Այս տարվա հունվարի 31-ին Հանրային ռադիոյի եթերում հեռարձակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հանդես եկավ խմբագրականով, որը հիմք ընդունվեց իշխանության ներկայացուցիչների կողմից՝ Խումարյանին «պատժելու» համար։
Սրան հետևեց Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը, որտեղ մեղադրվեց Գարեգին Խումարյանը՝ լիազորությունները առերևույթ չարաշահելու համար։
ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը, որին Խորհուրդը դիմել էր հարցը քննելու խնդրանքով, մարտի 21-ին հրապարակեց նախկին տնօրենի հայտարարության վերաբերյալ արձանագրությունը, որում Հանրային հեռարձակողի խորհուրդն օգտագործել է հետևյալ ձեւակերպումները` «առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ»։
Ապրիլի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը փոխեց հանրայինների տնօրենների մրցույթի անցկացման կարգը՝ հրաժարվելով գումարել անկախ մրցութային հանձնաժողով։ Հենց սա ավելի հիմնավորել է Խումարյանի համոզմունքները, որ սլաքներն իր կողմ է ուղված։
Հունիսի 5-ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած չորս մասնակիցներից որևէ մեկը հաղթող չճանաչվեց Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում։
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի վերջնարդյունքը կհրապարակվի հուլիսի 29-ին։ Մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝
Խումարյան Գարեգին Կորյունի
Հովհաննիսյան Բելա Հրաչիկի
Մարգարյան Մհեր Մարտիրոսի
Յալանուզյան Միքայել Կառլի
Պետրոսյան Լուսինե Ռաֆայելի
Ռուբինյան Հակոբ Ռուբենի
Քոլոյան Արմեն Սահակի
Օհանյան Նազելի Ավետիքի