ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է Հայաստանի սոխակ՝ Գոհար Գասպարյանի 100-ամյակին:
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) եւ բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Նրանք զարդարել են այնպիսի բեմեր, ինչպիսիք են՝ Լոնդոնի թագավորական «Քովենթ գարդենը», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Վիեննայի պետական եւ այլ հեղինակավոր օպերային թատրոնները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրությունն անվճար է:
Բացառիկ կոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:
1940 թվականից՝ դեռեւս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թվականին հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:
Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սեւիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբեւի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիականթատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր:
Երեւանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
«Queen Sensation». ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ
Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ կայացավ հայտնի «Queen Sensation» խմբի բացառիկ համերգը։
Հանդիսատեսը իսկապես վայելեց աշխարհահռչակ QUEEN-ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԻԹԵՐԸ։ Թե՛ դահլիճում, թե՛ բեմում թեժ ռոքային տրամադրություն էր։
«Queen Sensation» խումբը առաջին անգամ էր Հայաստանում, ու իսկապես «Շոուն շարունակվեց» Հայաստանում լի վառ ու հիշվող զգացողություններով։
Դահլիճում տիրող աննկարագրելի էներգիան էր, որ անչափ ոգեւորում էր ռոք-երաժշտությունը գնահատողներին ու ինչպես հանդիսատեսը փաստեց՝ կարծես Մերկուրիի շունչն էին զգում:
Մթնոլորտը դահլիճում թեժ էր, ինչպես եւ պետք է լինի իսկական ռոք համերգի ժամանակ:
Հանդիսատեսը ինքնամոռաց տրվել էր ռոք-երաժշտության թեժ հոսքին, իսկ խմբին հաջողվեց հասնել այդչափ բարձր լարվածության:
Խումբը իր գործունեությունը սկսել է 2007 թվականին եւ բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, ովքեր նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ եւ ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ Եվրոպայում եւ շուտով դարձել հանդիսատեսի կողմից սիրված խմբերից մեկը: 2017 թվականից սկսած հանդես են գալիս Queen Symphony շոու ծրագրով` 42 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ եւ 16 հոգուց բաղկացած երգչախումբ: Հաջողված շոու ծրագիրը շարունակվեց Բելգրադում եւ Զագրեբում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Խորվաթիայում եւ Եվրոպական այլ երկրերում։
2023 թ. կազմակերպվեց ամանորյա մեծ շոու Խորվաթիայում: Փետրվարին եւ մարտին խումբը նոր 37 շոու ծրագրերով շրջագայություն ունեցավ Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում:
Ինչպես խմբի անդամներն են փաստում՝ տարիների ընթացքում իրենց բեմական շոուն վերածվել է առանձին խմբի շոու ծրագրի, այլ ոչ պարզապես աշխարհահռչակ Queen խմբի երգերը կատարող եւ նմանակող խմբի: Խումբը նպատակ ունի ներկայացնելու Queen-ի էվոլյուցիան եւ կատարելագործումը, ինչին կհետեւեին Ֆրեդին, Բրայանը, Ռոջերը եւ Ջոնը, քանի որ «Շոուն պետք է շարունակվի»։
Խումբն իրոք անմոռաց երեկո պարգեւեց ռոք-երաժշտության երկրպագուներին՝ կատարելով Queen-ի հանրաճանաչ հիթերը, բարձրացնելով էմոցիաների փոթորիկ։
ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ ՋՈՆ ԼԵՆՈՆԻ ԱԿՆՈՑԸ
Աճուրդի է հանվելու 1968 թվականին Abbey Road ստուդիա այցելած տղամարդուն լեգենդար The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի նվիրած կապտագույն ապակիներով կլոր ակնոցը, գրում է PA Media-ն։
Ակնկալվում է, որ դրա դիմաց 2000-ից 3000 ֆունտ ստեռլինգ կվճարվի: Անհայտ է, թե այժմ ում է պատկանում այս ակնոցը։
«Երիտասարդը տեսավ դաշնամուրի վրա դրված ակնոցը եւ մոտեցավ, բայց նրա ընկերուհին ասաց, որ ձեռք չտա, ինչին Լենոնը պատասխանեց. «Ոչինչ։ Նա կարող է վերցնել»,- պատմել է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդային ընկերության ներկայացուցիչը։
Ակնոցն աճուրդի է հանվելու 33 սեւ եւ սպիտակ լուսանկարների հավաքածուի հետ միասին, որոնք արվել են Abbey Road-ում 1968 եւ 1969 թվականներին:
Իրերն աճուրդի կհանվեն հուլիսի 31-ին Անգլիայի Սուրեյ կոմսության Farleigh գոլֆ ակումբում:
ԿՈՉՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում երեկ մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի Հանրապետության սպորտի վարչպետի կոչում է շնորհվել ազատ ոճային ըմբիշ ոճային ըմբիշ Գոռ Բունիաթյանին, հրաձիգներ Հայկ Մինասյանին եւ Անահիտ Սարգսյանին, բռնցքամարտիկներ Արարատ Հարությունյանին, Դավիթ Սաֆարյանին, Միսակ Տեփանյանին, կարատիստներ Հենրիկ Հայկյանին եւ Գոռ Ներսիսյանին, լողորդներ Տիգրանին Գրիգորյանին, Պետրոս Ստեփանյանին, սամբո մարզաձեւի ներկայացուցիչներ Ալեքս Խաչատրյանին, Սամվել Ղազարյանին, Մհեր Մելոյանին, վոլեյբոլ մարզաձեւի ներկայացուցիչներ Մհեր Մելոյանին, Ելիզավետա Տոնոյանին, Միլենա Տոնոյանին, Ամալյա Կարապետյանին, Սվետլանա Մարգարյանին, Օֆելյա Մաթոսյանին եւ Ինգա Ղուկասյանին, մարմնամարզիկներ Նանե Միքայելյանին եւ Ռոբերտ Գյուլումյանին, ինչպես նաեւ սեղանի թենիս մարզաձեւի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանին եւ Գեւորգ Բեգլարյանին:
Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մանվել Խաչատրյանին, հրաձիգ Նարե Գաբրիելյանին, բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանին, Արթուր Սահակյանին, Արարատ Հարությունյանին, բազկամարտիկ Վաչագան Հովհաննիսյանին, սամբիստներ Մայիս Ներսիսյանին, Կարեն Սարգսյանին, Աննա Այվազյանին:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին եւ շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա քրտնաջան մարզումների եւ նվիրված աշխատանքի արդյունք է:
ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ 97-ՐԴՆ ԵՆՔ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը:
ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է մեկ հորիզոնականով եւ այժմ գտնվում է 97-րդ տեղում:
Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Բելգիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Կոլումբիան եւ Իտալիան: