
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, եթե անհատը ցանկանում է իր միջոցներով եկեղեցի բարեկարգել, ապա դրա համար նա ո՞ւմ պիտի դիմի, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցիների բարեկարգման հետ կապված, եթե անձինք են լինում, որոնք պատրաստակամություն են հայտնում օժանդակել եկեղեցուն եւ բարեկարգել, օրինակ, եկեղեցիների տարածքները կամ էլ եկեղեցիները, ապա այդ անձինք պետք է նախ եւ առաջ դիմեն տեղի եկեղեցու հոգեւոր հովվին: Եթե եկեղեցին հոգեւոր հովիվ չունի, ապա պիտի թեմակալ առաջնորդին դիմում ուղարկվի, որից հետո էլ վերջինիս հետ անհրաժեշտ աշխատանքներ կձեռնարկվեն, միասին կորոշեն, թե ինչ կարգի աշխատանքներ է քաղաքացին պատրաստակամ հանձն առնել: Այդ դեպքում ամեն ինչ կորոշվի, եւ հնարավոր կլինի թույլատրելի աշխատանքներ իրականացնել:
Վահրամ քահանա Մելիքյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի հարցը, ինչպես նաեւ Մայր աթոռի մամլո դիվանի պատասխանը, տվյալ դեպքում կարելի է ավելի շատ որպես առաջարկ դիտարկել: Ուստիեւ մենք էլ մեր կողմից կոչով դիմենք բոլոր գործարարներին ու մեծահարուստներին` նշված եղանակից օգտվելով` նպաստել եկեղեցիների բարեկարգման աշխատանքներին: