ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածին քաղաքում է: Կարելի է ասել՝ քաղաքի առօրյան «կանգ է առել», քանի որ ամբողջ ճանապարհները փակել են, որպեսզի վարչապետը մտնի Էջմիածին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ վարչապետն այցելել է Էջմածնի սոցիալական ծառայության կենտրոն, որտեղ պետք է ծանոթանա արցախցիների խնդիրներին, հատկացվելիք ֆինանսական միջոցների տրամադրմանը:
Վարչապետին ուղեկցում է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Ի դեպ, այսօր «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է կրկին գնալ սահմանամերձ Տավուշի մարզ։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի որեւէ մարզ այցելելն «ավանդույթ» է դարձրել ամառային շրջանում: Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում նա գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու:
Նիկոլ Փաշինյանի օրակարգում է նաեւ Արմավիրի մարզ այցը: Թե ինչ պլաններ կան Թուրքիայի հետ սահմանակից Արմավիրի մարզի մասով, դեռ չի հաղորդվում:
Էմմա Մարտիրոսյան