիշներով բանակի ձեւավորումը, դրա համար ահռելի աշխատանք եւ ռազմաքաղաքական ճիշտ, որակյալ ու գրագետ վերանայումներ են ենթադրում, ինչը ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում բացառվում են:

Երկրորդ, դեռ պետք է հասկանալ, առկա քաղաքական համաձայնություններն առաջնային հայկական բանակի մարտունակության թռիչք են ենթադրում, թե դա իր մեջ բացառապես աշխարհաքաղաքական նպատակ է ենթադրում` ցույց տալու, որ ՌԴ-ից տարանջատումը նաեւ անվտանգության ուղղությամբ է, ինչը բեւեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է», – գրել է նա:

 




Լրահոս