ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է՝ Սրբազան շարժման առաջնորդները եւ աջակիցներն այս օրերին ճնշումների են ենթարկվում։

 

Պատգամավորի խոսքով՝ օրեր առաջ Նորատուսում շարժման մասնակիցներից մեկի մենքենան կոտրել են, իսկ հենց երեկ (խմբ.) իրեն տուգանել են Աբովյան քաղաքում, ոստիկանն էլ, պատճառները բացատրելու փոխարեն, ասել է՝ ինչ արել եմ, լավ եմ արել։

Գառնիկ Դանիելյանը զրույցի վերջում նշեց՝ սեպտեմբերից շարժումը նոր թափով վերսկսելու է հանրահավաքներն ու ակցիաները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է՝ Սրբազան շարժման առաջնորդները եւ աջակիցներն այս օրերին ճնշումների են ենթարկվում։

-Պարո՛ն Դանիելյան, երկու օր առաջ հայտարարվեց, որ ընդդիմությունը ցանկանում է հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրիր հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բախումները: Գիտենք, որ Ազգային ժողովում բազմաթիվ հանձնաժողովներ կան, թե՛ 44-օրյա, թե՛ քառօրյա պատերազմներն ուսումնասիրող, եւ թե այլ դեպքերը հետազոտող.  սակայն սրանցից ոչ մեկը իր նպատակին չի հասել: Ի վերջո, բուն խնդիրը չի բացահայտվել: Այս հանձնաժողովոը ի՞նչ է տալու: Հույս ունե՞ք, որ իսկապես դեպքերի արդար ուսումնասիրություն է լինելու:

-Անձամբ ես մեծ ակնկալիքներ չունեմ: Դա ընդդիմության նախաձեռնությունն է, սակայն, ըստ դրվածքի, հանձաժողովներում մեծամասնությունը միշտ ՔՊ-ականներն են լինում, հետեւաբար, ես որեւէ լուրջ արդյունք չեմ ակնկալում: Հակառակ դրան՝ հանձնաժողովի գործունեությունը առիթ է ուժայիններին կանչելու հանձնաժողով եւ բացատրություն պահանջելու իրենց արարքների համար: Սա առիթ է, որ հանրությունն էլ տեսնի, որ այդ մարդիկ կիրառում են անօրինական հատուկ միջոցներ:

Տարբեր կազմակերպություններ դա նշել են իրենց զեկույցներում եւ կարեւոր է, որ հասարակությունը տեսնի, որ երկրի ղեկավարը երկրի թիվ մեկ ամբիոնից ասում է, թե ոստիկանությունը իրավունք ունի բիրտ ուժ կիրառելու եւ հավանություն է տալիս խոշտանգումներին այն դեպքում, երբ 2018 թվականին ասում էր, որ հատուկ միջոցների կիրառումն անընդունելի է. երբ ես գնում եմ իմ աշխատանքին, եւ իմ ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարվում է՝ նշանակում է, որ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք: Այս արատավոր երեւույթը պետք է չլինի Հայաստանի Հանրապետությունում եւ սրա դեմ պայքար պիտի մղվի: Հետեւաբար, հանրությունը պիտի տեսնի, որ այս իշխանությունն իր ուսերին եւս մեկ քրեական գործ ունի:

-Արդյոք իշխանական պատգամավորները համաձայնություն տվե՞լ են հանձանաժողովի գոյությանը, քանի որ առանց նրանց՝ այն չի կարողանա կյանքի կոչվել:

-Մենք գործընթացը նախաձեռնում ենք: Այս պահին մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ կոլեգաներս են գործընթացում, սակայն հասարակությունն անպայման տեղյակ կլինի մանրամասներից:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՔՊ-ԱԿԱՆ Ս. ԽԱՆԴԱՆՅԱՆԸ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 

Մինչեւ պատգամավոր դառնալը Խանդանյանը, ինչպես պատգամավորների մեծամասնությունը, նախկին լրագրող է եղել։ Նա 2010-2015 թվականին աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող որպես, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015 թվականներին եղել է «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու, մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին:

2015-2016 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

Քաղաքականություն է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո եւ, ինչպես շատ ՔՊ-ականներ, ձեռք է բերել եւ դարձել անշարժ գույքի սեփականատեր։

2023 թվականի հաշվետու տարվա՝ անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Սարգիս Խանդանյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ համատեղ սեփականությամբ, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ձեռք են բերվել 1991 եւ 1995 թվականներին։

Տվյալ տարվա ընթացքում՝ 2023 թվականին, պատգամավորը ձեռք է բերել նոր բնակարան եւ ավտոկայանատեղի միանձնյա սեփականությամբ, որը գտնվում է Երեւան քաղաքում եւ արժեցել է 29.8 մլն դրամ։

Անշարժ գույքը ձեռք է բերվել «Միկշին» ՍՊԸ-ից, որի հիմնադիրը՝ Տիգրան Հարությունյանը, ինչպես «Հետքը» գրել էր, նախկինում եղել է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատերը, որն այժմ պատկանում է համայնքին։ Հավելենք, որ թերթը գրել էր՝ Տիգրան Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին է եւ ԱԺ նախկին (2017-2019 թթ.) պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրը:

Խանդանյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Պատգամավորի հանձնված եւ վերադարձված փոխառությունները ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից տարեսկզբին կազմել են 4,2 մլն դրամ, սակայն տարեվերջին զրոյացել են։

Սարգիս Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3,6 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 152 հազար դրամ, որից 11 մլն 685 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 4 մլն 296 հազարը վարկ է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։ Եկամուտների 2 մլն 170 հազար դրամը պատգամավորը տացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է, իսկ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, որը բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  25 մլն 543 հազար դրամ։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԳՆՈՐԴ

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը:

Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է լրագրողի այն հարցին թե ինչպես է Մոսկվան գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը պատրաստ է 80-90%-ով։

Զախարովան, մասնավորապես, պատասխանել է. «Պատրաստ ենք այսուհետ եւս երաշխավորել հարմար հարթակի տրամադրում կողմերի համար՝ նախընտրելի երկկողմ ձեւաչափով բանակցությունների համար։ Մեր երկու դաշնակիցների միջեւ հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, ոչ ոք դրսից։ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարեւանները»։

Զախարովան անդրադարձել է նաեւ ԵՄ-ի՝ Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելուն եւ նշել, որ 10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում:

«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի ետեւում, իհարկե, կան ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր ավերիչ ազդեցությունն այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում, մենք վստահ ենք:

Սա, ինձ թվում է, նույնիսկ ակնհայտ է, եւ դա երեւում է Ուկրաինայի ուղղակի օրինակով, որ, այսպես կոչված խաղաղության եվրոպական հիմնադրամը, խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ. դա երկրներին պատերազմ հրահրելու, արյունահեղության մասին է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

 

ԿՈՆՖԼԻԿՏԻ ՊԱՏՃԱՌ

««Ժեշտից «անվտանգությունը» նիկոլի սարքած ճանապարհին». այս մասին իր էջում գրել է Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը:

«Կիրանցով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհը հանցագործ խունտայի կողմից թշնամուն հանձնելուց հետո՝ նոր ճանապարհ են սարքում։

Այն անցնում է թշնամու հետ անմիջական շփումով, որը, ի դեպ, արդեն իսկ կոնֆլիկտի պատճառ է դարձել հայ եւ թշնամու սահմանապահների միջեւ»,- նշել է նա:

 




Լրահոս