Քաոսային իրավիճակ է. ինչո՞ւ էր փակվել Գյումրու լողի միակ դպրոցը. համայնքապետարանից մանրամասնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիում գտնվող լողի դպրոցում քաոսային իրավիճակ է։

Մեզ ահազանգած քաղաքացին Գյումրիից է և մեզ հետ զրույցում նշեց, որ լողի դպրոցը տարածաշրջանի միակ դպրոցն է, այսինքն՝ մրցակից այլ դպրոցներ չկան։
Ահազանգած գյումրեցու խոսքով՝ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Գյումրու լողի դպրոցում կարգ ու կանոնի բացակայություն է։

«Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաք Գյումրիի լողավազանում կարգ ու կանոն ընդհանրապես չկա։ Հաստատության տնօրենը, Գյումրու քաղաքապետի սանիկն է, մենք այս հարցով քաղաքապետարան էլ ենք դիմել, բայց՝ ապարդյուն։ Նշել են, որ ֆինանսավորում չի իրականացվում, ինչին մենք չենք հավատում։ Հնարավոր է, որ ֆինանսավորում իրականացվում է, բայց իրենք այդ գումարը կորզում են պետությունից։ Այնտեղ՝ լողի դպրոցում, ահավոր հակահիգիենիկ պայմաններ են։ Երեխաներին, որ տանում ենք այնտեղ ընդունելու, վարձավճարը 7000 դրամ է ամսական, բայց իրենք ասում են անհատականը 14000 դրամ է ու 7000-ը տնօրենը դնում է իր գրպանը»,- ասաց ահազանգած քաղաքացին։

Վերջինիս խոսքով՝ անգամ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, ինչը պարտավոր են անել․
«ՀԴՄ կտրոններ ընդհանրապես չեն տրամադրում ոչ ոքի, որը իրենք իրավունք չունեն չտրամադրելու, քանի որ հարկ են վճարում, պետական հիմնարկ է, պատկանում է Գյումրու քաղաքապետարանին, բայց այնտեղ այնպիսի իրավիճակ է տիրում, որ կարծես անհատ ձեռներեցի է պատկանում շինությունը»։
Անդրադառնալով լողի դպրոցի լողավազանի սանիտարահիգիենիկ պայմաններին՝ ահազանգողն ասաց․

«Տնօրենին ասել են, որ ժամանակավորապես փակի լողավազանը ու ջուրը փոխի, որովհետև տարին մեկ էլ չեն փոխում։ Ինքը 2-3 օր փակեց լողավազանը, այդ հսկայական լողավազանը 2-3 օրում հնարավոր չէր լցնել, որի մեջ բավականաչափ քանակությամբ քլոր կա։ Ուղղակի ջուրը ֆիլտրում են ու ասում են փոխել ենք, բայց ջրի բաղադրությունը ստուգելու դեպքում այդպես չի լինելու, որովհետև ընդհանրապես փոխված չի ջուրը։ Սա Գյումրու միակ լողավազանն է, մրցակից այլ լողավազաններ չկան ու մրցումներ էլ, որ անցկացվում են այլ քաղաքներից էլ են գալիս լողորդներ ու ուղղակի ամոթ է այս իրավիճակը»։
Եզրափակելով խոսքը՝ ահազանգողը հավելեց, որ այս հարցով պատրաստվում են դիմել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնին։

«Այս հարցով դիմելու ենք նաև վարչապետին, որ նա էլ բոլոր ստուգումներն անցկացնի, որովհետև ինքը շատ պատահական դպրոցներ է մտնում, ստուգումներ է անցկացնում առանց զգուշացնելու։ Ուղղակի վարչապետին այս թեմայի մասին ոչ ոք չի տեղեկացնում, նա տեղեկացված չի ինչ իրավիճակ է տիրում»,- նշեց զրուցակիցը։

ArmLur.am-ը այս հարցով դիմեց Գյումրու համայնքապետարան։
Համայնքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լողավազանը մի քանի օր չի գործել։

«Լողավազանը մի քանի օր չի գործել, պլանային աշխատանքներ են կատարվել՝ սանիտարահիգիենիկ աշխատանքներ են տարվել։ Ջրի մաքրում և նորից ջրի հետ լցնում է տեղի ունեցել, իսկ ՀԴՄ կտրոնի մասով մենք ահազանգը կուսումնասիրենք՝ հասկանալու համար, թե ինչ է եղել»,-ասաց Սոնա Առաքելյանը։

Ինչը վերաբերում է կարգ ու կանոն չլինելուն և տնօրենի ու քաղաքապետի սանիկներ լինելուն, մամուլի խոսնակն ասաց, որ կճշտի բաժնի պետի հետ և կհասկանան՝ հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան է եղել, թե ոչ և արդյո՞ք դպրոցի տնօրենն ու քաղաքապետը սանիկներ են։

Աննա Սրապիոնյան




Լրահոս