Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել են 2023-2024թթ. համերգաշրջանը։
Նվագախմբի տնօրենը, մասնավորապես, նշել է, որ 18-րդ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 85 համերգ, որից 51-ը Հայաստանում, 34-ը արտասահմանում։
Հայաստան են հրավիրվել մեծ ճանաչում վայելող 35 արտիստներ, որոնց հետ նվագախումբը հանդես է եկել հետաքրքիր համերգային ծրագրերով։ Այս համատեքստում հրավիրվել են հայտնի 20 դիրիժորներ, որոնք հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
2023-2024թթ. համերգաշրջանի ընթացքում ձայնագրվել է 48 ստեղծագործություն, որոնք կտեղադրվեն այն մեդիա հարթակներում, որոնց հետ համագործակցում է նվագախումբը։
18-րդ համերգաշրջանում առցանց հեռարձակվել է 33 համերգ։ Հաշվետու համերգաշրջանում ներկայացվել է 20 հայաստանյան պրեմիերա։
Նվագախումբը հանդես է եկել 4 փառատոներով՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն, Խաչատրյանի անվան միջազգային փառատոն, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն, Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոն։
Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով թողարկել է «Ազնավուրիանա» ալբոմը, որը ներկայացնում է Ազնավուրի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի եւ նվագախմբի համար։ Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Ալբոմը հասանելի է ամենատարբեր հարթակներում։ Սարգիս Բալբաբյանն ընդգծել է, որ դա կարեւոր ձեռքբերում է, քանի որ «Դոյչե Գրամոֆոն» պիտակի ներքո թողարկվում են աշխարհի լավագույն արտիստների եւ նվագախմբերի կատարումները։ Ընդ որում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ Նվագախմբի տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ «Ակբա» բանկին, ում աջակցությամբ թողարկվել է «Ազնավուրիանա» ալբոմը։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նվագախմբի կողմից իրականացվող կրթական ծրագրերին. մասնավորապես՝ «ԴասA»-ին, որն անցկացվել է Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցներում՝ ներգրավելով 11 հազար աշակերտների։
Սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հանդես է եկել համատեղ նախագծով, որի շրջանակում նվազագույն գին է սահմանվել համերգների տոմսերի համար, եւ հանգանակություններ են իրականացվել Արցախից տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար։ Նվագախմբի միջոցով մեծ աջակցություն է փոխանցվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին։
Նվագախումբը, 17-րդ համերգաշրջանից սկսած, վաճառված տոմսերի հասույթի 10 տոկոսը փոխանցում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի ջանքերով ձեւավորված «Հավատ» ՀԿ-ին։
Համերգաշրջանի ընթացքում նշվել են նաեւ հոբելյաններ, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը, Տիգրան Մանսուրյանի 85-ամյակը, Ավետ Տերտերյանի 95-ամյակը, Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասուլիսի ընթացքում ներկայացրել է հունիսի 26-ից 29-ն ԱՄՆ-ում տեղի ունեցած հյուրախաղերը։ Նվագախումբը ԱՄՆ երեք հեղինակավոր դահլիճներում հանդես է եկել մեկ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ, ինչն աննախադեպ էր։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսից միացել է Symphony.live-ի նվագախմբերի ընտանիքին։ Այսուհետեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներին ու համերգներին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետեւել Symphony.live հարթակով։
Առջեւում շատ խիտ ու հետաքրքիր ծրագրերով հագեցած 19-րդ համերգաշրջանն է։
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային եւ տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արեւիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին:
Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության եւ հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում:
Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:
Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը եւ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
Փառատոնին տեղի է ունեցել լավաշի թեմայով ստեղծված կտավների բացօթյա ցուցահանդեսի եւ գյումրեցի նկարիչ Լեւոն Առաքելյանի հեղինակային պատ-գեղանկարի (սթրիտ-արտ) բացումը: 2023 թ. Արեւիկ համայնքի մանկապարտեզի պատին պատ-գեղանկարի միջոցով պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։
Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ հիմնադրամի հետ համագործակցած մյուս գեղանկարիչների աշխատանքները՝ Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից եւ Այնթափից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արվեստագետների գործեր:
Այս տարի փառատոնին, բացի Արեւիկ գյուղից, մասնակցում էին նաեւ Հայկավան, Հացիկ, Կարմրաքար, Բաշգյուղ համայնքների բնակիչները, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին տեղական լավաշն ու բոքոնը, իրենց արտադրած գյուղական բարիքները, համեղ ուտեստներն ու քաղցրավենիքները: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս երկու տաղավարով ներկայացված էին արցախյան խոհանոցը եւ արհեստագործությունը:
Փառատոնի համերգային մասում ելույթ են ունեցել նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդը, որն արդեն սիրված է գյումրեցիների, հատկապես երիտասարդների կողմից եւ Ախուրյանի «Մարինա» պարային համույթը, որը նաեւ փառատոնի մասնակիցների համար պարի ուսուցում է անցկացրել: «Վառեմ-մարեմ» արվեստանոցն իր հերթին վարպետության դաս է անցկացրել՝ հնարավորություն տալով Գյումրիի խորհրդանիշ դռների ձեւավորումով հուշանվերներ պատրաստել:
«Լավաշի կախարդանքը» փառատոնն ուղղված է ոչ միայն հայկական լավաշի եւ այն պատրաստող կին հացթուխների փառաբանմանը, այլեւ համայնքի աշխուժացմանը, երիտասարդների ներգրավվմանը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում եւ համայնքի կայուն զարգացման խթանմանը:
ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Արտյոմ Թավակալյանի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետեւյալ խաղացողները.
- Սեդա Գաբրիելյան
- Լիա Կրումյան
- Մեղրի Ասատուր
- Անիելա Հավանջյան
- Կարինա Սահակյան
- Հռիփսիմե Սարգսյան
- Ժաննա Խաչատրյան
- Սոնա Կարապետյան
- Լեոնա Վիտեբսկայա
- Էլեն Խաչատրյան
- Սուսաննա Խաչատրյան
- Գետակ Սարգիս
Մարզչական շտաբում ընդգրկված է նաեւ Մերի Գրիգորյանը:
43 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԿՎԵՐՍԿՍԻ ԿԱՐԻԵՐԱՆ
«Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գարեթ Բարին 43 տարեկանում որոշել է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։
Բարին հանդես կգա Անգլիայի 11-րդ դիվիզիոնը ներկայացնող «Հուրստպիերփոինթ» ակումբի կազմում։
Հիշենք, որ «Քաղաքայինների» նախկին կիսապաշտպանը կարիերան ավարտել էր 4 տարի առաջ։ Ի դեպ, Բարին դեռեւս հանդիսանում է Պրեմիեր լիգայի առաջատարը՝ անցկացրած ամենաշատ հանդիպումների քանակով՝ 653 խաղ։
ԷՆԴԻ ՄԱՐԵՅԸ ԿԱՎԱՐՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ
Անգլիացի թենիսիստ Էնդի Մարեյը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան Փարիզի Օլիմպիական խաղերից հետո:
Այս մասին հայտնել է թենիսիստը:
«Ժամանել եմ Փարիզ` մասնակցելու կարիերայիս վերջին մրցաշարին: Մեծ Բրիտանիայի համար հանդես գալն ինձ համար ամենահիշարժանն է եղել եւ հպարտ եմ մի վերջին անգամ այն կատարելու համար»,-գրել է մարզիկը:
Էնդի Մարեյը Ուիմբլդոնի կրկնակի եւ ԱՄՆ բաց առաջնության հաղթող է:
«ՓՅՈՒՆԻԿ»-Ը՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի «Ստրուգա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին:
Եթե «Փյունիկ»-ին հաջողվի առավելության հասնել հյուսիսմակեդոնական «Ստրուգա»-ի նկատմամբ, ապա հաջորդ՝ 3-րդ փուլում, հայկական թիմը կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ )-«Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումը կլինի մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ տանը: