Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մեկնարկեցին Փարիզ-2024-ում:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի 2-րդ ենթախմբում էին ընդգրկված նաև երկու Դավթյանները:Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ստացավ 14.666 միավոր: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733 միավորի: Մարմնամարզիկների վերջնական արդյունքները հայտնի կլինեն Երևանի ժամանակով երեկոյան 22:00-ից հետո, երբ իրենց ելույթները կավարտեն նաև 3-րդ ենթախմբում ընդգրկված մարզիկները:
Մարմնամարզության հավաքականի ելույթներին տրիբունայից հետևում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից իրենց ելույթներն ավարտեցին նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: