Ի՞նչ որոշում է կայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հայտարարագրի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ազատվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նշանակվող հնարավոր վարչական տուգանքից։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի նոյեմբերին անդրադարձել էր Ռուստամ Բաքոյանի՝ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրին, և նշել էինք մի քանի անհամապատասխանություններ, որոնք մասնավորապես առնչվում էին նրա ֆինանսական միջոցներին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահ դարձած Ռուստամ Բաքոյանին առնչվող այդ հրապարակումը։

Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա իրականացված տվյալների ստուգման շրջանակներում 2024 թվականին Բաքոյանը հայցվել է պարզաբանում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի դրամական միջոցների՝ տարեսկզբին և նախորդ տարեվերջին առկա մնացորդների անհամապատասխանություններին, հրապարակմամբ նշված՝ Ռուստամ Բաքոյանի առնչությանը և 2019 թվականին ձեռք բերված բնակելի տանը։ Սրա վերաբերյալ Ռուստամ Բաքոյանը 2024 թվականի մարտի 14-ին Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, որոնց գնահատման արդյունքում Հանձնաժողովը, հաշվի առնելով անհամապատասխանությունների բնույթը, գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության և օրինականության վերաբերյալ կասկածների փարատված լինելու հանգամանքը և ենթադրյալ իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի անցած լինելը, որոշել է ավարտել ստուգումը՝ հայտարարատուին առաջարկելով Հանձնաժողով ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում։

Ստացվում է, որ կառույցը, որի համար Ազգային Ժողովում արդեն տևական ժամանակ է չեն կարողանում ղեկավար ընտրել, կրկին արտոնյալ է համարում իշխանության ներկայացուցիչներին և վարչական տույժ չի կիրառում։

Էմմա Միքայելյան




Լրահոս