Ուզում են հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը. գեներալ-մայոր Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տևական ժամանակ է շինծու և ապօրինի մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։

Նա դատական քննության մեկ տարվա ընթացքում գրեթե հանդես չի եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ընթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։

«Սակայն այն, ինչ տեղի է ունենում դատական նիստերի դահլիճում, ի ցույց է դնում, որ դատավարության շղարշի տակ ընթացող գործընթացի նպատակը մեկն է՝ ամեն գնով ինձ պահել անազատության մեջ և վերջում հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը, որն արդեն իսկ ամբողջությամբ փլուզվել է դատարանում»,– նշել է գեներալ–մայորը։

Հարությունյանն ընդգծել է, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխել են իր նկատմամբ կիրառված կալանավորումը և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին իրեն կալանավորել է։

Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իրեն անազատության մեջ պահելը պայմանավորում է նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռևս չեն հարցաքննվել։ Սակայն հուլիսի 24-ի դատական նիստին, երբ ներկայացել են վերջին երեք վկաները, հանրային մեղադրողը միջնորդել է հետաձգել դատական նիստը` պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, իսկ դատարանը ընդունել է միջնորդությունը։

«Դատարանը հաշվի չառավ, որ վկաները ներկայացել են դատարան, իսկ ինձ շարունակական կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն նրանց հարցաքննությամբ, ընդառաջ գնաց հանրային մեղադրողին և հետաձգեց դատական նիստը։ Այս ամենը այլ բան չի թողնում մտածելու, որ նման ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար»,- գրել է նա։




Լրահոս