ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմը բոլոր ժամանակներում գրավել է մարդկանց։ Ժամանակին այն քաղաքական եւ գիտական մտքի կենտրոնն էր, պատմական ամենահզոր քաղաքներից մեկը, այսօր՝ զբոսաշրջիկների կողմից ամենասիրելի քաղաքներից մեկը. բոլորն ուզում են տեսնել հզորագույն պատմությամբ այս քաղաքի «դեմքը»։ Քաղաքը, որը միջինում տարեկան 25 միլիոն զբոսաշրջիկի է հյուրընկալում, պահպանել է իր երբեմնի դեմքն ու փառքը։ Ամեն քայլափոխի կարելի է տեսնել հին փողոցները, շենքերն ու արվեստի գլուխգործոցները։ Այստեղ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ մարդիկ չեն ձգտում վերափոխել քաղաքն ու ամբողջությամբ նորը դարձնել։

 

Հին քաղաքը շարունակում է ապրել սալիկե հատակներով, հին, բայց գեղեցիկ շենքերով, պատմական հուշարձաններով, որոնք լավագույնս են ներկայացված՝ մաքուր, կոկիկ, հաճախ ապակեպատ բացօթյա թանգարանների տեսքով։

Հին քաղաքում էլ հենց կարելի է հանդիպել ամենաժամանակակից վայելքներին, Օպերան, թատրոնները, լավագույն ռեստորանները, բարերը եւ ակումբները, լավագույն մոլերը։ Հին քաղաքի շուրջ ձեւավորվել է նոր քաղաքը՝ լայն փողոցներով, նորակառույց գեղեցիկ շենքերով, կարգավորված տրանսպորտով։

Հռոմում անպայման պետք է տեսնել Կոլիզեյը, «Իսպանական աստիճանները», Պիացցա Վենեցիան, Թրեւի շատրվանը, Պիացցա Նավոնան, լինել Վատիկանում եւ անպայման տեսնել Գրիգոր Լուսավորչի ու Գրիգոր Նարեկացու արձանները: Եթե երեկոյան ժամանցի սիրահար եք, ապա կարող եք այցելել Թրասթեվերե, որտեղ բազմաթիվ փաբեր եւ բարեր են գործում:

Հռոմը տեսնելու համար Հայաստանից կարելի է ուղիղ չվերթով հասնել այնտեղ: Ավիատոմսերի արժեքները ամառային ամենաթեժ շրջանին սկսվում են 110 հազար դրամից եւ հասնում մինչեւ 250 հազարի: ՀՀ քաղաքացիների համար Հռոմ մեկնելիս պարտադիր է նախապես այցագրի ձեռքբերումը, որի համար պետք է դիմել վիզայի կենտրոն: Եթե նման փորձ չունեք, ապա կարող եք դիմել Ձեր տուրիստական գործակալությանը՝ աջակցության համար:

Հռոմում հյուրանոց ամրագրելու համար պիտի նախապես գործի անցնեք, քանի որ զբոսաշրջիկների մեծ քանակը կարող է թույլ չտալ հարմար հյուրանոց գտնել: Հյուրանոցներում մեկ գիշերվա համար արժեքը սկսվում է 100 եվրոյից՝ պայմանավորված տարվա ժամանակացույցով, զբոսաշրջության ծանրաբեռնվածությամբ եւ ամրագրման ժամկետով:

Սնվելու համար լայն ընտրություն ունեք: Մեկ անձի համար միջին հաշվարկով ճաշը եւ ընթրիքը արժեն 20-ից 30 եվրո, իսկ նախաճաշել կարող եք հենց հյուրանոցում, եթե ամրագրելիս նշել եք, որ ցանկանում եք նախաճաշով ամրագրում:

