Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կասեցրել է միջազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որն զբաղվում էր Բարսելոնայի և Եվրոպայի այլ նավահանգիստներով խոշոր խմբաքանակով կոկաինի ներկրմամբ։ Այս մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները։
Ըստ X սոցիալական հարթակում տարածված հաղորդագրության՝ ավելի քան 4 տոննա կոկաինը թաքցված է եղել բրնձի պարկերի մեջ։ Սա կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է, որ մինչ այս առգրավվել է Բարսելոնայի նավահանգստում:
Գործողության ընթացքում ձերբակալվել է խմբավորման 10 անդամ։
Ոստիկանությունը 2023 թվականին սկսել է հետաքննություն Իսպանիայի մի ընկերության դեմ, որը Պարագվայից բրնձով բեռնարկղեր է փոխադրել երկիր։ Ընկերությունը գործել է Իսպանիայում, Պարագվայում և Միացյալ Թագավորությունում։
Հետաքննության շրջանակներում Պարագվայի ոստիկանությունն իր հերթին բռնագրավել է մոտավորապես 3,3 տոննա կոկաին։ Բացի այդ, մարտին Մեծ Բրիտանիայում ոստիկանությունն առգրավել է 2,1 տոննա թմրանյութ: