«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐԸ» ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական անգամ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն անորոշության եւ զարմանքի մեջ է թողնում իր բաժանորդներին՝ ոտնահարելով վերջիններիս իրավունքները։

 

Ավելի վաղ գրել էինք, որ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ջրամատակարարումը հաճախակիորեն դադարեցվում է, սակայն սա դեռ ամենը չէ։

Նաեւ գրել էինք, որ ծորակից հոսող ջուրը, մեղմ ասած, օգտագործելու ենթակա չէ։ Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում որոշ քաղաքացիներ ծորակը բացելիս տեսել են, որ ջուրը թանաքագույն է եւ/կամ բաց կապույտ երանգով։

Որոշ հասցեներում էլ ջուրը ժանգոտ է հոսում, հատկապես՝ ջրամատակարարման վերականգնումից ժամեր անց։

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցով դիմել էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզելու՝ որն է այս ամենի խնդիրը, ինչու է խմելու ջուրը օգտագործման ոչ ենթակա, որտեղից էլ մեզ հորդորել էին գրավոր հարցմամբ դիմել։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից ստացել ենք մեր գրավոր հարցման պատասխանը, որում մասնավորապես ասվում է. «Ջրամատակարարումն իրականացվում է՝ համաձայն 2024 թվականին հաստատված ժամանակացույցի, որին սպառողները կարող են ծանոթանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ պաշտոնական կայքէջում։

Տեղեկացնում ենք, որ ջրամատակարարման ընդհատումները կապված են լինում պլանային եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ, ինչի մասին բաժանորդները պատշաճ կերպով ծանուցվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 30.11.2016թ. թիվ 378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների գլուխ 13-ի դրույթներին համապատասխան։ Ջրանջատումներից խուսափել հնարավոր չէ, քանի որ անգամ ամենաարդիական տեխնիկական վիճակում գտնվող ջրամատակարարման համակարգերն ապահովագրված չեն վթարներից, իսկ պլանային ջրանջատումները կատարվում են հետագա վթարային իրավիճակները կանխարգելելու  նպատակով։

Տեղեկացնում ենք նաեւ, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջուրը գտնվում է ամենօրյա լաբորատոր հսկողության տակ՝ համաձայն ՀՀ սանիտարական նորմերի կանոնների եւ պահանջների»։

Ահա այսպես, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ բավարար պատասխան չտվեց մեր հղած հարցերին. թե ինչո՞ւ է խմելու ջրի փոխարեն հոսում թանաքագույն կամ ժանգոտ գույն՝ պատասխանը մեզ ոչ ոք չտվեց։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ Նորաշեն 24 հասցեում ջրամատակարարումը 24 ժամի փոխարեն 17 ժամ է դարձել, ինչի մասին անգամ բնակիչներին տեղյակ չեն պահել։

Բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ գիշերը՝ ժամը 22։00-ից, ջուր են հավաքում, որպեսզի կարողանան օգտագործել, մինչեւ կբարեհաճեն նորից ջրերը միացնել: Մի խոսքով՝ ամառվա այս տապին քաղաքացիները ողջ օրը մտածում են, թե ինչպես լուծեն ջրի խնդիրը:

Ի պատասխան մեր հարցման՝ ընկերությունից նշել էին. «Համաձայն 2024թ. հրապարակված ժամանակացույցի՝ Երեւան քաղաքի մի շարք հասցեների, այդ թվում՝ Նորաշեն 24 շենքի ջրամատակարարումը մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է իրականացվի 17 ժամյա ռեժիմով՝ 07։00-24։00 ժամերին։ Նշված ժամանակացույցը կազմվել է հաշվի առնելով ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները եւ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 30.11.2016թ. թիվ 378-Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման/ կեղտերի մաքրման/ ծառայությունների, մատուցման կանոններով խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին։ Սպասարկվողները ջրամատակարարման ժամանակացույցին կարող են ծանոթանալ «Վելոիա ջուր» ՓԲԸ-ի կայքէջում։

Հարկ եմ համարում նշել, որ ընկերությունը, ո՛չ վերոհիշյալ կանոնների եւ ո՛չ էլ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման/կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորություն չունի»։

 

 

 

ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ԲԵՌՆԵՐ ԿՇՌՈՂ ԿՇԵՌՔԸ

Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղի կշեռքն անհետացել է։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս ասաց Չարենցավան խոշորացված համայնքի՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը։

Վերոնշյալ կշեռքը չափերով բավականին մեծ է՝ մինչեւ մի քանի տոննա հասնող քաշով։

Կշեռքի վրա կանգնում էին բեռնատար մեքենաներ, եւ դա գյուղի բեռներ կշռող միակ կշեռքն է եղել։

Ավագանու անդամը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է, թե այդ կշեռքն ինչ նշանակություն է ունեցել գյուղի բնակիչների համար։

Գյուղի բնակիչներից էլ Գրիշա պապիկը, այս թեմայի մասին խոսելիս, ասաց, որ հիմա, երբ կշեռքը չկա, ցորենն ու գարին պարկերով են կշռում, ինչն ավելի է բարդ դարձնում աշխատանքը։

 

 

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ ԱՂԲԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ Է

Կապուտակ Սեւանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը, որն անցնում է նաեւ Կոտայքի մարզով, ոչ այդքան մխիթարելի իրավիճակում է գտնվում։

«Ժողովուրդ» օրաթերթը այցելել է Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղ, որտեղից պարզ երեւում է, թե ինչ իրավիճակում է գտնվում գետը։

Չնայած այն փաստին, որ Բջնին համարվում է լավագույն տուրիստական վայրերից մեկը, այն քայլ առ քայլ ավելի է աղտոտվում ու քարուքանդ լինում։

Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ շաբաթ եւ կիրակի օրերին Բջնիում մեծ տուրիստական հոսքեր են լինում, սակայն բոլոր այն թափոնները, պլաստիկե շշերը, որոնք լողում են գետով՝ զարմանք են առաջացնում այցելուների մոտ։

Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը անդրադարձավ նաեւ այս թեմային։

Գեղատեսիլ վայրերով լի Հայաստանը օրեցօր ավելի է աղտոտվում եւ ոչինչ չի արվում, չնայած այն բանին, որ ճոխ եւ պաթետիկ խոսքերով հայրենիքի մասին խոսվում է։ Գետում լող տվող թռչունները  այլեւս իրենց միայնակ չեն զգում, քանի որ գետը նետված պլաստիկե շշերն ու այլ թափոնները առայժմ չեն լքել թռչուններին:

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Օրերս համալրվեց բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատված Տավուշի մարզի բնակավայրերի վարչական ղեկավարների թիվը։ Տավուշի մարզի՝ 1000-ից ավել բնակիչ ունեցող 6 բնակավայրի վարչական ղեկավար օրենքի պահանջով ազատվել է պաշտոնից։ 6-ից 5-ը Ադրբեջանին սահմանակից գյուղերի վարչական ղեկավարներ էին։ Նիկոլ Փաշինյանը առանց բուհական դիպլոմի ավելի քան 6 տարի ՀՀ-ի վարչապետն է, նախկինում բենզինի լիցքավորող աշխատած, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, իր անձնական գործում սեռը  «արու» գրած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը ավելի քան 5 տարի ղեկավարում է Դիլիջան քաղաքից եւ հարակից 6 գյուղերից բաղկացած Դիլիջան խոշոր համայնքը, իսկ Տավուշի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարներին պաշտոնից ազատել են։

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՓՈՂ ՄԻՇՏ ՈՒՆԵՆ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 10-ն ունի հիմնանորոգման, 32-ը վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք: Պետական դպրոցների շենքերը նորոգելու համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում, սակայն Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իրեն եւ մարզպետարանի պաշտոնյաներին, հայտնի չէ թե որ նվաճումների համար Հայաստանի սուղ, վարկերով ձեւավորվող պետական բյուջեից առատորեն պարգեւատրում է։ Տավուշի մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաները 2023թ.-ին պետական բյուջեից ստացել են 71 միլիոն 960 հազար դրամ պարգեւավճար,  այս տարի, հունիսի 15-ի դրությամբ ստացել են 32 միլիոն 75 հազար 200 դրամ, հուլիսի  15-ի դրությամբ՝ 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգեւավճար:

 

 

ՎԱՆՔԸ ԿՈՎԵՐ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ

Ֆեյսբուքի «Դիլիջանցիք»  խմբում  «Գրիգ Լուս» օգտատերը տեսանյութ է զետեղել Դիլիջան քաղաքից 3,2 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող, 11-12 դարերի Ջուխտակ վանքի մոտ տիրող գարշահատության, եկեղեցու բակում կովերի գոմաղբի մեծ կույտերի մասին։ Օգտատերը նշել է, որ ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում հնամենի վանք. սրբավայրը կով պահելու տեղ չէ, եւ սա Հայաստանի, Դիլիջանի իմիջի խնդիր է։ Նա նշել է նաեւ դեպի Ջուխտակ վանք ճանապարհի վատ վիճակի, Ջուխտակ վանքի մոտ գտնվող՝ Մաթոսավանք տանող ճանապարհին նորմալ ուղեցույցի եւ հեռախոսակապի բացակայության մասին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս