ԱՅՍՏԵՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անի Արզումանյանը 2009 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց «Տարվա հայտնություն», հետո «Եվրատեսիլ»-ի նախընտրական  փուլին մասնակցելու համար «Ակունք» անսամբլի հետ համատեղ ներկայացրեց «The Mermaid song» երգը: Մասնակցել է Հայաստանում անցկացված «Դելֆյան խաղեր» փառատոնին, որտեղ էստրադային լավագույն վոկալ կատարման համար ստացել է ոսկե մեդալ: Երկու անգամ էլ մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլին: Անին հիմնականում աշխատում է ջազմենների հետ, 6 տարի է` երգում է Երեւանի տարբեր ջազ ակումբներում: Երգչուհին պնդում է, որ այդ գործունեությունը կատարողի համար կարեւոր է մշտապես պատրաստ ու կայուն մնալու առումով:
-Ավելի շատ ակումբային երգչուհի եք: Ձեզ շոու բիզնեսի անդամ  համարո՞ւմ եք:
-Հայաստանում` ո՛չ, ախր Երեւանում չկա շոու բիզնես: Եթե Ռուսաստանում կամ Եվրոպայում համագործակցություն ստացվի, այդ դեպքում ես կհամարեմ, որ շոու բիզնեսի մեջ եմ, իսկ էստեղ… Ես կասեի` այստեղ ժամանակավոր շոու բիզնես է:
-Սովորել եք Մոսկվայում ու հետո վերադարձել, եթե համարում եք, որ այստեղ չկա շոու բիզնես, ինչո՞ւ վերադարձաք:
-Մոսկվայում շատ ավելի դժվար է ինչ-որ բանի հասնել: Էնտեղ ավարտեցի Գնեսինի անվան ուսումնարանը, 2 տարի սովորեցի ժամանակակից արվեստների ինստիտուտում, հետո կողքից այնքան ասացին` Հայաստան, Հայաստան, կարոտն էլ ինձ կանչեց: Մոսկվայից գործերս տեղափոխեցի էստեղի Կոնսերվատորիա, 2 տարի էլ սովորեցի, ավարտեցի ու հետո համագործակցություն եղավ Հայաստանի ջազ բենդի հետ` Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այնուհետեւ այլ ջազ խմբեր, դե հիմա էլ համագործակցում եմ «Ֆանքի ֆայթ փիփլ» խմբի հետ:
-Երաժշտական ընտանիքից եք, Ձեր հայրը գուսանական երգիչ է: Նա ինչպե՞ս արձագանքեց երգչուհի դառնալու Ձեր որոշմանը:
-Հայրս երգել է Ռուբեն Ալթունյանի ղեկավարած գուսանական անսամբլում եւ ոչ մի անգամ դեմ չի եղել, որ ես այլ ոճի մեջ երգեմ:
-Իսկ ինչո՞ւ չընտրեցիք հայրիկի երաժշտական ուղղությունը:
-Գուսանականն էլ հեշտ չէ, դա էլ իր նրբություններն ունի: Բայց ես փոքրուց սիրել եմ անգլերեն երգեր, շատ եմ սիրել Ջորջ Մայքլի կատարումները: Գուսանական երգում եմ, բայց շատ քիչ:
-Ձեզ ո՞ր ժանրի երգչուհի եք համարում:
-Սոուլ, բլյուզ:
-Իսկ սոուլ երգչուհու համար դժվար չէ՞ այսօրվա շոու բիզնեսում գտնել իր տեղը: Այսօր ավելի շատ պրոպագանդվում եւ խրախուսվում է բոլորովին այլ երաժշտություն:
-Ոչ այդքան: Ես ունեմ իմ ունկնդիրը, մեծ բանակ չէ, բայց դրանք այն մարդիկ են, որոնք սիրում են բարձրակարգ երաժշտություն: Ինձ համար թանկ են այն ունկնդիրները, որոնք հատուկ գալիս են այդ ոճի երաժշտություն լսելու: Ճիշտ է, Երեւանը փոքր է ջազի, բլյուզի համար, բայց կան մարդիկ, որոնք սիրում են այդ երաժշտությունը: Շատ հարսանիքներ էլ կան, որ չեն ուզում լսել տաշի-տուշի,  բոլորովին այլ երաժշտություն են ուզում:
-Պատահո՞ւմ է, որ երգեք հարսանիքներին:
-Քիչ, բայց մեկ-մեկ լինում է, եթե հրավիրում են մեր խմբի` «Ֆանքի ֆայթ փիփլ»-ի հետ:
-Որքանով ես տեղյակ եմ, Դուք որեւէ խմբի անդամ չեք:
-Ճիշտ եք, բայց քանի որ արդեն 5 տարի է` նույն մարդկանց հետ եմ համագործակցում, այդ խմբի հետ էլ ամեն օր ելույթ եմ ունենում տարբեր կորպորատիվ երեկույթներին:
-Հայ աղջկա համար ակումբային աշխատանքը դժվար չէ՞:
-Բարդ է: Սկսենք թեկուզ այն բանից, որ ընտանիքիս անդամները մինչ ուշ գիշեր սպասում են, որ ես տուն գամ: Բայց ի՞նչ արած, եթե ակումբային կյանքն այդ ժամին է վերջանում: Ասեմ, որ ակումբում աշխատելը շատ ավելի դժվար է, քան ամսվա մեջ մի քանի անգամ համերգ տալը: Ակումբում դու անմիջականորեն մարդկանց մեջ ես, միանգամից պետք է զգաս, թե ինչ անես: Չնայած այդ ամենի մեջ պլյուս էլ կա, դու մշտապես պրակտիկայի մեջ ես:
-Վարձատրությունից գո՞հ եք:
-Իմ դեպքում ես ունեմ իմ գինը, որից դժգոհ չեմ: Դա շատ ավելի բարձր է, քան այլ կատարողների մոտ: Ես աշխատում եմ շաբաթը 4-5 օր, 3 ժամ անընդմեջ երգում եմ, միայն կես ժամ ընդմիջում ունեմ: Հիմնականում երգում եմ անգլերեն ստանդարտ երգեր` տարբեր երգիչների ռեպերտուարից: Իսկ հեղինակային երգը մի քիչ բարդ է ֆինանսի առումով` գործիքավորում, խոսքեր, երաժշտություն: Ֆինանսականի պատճառով են դրանք քիչ գրվում:
-Աշխատանքից բացի, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
-Շնիկիս հետ եմ զբաղվում, նա դարձել է կյանքիս իմաստը: Շատ եմ սիրում նաեւ պարել:
-Իսկ անձնակա՞նը:
-Դեռ ոչ մի նորություն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս