ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանին կյանքից զրկել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ, որն ականատես է եղել վիճաբանությանը եւ հորը կրակելու տեսարանին:

 

Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորել է Լեւոն Բանդուրյանին եւ նրա հետ եւս մեկ անձի, որոնք, ըստ նախաքննական մարմնի, կյանքից զրկել են Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի Սեւանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել է ավագանու անդամ:

Ի՞նչն է եղել կրակոցի պատճառը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով սպանվել է Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:

Ըստ նախաքննական մարմնի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել եւ ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19-ամյա եւ Տավուշի մարզի 40-ամյա բնակիչները։

19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լեւոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք, ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է եղել:

Քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին՝ Լեւոն Բանդուրյանը եւ 40-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ հանգստանալիս են եղել Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սեւան քաղաքի 37-ամյա բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց եւ Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչ կնոջ հետ։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետեւանքով Սեւանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաեւ նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։

Իսկ ինչն է եղել վիճաբանության բուն պատճառը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ավագանու անդամ Արսեն Աֆիյանը բարձր է խոսել հյուրանոցում ու նրան նկատողություն է արել քրեական հեղինակության որդին, ինչից էլ սկսվել է թեժ խոսակցությունն ու կրակոցներ են հնչել:

 

 

 

ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ՝ ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ՄՈՏ

2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետեւանքով մահացած անձ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի եւ 337-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը 64-ամյա տղամարդը, հրաձգարանի մոտ գտնվող տարածքում, ՍՊԸ-ին պատկանող տեխնիկայի պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք։ Նշված վայրից հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորներ՝ որպես գունավոր մետաղ հանձնելու նպատակով։ Դրանց մեջ եղել է նաեւ չպայթած արկ, որը քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետեւանքով տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Կապան քաղաքի հրաձգարանի հարեւանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքը:

Ավտոմեքենայի կողքին հայտնաբերվել է տղամարդու դի:

Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

 

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։

Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն եւ հայտնել է, որ ինքը գտնվել է ՌԴ-ում եւ երկար ժամանակ քրոջից տեղեկություն չի ունեցել, այսօր (խմբ.) առավոտյան վերադառնալով, դուռը կոտրել է, ներս մտել եւ տանը հայտնաբերել է քրոջ դիակը։ Արդյունքում, իրավապահները շտապել են դեպքի վայր ու տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Վ.Հ.-ի նեխած դիակը, ով փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրու բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ։

Հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քր. օր. 155 հոդվածով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ավելի ուշ ոստիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում գտնվող տանից հայտնաբերել եւ ժամը 01:40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Վ.Պ.-ին, որտեղ վերջինս խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ-մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ.-ի տանը, երեկոյան՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետեւանքով վերջինիս քթից սկսել է արյուն հոսել, որից հետո նրան պառկեցրել է բազմոցին եւ քնել, առավոտյան ժամը 6-ի սահմաններում արթնանալով՝ նկատել է, որ Վ.Հ.-ն մահացել է, եւ փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել՝ Վ.Հ.-ի վրան գցել է վերմակ, եւ տնից վերցնելով նրա 2 բջջայինը՝ տան եւ բակի դռները բանալիով փակելով՝ ժամը 06:30-ին հեռացել է։ Վերջինիս ձերբակալել են, կատարվում է քննություն։

 

 

ԿԿԱՆՉԵՆ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

«Տավուշը հանուն հայենիքի» շարժման առաջնորդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին նախաքննական մարմինը կկանչի հարցաքնության: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա Տավուշի մարզում տեղի ունեցած ակցիաների ժամանակ ոստիկանների ու քաղաքացիների բախումների գործով հրավիրվել է քննչական կոմիտե ու հարցաքննվել: Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, նրան հրավիրել են հարցաքննության:

Հիշեցնենք, որ 2024թ. հունիսի 12-ին Երեւան քաղաքի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերեւույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ իրականացվում են մեծածավալ քննչական եւ վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Հիշեցնենք, որ այդ օրը Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ, բազմաթիվ քաղաքացիներ ստացան վնասվածքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով՝ նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։

Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

Եվս 1 անձի, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ձերբակալելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը։

Նկատենք, որ բազմաթիվ անձինք տուժել էին, բայց մինչ օրս նրանց վնաս հասցրած ոստիկաններից որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել:

 




Լրահոս