
Եվրամիությունը Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն ցույց տալու համար։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր մենք ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից 1,5 միլիարդ եվրո ենք փոխանցում Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման համար», – գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական հարթակում։
Այս առնչությամբ Եվրահանձնաժողովը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռուսական սառեցված ակտիվներից ստացված այս արտակարգ եկամուտները հուլիսի 23-ին Եվրահանձնաժողովին են տրամադրվել Euroclear միջազգային ֆինանսական ընկերության կողմից՝ որպես առաջին տրանշ:
«Այժմ գումարը Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի հիմնադրամի միջոցով կուղղվի Ուկրաինայի ռազմական ներուժին և երկրի վերականգնմանն աջակցելուն», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: