ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի հուլիսի 18-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաեւ դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման առթիվ, բռնությունների կիրառման եւ երկու ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին նշված միջադեպի 6, ավելի ուշ՝ եւս 1 մասնակից։
Նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում նշված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի եւ Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17-ից 45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վիճաբանել եւ հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը:
Նշվածի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր։ Հասնելով այնտեղ՝ վերջիններս ներկայացել են եւ պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Սակայն վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:
Տեսնելով, որ վիճաբանության մասնակիցները չեն դադարեցնում իրենց գործողությունները՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել նրանցից ոմանց։ Այդ ընթացքում վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել եւ հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններիցս մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Սակայն վիճաբանության մասնակիցները կրկին հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, որի ընթացքում նրանցից երկուսը՝ Արամուս բնակավայրի բնակիչներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողների մարմինների տարբեր հատվածներին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոնշյալ 7 անձանց ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերեւույթ բռնություն կատարած նշված 2 անձանց՝ Արամուս բնակավայրի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական … գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի … նկատմամբ բռնություն գործադրելը)։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Մյուս 5 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք եւ նրանք արգելանքից ազատ են արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները, խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու եւ արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ ոստիկանության համապատասխան ծառայողներին նաեւ տրվել են հանձնարարություններ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ երեկ էր գրել, որ գործով կան կալանավորվածներ։
ԴԱՆԱԿԱՀԱՐՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Պարզվել են Կապան քաղաքի բնակչուհու կողմից Քաջարան քաղաքի երկու բնակչի` դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը եւ շարժառիթը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ընկերուհու կողմից հնչեցրած հայհոյանքների կապակցությամբ իրենց տաղավարի հարեւան տաղավարում գտնվող անձանց կողմից կատարված դիտողությունների պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթն օգտագործելով՝ դանակի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այնուհետեւ, շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ 27-ամյա կինը նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաեւ Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա տղամարդուն՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս՝ կարճատեւ քայքայումով:
Նախաքննության ընթացքում կինը տվել է խոստովանական ցուցմունք եւ զղջացել կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է եւ նրան մեղադրանք է ներկայացվել։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է:
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՈՐԱԿՎԵԼ
Լուրերի փոխանցմամբ՝ Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահամադրությանը համապատասխանելու հարցը:
Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:
Բարձր դատարանը որոշել է, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում է, որ Քոչարյանին եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել:
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 2 ՀԶ. 548 ՄԱՐԴ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը 2023 թվականին կազմել է 2 հազար 548 մարդ։
Ըստ տարիքային խմբերի՝ դատապարտյալներից 14-ը մինչեւ 18 տարեկան են, 747-ը՝ 18-29 տարեկան, 969-ը՝ 30-39 տարեկան, 493-ը՝ 40-49 տարեկան, 325-ը՝ 50 եւ բարձր տարիքի։
Ըստ զբաղվածության 2 հազար 548 դատապարտյալներից 9-ը պաշտոնատար անձինք են, 154-ը զինվորական ծառայողներ են, 6-ը՝ մինչեւ 18 տարեկան սովորողներ, 8-ը՝ 18 եւ բարձր տարիքի սովորողներ, 1894-ը՝ չաշխատող եւ չսովորող աշխատունակներ, 1-ը՝ արգելանքի տակ գտնվող անձ, 476-ը՝ այլ զբաղվածության։
Այսինքն՝ հանցագործություն գործող անձանց մեծամասնությունը չաշխատող եւ չսովորող աշխատունակներ են, իսկ ամենաշատ դատապարտվածները 30-39 տարիքային խմբի անձինք են։