Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է COP 29-ին հայկական կողմի մասնակցությանն ու համաժողովը՝ հօգուտ հայ ռազմագերիների օգտագործելուն:
Ստորեւ ներկայացնում ենք Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը՝ համառոտ:
«Դուք՝ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներդ, մարդկային աննահանջ եւ համառ ոգու վկայությունն եք: Այսօր դուք ունեք եզակի զորություն պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային հարթակներում: Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիեւի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում եւ իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով որպես առաջնորդ երկիր:
Կողմերի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (ԿՀ 29 / COP 29), որը նախատեսվում է Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին, աննախադեպ հնարավորություն է լույս սփռելու այս հրեշավոր անիրավության վրա: Ու չնայած Ադրբեջանը բրենդավորում է այս միջոցառումը որպես «Կողմերի խաղաղության համաժողով», ձեզ վրա է դրված բացահայտելու Ալիեւի ռեժիմի եւ նրա գործունեության մասին ճշմարտությունը:
Դուք, ցրված լինելով աշխարհով մեկ, բացառիկ դեր ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլեւ արդարությանն ու շրջակա միջավայրի ամբողջականությանն առնչվող ավելի լայն շահեր…
… Ինձ համար ցեղասպանության եւ կլիմայի փոփոխության կապն ակնհայտ է եւ անհերքելի: Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք, դժբախտաբար, չեն պահպանվում պատճաշ կերպով: 1992 թվականի Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային եւ 1948 թվականին Ցեղասպանության մասին կոնվենցիաների ընդունումից ի վեր աշխարհն ականատես է լինում ջերմաստիճանի համատարած բարձարցմանը եւ ցեղասպանության մշտական սպառնալիքներին: Միայն 2023 թվականին, Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը ի հայտ է բերել շարունակական վտանգ վեց դեպքերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում…
… COP 29-ի անցկացմանը նախապատրաստվող Ադրբեջանը, որտեղ հանածո վառելիքը կազմում է արտահանումից ստացվող իր եկամուտների 90%-ը, այս շահերի բախման հրաշալի օրինակ է, որն առավել ընդգծում է ձեր առաքելության արդիականությունը:
2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության եւ վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիեւի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես եւ հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տեւական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ:
Կողմերի 29-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի հաշտության պայմանագրի առաջարկը դատարկ է ու անիմաստ, եթե հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալներն անվերապահորեն ազատ չարձակվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ 2023 թվականի զեկույցում ասվում է, որ այնտեղ տեղի են ունենում «կամայական ձերբակալություններ եւ դատական իշխանության անկախության հետ լուրջ խնդիրներ կան», եւ, հետեւաբար, արդարությանը հասնելու միակ կենսունակ միջոցը դառնում է հայ գերիների անվերապահ վերադարձը եւ քաղբանտարկյալների ազատումը…
… Ես սատարում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը մերժում է երեսպաշտությունը եւ պահանջում է իրապես խաղաղ COP 29-ը: Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է եւ #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners: Սոցիալական մեդիայում այս հեշթեգերով ամենօրյա գրառումները կշրջանառվեն՝ ներգրավելով այլ համայնքներ եւ գրավելով հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն լրագրողներին, պատվիրակներին եւ COP 29-ին մասնակցող հասարակական կազմակերպություններին պատասխան պահանջել Ադրբեջանից հայ պատանդների եւ քաղբանտարկյալների վերաբերյալ… Պատրաստվե՛ք, հայկական համայնքներ, իրապես խաղաղ COP 29-ին, որը կմեկնարկի հուլիսի 23-ին:
Դուք ունեք հանձնառություն, հասանելիություն եւ հաստատակամություն առաջնորդելու այս փոխակերպող շարժումը…Հայեր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ արեք, մեկնաբանեք եւ բարձրացրեք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿԱՊԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ ԵՎ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՐԸ
Հուլիսի 19-ին Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կապի խափանման արդյունքում շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործել։
«Քաղաքացիներին խնդրում ենք 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,-ասված էր հաղորդագրությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Երեւանի շտապ օգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ հետեւանքներ է թողել կապի խափանումը.
«Կապի խափանումը տեւել է մոտ 2 ժամ ոչ ավելի, այնուհետեւ վերականգնվել է։ Այդ ընթացքում էլ կապը ապահովել ենք, 911-ին անձամբ մեր հեռախոսահամարներն ենք տվել, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին փոխանցեն ու այդպես կարագավորվել է խնդիրը։
Ռուբեն Գրիգորյանը կարծում է՝ կապի խափանման պատճառը անբարենպաստ եղանակն էր։
Հարցին, թե խափանման ընթացքում որեւէ խնդիրներ եղե՞լ են, պատասխանեց՝ «ինչ-որ անդառնալի բան չի եղել, այսինքն՝ ամենավատը, որ շտապօգնության մեքենայի ուշացման հետեւանքով մահ կարող էր գրանցվել, չի եղել»։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԹՐԱՄՓԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջերս իրականացված մահափորձը «վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ձախողումն էր»:
«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունն անվտանգության ցանկացած բացթողումների համար: Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, եւ մենք ջանք չենք խնայի, որ դա այլեւս չկրկնվի», – ասել է Չիթլը՝ Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ:
Միեւնույն ժամանակ նա մերժել է այս ձախողումից հետո հրաժարական տալու կոչերը:
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը ինքնաձիգից կրակ է բացել Թրամփի ելույթը սկսելուց րոպեներ անց: Փամփուշտներից մեկն անցել է նախկին նախագահի գլխից մի քանի միլիմետր հեռավորությամբ եւ դիպել նրա աջ ականջին։ Քրուքսը, որը դիրքավորված էր մոտակայքում գտնվող շենքի տանիքում, ութ կրակոց արձակելուց հետո սպանվել է Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից: Քննիչները եզրակացրել են, որ նա գործել է միայնակ եւ դեռ չեն պարզել նրա շարժառիթը։
Չիթլը խոստովանել է նաեւ, որ մինչ օրս Գաղտնի ծառայության ոչ մի աշխատակից չի ենթարկվել կարգապահական տույժի հանրահավաքում տեղի ունեցածի համար:
«ՄԵԶ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ, ԼՌՈՒՄ ԵՆՔ». ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Բաքվի գործողություններին ՀՀ իշխանությունների արձագանքին:
«Չեն լինում անլեզու կամ անմիտ պետություններ, Հայաստանը հիմա լուռ է եւ իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։ Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք…
Ի՞նչ փախստականների մասին է խոսքը, երբ 120 հազար արցախցիների տները դեռ տաք են, դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն կա գրված։ Բայց դա պետք է կարողանաս ձեւակերպել աշխարհի համար որպես օրակարգ։
Ի՞նչ միջանցք, ի՞նչ նոր Սահմանադրություն։ Բայց այդ պահանջներին եթե գրագետ չես պատասխանում, դրանք դառնում են օրակարգ, ընդ որում՝ միջազգային հանրության համար ընկալելի։ Սրա ռիսկը հայ ժողովրդին ոչ ոք չի բացատրում։ Մեզ ծաղրում են, լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքվում, լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում, լռում ենք … եւ մյուս բոլոր կարեւոր դեպքերում։
Հայաստանի ներկա քաղաքական-հանրային վերնախավը մի մեծ, հավաքական «բայդեն» է, որը պետք է հեռանա …
…Պետական վերնախավը ցուցադրական արձակուրդի մեջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք …
… Դրա համար էլ աղետի քշվող Հայաստանը լուռ է. մեկին Մոսկվայից են արգելում խոսել, մյուսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքվից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը եւ այսպես շարունակ։ Այդպես մի տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։
Այսօր պաշտոնական իշխանության եւ պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին եւ Ալիեւին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր եւ 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է։
Ունենք ռեսուրս՝ գրագետ գործիչների լավ անվանացանկ։ «Բոլոր ունակների իշխանությունը» կարեւոր գաղափար է, բայց այն պետք է ստանա շարունակություն՝ ձեւաչափի (ձեւաչափերի) եւ բովանդակության տեսքով։ Մեր երկրում կա մարդկանց անվանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պետք է պրոցեսը տանել այդ ուղղությամբ»։