Գուրմաններն իրենց համար կարող են առանձնացնել մի քանի հրաշալի վայր եւ մի քանի ուտելիք, որոնք անպայման պետք է փորձել: Անպայման կերեք իտալական պիցցա եւ պաստա, հավատացնում ենք՝ նման համ երբեք զգացած չեք լինի, անպայման փորձեք իտալական հայտնի փորքեթթան. այն հռոմեական ժամանակների ամենահայտնի ուտեստներից է: Եթե պաղպաղակի սիրահար եք, ապա անպայման փորձեք Թրեցի շատրվանի տարածքում գտնող «Romeo Gelato» խանութի պաղպաղակները, ինչպես նաեւ շոկոլադի եւ պաղպաղակի ամենահայտնի Venchi խանութների ցանցի պաղպաղակները: Եթե Իտալիա, ապա Տիրամիսու. այցելեք Պիացցա Նավոնայի մոտակայքում գտնվող «2 sizes Tiramisu» խանութ, որտեղ կարող եք փորձել թե՛ դասական, թե՛ մրգային համերի տիրամիսու:

Կարճ ասած՝ «բոլոր ճանապարհները տանում են Հռոմ…» վայելե’ք այն:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

«ՎԵՈԼԻԱ ՋՐԻ» ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Lավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջրի» զեկույցը, բայց, ոնց հասկանում ենք, չենք լսելու։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով խնդիրներին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նկատեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը։

«Վեոլիա Ջրի» հետ պայմանագիրը վերանայելու 6 կետանոց առաջարկ է ուղարկվել փոխվարչապետին։ Սպասում են կրկնակի քննարկման։ Վերանայելու գաղափարը դրական է գնահատել նաեւ ՀԾԿՀ-ն։

 

ԻՆՔՆԱԹԻՌ Է ՎԹԱՐՎԵԼ

Հունիսի 19-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում` «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ԱՆ-2 ինքնաթիռ էր վթարվել: Կա երկու զոհ՝ կործանման հետեւանքով մահացածներից մեկը սպա է՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը, մյուսը` կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նաիրի (Եղվարդ) համայնքի համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը ասաց, որ իրենք մամուլից են տեղեկացել դեպքի մասին:

Հարցին, թե, ինչ վիճակում է վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռը ասաց, որ տեղյակ չէ, տեղում աշխատանքներ էին իրականացվում:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

2024թ. հուլիսի 18-ին «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՄԱ-ն, նպատակ ունենալով խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը, սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ։

Երեւանի մամուլի ակումբի՝ Էթիկական լրագրության 2024թ. մրցանակակիրները՝

. Արշալույս Մղդեսյան, «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան,

. Հայարփի Բաղդասարյան, «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող,

. Տիրայր Մուրադյան, «Հետք» պարբերականի լրագրող։

Մրցանակները հանձնեցին Երեւանի մամուլի ակումբի էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Նունե Սարգսյանը եւ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը։

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՎԱԶԱՇԵՆԻ ՀՈՂԵՐԸ

Իջեւանի համայնքի  սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը, սահմանամերձ վտանգավոր գոտում գտնվելու պատճառով, վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991թվականից մինչեւ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկատվությամբ` գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են` այնտեղ ցորեն եւ գարի ցանում:

 

 

ՏՈՒԺԵԼ Է 1640 ՄԱՐԴ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե որքա՞ն է կազմում մայիսի 26-ի ջրհեղեղից Տավուշի մարզի կրած վնասի չափը։ Մարզպետարանից պատասխանել են. «2024 թվականի մայիսի 25-26-ի Դեբեդ եւ Աղստեւ գետերի հեղեղումների հետեւանքով Տավուշի մարզում տուժել է շուրջ 1640 մարդ, որոնց կրած վնասների վերաբերյալ կազվել է 438 արձանագրություն՝ անհատական բնակելի տների, փլուզված շինությունների եւ ոչ բնակելի շենք-շինությունների, տրանսպորտային միջոցների, կորցրած կամ անկած գյուղատնտեսական կենդանիների, կորսված բերքատու ծառերի եւ մշակաբույսերի, վնասված սպասարկող եւ արտադրական օբյեկտների համար։ Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» 2024թ. հուլիսի 4-ի թիվ 1033-Լ եւ «Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» 2024թ. հուլիսի 4-ի թիվ 1043-Ն ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել է անհատական բնակելի տների վնասի փոխհատուցման եւ բնակիչների սոցիալական աջակցության կարգերը, իսկ գյուղացիական տնտեսություններին եւ տնտեսվարողներին պատճառած վնասի հետ կապված հարցերը գտնվում են քննարկման փուլում»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս