Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական արարքներն են իրականացվել ԲԴԽ անդամների կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 16-ին հրապարակված որոշումներով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մասնավորապես` ԲԴԽ կազմի ոչ պատշաճ անդամները դադարեցրեցին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Ա. Ստեփանյանի և Երևանի քրեական դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի լիազորությունները: Ավելի վաղ արձանագրվել է, և մինչ օրս շարունակվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի այլ անձանց հետ համակատարմամբ` ներգրավմամբ ու օժանդակությամբ դատական իշխանության դեմ ապօրինի ոտնձգությունները»:
-Պարոն Վարդազարյան, կարդացե՞լ եք Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը, ի՞նչ կասեք միության նախագահի ահազանգի մասին:
-Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել պարոն Ազարյանի հայտարարության տակ, իսկ եթե ես լինեի դատավորների միության նախագահը, ես ինչպես ինձ կդրսեւորեի՞։ Կասեի, որ պարոն Ազարյանը նույնիսկ մի փոքր ուշացել է: Այն ինչի մասին խոսք է գնում հայտարարության մեջ, դեռ նման արձագանք կարելի էր տալ երկու տարի առաջ, այս գործընթացը պետք է սկսվեր պարոն Ջհանգիրյանից:
-Պարոն Վարդազարյան, դատավորների միության նախագահի ահազանգից առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր հարցազրույց տվել ու բողոքում էր, որ բոլորը դատական համակարգի վրա են մունաթ գալիս: Դուք հարցազրույցը դիտե՞լ եք ու կիսում եք Կարեն Անդրեասյանը տեսակետները:
-Եթե կհիշեք, դեռ ԲԴԽ նախագահ աշխատելու ընթացքում հայտարարություն էին արել՝ ասելով, որ հարգելի հասարակություն, մեղքը ման եք գալիս դատական իշխանությունում եւ փորձում եք մեղքը բարդել դատավորների վրա, բայց մոռանում եք, որ մենք ունենք քննչական մարմիներ, դատախազական վերահսկողություն նախաքննական մարմինների նկատմամբ, ու նոր գործը գալիս հասնում է դատական համակարգ: Իմ ասածն այն է, որ այն աղբը, որը դուրս է գալիս նախաքննական մարմնի ու դատախազության վերահսկողության ներքո ու գալիս է դատարան, դատարանին ասում են՝ այս զիբիլը յոլա տար:Մեղքը միայն դատական համակարգինը չէ։ Այն գործերը, որոնք վատ քննած, վատ վերահսկված վիճակում գալիս են դատարան, դատարաններում հնարավոր չէ շտկել, այդ առումով Կարեն Անդրեասյանի հետ համամիտ եմ, բայց դա որեւէ կերպ չի նշանակում, եթե այս հարցում ես համամիտ եմ պարոն Անդրեասյանի հետ, համաձայն չեմ պարոն Ազարյանի հետ:
-Ըստ Ձեզ՝ մարտի 1-ի գործով միակ մեղավորը Աննա Դանիբեկյա՞նն է:
-Գիտեք, ես մի զավեշտալի եզրահանգման եկա՝ այդ պրոցեսը նայելով, ու հասկացա, որ մարտի 1-ի գործով քավության նոխազ ընտրեցին տիկին Դանիբեկյանին։ Սա ուղղակի ծիծաղելի է ու տարիներ հետո այս ամենի մասին կարելի է մի կատակերգություն հանել, թե ոնց կարելի է դատավորին մեղավոր կարգել ամենում:
-Փաստ է մեկ բան, որ դատավորները լռում են, իսկ ահա դատավորների միությունը միջազգային կառույցներ ահազանգում են առկա ոտնձգությունների ու ճնշումների մասին։ Ի՞նչ պետք է անեն գործող դատավորները, որ հետագայում Աննա Դանիբեկյանի, Արթուր Ստեփանյանի, Սերգեյ Մարաբյանի, Անդրանիկ Մնացականյանի, Արշակ Վարդանյանի եւ այլոց ճակատագրին չարժանանան:
-Հստակ գործողություներ անեն:
– Օրինակ
-Գործադուլ անեն, միջազգային հարթակներում երբ հանդիպումներ են լինում, բարձրձայնեն, խոսեն այդ մասին։
-Դատավորները շարունակում են լռել, միգուցե, վախեր կան, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
-Մեկ անգամ հարցազրույցներից մեկում ես շատ կոպիտ բառ եմ ասել, ստիպված եմ նորից կրկնել, այդ ժամանակվա հայտնած միտքը իրականություն է դառնում, երբ ճաղավանդակի ներսում գտնվող գառները սպասում են, թե երբ է գալու հերթական գնորդը, որպեսզի իրեն մորթեն եւ մատաղ անեն, դատավորները հերթի մեջ կանգնած գառան տպավորություն են թողնում ինձ վրա, որ ձեն մի հանեք, ամեն ինչ լավ է: Վաղը մյուս օրը ձեր հետեւից են գալու, ձեզ մատաղ անեն, ինչ ասեմ, թող սպասեն, յուրաքանչյուրի հերթը գալու է, անկախ այն ամենին՝ նա այսօրվա իշխանություներին ծառայություն մատուցել է, թե ոչ։ Այդ պրոցեսը չի կանգնելու, միշտ պետք է թարմ արյուն ու, համենայն դեպս, ԲԴԽ այս կազմը պետք է ցույց տա, որ ինքը պայքարում ու այդ պայքարի ընթացքում նոր գլուխներ են թռնելու գառան կարգավիճակով:
Քնար Մանուկյան