Ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ եռամսյակային զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է 2024թ. երկրորդ եռամսյակային զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

2024թ․ երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված  ֆիզիկական բռնությունների առումով։ Դա պայմանավորված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի հետ կապված հասարակական-քաղաքական մթնոլորտի լարվածությամբ, զանգվածային բողոքի ակցիաներով, ոստիկանության և ցուցարարների միջև բազմաթիվ բախումներով, որոնց ընթացքում հարձակման էին ենթարկվում նաև լրագրողները և օպերատորները։
Չնայած, որ վերջին տարիներին ցույցերը, հանրահավաքներն ու երթերը հաճախ ուղեկցվել են  նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես՝ գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք՝ 23 տուժողով։ Սա 2018 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, իսկ տուժողների թվով հավասար է հեղափոխության օրերին գրանցվածին։ Ֆիզիկական բռնությունների մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։

Եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների՝  վիրավորանքների, սպառնալիքների,  մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Սրանցից 6-ը գրանցվել է բողոքի ակցիաների ժամանակ (4-ը ընդդիմության ներկայացուցիչների, 2-ը իրավապահների կողմից)։

Դիտարկվող շրջանում ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց՝ նախորդ եռամսյակի 12-ի դիմաց։ Դատական հայցերից 5-ը գործարարների կողմից են, 4-ը՝ իշխանության ներկայացուցիչների, 4-ը քաղաքացիների, 2-ը՝ փաստաբանների,  1-ը՝ ՀԿ-ի, 1-ը՝ ընդդիմադիր գործչի կողմից։

Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է․ ԽԱՊԿ-ը գրանցել է այդպիսի 19 դեպք՝ նախորդ եռամսյակի 41-ի դիմաց։ Այստեղ խնդրահարույց են մնում լրագրողների և լրատվամիջոցների կողմից հայցվող տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումները, ներկայացված գրավոր հարցումներին արձագանքելու չարդարացված ուշացումները կամ լղոզված, հարցերի էության հետ կապ չունեցող պատասխանները։

 

2024 թ. խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները 1-ին եռամսյակ

 

2-րդ եռամսյակ

 

Ընդամենը
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 0 14
(23 տուժող)
14
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ 17 26 43
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 41 19 60

 

2024 թ. ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերը

Դատական գործերի տեսակները 1-ին եռամսյակ 2-րդ եռամսյակ

 

Ընդամենը
Վիրավորանքի և զրպարտության հիմքով 12 17 29
Տնտեսական կամ այլ վեճեր 0 0 0

 

Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները՝  Amnesty International, Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը եռամսյակի ընթացքում անդրադարձել են Հայաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին դեպքերին և խոսքի ազատության վիճակին ընդհանրապես՝ արձանագրելով, որ երկրում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված։ Ըստ այդ զեկույցների՝ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված՝ մամուլի ազատության վարկանիշում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատանի՝ Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:

Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի և գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրնսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաև խորհրդարանական լսումներ։




Լրահոս