ՔՊ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՃՆՇՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն  Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ նախորդ տարեվերջին «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիան խզելուց հետո՝ ՔՊ-ն տարբեր մեթոդներով փորձում է մի շարք «ոչ ՔՊ-ական» համայնքներում, այդ թվում եւ Գյումրիում, յուրացնել իշխանությունը:

Այդ նպատակով բազմիցս Գյումրի են գործուղվել ՔՊ-ական պատգամավորները՝ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ անձամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հիմա, ինչպես երեւում է, իշխանությունները Գյումրիում որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել ու կտրուկ քայլերի գնալ՝ իրենց բաղձալի նպատակին հասնելու համար:

Այսպիսով` Գյումրու համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՔՊ-ն հուլիսի 26-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել:

Օրակարգում ՀՀ դատախազության առաջարկությամբ Գյումրու համայնքի ղեկավարի` 24 որոշում անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ հարցերն են։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնում է՝ օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի եւ Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։

Այսինքն՝ չի բացառվում, որ Գյումրու նախկին քաղաքապետները նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Ակնհայտ է, որ այս կերպ ՔՊ-ն մտադիր է հերթական անգամ ճնշումներ գործադրել «Բալասանյան» դաշինքի վրա, որը Գյումրիում իշխող ուժն է: Ավելի վաղ Բալասանյանի որդուն հետ կանչեցին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Հիմա օղակը սեղմվում է նրանց շուրջ, եւ մեծ դեր ունի նաեւ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը մարզում աշխատանքի տեղավորման գործակալի գործառույթներով է հայտնի: Ի դեպ, նույն Սարուխանյանը նախկինում շռայլորեն օգտվել է Բալասանյանների ծառայություններից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեի փաստացի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջերի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,063,095 մլն դրամ։ ՀՀ պետբյուջեի հարկերը գոյացել են շահութահարկից, մաքսատուրքից, ակցիզային հարկից, շրջանառության եւ եկամտային հարկերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր. «Թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, եւ ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել: Առաջին ընդգծումը հետեւյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի եւ COVID-ի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, եւ 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է. բայց այս թվերի հետեւում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարեւոր է», -ասել էր Փաշինյանը։ Հարկ է նշել, որ Փաշինյանը դեֆիցիտի մասին որեւէ բան չէր ընդգծել, սակայն պետք է նկատել, որ, եթե ըստ Փաշինյանի՝ բյուջեն ավելանում է, ապա կարիք կա հիշեցնելու, որ արտաքին պարտքը եւս սրընթաց բազմապատկվում է։ Ասվածն ապացուցենք նրանով, որ հունիսի 30-ին ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից՝ 236 միլիոն եվրոյի չափով։ Հուլիսի 18-ին էլ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ նախատեսվում է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Ստացվում է, որ բյուջեի պակասուրդը կոծկելու, վարկերով ծայրը ծայրին հասցնելու միջոցով՝ իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը։

 

 

 

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիա մեկնելիս Փաշինյանը օգտվել է հեռավոր 2018 թվականի արձակուրդի մի մասից եւ ս/թ արձակուրդի մեկ ուրիշ մասից։ Անհասկանալի է ՀՀ վարչապետի հրամանների ժամանակագրությունը (Տե՛ս արձակուրդային փաստաթղթի պատճենը ArmԼur.am կայքում), այն է՝ 2020 թվականին Փաշինյանը օգտվում է 2019 թվականի արձակուրդի մի մասից` ետեւում թողնելով, փաստորեն, 2018 թվականի արձակուրդի չօգտագործված մասը, որը, ինչպես նշեցինք, օգտագործվել է 2024 թվականին։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ էր Փաշինյանի արձակուրդը նման տարեգրային վայրիվերումներ ունենալ, եւ ո՞րն է նման շիլաշփոթի իմաստը։ Հավելենք, որ հասարակ մահկանացուները շատ վաղուց չօգտագործված արձակուրդից կարողանում են օգտվել միայն աշխատանքից ազատվելիս` վերջնահաշվարկի ժանանակ. իսկ վարչապետը հիշել եւ օգտագործում է 2018 թվականի իր արձակուրդը:

 

 

 

36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով առաջիկայում լրանում են կալանավորված 6 անձանց խափանման միջոցի ժամկետները, եւ, ըստ էության, նախաքննական մարմինը կա՛մ պետք է դիմի կալանավորվածների ժամկետը երկարաձգելու հարցով, կա՛մ միգուցե նրանցից ոմանք հայտնվեն ազատության մեջ։ Փաստ է մեկ բան. աղմկահարույց գործով անցել է գրեթե 4 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, իսկ կալանավորված մեկ կարեւոր խմբի մասնակիցը ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ՝ չկա ու չկա։ Եվ մինչ իրավապահները 4 ամիս է` նրանց են փնտրում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

 




Լրահոս