Հուլիսի 23-ին «Հետքը» քննարկում էր կազմակերպել «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Սարուխանյանը, հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, պետական գույքի կառավարման կոմիտեի, պետական վերահսկողական ծառայության, հասարակական սեկտորի եւ մեդիայի ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի քննարկման կիզակետում էին Հայաստանի ներկա եւ նախկին պաշտոնյաների կողմից ապօրինի ձեռք բերված գույքերի վերաբերյալ մամուլի հայտարարությունները եւ իրավական ոլորտի կառույցների անդրադարձները։
Դատախազությունը պնդում է, որ լավ է աշխատում, եւ արդեն իսկ կան հաշտության համաձայնություններ, կայացված դատական ակտեր։
Սիրո Ամիրխանյանը նշեց, որ հիմնական խնդիրները կապված են պաշտոնյաների՝ արտերկում ունեցած գույքի բռնագանձման հետ, քանի որ որոշ երկրներ պատրաստակամ չեն համագործակցելու։ Որպես չհամագործակցող երկիր՝ Ամիրխանյանը նշեց Արաբական Միացիալ Էմիրությունները, որը ոչ մի կերպ չի համագործակցում Հայաստանի իրավական կառույցների հետ, ինչն էլ դժվարեցնում է աշխատանքը։
Քննարկումը վարող, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը հարցրեց, թե ինչ սկզբունքով են ընտրում ում գույքն ուսումնասիրել, քանի որ մինչեւ այս պահը տպավորություն էր, թե միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ են ուսումնասիրություններ կատարվում։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը հայտնեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ եւս կան ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր, սակայն ուսումնասիրություններն իրականացվում են ժամանակագրական հաջորդականությամբ, այդ պատճառով դեռեւս միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործերն են հասել դատարան։ Ամիրխանյանը վստահեցրեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ գործերի մասին եւս պատշաճ իրազեկում կլինի։
Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է օգոստոսին ստորագրահավաք անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն, Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։ Փաստորեն, Փաշինյանից մերժում ստանալուց հետո` պրոարեւմտյան ուժերը որոշել են Հայաստանում ստեղծված հակառուսական մեծ ֆոնին դիվիդենտներ հավաքել հանրության շրջանում: Մտադիր են ստորագրահավաք սկսել, 50.000 ստորագրություն հավաքել եւ դա որպես հանրային պահանջ ներկայացնել խորհրդարանին, որպեսզի ԱԺ-ն ընդունի Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե անցկացնելու նախագիծը: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ArmLur.am-ին հայտնել է, որ օգոստոսի կեսերին մտադիր են ստորագրահավաքը սկսել, եւ քանի որ գործընթացն ունի ժամկետ՝ 45-60 օր, սեպտեմբերի վերջին նախատեսում են ավարտել այն: Հավաքված 50 հազար ստորագրությունը կներկայացնեն ԱԺ՝ իբրեւ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե ներկայացնելու նախագիծ-պահանջ: Ճիշտ՝ «Հայաքվեի» նախագծի օրինակով, որը իշխող ՔՊ-ի ջանքերով տապալվեց ԱԺ-ում նախորդ տարի:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչների եւ օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը: Հատկապես Գերմանիայի՝ մասնավոր, ապա աշխատանքայինի վերածված այցից հետո «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել վարչապետի ու նրա շքախմբի գործուղումների շարժը։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բյուջեի վիթխարի դեֆիցիտ ունեցող Փաշինյանը իր հետ տարել է միանգամից երկու լուսանկարչի եւ երկու օպերատորի, թե ինչ հիմնավորմամբ՝ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում: Գուցե կառավարական լուսանկարիչներից ու օպերատորներից մեկը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին հատկացված լուսանկարիչն ու օպերատորն է, սակայն դա պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Երիտասարդ Սամվել Վարդանյանին խոշտանգելու զազրելի դեպքից անցել է 3 ամիս, ու որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այդպես էլ անհայտ է մնում՝ ով կամ ովքեր ոստիկանների աչքի առաջ նսեմացրին, խոշտանգեցին երիտասարդին։ Ինչպես հայտնի է՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսեւորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ «խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով» քննությունն արդեն ավարտվել է, եւ գործը դատարանում է։ Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչեւ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց: Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին՝ ամբողջությամբ սեւ հագած եւ դիմակավորված անձինք մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին, տարել մի քանի մետր այն կողմ՝ խոտերի մեջ, չոքեցրել էին, գլուխը հարվածել գետնին (ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր)։ Սկսել էին ձեռքերով հարվածել. այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքները. հետո խմբով թքել էին նրա վրա։ Այնուհետեւ, նրան չոքած վիճակում պահելով, ձեռքերը հետեւի կողմից ձեռնաշղթայված՝ տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։ Եվ այս արարքը, թերեւս, Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, չի բացահայտվում եւ մեղավորները չեն պատժվում: