«Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսել է, որ հեղուկ գազի գինը վերջերս կտրուկ աճ է գրանցել։ Մեկ ամսում գրեթե բոլոր լցակայաններում հեղուկ գազը 80-90 դրամից դարձել է 240-250 եւ ավելի դրամ։ Ստացվում է, որ հեղուկ գազը հայաստանյան շուկայում 2.6-3 անգամ գնաճ է գրանցել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկանալ՝ կա՞ արդյոք ուսումնասիրություն, թե ինչու է վառելիքի շուկան վերածվել քաոսի։
Այնտեղից փոխանցեցին, որ Հանձնաժողովը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ, փորձում է տալ հստակ պատասխաններ, իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ շուկան խիստ մրցակցային է, իսկ հայտարարություն արդեն արել են.
«Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։
Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետեւաբար, շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջեւ գրեթե անհնար է։
Նշենք նաեւ, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսվարողից եւ ներմուծման ամսաթվից։ Ընդ որում՝ նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են եւ համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին:»,- ասված է հայտարարությունում։
Տնտեսագետները պնդում են, որ գազի գնի թանկացման հիմքում այլ բան կա։ Փաստում են, որ խնդիրը պահանջարկի մեջ է, այսինքն՝ պահանջարկից է, որ գնաճ է գրանցվում։
Բանն այն է, որ հեղուկ գազը վերջին մեկ տարում ամենաէժան վառելիքն էր եւ վարորդները ձգտում էին փոխել մեքենայի վառելիքը, «օրինակ՝ բենզինով մեքենայի վրա հեղուկ գազ էին դնում»։
Հիմա այդ վարորդները «կոտրած տաշտակի» առաջ են կանգնել եւ չգիտեն՝ ինչ անել, քանի որ հեղուկ գազի գինը հավասարվում է բենզինի գնին։
Հիշեցնենք, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել էր, որ Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառը բորսայական գների բարձրացումն է:
Գեւորգյանը հերքել էր տնտեսագետների այն պնդումը, թե հեղուկ գազի գինը բարձրացել է շուկայից «փոքր խաղացողների» հեռացման արդյունքում։
Հիշեցնենք նաեւ, որ 2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 % եւ 0.1 %-ով:
10 ՄԼՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները եւ նպաստել ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Բրյուսելում որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում եւ հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը։ Այն նաեւ նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում։ Ըստ որոշման՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:
ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգությունը կարեւոր տարր է։ Բարձր ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն փոխադարձ շահագրգռվածություն ունի՝ ավելի ընդլայնելու իր երկխոսությունը արտաքին եւ անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաեւ դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին եւ գործողություններին։
«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա եւ էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության եւ համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաեւ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- նշված է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։
ԻՐԱՆԱԳԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է՝ «3+3» ձեւաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում, ինչպես նաեւ հավելել է՝ «սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարեւոր դեր է խաղում Իրանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության եւ առեւտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը բարելավել է սահմանային կապը»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը, անդրադառնալով հայտարարությանը, ասաց, որ դա Իրանի հստակ հայտարարված դիրքորոշումն է՝ սահմանների անձեռնմխելիության ու փոփոխության վերաբերյալ:
«Երբ Իրանը հայտարարություն է անում, դա վերաբերում է ե՛ւ Զանգեզուրի միջանցքին, ե՛ւ Սյունիքին: Իրանի ցանկացած հայտարարություն նախ կապված է հայկական կողմի արձագանքների հետ»:
Իրանագետի կարծիքով, եթե հայկական կողմը ցանկացած պարագայում համաձայնում է ինչ-որ սահմանների հանձմանը Ադրբեջանին, կամ, որ հայատարարվում են դրանք ադրբեջանական տարածքներ, այստեղ Իրանը չի կարող գործիքակազմ ունենալ: Թեհրանի հայտարությունները հիմնականում վերաբերում է նրան, որ Ադրբեջանական կողմը ռազմական ճանապարհով չփորձի որեւէ խնդիր լուծել:
ԲԱՅԴԵՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՐԻՍԻՆ
Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուի:
«2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարրիսին որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն է եղել: Այսօր ուզում եմ առաջարկել լիակատար աջակցությունս, որպեսզի նա լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածու: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել եւ հաղթել Թրամփին. եկեք անենք դա»,- գրել է Բայդենը X-ի միկրոբլոգում։
Այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։
Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:
Ես գիտեմ, որ դրանցից ոչ մեկին չէր հաջողվի հասնել առանց ձեզ՝ ամերիկացի ժողովրդի: Միասին մենք հաղթահարել ենք համավարակը եւ ամենամեծ տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Մենք պաշտպանել եւ պահպանել ենք մեր ժողովրդավարությունը։ Մենք վերածնել եւ ամրապնդել ենք մեր դաշինքներն ամբողջ աշխարհում։
Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր Նախագահ: Թեեւ ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության եւ երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից եւ մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։ Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդենը:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ
Կասպից ծովում ռուսական եւ իրանական նավերի մասնակցությամբ սկսվել են փրկարարական գործողությունների եւ ծովային անվտանգության ապահովման զորավարժությունները, Mehr գործակալությանը հայտնել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Աբբաս Հասանին։
«Այս զորավարժությունները Կասպից ծովում տեղի են ունենում առաջին անգամ՝ Իրանի նախաձեռնությամբ։ Այդ նպատակով երեկ ռուսական նավը (SB-45 – խմբ.) մտել է Իրանի տարածքային ջրեր, տեղի է ունեցել համակարգման խորհրդակցություն։ Այսօր ընթանում է զորավարժությունների ջրային փուլը»,- մեջբերում է Հասանին։
Ըստ Mehr-ի՝ մասնակից ստորաբաժանումները վարժանքներին կմարզեն կրակի մարման, փրկարարական աշխատանքներ իրականացնելու եւ տուժածներին ուղղաթիռով փոխադրելու, ինչպես նաեւ օդային եւ ծովային թիրախների ուղղությամբ կրակելու հմտություններ։