«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, Ոստիկանության ծառայողների հետ սերտ համագործակցությամբ, բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ եւ այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։
2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երեւան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4.73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ եւ ծալովի դանակ. տղամարդու բանավոր հայտարարության համաձայն՝ հայտնաբերված փաթեթներում առկա զանգվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կասկածանքով ձերբակալվել է Վ.Կ.-ն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն. ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ է:
Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կասկածյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի մոտ 25գ. «Մեթամֆետամին» եւ մոտ 600 գ. «Մաիրուխանա» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, ինչպես նաեւ՝ թմրանյութերի իրացման համար նախատեսված տարբեր տեսակի պարագաներ։
Նախաքննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել խուզարկությամբ Վ.Կ.-ի մոտ հայտնաբերված թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ:
Նախաքննության համաձայն՝ Վ.Կ.-ին թմրամիջոց իրացրել է Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչ Հ.Դ.-ն, ով, նախնական տվյալներով, 33-ամյա հարեւանի՝ Ս.Կ.-ի հետ ստեղծելով հանցավոր խումբ, ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ, դրանք պահել են իրենց բնակության վայրերում եւ այնտեղից էլ դրանք իրացրել:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այլ անձանցից բացի, Վ.Կ.-ն եւս պարբերաբար, օրվա տարբեր ժամերի այցելել է վերջիններիս՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով` իր հերթին զբաղվելով թմրամիջոցների իրացմամբ։
Կատարվել են խուզարկություններ: Արդյունքում՝ Հ.Դ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերեւույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ.-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի մոտ 300 գրամ «Մարիխուանա» եւ մոտ 20 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերեւույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաեւ՝ թմրանյութերի պատրաստման, օգտագործման եւ իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։
2024 թվականի հուլիսի 18-ին Երեւան քաղաքի Արշակունյաց եւ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ս.Կ.-ն, ապօրինի թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով, ձերբակալել եւ տեղափոխել է ոստիկանության կենտրոնական բաժին։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն գույնի, յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 92.7 գրամ քաշով զանգված։
Հայտնաբերված թմրանյութերի վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որոշում է կայացվել՝ նախաձեռնված քրեական վարույթները միացնելու եւ նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ.-ին եւ Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ս.Կ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
ՈՐԴՈՒՆ ԵՎ ԴՍՏԵՐԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ծանուցում է ուղարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա որդուն` Սպարտակ Ղուկասյանին, դստերը` Մանյա Ղուկասյանին եւ հայտնել.
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ՝ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ
Երեկ Ագարակ քաղաքում իրարանցում է եղել։ Իրավապահները գտել են Երեւանում երիտասարդ տղային կյանքից զրկածին։
Հուլիսի 23-ին՝ ժամը 07։00-ին, Ագարակ քաղաքի Նժդեհ փողոցում իրարանցում է եղել, իրավապահնեը մտել են վերոնշյալ փողոց, որտեղ բնակիչները նկատել են, որ քաղաքացու են ձերբակալել: Պարզվել է, որ ձերբակալվածը Նոր Հաճնի 43-ամյա բնակիչ է, որը մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով:
Իսկ ո՞ր սպանության գործով էր նա հետախուզվում:
Մայիսի 1-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ սպանել էին Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գեւորգ Ն.-ին:
Ըստ բժիշկների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հատվածում դանակահարված» անգիտակից վիճակում, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ:
Ենթադրյալ հանցագործին իրավապահները փնտրում էին եւ ահա դեպքից 2 ամիս անց Ագարակ քաղաքի Նժդեհ փողոցում հայտնաբերել են 43-ամյա տղաարդուն, որը կասկածվում է «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ 35-ամյա երիտասարդին սպանելու մեջ:
ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ՀԱՅՑԸ
ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ եւ որդիների հայցն ըննդեմ ՊՆ-ի:
Մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Հերմինե Մուրադյանը հայցի մեջ սխալներ է գտել ու այն հետ վերադարձրել՝ սխալներն ուղղելու համար։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ շուրջ 2 տարի ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել պաշտպանության նախարարությանը։
Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վերջիններս պահանջում են՝ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի:
Հիշեցնենք, որ 2022 թվականին կալանավորվեց 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: