Ռուսաստանի Քննչական կոմիտեն հանդես է եկել միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որն ավելի վաղ ուղարկվել էր Պետդումա։ Կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ առաջարկվում է խստացնել ՌԴ տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հանցագործություն կատարելու համար պատիժը: Նախատեսվում է նաև, որ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի սահմանը հատելիս անպայման մատնահետք հանձնեն և գենոմային գրանցում անցնեն։
Ըստ Քննչական կոմիտեի՝ գործատուն պարտավոր է աշխատանքային միգրանտներին ապահովել բնակարանով:
Կառույցը նպատակահարմար է համարել օրենսդրորեն սահմանել, որ ներգաղթյալների երեխաները ռուսաց լեզվի բավարար իմացություն ունենան՝ կրթական հաստատություններ ընդունվելու համար: Կոմիտեն նաև անհրաժեշտ է համարել, որ Ռուսաստանի քաղաքացու անձնագիր ստանալուն զուգահեռ տվյալ անձինք զինվորական հաշվառում անցնեն: Առաջարկվում է նաև ճանապարհային քարտեզ մշակել, որն ուղղված կլինի աշխատանքային միգրանտներին ՌԴ քաղաքացիներով փոխարինելուն, իսկ միգրանտների աշխատուժն օգտագործող բիզնես հատվածի համար բարձր հարկեր սահմանել: