ԶԼՄ-երի ներգրավվածությամբ ՝ զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի մոնիտորինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ` վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Մշտադիտարկման  նպատակն էր պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան:

2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ  նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ օրենսգիրքը լրացվեց 1087.1-րդ հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Հետազոտությունը կատարվել է երկու փուլով։ Առաջինը ներառել է 2012 թ. հունվար-հունիս, երկրորդը` հուլիս-դեկտեմբեր ամիսները:

Ուսումնասիրվել են դատական ակտերի բովանդակային մասերը, վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ` ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշումից հետո գործերի քանակի դինամիկան:

Դատական ակտերի բովանդակային մասերի ուսումնասիրության նպատակներից մեկն էր պարզել, թե ներպետական իրավակիրառական պրակտիկայում ինչպես են հաշվի առնվում միջազգային իրավական սկզբունքային մոտեցումները. մասնավորապես` արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին եւ անհրաժեշտ լինի` տվյալ շահն ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ` դիտարկման նպատակն էր պարզել, թե արդյո՞ք վիրավորանքի եւ զրպարտության իրավանորմերի ապաքրեականացումն ու Քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ փոփոխություններն ու լրացումները ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին: Մասնավորապես` արդյո՞ք դատարաններին հաջողվում է պահպանել արդարացի հավասարակշռություն մի կողմից` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա)10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության պաշտպանության եւ մյուս կողմից` այն անձանց հեղինակության միջեւ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը. իրավունք, որը որպես անձնական կյանքի ասպեկտ` պաշտպանվում է կոնվենցիայի 8-րդ հոդվածով:

Վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման գործընթացից հետո, ԶԼՄ-ների ներգրավվածությամբ, վիրավորանքի եւ զպարտության հիմքերով ՀՀ դատարանների վարույթ է ընդունվել 71 քաղաքացիական հայց. 2010 թվականին հարուցվել է 17 գործ, 2011-ին` 37,  2012-ին՝ 17, որից առաջին կիսամյակում՝ 9, իսկ երկրորդում՝ 8 գործ։

Հաշվի առնելով, որ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ՀՀ դատական ատյաններում 2010 թ. մայիսից մինչեւ 2012 թ. մարտը քննվող գործերի նույնանման մոնիտորինգ է իրականացրել` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է ԶԼՄ-ների ներգրավվածությամբ՝ վիրավորանքի եւ զպարտության հիմքերով այն քաղաքացիական գործերը, որոնք տարբեր դատարաններում քննվել են ամբողջ տարվա ընթացքում՝ 2012 թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Դիտարկումը ներառել է 54 դատական գործ, որոնցում լրատվամիջոցները հանդես են եկել որպես պատասխանող կամ երրորդ անձ:

Մշտադիտարկման առաջին փուլում՝ 2012 թ. հունվար-հունիս ամիսներին,  ուսումնասիրվել են այն գործերը, որոնց քննությունն ավարտվել է մինչեւ հունիսի 30-ը կամ որոնց քննության արդյունքում կայացվել է գործն ըստ էության լուծող առնվազն մեկ դատական ակտ: Առաջին փուլում ընդգրկվել  է 45 դատական գործ, որից 15-ն ավարտվել էր 2012 թվականի hունիսի 30-ի դրությամբ, իսկ 30 գործով դատավարությունները դեռեւս շարունակվում  էին։ Վերջիններից 3-ով կայացվել էր առնվազն մեկ ըստ էության դատական ակտ, եւ այդ գործերը բողոքարկման փուլում էին, իսկ 27 գործով դատավարություններն առաջին ատյանի դատարաններում նախապատրաստական կամ դատաքննության փուլում էին:

Վերոհիշյալ 15 դատական գործով դատարանները կայացրել են ըստ էության դատական ակտեր, որոնցով հայցապահանջները մերժելու կամ բավարարելու համամասնությունը հետեւյալն է. 1 գործով հայցապահանջները բավարարվել են ամբողջությամբ, 2 գործով` մասնակի, 6 գործով մերժվել են ամբողջությամբ, 2 գործն ավարտվել է հաշտությամբ, 4 գործով վարույթները կարճվել են` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Մշտադիտարկման երկրորդ փուլում՝ 2012 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը,  դիտարկվել է 24 գործ։ Նշված գործերով դատարանները կայացրել են ըստ էության դատական ակտեր, որոնցով հայցապահանջները մերժելու կամ բավարարելու համամասնությունը հետեւյալն է. 1 գործով հայցապահանջները բավարարվել են ամբողջությամբ, 8 գործով` մասնակի, 10 գործով մերժվել են ամբողջությամբ, 2 գործն ավարտվել է հաշտությամբ, 3 գործով վարույթները կարճվել են` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Մշտադիտակման ընթացքում ուսումնասիրված 54 դատական գործից 39-ի վերաբերյալ դատարանները հրապարակել են 1 կամ ավելի դատական ակտ, եւ հենց այդ 39 գործն էլ դարձել է ԽԱՊԿ փորձագետների վերլուծության առարկան։ Իսկ մնացած 15 գործի դատաքննությունները  շարունակվում են, եւ դատարանները ըստ էության դատական ակտեր դեռ չեն կայացրել։ Վերլուծված գործերից 28-ում զանգվածային լրատվության միջոցները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ մնացած 11 գործում՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։

Դատական գործերի վերլուծությունը կատարվել է` միասնական մոտեցմամբ, մասնավորապես՝ ուսումնասիրության առարկա են եղել.

  • տեղեկատվության արատավորող բնույթը,
  • փաստերը եւ գնահատող դատողությունները,
  • հանրային շահը,
  • հայցային վաղեմության ժամկետը,
  • փոխհատուցման չափը,
  • հայցի ապահովման միջոցը (դատական արգելանքը),
  • պետական տուրքի չափը,
  • լրագրողական բացթողումները,
  • դատական պրակտիկան հստակեցնող իրավական դիրքորոշումը,
  • դատարանի կողմից պատասխանողի գույքային վիճակը հաշվի առնելը,
  • լրատվամիջոցի վրա հայցապահանջում չներկայացված կամ օրենքով չսահմանված պարտականություն դնելը:

 

Ստորեւ դատական գործերի նկարագրություն-վերլուծությունն է` ժամանակագրական կարգով (ըստ հայցերի ներկայացման ամսաթվերի):

 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԼՄՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ

 

Դատական գործԵԿԴ/1513/02/10.  «Բի լայն» («Bi line») ՍՊԸն  ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք են` ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, «ԱրմենՏել» ՓԲԸն եւ «Վիմպելկոմ» ԲԲԸն

 

«Բի լայն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը 2010 թ. հուլիսի 22-ին հայցով դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի։ Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք էին` ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն։ Հայցվոր կողմը դատարանին խնդրում էր պատասխանողին պարտավորեցնել հերքելու վերջինիս տարածած փաստացի անճշտությունները` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական թողարկման ընթացքում, ինչպես նաեւ` պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել կատարված դատական ծախսերը: Դատարանը 2010 թ. հուլիսի 26-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ եւ գործով նշանակել նախնական դատական քննություն, իսկ 2010 թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ` դատաքննություն:

2011 թ. մարտի 21-ին նշանակված դատական նիստում դատարանը որոշում է կայացրել դատաքննության փուլից վերադառնալ նախապատրաստական փուլ: 2011 թ. մայիսի 4-ի որոշմամբ կրկին նշանակվել է դատաքննություն: Գործի քննությունն ավարտվել է 2011 թ. հուլիսի 11-ին եւ 2011 թ. հուլիսի 25-ին նշանակվել է վճռի հրապարակման օր: Նշված օրը հրապարակված վճռով հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2011 թ. օգոստոսի 29-ին «Բի լայն» ընկերության ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի` 2011 թ. հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/1513/02/10 վճռի առնչությամբ: Վերաքննիչ դատարանի` 2011 թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը վերադարձվել է` դրանում թույլ տրված խախտումների պատճառով: Մասնավորապես, բողոքին կից ներկայացված չեն եղել պետական տուրքը վճարելու եւ բողոքի պատճենները կողմերին ուղարկելու մաuին ապացույցները: Հայցվորը երկրորդ անգամ բողոք է ներկայացրել 2011 թ. հոկտեմբերի 24-ին։ Վերաքննիչ դատարանը 2011 թ. հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելու մասին։  ՀՀ վերաքննիչ դատարանի` 2011 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը մերժվել է: 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Բի լայն» ՍՊԸ-ն վճռաբեկ բողոք է ներկայացրել։ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թ. փետրվարի 8-ի որոշմամբ բողոքը վերադարձվել է:

Հայցվոր «Բի լայն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարան ներկայացրած հայցադիմումում հայտնել էր, որ պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն «Հայլուր» լրատվական ծրագրի` 2009 թ. հոկտեմբերի 22-ի հիմնական թողարկման ժամին ցուցադրել է մի տեսանյութ, որի ընթացքում լրագրողը նշել է. «Հայաստանի տնտեսվարողները հաճախ գրանցում են հայտնի բրենդները` խոչընդոտելով ներդրումները»: Հայցվորը պահանջում էր հերքել պատասխանողի տարածած փաստացի անճշտություններ պարունակող տեղեկությունները, որոնք ինքնին, ինչպես նաեւ` ամբողջ հաղորդման համատեքստում կարող են սխալ պատկերացումների տեղիք տալ, հանգեցնել թյուրըմբռնման եւ ձեւավորել սխալ հասարակական կարծիք` հայցվորի եւ նրա մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ։

Ըստ հայցվորի` պատասխանողի տարածած տեղեկությունների համատեքստից կարող է ենթադրվել, թե խնդիրը վերաբերում է իրեն, եւ նա, գրանցելով ինչ-որ աշխարհահռչակ ապրանքանիշ, խախտել է ինչ-որ մեկի իրավունքները` խոչընդոտելով ՀՀ-ում օտարերկրյա ներդրողի գործունեությանը, մինչդեռ որեւէ նման փաստ չկա: Հետեւաբար, ակնհայտ է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Դատարանն արձանագրել է, որ պատասխանող «Հայաստանի հանրային  հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, սահմանված կարգով, հայցադիմումի գրավոր պատասխան չի ներկայացրել, մինչդեռ դատարանը վերջինիս պատշաճ կարգով ուղարկել է բոլոր փաստաթղթերը, այդ թվում` դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը:

Միաժամանակ՝ գործի դատաքննության փուլում «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն դատարանին ներկայացրել է «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որով վերջինիս ներկայացուցիչ Ա. Բաղդասարյանը հայտնել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հայցադիմումում նշված փաստարկների վերաբերյալ իր դիրքորոշումը հայցվոր կողմին հայտնել է դեռեւս 2009 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 03129, 2010 թ. հունվարի 12-ի թիվ 0301 եւ 2010 թ. մայիսի 14-ի թիվ 0283 գրություններով։ Դրանցում նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը «ԲԻ լայն» ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող տեղեկություն չի տարածել եւ չի խախտել ընկերության իրավունքները, ուստի հրաժարվել է տարածել նաեւ հերքման տեքստը:

  • Փաստական հանգամանքների ծագման պահին գործող օրենքի նորմերի պահանջների  կիրառում

 

Շատ կարեւոր են դատարանի մեկնաբանությունները եւ դիրքորոշումը` փաստական հանգամանքների ծագման պահին գործող օրենքի նորմերի պահանջների եւ գործող օրենքի պահանջների կիրառման առնչությամբ:

Հայցվորի վկայակոչած պահանջները ծագել են դեռեւս 2009 թ. նոյեմբերի 20-ին, ուստի դատարանը կարեւորել է վերը նշված փաստական հանգամանքների ծագման պահին գործող օրենքի նորմերի պահանջների վերլուծությունը` պարզելու, թե արդյո՞ք հայցվոր ընկերության իրավունքները ենթադրյալ խախտման պահին գործող իրավական նորմերի պահանջներին համահունչ են:

Կատարված վերլուծությամբ դատարանը եզրակացրել է, որ հայցվորի ներկայացրած պահանջների նկատմամբ կիրառելի են հարաբերությունների ծագման ժամանակ գործող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված նորմերը (նախկին խմբագրությամբ), ինչպես նաեւ` այդ պահին գործող օրենքի պահանջները, քանի որ 2010 թ. մայիսի 18-ին ընդունված` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը ՀՀ նախագահը ստորագրել է 2010 թ. հունիսի 15-ին, իսկ այն ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսի 3-ին: Դատարանը հիմնավոր է համարել հայցվորի պահանջի հիմքում կոնկրետ հարաբերությունների ընթացքում գործող օրենքի պահանջների կիրառման փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի (նախկին խմբագրությամբ) համաձայն` քաղաքացին իրավունք ունի դատարանի միջոցով պահանջելու հերքել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատաuխանում են իրականությանը։ Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մաuին uույն հոդվածի կանոնները համապատաuխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության դեպքում:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջելու հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկություններում, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Դատարանի նման տեսակետը ընդունելի է. թեեւ հայցապահանջը դատարան է ներկայացվել 2010 թվականի հուլիսի 22-ին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 1087.1-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո, սակայն վիճարկվող տեսանյութը ցուցադրվել է  2009 թ. հոկտեմբերի 22-ին: Հետեւաբար, կիրառելի են հայցվորի հերքման  իրավունքը իրագործելու  պահին գործող վերոհիշյալ  իրավական նորմերը:

 

  •  Տեղեկության արատավորող բնույթը

 

Ինչպես արդեն նշել ենք` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջելու հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկություններում, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Ներկայացված հայցապահանջին ճշգրիտ իրավական գնահատական տալու համար դատարանն անհրաժեշտ է համարել վկայակոչել պատասխանողի տարածած  տեղեկությունները (արտահայտությունները)` պարզելու վերը նշված իրավական նորմերի պահանջներով պայմանավորված ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերի միաժամանակյա առկայության հարցը.

– արդյո՞ք հայցվորի ներկայացրած պահանջի հիմքում դրված` լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունները փաստացի անճշտություններ են,

– արդյո՞ք դրանք իրենց բնույթով խախտում են հայցվոր ընկերության իրավունքները եւ վերջինիս գործարար համբավն արատավորող են:

Դատարանն արձանագրել է, որ լրագրողի, մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանի հրավիրած ասուլիսին հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Դրանք վերաբերել են տարբեր ընկերությունների. այս  փաստը հստակ տարանջատվում է լրագրողի մեկնաբանություններում, ինչպես նաեւ` կոնկրետ Ա. Ազիզյանի կողմից հնչեցրած արտահայտություններում, իսկ փոխնախարարի կողմից հնչեցրած կարծիքն առհասարակ կրում է ընդհանուր բնույթ ու վերաբերում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, օրենքի պահանջներին:

Պատասխանողի հրապարակած տեղեկությունների` իրականությանը համապատասխանելու էական փաստն ապացուցված լինելու պարագայում դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ մյուս էական նշանակություն ունեցող փաստին։ Մասնավորապես`«թե արդյո՞ք նշված հրապարակված փաստացի տեղեկություններն իրենց բնույթով հանդիսանում են հայցվորների պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող, թե` ոչ, քանի որ այս պարագայում է հնարավոր արձանագրել պատասխանողի կողմից կատարված իրավախախտման ու դրանով պայմանավորված հայցվոր կողմի իրավունքի խախտման գործով էական փաստերը»[1]։

Վերոհիշյալ էական փաստը բացահայտելու համար` դատարանն անհրաժեշտ է համարել պարզաբանել «պատիվ», «արժանապատվություն», «գործարար համբավ», «արատավորել» հասկացությունները` «իրենց բուն իմաստով` հետագայում դրանք հրապարակված տեղեկություններով արատավորված լինելու փաստը որոշելու, ինչպես նաեւ ներկայացված հայցային պահանջներին ճշգրիտ իրավական որակում տալու նպատակով»:

Ըստ դատարանի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի  ուժով ապացուցման բեռը կրում է հայցվորը, մինչդեռ վերջինս հրապարակված տեղեկություններով իր գործարար համբավն արատավորվելու կապակցությամբ որեւէ ապացույց դատարանին չի ներկայացրել:

2010 թ. նոյեմբերի 8-ին դատարան մուտքագրված առարկություններում հայցվորը նշում է, որ պատասխանողի տարածած անճշտությունները կարող են թյուր պատկերացումների տեղիք տալ եւ սխալ հասարակական կարծիք ձեւավորել` հայցվորի եւ նրա մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ։ Հայցվորը նշել է նաեւ, որ տեղեկությունների համատեքստից կարող է ենթադրվել, թե խնդիրը վերաբերում է հայցվորին, եւ նա, գրանցելով ինչ-որ աշխարհահռչակ ապրանքանիշ, խախտել է ինչ-որ մեկի իրավունքները` խոչընդոտելով ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների գործունեությանը: Տվյալ պայմաններում կարեւորում ենք դատարանի հետեւյալ դիրքորոշումը. «Դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ հայցվորի դիրքորոշումը ներկայացված պահանջը բավարարելու համար պետք է պայմանավորվի ոչ թե ենթադրություններով, հնարավոր իրավունքի խախտման փաստերով, այլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի պահանջներին համահունչ` այն պետք է ապացուցվի հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 հոդվածի պահանջներով պայմանավորված ձեռք բերված ապացույցներով: Մինչդեռ հայցվորը դատարանին չի ներկայացրել վերոհիշյալ վեճի առարկա տեսանյութում տարածված փաստացի տեղեկություններով իր գործարար համբավը արատավորվելու վերաբերյալ վերը նշված ապացույցի տեսակներից որեւէ մեկը` ի հավաստում վկայակոչված էական` գործարար համբավն արատավորվելու փաստի, իսկ ներկայացված փաստարկները` սուբյեկտիվ մեկնաբանություններ են ու վերջինիս կողմից դիտվում են «ենթադրության» եզրույթի լույսի ներքո»:

Վերը նշված հանգամանքից զատ` դատարանն արձանագրել է, որ վիճարկվող արտահայտությունները հրապարակվել են պատասխանող ընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի` 2009 թ. հոկտեմբերի 22-ի թողարկման ընթացքում, ուստի անհրաժեշտ է դրանք դիտել տվյալ ծրագրի` այդ մասին վերաբերող ամբողջ համատեքստի լույսի ներքո` դրա էությունն ու հայցվոր ընկերության հետ հնարավոր առնչության էական փաստը պարզելու նպատակով:

Այսպես՝ ծրագրի դիտարկման ու մանրամասն ձայնալսման արդյունքից հետեւում է, որ տեսանյութը վերաբերել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին կառավարության տված հավանությանը եւ ՀՀ ներպետական օրենսդրությունը Եվրոմիության երկրների օրենսդրությանը մտավոր սեփականության նորմերի մասով համապատասխանեցնելուն։ Ավելին` այն նպատակաուղղված է եղել ապրանքային նշանների կրկնությունը կամ շփոթության հասնող նմանակումները օրինագծով բացառելուն եւ հայցվոր ընկերության հետ որեւէ կոնկրետ առնչություն չի ունեցել:

Դատարանն անդրադարձել է նաեւ 1992 թ. ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Կաստելսի գործով կայացված վճռին, որտեղ ասված է. «Չպետք է մոռանալ, որ իրավական պետությունում մամուլը նշանակալի դեր է կատարում: Մամուլի ազատությունը քաղաքացիների համար լավագույն միջոցներից մեկն է` իմանալու եւ գնահատելու իրենց ղեկավարների գաղափարներն ու արարքները: Այն մասնավորապես քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս արտահայտելու եւ մեկնաբանելու հասարակությանը մտահոգող հարցերը: Այդ ազատությունը յուրաքանչյուրին թույլ է տալիս մասնակցելու քաղաքական քննարկումներին, որը ժողովրդավարական հասարակության հասկացության առանցքն է կազմում (տե´ս «Կաստելսն ընդդեմ Իսպանիայի», 1992 թ. ապրիլի 23-ի վճիռ, serie A, nօ 236, 43)»:

Ուշագրավ է  դատարանի հայտնած հետեւյալ դիրքորոշումը. «Կոնկրետ քննվող գործի դեպքում, պատասխանող ընկերության կողմից հրապարկված տեղեկությունները հայցվոր ընկերության գործարար համբավն արատավորող որակ չպարունակելու, դրանք ճշգրիտ տվյալների վրա հիմնված լինելու պարագայում պատասխանողին հերքում ներկայացնելուն պարտավորեցնելու դեպքում ակնհայտ է իրավական պետության մեջ մամուլի նշանակալի դերակատարման կրճատման վտանգը, ինչը ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության գոյության պարագայում անթույլատրելի երեւույթ է ու այդ հարցին պետությունը ստեղծված ներպետական ու կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված նորմերին համահունչ մոտենում է շատ կոնկրետ ու հատուկ ուշադրությամբ` ընդգծելով մամուլի գործունեության սահմանափակման միջոցների կիրառման անհրաժեշտությունը` միայն գործով հաստատված անվիճալի փաստերի առկայության դեպքում, սակայն ոչ` ենթադրությունների»:

 

  • ·        Դատավարական ժամկետներ

 

Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն`«գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը»: Նույն իրավանորմի 6-րդ մասի համաձայն` նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, եւ դատարանն այն բավարարել է:

Մինչդեռ գործի նյութերով ապացուցված է, որ ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/1513/02/10 վճռի առնչությամբ վերաքննիչ բողոք է ներկայացվել 2011 թ. օգոստոսի 29-ին: Ուստի կարելի է արձանագրել, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, եւ ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն չի արվել:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/1963/02/10. «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸիԺամանակ» օրաթերթի հիմնադիր)

 

«Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ն 2010 թ. սեպտեմբերի 23-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի։ Հայցապահանջներն էին` պարտավորեցնել վերջինիս հերքելու «Ժամանակ» օրաթերթի` 2010 թ. օգոստոսի 26-ի համարում տպագրված «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները, զրպարտության համար վճարելու փոխհատուցում` 2 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ` 500 հազար ՀՀ դրամ փաստաբանական ծառայությունների համար: Վերոնշյալ հոդվածում եղել են տվյալներ այն մասին, որ Գյումրիում «Գլենդեյլ Հիլզ» ընկերության կառուցած «Մուշ-2» թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո ընկերության ներկայացուցիչները ամեն գնով փորձել են բնակիչներին համոզել, որ նրանք կատարվածի մասին չհայտնեն լրատվամիջոցներին։ Նույնիսկ բնակիչներին առաջարկել են առձեռն 1000 դոլար եւ խոստացել արագ վերանորոգել վնասված բնակարանը, միայն թե այդ թեման չհայտնվի ԶԼՄ-ներում, հակառակ դեպքում սպառնացել են, որ վերանորոգում չեն իրականացնի։

Մինչեւ դատարան դիմելը` «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին առաջարկել է հերքել հրապարակված տեղեկատվությունը  եւ արտադատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքներն ու ազատությունները։ 2010 թ. սեպտեմբերի 1-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակվում է «Գլենդեյլ Հիլզ» ընկերության ուղարկած հերքման բովանդակությամբ գրությունը։ Սակայն օրաթերթի նույն համարի հաջորդ էջում տպագրվում է անդրադարձ հերքման պահանջի փաստին` այն մեկնաբանությամբ, թե «Գլենդեյլ Հիլզ» ընկերության «սանձարձակությունը սահման չունի, վերջերս նրանք համարձակվել են մառազմատիկ ցնդաբանության կամ հոգեկան հիվանդի բարբաջանքին նմանվող տեքստ ուղարկել մեր թերթի խմբագրություն եւ պահանջել, որ հերքման անվան տակ տպենք այն: Մենք, իհարկե, տպում ենք այդ տեքստը։ Բայց ոչ թե այն պատճառով, որ պարտավոր ենք դա անել, այլ որպեսզի մեր ընթերցողներին` գյումրեցիներին ցույց տանք այս ընկերության իրական դեմքը»։

Գործը դատարանի վարույթում էր 2010 թ. սեպտեմբերի 27-ից: Կայացել է 11 նախնական դատական նիստ: 2011 թ. հուլիսի 8-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 8 դատական նիստ: Դատաքննությունն ավարտվել է 2012 թ. հունվարի 16-ին, իսկ 2012 թ. հունվարի 30-ին նշանակվել է վճռի հրապարակման օր: Դատարանը հայցը բավարարել է մասնակի եւ վճռել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին պարտավորեցնել հերքելու «Ժամանակ» օրաթերթի 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 136 համարում հրապարակված «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով հոդվածում հայցվոր «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորող (զրպարտող) տեղեկությունները: Հերքումը տպագրել նույն` «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, «Հերքում» խորագրի ներքո։ Հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափը եւ տեսակը պետք է չզիջեն «Ժամանակ» օրաթերթի` 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 136 համարում հրապարակված «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով հոդվածի տեղակայմանը, ձեւավորմանը եւ տառատեսակի չափին։ Դատարանը վճռել է նաեւ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից, հօգուտ «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ի, բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ` որպես փոխհատուցում զրպարտության համար, 300 հազար  ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության համար կատարած դատական ծախս, 10 հազար ՀՀ դրամ` որպես պետական տուրք (հօգուտ պետական բյուջեի),  ինչպես նաեւ` հայցվոր «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ից, հօգուտ պետական բյուջեի, բռնագանձել 40 հազար ՀՀ դրամ` որպես պետական տուրք:

2012 թ. մարտի 30-ին դատարանը կայացրել է լրացուցիչ վճիռ, ըստ որի` հերքման տեքստի բովանդակությունը պետք է լինի հետեւյալը. « «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերության կողմից հրապարակվող զանգվածային լրատվության միջոցի՝ «Ժամանակ» օրաթերթի 26.08.2010թ. թիվ 136 համարում հրապարակված «1000 դոլար լռության դիմաց» հոդվածում նշված, զրպարտություն համարվող փաստերը եւ տվյալները այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ- 2 թաղամասում «Գլենդեյլ Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցված շենքներից մեկը ինքնափլուզվել է, որ «Գլենդեյլ Հիլզ» ՓԲ ընկերությունն առաջարկել է բնակիչներին 1000 դոլար գումար, ինչպես նաեւ, այն որ «Գլենդեյլ Հիլզ» ՓԲ ընկերությունը սպառնացել է բնակիչներին, որ շինարարական թերությունների մասին ԶԼՄ-ներում հայտնելու դեպքում չեն վերանորոգելու բնակարանը, իրականությանը չեն համապատասխանում»։

2012 թ. փետրվարի 29-ին պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի առնչությամբ: 2012 թ. ապրիլի 16-ին բողոքը վերադարձվել է, քանի որ բողոքին կցված չի եղել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցչի լիազորությունները հավաստող ապացույց, իսկ գործում առկա լիազորագիրը տրված է եղել 2011 թ. փետրվարի 24-ին`մեկ տարի ժամկետով: Մայիսի 2-ին պատասխանող կողմը նոր բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է 2012 թ. հունիսի 14-ին:

2012 թ. հուլիսի 13-ին պատասխանողը բողոք բերեց ՀՀ վճռաբեկ դատարան, որն էլ օգոստոսի 1-ին որոշում ընդունեց բողոքը վերադարձնելու մասին։

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ եւ 1087.1-րդ հոդվածների մեկնաբանություններից հետեւում է, որ օրենսդիրը տարածված տեղեկությունները դիտում է զրպարտություն` հետեւյալ 3 հատկանիշների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) տեղեկություններն արատավորում են պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը,

բ) դրանք ներկայացվել են հրապարակայնորեն,

գ) դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Դատարանը նպատակահարմար է համարել քննարկել զրպարտության վերոգրյալ հատկանիշներն առանձին-առանձին։

Ա) «Տեղեկություններն արատավորող են, թե` ոչ»  հարցին պատասխանելու համար` դատարանը նշել է. «Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները։
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաեւ անհատի բարոյական եւ այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է։

Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը։

Գործարար համբավը հեղինակության մասնավոր դրսեւորում է եւ իրենից ներկայացնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի գործարար շրջանառության, այդ թվում գործարարության ոլորտում դրսեւորած որակների մասին։

Գործարար համբավը կարող է ունենալ ձեռնարկատիրական գործունեության բնագավառում դրսեւորած որակներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք` որպես կանոն, այդպիսի հատկանիշներ ունեն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը։

Օրենսդիրը գործարար համբավն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում` թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձեւավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը եւ դրանք հերքելու անհրաժեշտությունը։

Արատավորող կարող են ճանաչվել նաեւ անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես՝ մասնագիտական եւ աշխատանքային պարտականությունների կատարման» հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին եւ այլ բնույթի տեղեկությունները»։

Հաշվի առնելով վերոնշյալ սահմանումները` դատարանը եզրակացրել է. «Պատասխանողի կողմից հրապարակված հոդվածում տեղ է գտել «….«Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին։ Մեր աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաեւ խոստացել արագ վերանորոգել բնակարանը, միայն թե այդ թեման չհայտնվի ԶԼՄներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը….» փաստական տվյալը, ինչը ստվեր է գցում կոնկրետ բնագավառում գործունեություն իրականացնող ցանկանացած տնտեսվարող սուբյեկտի գործարար համբավի վրա»։

Բ) «Արդյո՞ք տեղեկությունները ներկայացվել են հրապարակայնորեն» հարցին պատասխանելով` դատարանը նշել է. «Հայցվորի գործարար համբավն արատավորող տեղեկությունները պարունակող հոդվածը լույս է տեսել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության կողմից հրապարակվող զանգվածային լրատվության միջոցի` «Ժամանակ» օրաթերթի 26.08.2010թ. թիվ 136 համարում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում` օրաթերթի ընթերցողներին»։

Գ) «Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը» հարցին պատասխանելով` դատարանը նշել է. «Անձը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք Է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում Է աղճատված գնահատական, տարածվում Է հերյուրանք եւ այլն։

Սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն ուսումնասիրելով` դատարանն արձանագրում է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության կողմից դատարանին չեն ներկայացրել որեւէ ապացույց, առ այն, որ իրենց կողմից «Ժամանակ» օրաթերթի 26.08.2010թ. թիվ 136 համարում տպագրված «$1000 լռության դիմաց» հոդվածում նշված որակումները իրականությանն են համապատասխանում, այնինչ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով պատասխանողը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը»։

Այսպիսով` դատարանը, համադրելով նշված երեք խնդիրների պատասխանները, եզրակացրել է, որ խնդրո առարկա հոդվածում առկա հրապարակային արտահայտությունները եւ ներկայացված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն են, որոնք արատավորում են հայցվոր «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ի գործարար համբավը: 

Հաշվի առնելով այն, որ լրատվամիջոցը դատարանին չի ներկայացրել որեւէ ապացույց` շենքերից մեկի ինքնափլուզման վերաբերյալ` կարծում ենք, որ շինարարական աշխատանքների ընթացքում տեղ գտած թերությունների մասին հրապարակումը չի կարող ամբողջությամբ դիտվել որպես բարեխղճորեն ներկայացված։ ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշմամբ նշել է, որ զրպարտությունը բնորոշվում է դիտավորության առկայությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտացիությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ` այդ տվյալները ներկայացրել է` հավասարակշռված ու բարեխղճորեն:

Պատասխանողն իր իրավական դիրքորոշումը ներկայացնելիս հայտնել է, որ լրագրողը, հարցազրույցներ վերցնելով բնակիչներից, ողջամտորեն միջոցներ է ձեռնարկել` ստուգելու փաստի իսկությունը, իսկ հոդվածը տպագրվել է դրանից հետո։

Այս դատական վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների թվում դատարանը կարող էր դիտարկել նաեւ այն միջոցները, որոնք ձեռնարկել է պատասխանողը` պարզելու իրեն հայտնի փաստերի ճշմարտացիությունը եւ հիմնավորվածությունը, քանի որ դիտավորության բացակայության դեպքում` հանրային շահից բխող նույնիսկ ճշմարտությանը չհամապատասխանող հրապարակումները չեն կարող պատժելի լինել (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` 2007 թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577(2007) բանաձեւ)։

Այս կապակցությամբ դատարանը պետք է պարզեր, թե արդյոք դիտավորության բացակայության վերաբերյալ պատասխանողի ներկայացրած փաստերը (տվյալ դեպքում՝ բնակիչների հետ հարցազրույցները) կարող են համարվել բավարար` դատարանի կողմից մատնանշված փաստերի ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը պարզելու համար: Մինչդեռ, դատարանը համարել է, որ ձայնագրություններում առկա բնակիչների կատարած արտահայտությունները ապացուցողական նշանակություն չունեն, եւ դրանք հանել է ապացույցների ցանկից:

 

  • Դատարանի կողմից պատասխանողի գույքային վիճակը հաշվի առնելը 

 

Սույն քաղաքացիական գործում դատարանը հաշվի է առել պատասխանողի գույքային դրությունը: Նա, մասնավորապես,  նշել է, որ օրենսդիրը դատարանին իրավազորել է, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փոխհատուցման չափը որոշելիս, հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը՝ ելնելով մարդասիրության սկզբունքից։ Այս գործով դատական ակտում ասված է, որ օրենսդիրը, հետապնդելով օրինաչափ նպատակ, հնարավորություն է ընձեռել այն քաղաքացիաիրավական սուբյեկտին, ում գործարար համբավն արատավորվել է զրպարտության միջոցով, զրպարտողից պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում` սահմանելով չափանիշներ (զրպարտողի գույքային դրություն), որոնցով պետք է ուղղորդվի դատարանն արդարադատություն իրականացնելիս։

Այս դեպքում դատարանը, հաստատված համարելով, որ պատասխանողն արատավորել է հայցվորի գործարար համբավը զրպարտության միջոցով, գտնել է, որ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է բռնագանձել 200 000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում` հաշվի առնելով զրպարտության եղանակը, տարածման շրջանակը, ինչպես նաեւ` ընկերության գույքային դրությունը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ 997 որոշմամբ արձնագրված է, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը բխում է լրատվամիջոցներին անհարկի ճնշումներից զերծ պահելու եւ այդպիսով լրատվամիջոցներով հանրության համար անհրաժեշտ տեղեկատվության ազատ հոսքը պաշտպանելու եւ ոչ թե մարդասիրության սկզբունքից: Այստեղ, սակայն, պատասխանողի գույքային դրության մասին վկայակոչումը կատարվել է վերացական կերպով, քանի որ դատական ակտում իրավական նորմի վկայակոչումից հետո պատասխանողի գույքային դրության մասին որեւէ փաստական հիմք, ինչպես նաեւ նրա գույքային դրության եւ փոխհատուցման չափի միջեւ պատճառահետեւանքային կապի մասին որեւէ փաստարկ չի ներկայացվել:

Պատասխանողի գույքային դրությունը հաշվի առնելու հանգամանքին հետագայում անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած նախադեպային որոշման մեջ՝ արձանագրելով, որ նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական եւ այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները):

 

  • Հանրային շահը

 

Տվյալ գործով կայացրած վճռում դատարանը չի անդրադարձել «հանրային շահ» հասկացությանը, փոխարենը կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Սույն քաղաքացիական գործով հայցվոր «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունը, լինելով շինարարական աշխատանքներ իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտ, պետք է ունենա անբասիր գործարարության ոլորտում դրսեւորած որակներ, այնինչ, պատասխանողի կողմից հոդվածում տարածած տեղեկությունները այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսեւորումը։ Հանրության կողմից հայցվորին տրվող գնահատականն ունի չափազանց կարեւոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը արատավորում է հայցվորի` գործարար համբավը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար»։

ՀՀ վերաքննիչ դատարանը նմանատիպ որոշում էր կայացրել Սամվել Ալեքսանյանը եւ այլք ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական Ժամանակ» օրաթերթի հիմնադիր) գործով[2], մասնավորապես` նշել էր. «Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լեւոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են, եւ որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ եւ օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից Հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ, այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորների, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսեւորումը: Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականն ունի չափազանց կարեւոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար»։

Նշվածից կարելի է եզրակացնել, որ եթե անձը հասարակությունում ունի որոշակի դիրք, ապա նրա համբավը չարատավորելու նպատակով` նրա մասին պետք է տարածվեն բացառապես դրական բնույթի տեղեկություններ: Այսինքն` նրա անբասիր վարքագծի եւ օրինակելի կեցվածքի մասին պետք է հոգան այլք եւ ոչ` հենց ինքը: Այնինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արտահայտվելու ազատությունը, ըստ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի10-րդ հոդվածի 1-ին կետի, համարվում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի եւ յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. «10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում՝ արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաեւ այնպիսք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։ Այդպիսիք են` բազմակարծության, հանդուրժողականության եւ ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն» (տե´ս inter alia Հենդիսայդի գործով 1976 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը, Շարք Ա, հատոր 24, էջ 23, կետ 49 եւ «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի», թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41)։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ պատասխանող կողմն ինքն է փաստել հայցվորի` իր գործունեության արդյունքում հանրային մեծ ճանաչում ունենալու եւ հանրության ուշադրության կենտրոնում լինելու մասին: Դատարանը հաստատված է համարել նաեւ, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքում տեղ են գտել որոշակի թերություններ: Հայտնի է նաեւ, որ «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը ՀՀ տարբեր բնակավայրերում իրականացնում է մեծածավալ շինարարություն, որի որակի վերաբերյալ տեղեկատվությունն ակնհայտորեն վերաբերում է հասարակության լայն շրջանակների: Նման պայմաններում դատարանի կողմից գերակա հանրային շահին անդրադարձ չկատարելը կարելի է որակել որպես բացթողում:

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություն

 

«Գնահատող դատողություն» հասկացությունը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված չէ, ինչն այս հոդվածի հիմնական թերություններից մեկն է: Հայաստանում «գնահատող դատողություն» հասկացությունը քննության առարկա դարձավ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ապաքրեականացումից հետո ծավալված դատական պրակտիկայի հենց սկզբից: ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշմամբ անդրադարձավ «փաստեր» եւ «գնահատող դատողություն» հասկացություններին` նշելով. «Վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա եւ արված է արդար մտադրություններով։ Ընդ որում, գնահատող դատողություն արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում։ Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաեւ հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ եւ ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկա հոդվածի իմաստով:

Քննության առարկա հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարեւոր է նաեւ «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետեւություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլեւ` պարտականությունն է»:

«Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի («Ժամանակ» օրաթերթի հիմնադիր) գործով եւ´ հայցվորը, եւ´ պատասխանողն անդրադարձան «փաստեր» եւ «գնահատող դատողություն» հասկացություններին: Մասնավորապես` պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը, պաշտպանությունը կառուցելիս, պնդում էր, որ «1000 դոլար լռության դիմաց» հոդվածում ներկայացված տեղեկությունները հենց գնահատող դատողություններ են: Սակայն դատարանը գտավ, որ «Ժամանակի» լրագրողի ներկայացրած տեղեկությունները փաստացի տվյալներ են եւ գնահատող դատողություն չեն պարունակում։ Այս առնչությամբ` դատական ակտում նշված է. «Դատարանը «Ժամանակ» օրաթերթի 26.08.2010թ. թիվ 136 համարում տպագրված «1000 դոլար լռության դիմաց» հոդվածում` որպես զրպարտություն է դիտում. «…Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին։ Մեր աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաեւ խոստացել արագ վերանորոգել բնակարանը, միայն թե այդ թեման չհայտնվի ԶԼՄներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը….» մեջբերված փաստական տվյալները»։

ՀՀ վերաքննիչ դատարանը նույնպես անդրադարձավ «փաստեր» եւ «գնահատող դատողություն» հասկացություններին` պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բերած բողոքի քննության ժամանակ: Վերջինս, հղում կատարելով 2011 թ. նոյեմբերի11-ի թիվ 997 ՍԴ որոշմանը, դիրքորոշում հայտնեց, որ լրագրող Ա. Գալոյանը «ինքնափլուզում» բառն օգտագործել է որպես գնահատող դատողություն` նկատի ունենալով, որ բնակարանում, առանց որեւէ կողմնակի միջամտության, փլվել է առաստաղը, հետեւաբար նման տեղեկատվությունը չի կարող զրպարտության տարրեր պարունակել:  Ասվածին ի պատասխան` դատարանը հայտարարեց. «Նշված դիրքորոշումը հիմնավոր չէ, այն պատճառաբանությամբ, որ քննության առարկա դարձած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածում հստակ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցված շենքերից մեկն ինքնափլուզվել է, որը որեւէ կերպ չի կարող գնահատվել որպես գնահատողական դատողություն»:

 

  • Փոխհատուցման չափը

 

Թեեւ հայցվորը, որպես փոխհատուցում զրպարտության դիմաց, պահանջել էր 2 մլն ՀՀ դրամ, սակայն դատարանը, հաստատված համարեց, որ պատասխանողը զրպարտությամբ արատավորել է հայցվորի գործարար համբավը, եւ վճռեց «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից որպես փոխհատուցում բռնագանձել 200 000 ՀՀ դրամ` հաշվի առնելով զրպարտության եղանակը, տարածման շրջանակը, ինչպես նաեւ` պատասխանողի գույքային դրությունը: Հայցվորը պահանջել էր վճարել նաեւ փաստաբանական ծառայությունների համար` 500 000 ՀՀ դրամի չափով: Դատարանը գտավ, որ հայցը մասնակի բավարարելու պայմաններում, որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, պետք է սահմանել 300 000 ՀՀ դրամ:

 

  • Պետական տուրքի չափը

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններին տրվող գույքային պահանջով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային տուրքի 150 տոկոuից։

Նկատի ունենալով, որ հայցվորը ներկայացրել է զրպարտության համար որպես փոխհատուցում 2 մլն դրամ բռնագանձելու պահանջ եւ նախապես չի վճարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հայցագնի 2 տոկոսը, ինչպես նաեւ չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու եւ դրան վերջնական դատական ակտով անդրադառնալու միջնորդություն` կարելի է եզրակացնել, որ հայցը վարույթ է ընդունվել խախտմամբ:

Դատարանն իր վճռում է անդրադարձել պետական տուրքի խնդրին: Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջեւ բաշխվում են` բավարարված հայցապահանջների չափին համապատասխան։

Մասնավորապես, զրպարտության համար փոխհատուցման պահանջի մասով`նկատի ունենալով, որ հայցվոր կողմը ներկայացրել էր նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի (2 000 000 դրամ) փոխհատուցման պահանջ, իսկ հայցը բավարարվել էր 200 000 դրամ գումարի չափով`դատարանը վճռեց պատասխանողից բռնագանձել 200 000 դրամի երկու տոկոսը (200 000 x 2 տոկոս = 4 000 դրամ)` որպես պետական տուրքի գումար, իսկ հայցվորից`մնացած 1.8 միլիոն դրամի երկու տոկոսը (36000 / 1 800 000 x 2 տոկոս = 36 000 դրամ):

Չվճարված պետական տուրքի հարցը վճռելիս՝ դատարանն անդրադարձավ նաեւ փաստաբանական ծախսերի փոխհատուցման պահանջին՝ վճռելով պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 6 000 ՀՀ դրամ (300 000 x 2 տոկոս = 6000)` որպես պետական տուրքի գումար, իսկ հայցվորից` 4 000 ՀՀ դրամ (200 000 x 2 տոկոս = 4000)։

Դատական ծախսերը քաղաքացիական գործի քննության եւ լուծման, ինչպես նաեւ դատական վճիռների եւ որոշումների կատարման հետ կապված այն ծախսումներն են, որոնց վճարման պարտականությունն օրենքը դրել է կողմերի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց եւ հատուկ վարույթի գործերով դիմողների վրա: Դատական ծախսերը գանձվում են նաեւ որակյալ դատական քննություն ապահովելու նպատակով գործին փաստաբանի /ներկայացուցիչ/ մասնակցությունն ապահովելու նպատակով:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թվականի մարտի 11-ի թիվ ԵՔԴ/1211/02/08 նախադեպային որոշման մեջ հայտնել է, որ «հայցագնի մեջ չեն մտնում դատական ծախսերը, մասնավորապես՝ փաստաբանի վարձատրությունը, գործի քննության վայր հասնելու հետ կապված փոխադրման ծախսերը, փոստային եւ այլ ծախսերը, որոնք հայցվորը կրել է կամ ենթադրվում է, որ կկրի կապված իր գործի քննության հետ։ Հետեւաբար, փաստաբանի խելամիտ վարձատրությունը համարվում է դատական ծախս, որը չի մտնում հայցագնի մեջ, այդ մասով պահանջի համար պետական տուրք չի գանձվում»։

Վերլուծելով իրավական նորմերը եւ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը՝  կարելի եզրակացնել, որ ընդհանուր իրավասության դատարանը, փաստաբանական ծախսերի փոխհատուցման պահանջի համար պետական տուրք բռնագանձելով, թույլ է տվել դատավարական նորմի խախտում։ 

 

 

Դատական գործ` ԵԱԴԴ/1073/02/10. Գեւորգ Ասատրյանն ընդդեմ Աշոտ Խաչատրյանի եւ «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի

 

Քաղաքացի Գեւորգ Ասատրյանը («Ոսկե նուռ» հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն) 2010 թ. սեպտեմբերի 30-ին հայց ներկայացրեց Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Աշոտ Խաչատրյանի եւ «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով։

Հայցվորը վիճարկում էր «Երեւան» հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվող «Օրը ցերեկով» ծրագրում վարողի եւ նրա հյուր Աշոտ Խաչատրյանի զրույցների որոշ հատվածները՝ պահանջելով պարտավորեցնել  Աշոտ  Խաչատրյանին նույն հեռուստաընկերության եթերում, նույն ծրագրում  հրապարայնորեն ներողություն խնդրելու՝ հաղորդաշարի 2010 թ. հուլիսի 29-ի, օգոստոսի 4-ի եւ օգոստոսի 8-ի թողարկումների ընթացքում հնչած արտահայտությունների համար, «Երեւան» հեռուստաընկերությանը` լրիվ կամ մասնակի հրապարակելու դատարանի վճիռը, Աշոտ Խաչատրյանին եւ «Երեւան» հեռուստաընկերությանը` հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող փաստացի տվյալները, Աշոտ Խաչատրյանին՝ հասցված վիրավորանքի եւ զրպարտության համար վճարելու 199.999 ՀՀ դրամ փոխհատուցում:

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվեց վարույթ եւ նոյեմբերի 16-ին նշանակվեց  նախնական դատական նիստ: Դատաքննության ընթացքում,  Գեւորգ Ասատրյանի՝ 2010 թ. նոյեմբերի 10-ի դիմումի հիման վրա, ոչ պատշաճ հայցվոր Գեւորգ Ասատրյանը փոխարինվեց պատշաճ հայցվորով` «Ոսկե նուռ» հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգ Ասատրյանով:

Սույն գործով կայացել է 9 նախնական նիստ: 2012 թ. ապրիլի 27-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 4 դատական նիստ։ Վճռի հրապարակման օր էր նշանակվել  հուլիսի 7-ը, սակայն նշված օրը վճիռը չի հրապարակվել՝ գործի քննությունը վերսկսելու պատճառով, հուլիսի 25-ին եւ հոկտեմբերի 22-ին կայացել է եւս երկու դատական նիստ եւ նոյեմբերի 6-ին վճռի հրապարակման օր էր նշանակվել, սակայն նշված օրը եւս վճիռը չի հրապարակվել՝ գործի քննությունը երկրորդ անգամ վերսկսելու պատճառով։ Նոյեմբերի 21-ի վճռով հայցը մերժվել է:

Հայցվորը, ներկայացնելով պահանջը, հայտնել է, որ 2008 թ. մայիսի 15-ին ինքը, որպես անհատ ձեռնարկատեր, գրանցվել է պետական ռեգիստրի Էրեբունու տարածքային բաժնում, եւ իրեն տրվել է անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 01 Ա124056 վկայականը: 2008 թ. Սեպտեմբերի 17-ին ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը որոշում է կայացրել գրանցելու իր ներկայացրած «Թոփ մոդել փրոդաքշն» ապրանքային նշանը, ապրանքային նշանի պատկերը եւ տրամադրել է գործակալության ապրանքային նշանի գրանցման N 13306 վկայագիրը: 2008 թ. դեկտեմբերից սկսած՝ հայցվոր կազմակերպությունը ապրանքանիշի նկատմամբ իր ունեցած սեփականության իրավունքի շրջանակներում մրցույթներ է կազմակերպում հանրապետության մի շարք մարզերի քաղաքներում: Գրեթե մեկ ու կես տարի է, ինչ «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Ա. Խաչատրյանը զբաղված է հերյուրանքներով, զրպարտություններով, նամակ-սպառնալիքներով` արատավորելով հայցվորի ձեռնարկատիրոջ համբավը:

Աշոտ Խաչատրյանը, ներկայացնելով հայցադիմումի պատասխանը, դատարանին հայտնել է, որ ինքը գեղեցկության եւ նրբագեղության միջոցառումների կազմակերպմամբ ու անցկացմամբ սկսել է զբաղվել 1990-ականների սկզբից: 2001 թվականին հիմնադրել է  «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամը, որը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարի 2001 թվականի փետրվարի 12-ի թիվ 167 հրամանով: Հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակն է եղել իրավական հիմքի վրա դնել, շարունակել եւ զարգացնել գեղեցկության եւ նրբագեղության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Հայտնել է նաեւ, որ Համաշխարհային գեղեցկության կազմակերպության կողմից տրված թույլտվության համաձայն՝ 2005 թվականից ինքը «Թոփ Մոդել Աշխարհ» («Top Model of the world») բացառիկ ապրանքային նշանի եւ անվան միակ հավատարմագրված օգտագործողն է:

Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչն առարկեց ներկայացված հայցի դեմ եւ խնդրեց այն ամբողջությամբ մերժել՝ անհիմն լինելու պատճառով:

«Երեւան» հեռուստաընկերությունը հայցադիմումի վերաբերյալ պատասխան էր ներկայացրել՝ հայտնելով, որ հայցի դեմ առարկում է եւ գտնում, որ այն ամբողջությամբ անհիմն է եւ ենթակա մերժման՝ այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումը ներկայացրել է անհատ ձեռնարկատեր Գեւորգ Ասատրյանը, ով հետագայում՝ 2010 թ. հոկտեմբերի 10-ի դիմումով խնդրել է որպես հայցվոր կողմ ճանաչել «Ոսկե նուռ հոլդինգ» ընկերությանը: «Երեւան» հեռուստաընկերության ուղիղ եթերով երբեւէ «Ոսկե նուռ հոլդինգ» ընկերության վերաբերյալ հաղորդում չի հեռարձակվել, վերջինիս պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին առնչվող որեւէ ակնարկ չի եղել:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Դատարանը, անդրադառնալով տեղեկության արատավորող բնույթին, հետազոտել է այն բոլոր ապացույցները, որոնք ներկայացրել էր հայցվորը՝ որպես իր հայցապահանջի հիմնավորում:

Հաշվի առնելով, որ հայցվորն իր հասցեին արված արտահայտությունները համարում է  վիրավորանք եւ զրպարտություն` դատարանը տեղեկությունների վերաբերյալ իր դիրքորոշումը նախեւառաջ արտահայտել է «վիրավորանքի», իսկ հետո «զպարտության» տիրույթում: Որպես իրավական հիմք՝ հղում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի թիվ ԼԴ 0749/02/10 նախադեպային որոշմանը եւ նշել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի դրույթների վերլուծությունից հետեւում է, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսեւորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ)»:

Անդրադառնալով «Երեւան» հեռուստաընկերության «Օրը ցերեկով» հաղորդաշարի՝ 2010 թ. հուլիսի 29-ի, օգոստոսի 4-ի եւ օգոստոսի 8-ի թողարկումների ընթացքում Ա. Խաչատրյանի հնչեցրած եւ «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Ա. Խաչատրյանի ստորագրությամբ գրության մեջ առկա արտահայտություններին, դատարանն արձանագրել է. «Դրանք որպես վիրավորանք գնահատելու համար անհրաժեշտ է, որ՝

1. դրանք արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,

3. արտահայտությունը կատարված լինի հրապարակային ձեւով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն երկու անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը»:

Հիմք ընդունելով հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, մեր կարծիքով, դատարանը շատ կարեւոր հետեւություն է արձանագրել, մասնավորապես` «29.07.2010, 4.08.2010 եւ 09.08.2010 թթ. «Երեւան» եռուստաընկերության «Օրը ցերեկով»  հաղորդաշարի ընթացքում Ա. Խաչատրյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի իմաստով հրապարակայնորեն հնչեցված արտահայտություններում չկա որեւէ անձի` առավել եւս հայցվորի անձի հիշատակում, Ա. Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները չունեն կոնկրետ հասցեատեր, ուղղված չեն որեւէ անձի, դրանք ընդհանրական դատողություններ են, ինչի պատճառով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի տրամաբանությամբ չեն կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը»:

 

 

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություն

 

Ինչպես արդեն նշել ենք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված չէ «գնահատող դատողություն» հասկացությունը: Այդ հասկացությունը սահմանված չէ նաեւ այլ օրենքներով, մինչդեռ դատարանները նշված իրավական կատեգորիային առնչվել են վիրավորանքի եւ զպարտության գործերը քննելիս` սկսած 2010 թ. հունիսից` հայտնի օրենսդրական փոփոխություններից հետո: Բացառություն չէր նաեւ վերլուծվող գործը: Սույն գործի շրջանակներում կայացված ակտով դատարանը չի վկայակոչել  Եվրոպական դատարանի այն նախադեպերը, որոնք անդրադարձել են «փաստեր» եւ «գնահատող դատողություն» հասկացություններին:

Սակայն անդրադառնալով վկայակոչված հասկացությանը, կարծիք է արտահայտել, որ «որպես գնահատող դատողության հիմքում ընկած «ստույգ փաստ» գնահատում է այն, որ պատասխանողը արտահայտվել է ամուսիններ Գեւորգ Ասատրյանի եւ Լուսինե Բաղդասարյանի գործունեության մասին, եւ վկայակոչել է հանգամանքներ, որոնց հիման վրա այդ գործունեությունն անվանվել է խաբեություն, խորամանկություն, իսկ հայցվորը, կրելով ապացուցման բեռը, դատարան չի ներկայացրել ապացույց առ այն, որ ինքը երբեւէ հանդիսացել է Թոփ Մոդել Հայաստան /Փրադաքշն/ անվանումով իրավաբանական անձ կամ նրա ներկայացուցիչ, կամ որ հայցվորը չի իրականացրել պատասխանողի կողմից վկայակոչված գործունեությունը, կամ որ իրականացրել է այնպիսի գործունեություն, որի համար անհրաժեշտ պայման չի հանդիսանում բացառիկ իրավունքների տիրապետումը, ինչպես նշել է պատասխանողը»:

Դատարանն արձանագրել է նաեւ, որ պատասխանողի գնահատող դատողությունները թեեւ կատարվել են անթվագիր գրության մեջ, սակայն քանի որ դատարան են ներկայացվել հայցվորի կողմից հայցադիմումին կից` սեպտեմբերի 30-ին, հետեւաբար կարող էին գրված լինել մինչեւ 2010 թ. հոկտեմբերի 1-ը: Դրանք վերաբերում են ամուսիններ Գեւորգ Ասատրյանի եւ Լուսինե Բաղդասարյանի գործունեությանը եւ չեն կարող վերաբերել հայցվորին` «Ոսկե նուռ» հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգ Ասատրյանին, քանի որ «Ոսկե նուռ» հոլդինգ ընկերությունը գրանցվել է 2010 թ. հոկտեմբերի 22-ին:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Թեեւ սույն գործի կողմերը չեն անդրադարձել հայցային վաղեմության ժամկետին, սակայն դատարանն արձանագրել է, որ ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության մասին հայցվորին հայտնի է դարձել 2010 թ. հուլիսի 29-ին, օգոստոսի 4-ին, օգոստոսի 8-ին, իսկ նա հայցով դատարան է դիմել սեպտեմբերի 30-ին:

Մինչդեռ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13 մասի` սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

 

 

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2293/02/10. Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸի  («Ժամանակ» օրաթերթի հիմնադիր)

 

ՀՀ ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանը 2010 թ. հոկտեմբերի 29-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի` պահանջելով պարտավորեցնել ընկերությանը իր հիմնադրած «Ժամանակ» օրաթերթի միջոցով հերքելու Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ` որպես փոխհատուցում հայցվորին վճարելու նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով (2 000 000 ՀՀ դրամ) եւ փաստաբանի վարձատրության գումարը` 500 000 ՀՀ  դրամ:

Թաթուլ Մանասերյանը մասնավորեցրել է, որ «Ժամանակ» օրաթերթի 2010 թ. սեպտեմբերի 29-ի համարում հրապարակված «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» վերնագրով հոդվածում իր պատիվն ու արժանապատվությունն արատավորել են այն տեղեկությունները, թե «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քր. գործ է հարուցվել» եւ «նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ», իսկ նույն օրաթերթի սեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի վերնագիրը` «Պրն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չեք տվե՞լ», եւ «Թաթուլ Մանասերյանը տվել է 40.000 դոլար՝ 12% տոկոսադրույքով» արտահայտությունը։

Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի` 2010 թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ:

Գործով կայացել է 6 նախնական դատական նիստ։

Դատարանի` 2011 թ. հունիսի 17-ի որոշմամբ նշանակվել է  դատաքննություն, որը շարունակվել է մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 5-ը եւ նույն օրն ավարտվել:

2011 թ. սեպտեմբերի 20-ին դատարանը վճռել է` հայցը բավարարել  մասնակի: Ըստ այդմ` «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին պարտավորեցնել հերքելու «Ժամանակ» օրաթերթի` 2010 թ. սեպտեմբերի 29-ի համարի (թիվ 159 (1860)) առաջին էջի վերեւի աջ կողմում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» վերնագրով հոդվածում հայցվոր Թաթուլ Մանասերյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները։ Դրանք են` «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, եւ այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարեւորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ»։ Հերքումը տպագրել նույն` «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, «Հերքում» խորագրի ներքո` հետեւյալ բովանդակությամբ. ««Ժամանակ» օրաթերթի թիվ 159 (1860) 29 սեպտեմբերի 2010 թվականի համարի առաջին էջում, վերեւի աջ կողմում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» խորագրով հոդվածը, որում հայտնվում էր, որ «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, եւ այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարեւորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ»։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Վճռի համաձայն` հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեuակի չափն ու տեuակը պետք է չզիջեն «Ժամանակ» օրաթերթի 2010 թ. սեպտեմբերի 29-ի համարում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» վերնագրով տեղեկատվության նույն չափանիշներին։ Հօգուտ Թաթուլ Մանասերյանի` «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից բռնագանձել 510 000 ՀՀ դրամ, որից` 300 000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 200 000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրություն, 10 000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Հայցը մնացած մասով մերժվել է։

Պատասխանողի ներկայացուցիչն այս վճիռը բողոքարկել է վերադաս ատյան։ 2011 թ. նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել` բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, իսկ 2011 թ. դեկտեմբերի15-ի որոշմամբ բողոքը մերժել է։ Ըստ այդմ` 2011 թ. սեպտեմբերի 20-ի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ Որոշվել է պատասխանող «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից, հօգուտ ՀՀ-ի պետբյուջեի, բռնագանձել 19 000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետտուրքի գումար:

ՀՀ  վերաքննիչ դատարանի որոշումը պատասխանողը բողոքարկել է վճռաբեկության կարգով:

2012 թ. ապրիլի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվեց։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2011 թ. դեկտեմբերի 15-ի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ։ Որոշվեց «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից, հօգուտ ՀՀ-ի պետբյուջեի բռնագանձել 30 000 ՀՀ դրամ` որպես Վճռաբեկ դատարանի` 2012 թ. մարտի 7-ի որոշմամբ հետաձգված, վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետտուրքի գումար։

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Փաստերը եւ ապացույցները գնահատելիս` դատարանը հետազոտել է հետեւյալը.

ա) արդյո՞ք տեղեկություններն արատավորող են,

բ) արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը,

գ) արդյո՞ք դրանք տարածվել են:

Այս առնչությամբ դատարանը, մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 1087.1 հոդվածի 1-կետը, նշել է. «Հիշյալ հոդվածից բխում է, որ տարածված տեղեկությունները զրպարտություն կարող են համարվել, եթե ա) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, բ) այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գ) դրանք ներկայացվել են հրապարակային»։

Ըստ դատարանի մեկնաբանությունների` «Оրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում, թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը ելնելով ձեւավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից որոշի տեղեկությունների բնույթը եւ դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող»։

Ըստ դատարանի`«Արատավորող կարող են ճանաչվել նաեւ անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես՝ մասնագիտական եւ աշխատանքային պարտականությունների կատարման, հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին եւ այլ բնույթի տեղեկությունները։ Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ է գտել «վաշխառություն» հասկացությունը, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսակ է (ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդված), հանրության համար վտանգավոր արարք, որի հետ ցանկացած անձի, առավել եւս տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող պրոֆեսորի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի եւ արատավորող է»։

Դատարանը, անդրադառնալով տեղեկությունների տարածված լինելու հարցին, նշել է. «Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին այլ անձանց հաղորդակից դարձնելն է։ Տարածում չի համարվում այդ տեղեկությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը։ Երբ տեղեկություններն անմիջականորեն հաղորդվում են այն անձին, որին վերաբերում են, այդ անձը շրջապատի, հանրության առջեւ չի նսեմանում, հետեւաբար չի կարող պաշտպանություն հայցել։ Հայցվորին արատավորող տեղեկություններ պարունակող հոդվածները լույս են տեսել «Ժամանակ» օրաթերթում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում օրաթերթի ընթերցողներին»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, դատարանն իր դիրքորոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Անձը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական, տարածվում է հերյուրանք եւ այլն»։

Դատարանը հաստատված է համարել խնդրո առարկա 1-ին հրապարակմամբ` պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու եւ իրականությանը չհամապատասխանելու փաստը, հաշվի առնելով ապացուցման պարտականությունը պատասխանողի կողմից չկատարելու հանգամանքը, ինչպես նաեւ` Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի`  2011 թ. մարտի 1-ի թիվ 7/4-1459 գրությունն այն մասին, որ Թաթուլ Մանասերյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր նախապատրաստված չեն եւ քրեական գործ չի հարուցվել:

Դատարանի եզրահանգման համաձայն` սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները։ Ըստ այդմ` «Ժամանակ» օրաթերթի թիվ 159 (1860)-ի առաջին էջում հրապարկված «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» վերնագրով հոդվածում տեղ գտած տվյալները չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանողի կողմից դրանք հրապարակային ներկայացնելը զրպարտություն է։ Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կարգով պետք է հերքվեն, ընդ որում` լրատվության նույն տեսակով, այն է` «Ժամանակ» օրաթերթի միջոցով։

Հայցվորի այն պնդումները, թե խնդրո առարկա 2-րդ հրապարկմամբ տարածված տեղեկությունները եւս զրպարտություն են, դատարանն իր եզրահանգումներում հիմնավոր չի համարել: Ըստ այդմ` տվյալ դեպքում պատասխանողն այդ հոդվածի վերնագրով ընթերցողին հարց է ուղղել. «Պրն Մանասերյան, 40 000 դոլար տոկոսով չե՞ք տվել»։ Այնուհետեւ հոդվածի տեքստում շարադրել է որոշակի տեղեկություններ, որոնք արատավորող գնահատվել չեն կարող, քանի որ փոխառությամբ տրված գումարից տոկոսներ ստանալու իրավունքը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 2-րդ կետով։ Այսինքն` 2-րդ հրապարակմամբ պատասխանողը նշել է հայցվորի` քաղաքացիաիրավական հարաբերության մասնակից լինելու մասին։

Դատարանը, հաստատված համարելով 2-րդ հոդվածում բերված տեղեկությունների` արատավորող չլինելու փաստը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի հիմքով, հայցը` 2-րդ հոդվածի մասով հերքում եւ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ, մերժել է:

 

  • Փոխհատուցման չափը

 

Դատարանը, սույն գործով փոխհատուցման չափ սահմանելիս, հաշվի է առել լրատվամիջոցի գույքային դրությունը, եւ ոչ թե` հայցվորի ով լինելու հանգամանքը, ինչը չի կարող դրական չգնահատվել:

Նշենք, որ նախկինում կայացրած վճիռներով եղել են դեպքեր, երբ  հաշվի էր առնվում հայցվորի ով լինելը: Որպես վառ օրինակ` կարելի է վկայակոչել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2479/02/10 գործով (Բելա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի) 2011 թ. հունիսի 6-ի վճիռը, երբ դատարանը կատարել էր հետեւյալ եզրահանգումը. «Փոխհատուցման պահանջը բավարարելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ գործի առանձնահատկությունները` կապված վնասը կրած սուբյեկտների` հայցվորների կարգավիճակի հետ, որպիսի պայմաններում, ի տարբերություն մյուսների, վերջիներս հանրության մեջ վայելում են ավելի մեծ ուշադրություն ու հարգանք…»:

Ինչպես արդեն նշվել է` վերլուծվող գործով դատարանն այլ մոտեցում է ցուցաբերել եւ պահանջվող գումարի չափից ավելի նվազ չափ սահմանելը մեկնաբանել է հետեւյալ կերպ.

«Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 11-րդ կետի` նույն հոդվածի 8-րդ կետով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ` զրպարտության եղանակը եւ տարածման շրջանակը, զրպարտողի գույքային դրությունը։

Տվյալ դեպքում պատասխանողը, լինելով լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, անսահմանափակ թվով անձանց համար տարածում է հասանելի տեղեկատվություն` օրաթերթ հրատարակելու եղանակով, որպիսի գործընթացի համար անհրաժեշտ դրամական միջոցների բռնագանձումը հայցվորի կողմից պահանջված չափով սույն քաղաքացիական գործի շրջանակներում կարող է խոչընդոտել պատասխանողի բնականոն աշխատանքը եւ վտանգել օրաթերթի հրատարակումը` արհեստականորեն սահմանափակելով լրատվության տարածումը, քանի որ ըստ պատասխանողի կողմից ներկայացված շահութահարկի պարզեցված հաշվարկի` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸի 2010 թվականի շահութահարկի գումարը կազմել է 379000 ՀՀ դրամ։

Վերոգրյալ պատճառաբանություններով, նկատի ունենալով նաեւ հայցվորի` որպես տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձի հասարակական դիրքը, եւ այն հանգամանքը, որ զրպարտող տեղեկությունները տարածվել են որոշակի տպաքանակով հրատարակվող օրաթերթում` հասու դառնալով հասարակության լայն զանգվածներին, ինչպես նաեւ հաշվի առնելով պատասխանողի գույքային դրությունը` դատարանը փոխհատուցման չափը սահմանում է սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով»։

ՀՀ սահմանադրական դատարանը փոխհատուցման չափի խնդրին անդրադարձել է ավելի վաղ` ՍԴՈ-997 որոշմամբ եւ նշել. «Քանի որ  հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից` հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս»:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Վիրավորանքի եւ զպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետը կիրառելու հարցում դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում:

Սույն գործով հայցային վաղեմության խնդիր չի բարձրացվել, քանի որ հայցվորը պահպանել է օրենքով սահմանված  մեկամսյա ժամկետը. «Ժամանակ» օրաթերթի թիվ 159 (1860)-ի հրապարակումը եղել է 2010 թ. սեպտեմբերի 29-ին, իսկ հայցը դատարան է ներկայացվել հոկտեմբերի 29-ին:

Սակայն դատարանը սույն գործով եկել է մի եզրահանգման, որը մեր կարծիքով իր մեջ վտանգ է պարունակում: Մասնավորապես` « «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։

Վերոգրյալից հետեւում է, որ լրատվական գործունեություն իրականացնողից հերքում պահանջելը ոչ թե անձի պարտականությունն է, այլ իրավունքը»:

Շարունակելով` դատարանը նշել է. «Հայցվորն առանց արտադատական ընթացակարգի անմիջականորեն դատական պաշտպանության իրավունք ուներ, եւ կարող էր դիմել դատարան առանց պատասխանողին հերքման պահանջ ներկայացնելու, որպիսի իրավունքը ամրագրված է նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածում, համաձայն որի շահագրգիռ անձն իրավունքի ունի օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների»։

Դատարանի այս եզրահանգումը վտանգավոր է այնքանով, որ դրանով արժեզրկվում է հերքման ինստիտուտի գաղափարը եւ դրա օրենսդրական ամրագրումը:

Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ անձն իր խախտված իրավունքը վերականգնելու նպատակով հերքման պահանջով դիմել է լրատամիջոցին։ Հերքումը հրապարակվել է, ինչի արդյունքում վեճը սպառվել է արտադատական փուլում:  Հերքման իրավունքի եւ դրա կարգի օրենսդրական սահմանումը վեճերն արտադատական կարգով լուծելու նպատակ է ունեցել: Այդ կարգով լուծում չստանալու դեպքում անձը կարող է  դիմել դատական պաշտպանության:

Մեր կարծիքով` հերքման իրավունքն անձին բոլորովին չի զրկում դատական պաշտպանության իրավունքից: Եթե բավարարվի անձի հերքման իրավունքը, ապա չի առաջանա դատական պաշտպանության իրավունքը, եթե իհարկե անձի նպատակն իր իրավունքների պաշտպանությունն է, եւ ոչ թե` հարստանալը կամ լրատվամիջոցին սնանկացնելը եւ, ի վերջո, նրա գործունեությունը դադարեցնելը: Հիշեցնենք նաեւ, որ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 10-րդ կետի` «Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ  կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ (կամ) իր պատասխանի հրապարակում, եւ լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը»:

 

  • Լրագրողական բացթողումներ

 

Սույն գործի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պնդելու, որ առկա են լրագրողական բացթողումներ: Հաշվի առնելով, որ վիճարկվող հոդվածում շարադրվել են փաստեր, եւ ոչ թե` գնահատող դատողություն, անհրաժեշտ էր պարզել, թե արդյո՞ք լրագրողը գործել է բարեխղճորեն եւ կատարել փաստական հիմնավորումների ստուգման իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։  Դատաքննության ընթացքում պատասխանողը չներկայացրեց որեւէ ապացույց, ինչը կհիմնավորեր 1-ին հոդվածում տեղ գտած տեղեկությունների համապատասխանությունն իրականությանը: Միչդեռ դատարանը հետազոտել է հայցվորի` նախապատրաստական փուլում ներկայացրած` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի 2011 թ. մարտի 1-ի 7/4-1459 գրությունն առ այն, որ Թաթուլ Մանասերյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր չեն նախապատրաստվել եւ քրեական գործ չի հարուցվել։ Նշված հանգամանքը դատարանին հնարավորություն տվեց հաստատված համարելու վիճարկվող 1-ին հոդվածում պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու եւ իրականությանը չհամապատասխանելու փաստը։

Մեր կարծիքով` գուցե եւ չէր առաջանա Թաթուլ Մանասերյանի հայցը, եթե լրագրողը գործեր բարեխղճորեն եւ կատարեր փաստական հիմնավորումների ստուգման իր պարտականությունը, ձեռք բերեր անհրաժեշտ ապացույցներ:

 

  • Դատական պրակտիկան հստակեցնող իրավական դիրքորոշումներ

 

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած որոշումը նախադեպային էր եւ երկար սպասված: Մինչ այդ ՎԴ-ն, վիրավորանքի եւ զպարտության գործերով բազմաթիվ բողոքները վերադարձնելով, կարծես թե, խուսափում էր աղմուկ բարձրացրած եւ հասարակության ուշադրությունը գրավող գործերով որեւէ դիրքորոշում հայտնելուց: Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ արձանագրել է, որ «դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն»:

ՎԴ-ն իր եզրահանգումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումներին, մասնավորապես` հստակեցվել են վնաս պատճառողի եւ տուժողի շրջանակները, վիրավորանքի եւ զրպարտության բնույթը, պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, վնասի փոխհատուցման ողջամտության չափերը, պաշտոնատար անձանց քննադատության սահմանները եւ հայցային վաղեմության ժամկետները, մեկնաբանվել են «հրապարակային արտահայտություն» եւ «հանրային գերակա շահ» հասկացությունները:

Թեեւ ՎԴ-ի նշված որոշումը շատ կարեւոր է, սակայն այն չի լուծում այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին օրենքի միատեսակ կիրառության առնչությամբ:

Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետներին, վերլուծելով «Զանգվածային լրատվության մաuին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի դրույթները, նշել է.

«Օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմել բոլոր

դեպքերում ոչ ուշ, քան մինչեւ վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը`դրանում ներառելով նաեւ զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը»։

Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը։ Հետեւաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը զրպարտության կամ վիրավորանքի մասին տեղեկանում է վեց ամիսը լրանալուց հետո, ՎԴ-ի դիրքորոշման համաձայն` բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը։ Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն»։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը թեեւ պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, այդուհանդերձ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն այն, թե արդյոք անձը մինչեւ դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, եւ այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որեւէ ընթացք տվել է, թե ոչ»։

ՎԴ-ն սույն եզրահանգմամբ, ըստ էության, հաստատեց առաջին ատյանի դիրքորոշումը` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար հերքման պահանջի պարտադիր չլինելու առնչությամբ: Նման տեսակետի` վտանգ պարունակելու հանգամանքը ներկայացվել է սույն վերլուծության «Հայցային վաղեմության ժամկետներ» բաժնում:

Վիրավորանքի եւ զպարտության գործերը քննելիս` դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում նաեւ վճարվելիք պետական տուրքի չափերի հարցում: Դա բացատրվում է նրանով, որ մի դեպքում խախտված իրավունքի փոխհատուցումը դիտվում է որպես գույքային, իսկ որոշ դեպքերում` որպես ոչ գույքային պահանջ:

Մեր կարծիքով` ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով իրականացնելով իր լիազորությունները եւ կայացնելով նախադեպային որոշում, պետք է հայտներ իր դիրքորոշումը` նաեւ  տվյալ տեսակի դատական գործերով վճարվելիք պետական տուրքի չափի վերաբերյալ:  Հանրահայտ է, որ  անձի պատիվը եւ արժանապատվությունը, որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ, դասվում են անձնական ոչ նյութական բարիքների շարքին, ինչն էլ ենթադրում է, որ դրանց դատական պաշտպանությունը չի կարող համարվել գույքային պահանջ: Որոշ դատական գործերով կայացված ակտերը վկայում են, որ խախտված իրավունքի դիմաց պահանջվող փոխհատուցումը նույնպես  չի համարվում գույքային պահանջ, եւ դրա դիմաց վճարվում է հաստատագրված 4000 դրամի չափով պետական տուրք եւ ոչ թե` պահանջվող գումարի 2 տոկոսը: Վճռաբեկ դատարանը, հայտնելով իր դիրքորոշումը պետական տուրքի չափի մասին, կկանխեր ստորադաս դատարանների կողմից պետական տուրքի չափերի վերաբերյալ տարբեր մոտեցումները: Միաժամանակ, ՎԴ մեկնաբանությունները լրատվամիջոցներին կպաշտպանեին մեծ գումարներ  կազմող անհարկի հայցապահանջներից:

Մտահոգիչ են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերում ներառված «տեղեկատվության աղբյուր» հասկացության վերաբերյալ 

ՎԴ-ի մեկնաբանությունները եւ արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)։

Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվությամբ, ապա` լրատվական գործունեություն իրականացնողը:

Վճռաբեկ դատարանը սահմանել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական եւ իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը։ Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները եւ լրատվական գործակալությունները։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են»։

Շարունակելով մեկնաբանությունները` ՎԴ-ն նշել է. «Երբ տարածողը թեեւ վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն, ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից»։

Ըստ ՎԴ-ի որոշման` գործով առկա հիմնավորումներով Անտոն Առակելովը ով ըստ պատասխանողի պնդման` տեղեկատվության աղբյուրն է), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, չի կարող համարվել տեղեկատվության աղբյուր, քանի որ տեղեկատվության տարածման որեւէ միջոցի[3]  հեղինակ կամ լրատվական գործունեություն իրականացնող չէ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, «որ այնպիսի անձի հրապարակած զրպարտող կամ վիրավորող տեղեկությանը հղում կատարելը, ով չի հանդիսանում տեղեկատվության աղբյուր, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել տեղեկատվության աղբյուրի բացահայտում։

ՎԴ-ի նման  մոտեցումը հակասում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունքի մասին» թիվ (2000)7 հանձնարարականին, որի համաձայն` տեղեկատվության աղբյուր է հանդիսանում «լրագրողին տեղեկություն տրամադրող ցանկացած անձ»:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2374/02/10, Հայկ Բաբուխանյանը եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸի (www.report.am լրատվական կայքի հիմնադիր) եւ լրագրող Էդիկ Անդրեասյանի

 

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն 2010 թ. նոյեմբերի 11-ին հայց ներկայացրեցին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի եւ լրագրող Էդիկ Անդրեասյանի։ Հայցվորները վիրավորական եւ զրպարտող են համարում www.report.am էլեկտրոնային լրատվամիջոցով 2010 թ. օգոստոսի 31-ին հրապարակված` «Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» վերնագրով հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններ:

Հայցապահանջներն են` պարտավորեցնել վերջիններիս նույն լրատվամիջոցով հերքելու հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրելու հայցվորներից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձեւի, ինչպես նաեւ` լրատվության նույն միջոցով, որով տպագրվել է վիճարկվող հոդվածը, ամբողջությամբ հրապարակելու դատարանի վճիռը։

Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի` 2010 թ. նոյեմբերի 22-ի որոշմամբ։
2011թ. հունվարի 27-ին` նախնական դատական նիստի ընթացքում, հայցվոր կողմը դիմում է ներկայացրել հայցապահանջի ավելացման մասին, որով հայցել է պատասխանողներ «Խմբագիր» ՍՊԸ-ին եւ Էդիկ Անդրեասյանին առանձին- առանձին պարտավորեցնել վիրավորանքի եւ զրպարտության դիմաց փոխհատուցում վճարելու հայցվորներից յուրաքանչյուրին։ Այսպես`պատասխանողներից յուրաքանչյուրը հայցվորներից յուրաքանչյուրին վիրավորանքի համար փոխհատուցում պետք է վճարի սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով (1 000 000-ական ՀՀ դրամ)։ Իսկ որպես փոխհատուցում զրպարտության դիմաց` սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով (2 000 000-ական ՀՀ դրամ)։

Քաղաքացիական այս գործով կայացել է 7 նախնական դատական նիստ: 2012 թ. փետրվարի 10-ին տեղի ունեցավ գործի դատաքննությունը: Փետրվարի 27-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի` հայցը մերժվեց:

2012 թ. մարտի 27-ին Հայկ Բաբուխանյանը եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը նույնպես մերժվեց` ՀՀ վերաքննիչ դատարանի 2012 թ. մայիսի 25-ի որոշմամբ:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Դատարանն այս գործով, ըստ էության, չի անդրադարձել խնդրո առարկա հոդվածում տեղ գտած տեղեկությունների արատավորող բնույթին։ Վճիռը կայացնելիս` հաշվի է առնվել միայն վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով հայցային վաղեմության ժամկետը:

Հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետին` դատարանն արձանագրել է, որ վիրավորանքի եւ զրպարտության համար
հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով` Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցը ներկայացվել է 2010 թ. նոյեմբերի11-ին, մինչդեռ  «Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածը www.report.am էլեկտրոնային լրատվամիջոցով հրապարակվել է 2010 թ. օգոստոսի 31-ին։

Հայցվոր կողմն իր պահանջի հիմքում չի նշել այն հանգամանքը, թե www.report.am լրատվական կայքում 2010 թ. օգոստոսի 31-ին հրապարակված` «Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածի մասին իրեն հայտնի է դարձել ավելի ուշ, ինչի պատճառով էլ հայցվոր կողմը, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության համար, դատարան է դիմել 2010 թ. նոյեմբերի11-ին` բաց թողնելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը։

Ընդհանուր իրավասության դատարանը նշել է. «Հայցվորների կողմից բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 13-րդ մասով նախատեսված մեկ ամսվա ժամկետը՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջով իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար։ Հետեւաբար, Հայկ Բորիսի Բաբուխանյանի, «Իրավունք Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ «Խմբագիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջը եւս ենթակա է մերժման»։

Հայցային վաղեմության խնդրին է անդրադարձել նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանը: Վերջինս բողոք բերած անձի փաստարկների հիմնավորվածությունը եւ դատարանի պատճառաբանության ու եզրահանգման իրավաչափությունն անհրաժեշտ է համարել գնահատելու` հղում կատարելով Վճռաբեկ դատարանի` 2012 թ. ապրիլի 27-ի ակտով արտահայտած դիրքորոշմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմնվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետին, եզրակացրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու ոչ ուշ, քան մինչեւ վիրավորանքի կամ զրպարտության պահից 6 ամիս լրանալը` դրանում ներառելով նաեւ զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Դատարանը անհրաժեշտ է համարել նշել նաեւ, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետեւաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնում հայցային վաղեմության ժամկետը:

 

  • Պետական տուրքի չափը

 

Անդրադառնալով դատական ծախսերի հարցին` ընդհանուր իրավասության դատարանը վճռեց հայցվորներ Հայկ Բաբուխանյանից եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից, հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 236 հազար դրամ` որպես չվճարված պետական տուրքի փոխհատուցում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորները ներկայացրել էին ընդհանուր առմամբ 12 միլիոն դրամի գույքային պահանջ եւ երկու ոչ գույքային պահանջ, սակայն նախապես վճարել էին 4000 դրամ որպես պետական տուրք՝ կարելի է եզրակացնել, որ դատարանը սխալ է հաշվարկել վճարվելիք պետական տուրքի գումարը։ Քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գույքային պահանջով ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար բռնագանձվում է հայցագնի 2 տոկոսը, իսկ ոչ գույքային պահանջի համար՝ պետական տուրքի նվազագույն դրույքաչափի քառապատիկը, այսինքն՝ 4000 դրամ, ապա հայցվորները պետք է վճարեին ընդհանուր առմամբ 248 հազար դրամ։ Հայցադիմումը ներկայացնելիս՝ նրանք վճարել էին միայն 4000 դրամ, հետեւաբար դատարանը պետք է վճռեր բռնագանձել 244 հազար դրամ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս նշեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի եւ 9-րդ հոդվածի 8-րդ կետի ա) եւ բ) ենթակետերի ուժով պետական տուրքը ենթակա է բռնագանձման ոչ գույքային պահանջի (լրատվական միջոցով հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու, դատարանի վճիռը լրատվության նույն միջոցով հրապարակելու) մասով 30 000 ՀՀ դրամ, իսկ գույքային պահանջի մասով` 12 000 000 ՀՀ դրամի երեք տոկոսի չափով` 360 000 ՀՀ դրամ, ընդամենը` 390 000 ՀՀ դրամ: Քանի որ ոչ գույքային պահանջները երկուսն էին, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում ոչ գույքային պահանջով բողոք ներկայացնելու համար գանձվում է պետական տուրքի նվազագույն դրույքաչափի տասնապատիկը, ապա Վերաքննիչ դատարանը ոչ գույքային պահանջի դիմաց հայցվորներին պետք է պարտավորեցներ վճարել ոչ թե 30, այլ՝ 20 հազար դրամ։

 

 

Դատական գործ՝ ԵԿԴ/2621/02/10. «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը եւ այլք ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, Գեւորգ Ալթունյանի, Սոնա Թորոսյանի, Նունե Ալեքսանյանի եւ Էդգար Դավթյանի

 

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը, իր մի շարք անդամների հետ միասին, 2010 թվականի դեկտեմբերի 9-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, լրագրողներ Գեւորգ Ալթունյանի, Սոնա Թորոսյանի, Նունե Ալեքսանյանի եւ Էդգար Դավթյանի: Հայցվորը վիճարկում էր 2010 թ. նոյեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին «Հայլուր» եւ «Տեսանկյուն» հաղորդումների շրջանակներում տարածված տեղեկությունն այն մասին, որ իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Հայցվոր կողմը, համարելով, որ ներկայացված տեղեկություններն արատավորում են կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, պահանջում էր հերքել տարածված տեղեկությունները, հրապարակել հայցվոր կողմի պատասխանը, պարտավորեցնել պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրելու՝ Եհովայի վկաներին վիրավորելու համար, եւ վճարելու փոխհատուցում՝ վիրավորանքի եւ զրպարտության, ինչպես նաեւ՝ դատական ծախսերի համար։ 2010 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ հայցը վարույթ ընդունվեց։

Գործով կայացել է 10 նախնական դատական նիստ: 2012 թ. մայիսի 25-ի նիստի ընթացքում դատարանին է ներկայացվել կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնություն՝  այն հաստատելու խնդրանքով։ Դատարանը, ուսումնասիրելով քաղաքացիական գործում ներկայացված փաստաթղթերը, 2012 թ. հուլիսի 10-ին հաստատեց հաշտության համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց իր կողմից թողարկվող «Հայլուր» լրատվական ծրագրի ընթացքում տարածելու հերքում՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, հիմնվելով www.news.am էլեկտրոնային լրատվական կայքէջից ստացված տեղեկատվության վրա, 2010 թ. նոյեմբերի 9-ին եւ 10-ին «Հայլուր» եւ 2010 թ. նոյեմբերի 11-ին «Տեսանկյուն» հաղորդման ժամանակ հեռարձակել էր այն լուրը, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում իր ծնողներին սպանած Արման Թորոսյանը Եհովայի վկա է։ Այդ հաղորդումները պարունակում էին արտահայտություններ եւ ֆիլմից ցուցադրված հատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը վիրավորական էր համարել եւ դիմել էր դատարան։

ՀՀ Ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքում հարուցված թիվ ԳԴ5/0007/01/11 քրեական գործով շրջանառվել է Արման Թորոսյանի Եհովայի վկա հանդիսանալու հանգամանքը։ Նշված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ծնողներին սպանած Արման Թորոսյանը Եհովայի վկա չէ, հետեւաբար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նույնպես հերքում է տեղեկատվություն առ այն, որ իր ծնողներին սպանած Արման Թորոսյանը Եհովայի վկա է։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ «Հայլուր» լրատվական եւ «Տեսանկյուն» հաղորդումներով Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությանը վիրավորելու նպատակ չի ունեցել»։

Հաշտության համաձայնությունը նախատեսում էր նաեւ 2012 թ. հունիսի 5-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ հաշտության տեքստի տեղադրում www.1tv.am կայքում՝ «Նորություններ» բաժնի առաջին էջում, առաջին հինգ նորությունների շարքում։

Այսպիսով՝ հայցվոր կողմը հրաժարվեց հեռուստաընկերության եւ լրագրողների նկատմամբ ունեցած իր մյուս պահանջներից։

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություններ

 

Հայցվորները վիրավորական եւ զրպարտող էին համարում 2010 թ. նոյեմբերի 9-ին եւ 10-ին «Հայլուր» լրատվականի ընթացքում հնչած հետեւյալ արտահայտությունները։

ա) «Ընդամենը երեկ Եհովայի վկան սպանեց իր ծնողներին»:

Այս արտահայտությունը ներկայացվում է որպես փաստ՝ դրանով իսկ զրպարտելով կրոնական կազմակերպությանը։

բ) «Ինչպե՞ս փրկել արյան ծարավ Աստծո զոհերին»:

Թեեւ հայցվոր կողմը տվյալ արտահայտությունը համարում է զրպարտություն, սակայն կարծում ենք՝ այն կարող է դիտվել բացառապես որպես գնահատող դատողություն, քանզի փաստը ենթակա է ապացուցման, իսկ գնահատող դատողությունն ապացույցների առկայություն չի ենթադրում։ «Արյան ծարավ Աստծո զոհեր» արտահայտությունը ոչ մի կերպ չի կարող ապացուցվել, հետեւաբար այն գնահատող դատողություն է: Բացի այս՝ խիստ վիճելի է նաեւ այդ արտահայտության վիրավորական լինելը։

գ) «Եհովայի կամազուրկ ստրուկներ եւ դաժան դահիճներ խորագիրը»։  

Ինչպես հայցվորը՝ մենք նույնպես համարում ենք, որ վերոնշյալ արտահայտությունը պարունակում է եւ՛ վիրավորանք, եւ՛ զրպարտություն։ «Կամազուրկ ստրուկ» արտահայտությունը գնահատող դատողություն է, իսկ «դաժան դահիճներ» արտահայտությունը՝ փաստ, քանի որ ենթակա է ապացուցման։

դ) «Հարազատ ծնողներին սարսափազդու դաժանությամբ սպանած երիտասարդը իր իսկ վկայությամբ կատարել է Եհովա Աստծու պատվիրանը»:

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ Ա. Թորոսյանը Եհովայի վկա է եղել, հակառակ դեպքում զրպարտում է կազմակերպությանը:

Հայցվորի ներկայացուցիչը նաեւ առանձնացրեց 2010 թ. նոյեմբերի 11-ին «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում հնչեցրած արտահայտություններից հետեւյալները։

ա) «Ա. Թորոսյանի կողմից կատարված սպանությունը Եհովայի վկաների կողմից շարունակական պրոցեսի արդյունք է եւ որը դեռ շատ ու շատ զոհեր է տանելու»:

Հայցվորի կարծիքով՝ այս արտահայտությունը ընկալվում է որպես փաստ եւ զրպարտություն։ Կարծում ենք, որ փաստ կարող է համարվել միայն ծնողներին սպանած երիտասարդին որպես Եհովայի վկա ներկայացնելը եւ դա իբրեւ շարունակական պրոցես Եհովայի վկաներին վերագրելը։ Այնինչ արտահայտության վերջին հատվածը կարող է դիտվել բացառապես՝ որպես գնահատող դատողություն, քանի որ ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը չի կարող երբեք փաստ հանդիսանալ։

բ) «Սեփական ծնողներին սպանած մարդանման երեւույթը Եհովայի վկա էր, սպանել էր ծնողներին, քանի որ իր Եհովան էր այդպես հրամայել»:

Արտահայտության առաջին մասը ներկայացվում է որպես փաստ, հետեւաբար զրպարտություն է, քանի որ մարդասպանի՝ Եհովայի վկա լինելու հանգամանքը ենթակա է ապացուցման։ Արտահայտության շարունակությունը որակում ենք որպես գնահատող դատողություն կամ ենթադրություն, քանի որ հնարավոր չէ ապացուցել Եհովայի հրամայած լինելու հանգամանքը։

դ) «Եհովայի վկաների գործունեությունը սահմանափակվել է նույնիսկ եվրոպական մի քանի երկրներում»։

Այս արտահայտությունը միանշանակ դիտվում է որպես փաստ, քանի որ ենթակա է ապացուցման։

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2707/02/10. «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ

 

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն 2010 թ. դեկտեմբերի 21-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի: Հայցվորը վիճարկում էր 2010 թ. դեկտեմբերի 1-ին վերջինիս հրապարակած` «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածը[4]: Հեղինակը Կապանի բնակիչ Կարո Ավանեսյանն է, ով այդ հրապարակմամբ, փաստորեն, մեղադրում է սրտաբանական կենտրոնի աշխատակիցներին` անբարեխիղճ աշխատելու մեջ: Հայցվոր կողմը, համարելով, որ սույն հոդվածում ներկայացված տեղեկություններն արատավորում են սրտաբանական կենտրոնի գործարար համբավը, նրա աշխատակազմի պատիվն ու արժանապատվությունը, օրաթերթից պահանջում էր տպագրել հերքում եւ որպես փոխհատուցում վճարել 2 միլիոն դրամ, ինչպես նաեւ՝ 300 հազար դրամ փաստաբանի վարձատրության համար: Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի` 2010 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ:

Քաղաքացիական այս գործով կայացել է 11 նախնական դատական նիստ: 2012 թ. ապրիլի 4-ին տեղի ունեցած նախնական նիստի ընթացքում դատարանի հաստատմանն է ներկայացվել կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնություն։ Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, հաշտության համաձայնությունը, 2012 թ. ապրիլի 19-ի որոշմամբ վճռեց հաստատել կողմերի միջեւ կայացած հաշտության համաձայնությունը` հետեւյալ շարադրանքով. «ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/2707/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն» ՍՊԸի ընդդեմ «ԱՌԱՎՈՏ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին քաղաքացիական գործով, Հայցվոր` Հայաստանի «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն» ՍՊԸն, ի դեմս Հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի (այսուհետ` Հայցվոր) եւ Պատասխանող` ««ԱՌԱՎՈՏ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՍՊԸն, ի դեմս Մ. Մերուժանյանի (այսուհետ` Պատասխանող),

նպատակ ունենալով փոխզիջումների հիման վրա լուծել մեր միջեւ առկա խնդիրները,

հավաստելով, որ սույն համաձայնությունը կնքելու պահին առաջնորդվում ենք սթափ գիտակցությամբ եւ գործում առանց հարկադրանքի,

արտահայտելով հաշտության հասնելու ձգտումը,
ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի դրույթներով, 42-րդ հոդվածի 6-րդ կետով կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետեւյալի մասին.Պատասխանողը ընդունում է, որ 01.12.2010թ. հրապարակված «Իսկ ո՞ւր մնաց հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի մեջ ներկայացվել է չճշտված տեղեկատվություն։ Արդյունքում հոդվածը արատավորել է Հայաստանի «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն» ՍՊԸի գործարար համբավը, աշխատակազմի եւ տնօրեն Սմբատ Ջամալյանի պատիվն ու արժանապատվությունը։
Պատասխանողը մինչ սույն հաշտության համաձայնությունը հաստաատվելը «ԱՌԱՎՈՏ» օրաթերթում տպագրել է հերքում եւ Հայաստանի «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն» ՍՊԸի պատասխանը։

Հայցվորը, միաժամանակ, պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով եւ հիմքով, ինչպես նաեւ «Իսկ ո՞ւր մնաց հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի հիմքով որեւէ այլ պահանջով դատարան հայց չներկայացնել ընդդեմ պատասխանողի։

Կողմերը դիմում են դատարանին` հաստատելու սույն հաշտության համաձայնությունը։ 

Հաշտության համաձայնությունը կազմվում է երեք օրինակից, որից մեկական օրինակ հանձնվում է կողմերին եւ մեկ օրինակ ներկայացվում է ՀՀ Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հաստատմանը»։

Փաստորեն, օրաթերթն ընդունեց, որ  տարածել է չճշտված տեղեկություններ` դրանով իսկ արատավորելով սրտաբանական կենտրոնի գործարար համբավը:

Ինչպես արդեն նշվել է` վիճարկվող հոդվածի հեղինակը եղել է Կապանի բնակիչ Կարո Ավանեսյանը: Օրաթերթը հանդես է եկել միայն հրապարակողի դերում: Նման պայմաններում առաջանում է ոչ պատշաճ պատասխանողի խնդիր, քանզի որպես պատասխանող պետք է հանդես գար հոդվածի հեղինակը, եւ ոչ թե` այն հրապարակողը: Մեր կարծիքով՝ սույն դատավարությունում օրաթերթի հիմնադիրը կարող էր ներգրավվել միայն որպես երրորդ անձ:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2733/02/10. «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊ ընկերությունն ընդդեմ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ («News.am» լրատվական- վերլուծական գործակալության հիմնադիր)

 

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊ ընկերությունը  2010 թ. դեկտեմբերի 22-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց ընդդեմ «News.am» լրատվական- վերլուծական գործակալության՝ խնդրելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն հերքելու 2010 թ. նոյեմբերի 23-ին www.news.am կայքում հրապարակված «Սրտի արատով հիվանդին առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում ֆռռացրել են ու այլ սարք տեղադրել» վերնագրով հոդվածով տարածված տեղեկությունները, հրապարակելու դրանց վերաբերյալ հայցվորի պատասխանը, զրպարտության համար վճարեուլ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում, ինչպես նաեւ՝ 300 հազար դրամ` որպես փաստաբանի ողջամիտ վարձատրության գումար։ 2010 թ. դեկտեմբերի 27-ին հայցն ընդունվեց վարույթ։ Գործով կայացավ 2 նախնական դատական նիստ։

2011 թ. փետրվարի 9-ին հայցվորի ներկայացուցիչը, պատճառաբանելով, որ «News.am» լրատվական-վերլուծական գործակալությունն իրավաբանական անձ չէ եւ չի կարող հանդես գալ որպես պատշաճ պատասխանող, միջնորդություն ներկայացրեց դատարան՝ լրատվական գործակալության հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊ ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու եւ գործը պատասխանողի գտնվելու վայրի դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ: 2011 թ. մարտի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պատշաճ պատասխանող ճանաչեց «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ին եւ գործը հանձնեց Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: Վերջինս էլ այն վարույթ ընդունեց՝ 2011 թ. մարտի 24-ի որոշմամբ: Կայացավ 11 նախնական դատական նիստ։ 2012 թ. հունիսի 28-ին սկսվեց գործի դատաքննությունը։ Այս փուլում կայացավ 5 դատական նիստ։ 2012 թ. դեկտեմբերի 14-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, համաձայն որի՝ հայցը մերժվեց։

2010 թ.ի նոյեմբերի 23-ին www.news.am կայքում հրապարակվել էր «Սրտի արատով հիվանդին առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում ֆռռացրել են ու այլ սարք տեղադրել» վերտառությամբ հոդվածը: Դրանում մասնավորապես գրված էր. «Նախօրեին «News.am»-ի խմբագրություն դիմած մեր ընթերցողներից մեկը` Հովհաննես Կաթրջյանը, պատմեց, որ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում, որն, ի դեպ, տեղակայված է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ստորաբար խաբել են իրեն եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրակարդիոխթանիչի փոխարեն վիրահատության ընթացքում տեղադրել են նույն ֆիրմայի, սակայն 6-7 տարի պիտանելիության ժամկետով մեկ այլ սարք… «Խաբեությունը բացահայտելուց հետո գնացի հիվանդանոց, ու ինձ ասեցին` լավ ենք արել, ում ուզում ես բողոքի, ինչ ուզում ես արա: Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ինձանից բացի այդ կենտրոնում այլ մարդկանց էլ են խաբել: Եղել են նույնիսկ դեպքեր, երբ հիվանդին մահացած մարդու խթանիչ են տեղադրել: Այդպիսի մի մարդու ես գիտեմ»,- պատմեց Հովհաննես Կաթրջյանը: Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանը, իր հերթին, «News.am»-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել կոնկրետ հարցերի, բայց միաժամանակ հերքեց իրենց նախկին հիվանդի ներկայացրած փաստարկները` դրանք որակելով իբրեւ զրպարտանք»:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Ընդհանուր իրավասության դատարանն անդրադարձավ հայցային վաղեմության խնդրին: Ուսումնասիրելով գործի ապացույցները եւ փաստական հանգամանքները` դատարանը հանգեց այն եզրակացության, որ հայցը ենթակա է մերժման հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու հիմքով: Այսպես՝ դատարանը հաստատված համարեց, որ խնդրո առարկա հոդվածը հրապարակվել է  2010 թ. նոյեմբերի 23-ին, իսկ իրավունքի պաշտպանության հայցը սրտաբանական կենտրոնի կողմից ներկայացվել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին, այսինքն՝ հրապարակման 30-րդ օրը։ Այս փաստի հիման վրա դատարանը եզրակացրեց, որ հայցվորին հրապարակման մասին հայտնի է դարձել առնվազն դեկտեմբերի 22-ին։ Հայցը, սակայն, ներկայացվել է «News.am» լրատվական գործակալության եւ ոչ թե նրա հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊ ընկերության դեմ։ Վերջինս հայցվորի միջնորդությամբ ներգրավվել է որպես պատասխանող միայն 2011 թ. մարտի 3-ին։ Իսկ միջնորդությունը ներկայացվել է փետրվարի 9-ին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրեց, որ «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊ ընկերությունը բաց է թողել դատարան դիմելու համար օրենքով նախատեսված հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը։

Դատարանի վճռում, մասնավորապես, նշված է. «Հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը դատարան դիմելուց միայն 1 ամիս 18 օր անց` 2011 թ. փետրվարի 9-ին է միջնորդություն ներկայացրել դատարան` «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ: Այլ կերպ ասած` պատասխանող «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸի դեմ հայց հարուցվել է հայցվորի կողմից զրպարտությունը հայտնի լինելուց հետո 1 ամիս 18 օր անց, որպիսի պարագայում դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրացել է»:

Ընդհանուր իրավասության դատարանի նման մոտեցումը, կարծում ենք, անհիմն է եւ սխալ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն՝ իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում: Հայցվորն, ըստ էության, պահպանել է հայցային վաղեմության ժամկետը՝ հայց ներկայացնելով դատարան վիճարկվող հոդվածի հրապարակումից հետո 30-րդ օրը։ Հայցը ներկայացվել է սրտաբանական կենտրոնի կողմից զրպարտություն համարվող տեղեկությունները տարածող լրատվամիջոցի դեմ, եւ հայցվորը դատարան դիմելու պահին պարտավոր չէր իմանալ, որ «News.am» լրատվական գործակալությունն իրականում իրավաբանական անձ չէ եւ չի կարող հանդես գալ դատարանում որպես պատշաճ պատասխանող։ «Մեդիա Կոնսալտ» ՍՊ ընկերությանը որպես պատշաճ պատասխանող ներգրավելու միջնորդություն հայցվորը ներկայացրել է առաջին իսկ նախնական դատական նիստից հետո՝ 2011 թ. փետրվարի 9-ին։ Առաջին նախնական դատական նիստը կայացել է փետրվարի 4-ին։ Այսպիսով՝ հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու հիմքով հայցի մերժումը դատարանի կողմից համարում ենք խիստ վիճելի, առավել եւս, երբ առկա էին հայցը մերժելու այլ հիմնավոր պատճառներ։

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հարկ համարեց հիմնավորել հայցի մերժումը նաեւ այլ պատճառաբանությամբ։ Այն, մասնավորապես, հիմնվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ, 6-րդ եւ 9-րդ կետերի վրա։ Այսպես՝ հոդվածի 3-րդ կետի համաձայն` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակայնորեն ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Ըստ նույն հոդվածի 6-րդ կետի` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)։ Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա՝ լրատվական գործունեություն իրականացնողը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ԼԴ/0749/02/10[5] քաղաքացիական գործով 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ կետերից հետեւում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ՝

 

  1. արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են,
  2. տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:

 

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաեւ «տեղեկատվության աղբյուր» եզրույթին: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական եւ իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները եւ լրատվական գործակալությունները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաեւ, որ այն դեպքում, երբ հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, սակայն նույն աղբյուրում տեղ գտած տեղեկատվությունը հրապարակված չէ բառացի կամ բարեխղճորեն, այլ կերպ ասած` հրապարակողը փոփոխություններ է մտցրել տեղեկատվության մեջ, ավելացրել է, հանել կամ փոփոխել փաստերը (շարադրանքը կամ դրա առանձին մասերը), ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից: Նույն կանոնը գործում է նաեւ այն դեպքում, երբ տարածողը թեեւ վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ, հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր»՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ:

Այսպիսով՝ ընդհանուր իրավասության դատարանը, հետազոտելով գործի փաստական հանգամանքները, ինչպես նաեւ հիմնվելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունների վրա՝ եզրակացրեց, որ պատասխանող «Մեդիա Կոնսալտ» ՍՊ ընկերությունը «News.am» կայքում 2010 թ. նոյեմբերի 23-ին «Սրտի արատով հիվանդին առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերնագրով հոդվածի հրապարկման համար ազատվում է պատասխանատվությունից, քանի որ դրանում հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին, միաժամանակ հոդվածը հանդիսանում է տեղեկատվության բառացի վերարտադրումը: Դա հաստատել է նաեւ դատավարությանը որպես վկա հրավիրված Հովհաննես Կաթրջյանը, ով վիճարկվող հոդվածի համար հիմք հանդիսացած տեղեկատվության հեղինակն է։

 

  • Պետական տուրքի չափը

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններին տրվող գույքային պահանջով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոuի չափով, բայց՝ ոչ պակաu բազային տուրքի 150 տոկոuից։ Նույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` ոչ գույքային պահանջով պետական տուրքը գանձվում է բազային տուրքի քառապատիկի չափով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

Սրտաբանական կենտրոնը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին հայցով ներկայացրել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, հայցվորի պատասխանը հրապարակելու, ինչպես նաեւ պատասխանողից սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում բռնագանձելու պահանջ: Մինչդեռ վճարել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ոչ գույքային պահանջի համար նախատեսված պետական տուրքի գումար` 4000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ պետք է վճարեր մեկ ոչ գույքային եւ մեկ գույքային պահանջի համար, այն է` 44000 դրամ: Հայցվորը նաեւ չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը հայցն ընդհանրապես պետք է վարույթ չընդուներ։

Դատարանը, վճռում անդրադառնալով պետական տուրքի հարցին, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու եւ հայցվորի պատասխանը հրապարակելու ոչ գույքային պահանջները դիտարկել է որպես առանձին հայցապահանջներ՝ այդպիսով, հայցվորին պարտավորեցնելով վճարելու ոչ թե 40, այլ 44 հազար դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Վերոնշյալ օրենսդրական դրույթի առաջին մասից կարելի է եզրակացնել, որ հերքման եւ պատասխանի պահանջները պետք է չդիտվեն որպես առանձին ոչ գույքային պահանջներ, հետեւաբար դրանց համար նախատեսված պետական տուրքի գումարը պետք է չգերազանցի 4000 դրամը, որը եւ հայցվորը նախապես վճարել էր։

  • Փաստաբանի վարձատրությունը

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են նաեւ փաuտաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը գործին մաuնակցող անձանց միջեւ բաշխվում են՝ բավարարված հայցապահանջների չափին համամաuնորեն:

Տվյալ պարագայում դատարանը, նկատի ունենալով, որ հայցվորի օգտին բավարարված պահանջ առկա չէ, մերժեց նաեւ պատասխանողից 300 000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն, բռնագանձելու վերաբերյալ հայցվորի պահանջը: Միաժամանակ՝ դատարանը հաստատված համարեց, որ պատասխանողն իր իրավունքների պաշտպանությունը փաստաբանի միջոցով իրականացնելու համար «Արես» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ կնքել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով վերջինս պարտավորվել է «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ին մատուցել իրավաբանական ծառայություններ։ Թեեւ նշված պայմանագրով պատասխանողը պարտավորվել է ծառայությունների դիմաց վճարել 500000 դրամ, դատարանը, հաշվի առնելով գործի բարդությունը, հրավիրված դատական նիստերի քանակը, գտավ, որ Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, պետք է բռնագանձել 200 000 դրամ:

 

Դատական գործ՝ ԵԿԴ/0569/02/11. Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2011 թվականի մարտի 25-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի։ Վիճարկվում էր «Հրապարակ» օրաթերթում 2011 թ. փետրվարի 12-ին տպագրված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածը: Ըստ հայցվորի` հոդվածում ներկայացված տեղեկություններն արատավորում էին իր պատիվն ու արժանապատվությունը։  Հայցապահանջներն էին` տպագրել հերքում, վճարել փոխհատուցում՝ 3 մլն դրամի չափով, ինչպես նաեւ՝ փաստաբանի վարձատրության համար՝ 3 մլն դրամի չափով: 2011 թ. մարտի 28-ի որոշմամբ հայցն ընդունվեց վարույթ։ Գործով կայացավ 6 նախնական դատական նիստ: 2011 թ. հոկտեմբերի 28-ին գործը մտավ դատաքննության փուլ, որի ընթացքում կայացավ 3 դատական նիստ։ 2012 թ. փետրվարի 15-ին դատարանը հաստատեց հունվարի 30-ին կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնագիրը եւ կարճեց գործի վարույթը։

Ըստ հաշտության համաձայնագրի՝ պատասխանողը պարտավորվեց հերքում տպագրել հետեւյալ բովանդակությամբ. ««Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ 12.02.2011թ.-ի 25/695/ համարում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի մասին հրապարակած «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը եւ բարի համբավը։ «Հրապարակ» օրաթերթը հայցում է ներողամտություն 12.02.2011թ.-ի 25/695/ համարի նշված հոդվածում տեղ գտած անճշտությունների եւ վիրավորանքների համար»։

 

  • Հայցի ապահովման միջոցը

 

Դատարանը, բավարարելով հայցվորի միջնորդությունը, որպես հայցի ապահովման միջոց կալանք էր դրել լրատվամիջոցի գույքի եւ դրամական միջոցների վրա։ Վերջինս, սակայն, միջնորդել էր վերացնել կալանքը՝ պատճառաբանելով, որ այն կարող է խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությանը։ 2011 թ. ապրիլի 11-ին դատարանը բավարարել է այս միջնորդությունը՝ հանելով լրատվամիջոցի գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը։

 

 

Դատական գործ ՝ ԵԿԴ/0783/02/11.  Ֆարաոն Միխաիլի Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸի, Սերգեյ Գեւորգի Գասպարյանի

 

Ազգային պատկերասրահի տնօրեն Ֆարաոն Միխաիլի Միրզոյանը 2011 թվականի ապրիլի 20-ին հայցով դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի, Սերգեյ Գեւորգի Գասպարյանի՝ պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու եւ պատճառված վնասները հատուցելու պահանջով: Հայցվորը խնդրում էր պարտավորեցնել պատասխանողներին հերքելու արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ՝ նրանցից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձելու` որպես փոխհատուցում զրպարտության համար՝ 2 միլիոն ՀՀ դրամ, որպես փոխհատուցում վիրավորանքի համար՝ 1 միլիոն ՀՀ դրամ, փաստաբանի վարձատրության գումար` 300 հազար ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում` 60 հազար ՀՀ դրամ։ Դատարանի` 2011 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ պետական տուրքը պակաս վճարելու պատճառաբանությամբ։ Որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս մայիսի 20-ի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը եւ վերացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին ապրիլի 22-ի որոշումը։ Ըստ այդմ՝ Ֆարաոն Միրզոյանի հայցադիմումը դատարանում ընդունված է համարվել սկզբնական ներկայացման օրվանից:

Սույն գործով կայացել է 5 նախնական դատական նիստ: 2012 թ. մարտի 22-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 5 դատական նիստ: Ի դեպ՝ գործի քննությունը 2 անգամ վերսկսվել է՝ սեպտեմբերի 11-ի եւ 14-ի որոշումներով։

Դատաքննությունն ավարտվեց  2012 թ. սեպտեմբերի 26-ին, իսկ հոկտեմբերի 2-ին հրապարակվեց վճիռը: Դատարանը հայցը մերժեց։ 2012 թ. նոյեմբերի 5-ին պատասխանողի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանը ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեց: Սակայն բողոքաբերը պետական տուրք չէր վճարել եւ միջնորդել էր հետաձգել պետական տուրքի վճարումը: Վերաքննիչ դատարանը 2012 թ. նոյեմբերի 13-ի որոշմամբ մերժեց այդ միջնորդությունը, իսկ  բողոքը վերադարձրեց։ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել, եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. հոկտեմբերի 2-ի վճիռը օրինական ուժ է ստացել։

Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է պատասխանող Սերգեյ Գասպարյանի բացակայությամբ՝ վերջինիս չներկայանալու պատճառով։ Ի դեպ՝ անհայտ է մնացել Ս. Գասպարյանի դիրքորոշումը, քանի որ նա հայցադիմումի պատասխան չի ներկայացրել։

Հայցվորը, ներկայացնելով պահանջը, նշում էր, որ 2011 թվականի ապրիլի 9-ին, «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 322-րդ համարի յոթերորդ էջում, ինչպես նաեւ՝ «Չորրորդ ինքնիշխանության» ինտերնետային կայքում (http։//chi.am/) հրապարակվել է Կարինե Աշուղյանի՝ «Ճանաչել Փարավոնին» վերնագրով նյութը, որում տեղ գտած՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից Սերգեյ Գասպարյանի աշխատանքները Փարավոն Միրզոյանի կողմից կողոպտելու, հափշտակելու, վաճառելու մասին տեղեկությունը, ըստ հայցվորի, սխալ է, իրականությանը չհամապատասխանող, հետեւաբար՝ զրպարտչական, իսկ Սերգեյ Գասպարյանի արած «սրիկա» արտահայտությունը՝ վիրավորական։

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասը, նշել է վիրավորանք համարելու համար էական նշանակություն ունեցող փաստերը գործով հաստատված լինելու հանգամանքը, ընդ որում՝ պարտադիր պայման համարելով, որ դրանք հաստատվեն միաժամանակ՝ ըստ համապատասխան հերթականության, մասնավորապես.

ա) արդյո՞ք հրապարակված հոդվածներով կատարվել են արտահայտություններ,

բ) արդյո՞ք կատարված արտահայտությունները կրում են հրապարակային բնույթ,

գ) արդյո՞ք հրապարակային կատարված արտահայտություններն ուղղված են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն։

Դատարանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանություններից հետեւում է, որ զրպարտություն համարելու իրավական պահանջի հիմքում պետք է դրված լինեն հետեւյալ էական նշանակություն ունեցող փաստերը (ընդ որում՝ միաժամանակ).

ա) այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

բ) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը,  արժանապատվությունը, գործարար համբավը,

գ) դրանք տարածվել են։

 

Դատարանը, իրավական գնահատականի արժանացնելով հայցվորի կողմից վիրավորական եւ զրպարտչական համարվող եւ ըստ նրա՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդող արտահայտությունները, հայցային պահանջի ապացուցման առարկան համարել է հաստատված։

Այնուհետեւ անդրադառնալով հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ՝ զրպարտություն եւ վիրավորանք պարունակող արտահայտությունները (տեղեկությունները)  հրապարակայնորեն ներկայացված լինելու հարցին՝ արձանագրել է, որ արտահայտությունները հիմնականում «Հետք» առցանց լրատվամիջոցում հրապարակված՝ Սերգեյ Գասպարյանի 2010 թ. նոյեմբեր 8-ի եւ 2010 թ. դեկտեմբերի 20-ի հարցազրույցներից բառացի մեջբերումներ են։

Ուշագրավ է դատարանի եզրահանգումը լրատվական միջոցում լրագրողի կողմից, ըստ հայցվորի, վիրավորանք եւ զրպարտություն պարունակող արտահայտությունների հրապարակման  մասին։ Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից «Հետք» լրատվական կայքում Ս. Գասպարյանի հարցազրույցի ճշմարտացիությունը չվիճարկելու արդյունքում` լրագրող Կ. Աշուղյանը ողջամտորեն ենթադրել է դրանց «ճշմարտացիությունը», ինչը սույն գործով վիճարկվող հոդվածում լրագրողի արտահայտած կարծիքի կամ «գնահատող դատողությունների» հիմք է հանդիսացել։

«Գնահատող դատողություն» հասկացությունը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված չէ, եւ  ինչպես արդեն նշվել է՝ դա այս հոդվածի հիմնական թերություններից մեկն է: Հայաստանում «գնահատող դատողություն» հասկացությունը քննության առարկա դարձավ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ապաքրեականացումից հետո ծավալված դատական պրակտիկայի հենց սկզբից։ Ուստի կարեւորում ենք դատարանի նման մոտեցումը, քանի որ դա իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ լրագրողական մասնագիտական գործունեության վրա, մասնավորապես՝  կարծիք կամ գնահատող դատողություններ արտահայտելու հարցում։ Սա, իր հերթին, կխթանի բազմակարծությանը։ ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներում բազմիցս կանոնակարգել է բազմակարծության, հանդուրժողականության եւ լայնախոհության հարցերը՝ առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով վճռում սահմանել է. «Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է եւ նրա առաջընթացի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնադրսեւորման հիմնական պայմաններից մեկը։ Պայմանով, որ այն համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության սահմանափակումներին, այս ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բարյացկամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլեւ այնպիսիների, որոնք վրդովվեցնում են, ցնցող կամ անհանգստացնող են»։

Կարեւորում ենք դատարանի եզրահանգումն այն մասին, որ թեեւ վիճահարույց արտահայտությունները ձեւակերպված են որոշ չափազանցություններով, սակայն հղում է կատարվել սկզբնաղբյուրին, ինչն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին. այն իր բովանդակությամբ կրկնում է է նախկինում հրապարակված նյութի եզրահանգումը։  Դատարանն իր որոշումն ամրապնդում է ՄԻԵԴ-ի այն դիրքորոշմամբ, ըստ որի՝ «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն, նույնիսկ սադրանքի դրսեւորում լրագրողի կողմից»։

Դատարանը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի «Դե Նեսը եւ Գիյսելսն ընդդեմ Բելգիայի գործը»[6], նշում է, որ սույն գործում լրագրողների հրապարակված քննադատական խոսքերը կարել է համարել կարծիք։

  • Պատշաճ պատասխանող

 

Սույն գործի քննության ժամանակ դատարանն անդրադարձել է պատշաճ պատասխանողի հարցին։ Ընդսմին՝ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ապաքրեականացումից հետո, դատական պրակտիկայում սա երկրորդ դեպքն է, որ դատարանն անդրադարձել է  կողմի պատշաճության հարցին։ Առաջին անգամ՝ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ նույնանուն հետուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի թիվ ՍԴ1/0177/02/11 գործով էր դատարանը (թեեւ այլ ենթատեքստով) պատշաճ պատասխանողի հարց բարձրացրել եւ համարել, որ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն պատշաճ պատասխանող չէ։ Սրա վերաբերյալ մեր կարծիքին կարելի է ծանոթանալ  զեկույցի տվյալ գործի վերլուծության մասում։

Ինչ վերաբերում է սույն գործին, ապա դատարանը փաստել է, որ տվյալ պարագայում լրատվական միջոցը սույն գործով պատշաճ պատասխանող չէ, քանի որ նյութը հրապարակվել է լրագրող Կ. Աշուղյանի կողմից եւ վիճարկվող հոդվածում վերջինիս արտահայտած կարծիքի կամ «գնահատող դատողությունների» հիմք են հանդիսացել Սերգեյ Գասպարյանի՝ «Հետք» առցանց լրատվամիջոցում նոյեմբերի 8-ին եւ դեկտեմբերի 20-ին հրապարակված հարցազրույցները։

Իր հետեւությունը հիմնավորելու համար՝ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետը, որի համաձայն՝ «եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը»։

Վկայակոչված նորմի բովանդակությունից հասկացվում է, որ փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակայնորեն ներկայացնողը։

Դատարանն իրավացիորեն արձանագրել է. «Հայցվորի կողմից վիճարկվող հոդվածի հեղինակը լրագրողն է եւ ոչ թե՝ լրատվական միջոցը, կոնկրետ դեպքում լրագրող Կ. Աշուղյանը, որի մասնագիտական գործունեության իրականացման համար չի կարող պատասխանատվություն կրել լրատվության միջոցը»։  Մինչդեռ Կ. Աշուղյանը սույն գործի շրջանակներում կողմ չի հանդիսանում։

  • Պետական տուրքը

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններին տրվող գույքային պահանջով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային տուրքի 150 տոկոuից։

Սույն գործով հայցվորի գույքային պահանջն է՝ որպես փոխհատուցում զրպարտության համար 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, վիրավորանքի համար 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, խախտված իրավունքների պաշտպանության համար վճարված փաստաբանի վարձատրության գումար` 300 000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում` 60 000 ՀՀ դրամ։

Հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել է 60 000 դրամ պետական տուրք վճարելու մասին անդորրագիրը։ Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը` ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ հայցադիմումը պետք է վերադարձնել այն պատճառաբանությամբ, որ հայցվոր կողմը հայցադիմումը ներկայացնելիս վճարել է 60 000 դրամի չափով պետական տուրք, սակայն ըստ էության ներկայացրել է 3 300 000 դրամ գումարի պահանջ, այսինքն՝ հայցագինը կազմում է 3 300 000 ՀՀ դրամ, սակայն այդ մասով պետական տուրք չի վճարվել եւ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն չի ներկայացվել։ Ինչպես արդեն նշվել է՝ դատարանի` 2011 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ պետական տուրքը պակաս վճարելու պատճառաբանությամբ։ Որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քացաքացիական դատարան, վերջինս մայիսի 20-ի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը եւ վերացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին ապրիլի 22-ի որոշումը։

Կարեւորում ենք վերաքննիչ դատարանի դիրքորոշումը՝ պետական տուրքի եւ դատական ծախսերի հետ կապված, որն արտահայտվել է հետեւյալ կերպ. «Փաստաբանի վարձատրության գումարը որպես դատական ծախս հայցագնի մեջ չի կարող մտնել»: Նշվածը հիմնավորելու համար վերաքննիչ դատարանն անդրադարձել է  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածին, ըստ որի` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից եւ փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Դատական ծախսերը քաղաքացիական գործի քննության եւ լուծման, ինչպես նաեւ՝ դատական վճիռների եւ որոշումների կատարման հետ կապված այն ծախսումներն են, որոնց վճարման պարտականությունն օրենքը դրել է կողմերի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց եւ հատուկ վարույթի գործերով դիմողների վրա: Դատական ծախսերը գանձվում են նաեւ՝ որակյալ դատական քննություն ապահովելու նպատակով գործին փաստաբանի (ներկայացուցիչ) մասնակցությունն ապահովելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թ. մարտի 11-ի թիվ ԵՔԴ/1211/02/08  նախադեպային որոշմամբ հայտնել է. «Հայցագնի մեջ չեն մտնում դատական ծախսերը, մասնավորապես՝ փաստաբանի (ներկայացուցչի) վարձատրությունը, գործի քննության վայր հասնելու հետ կապված փախադրման ծախսերը, փոստային եւ այլ ծախսերը, որոնք հայցվորը կրել է կամ ենթադրվում է, որ կկրի կապված իր գործի քննության հետ։ Հետեւաբար, փաստաբանի խելամիտ վարձատրությունը համարվում է դատական ծախս, որը չի մտնում հայցագնի մեջ, այդ մասով պահանջի համար պետական տուրք չի գանձնում»։

Վերլուծելով իրավական նորմերը եւ վերադաս դատարանների դիրքորոշումները՝ միանշանակ կարելի ասել, որ ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թ. ապրիլի 22-ի որոշումը՝ Փարավոն Միրզոյանի հայցադիմումը վերադարձնելու մասին, եղել է անհիմն եւ ՀՀ օրենսդրությանը հակասող։

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Ինչպես արդեն նշել ենք՝ վիրավորանքի եւ զրպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետը կիրառելու հարցում դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Սույն գործը քննելիս դատարանը արդարացված եւ հիմնավոր է կիրառել հայցային վաղեմության ժամկետը: Մասնավորապես՝  նշել է. «Հայցվորը բաց է թողել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հերքման պահանջ ներկայացնելու մեկամսյա ժամկետը, քանի որ տվյալ լրատվամիջոցում այդ հոդվածների հրապարակումից հետո չի դիմել հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով»։  

Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող հոդվածում հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ՝ զրպարտություն եւ վիրավորանք պարունակող արտահայտությունները հիմնականում «Հետք» առցանց լրատվամիջոցում հրապարակված Սերգեյ Գասպարյանի հարցազրույցների բառացի մեջբերումներ են (հրապարակված` 08.11.2010  թ. եւ 20.12.2010 թ.)։ Ըստ էության` հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հրապարակայնորեն ներկայացվել են Ս.Գասպարյանի հարցազրույցների հիման վրա՝ «Հետք» լրատվական կայքի միջոցով,  լրագրող Կ. Աշուղյանի հեղինակությամբ։

Դատարանի հետեւությունների համաձայն՝ հայցվորի ներկայացուցիչները դատարանին որեւէ հիմնավոր ապացույց  չներկայացրին այն մասին, որ «Հետք» լրատվական կայքում Ս. Գասպարյանի բաց նամակների բովանդակությունը (08.11.2010 թ.եւ 20.12.2010 թ.) իրենց վստահորդին հայտնի է դարձել ավելի ուշ։ Մինչդեռ  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, մասնավորապես՝ նշված հոդվածի 13-րդ կետով սահմանված է, որ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում։

 

  • ·                    Դատավարական գործողությունների կատարման ժամկետը

 

Դատավարական գործողությունների կատարման ժամկետը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով։ Վկայակոչված իրավանորմի համաձայն՝ գործը դատարանում պետք է քննվի եւ վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում: Իսկ դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական  նիստով:

Սույն գործի տվյալների համաձայն՝ 2012 թ. մարտի 22-ից մինչեւ սեպտեմբերի 26-ը կայացել է 5 դատական նիստ, ընդ որում՝  2 անգամ վճռի հրապարակում տեղի չի ունեցել, եւ գործի վարույթը վերսկսվել է։

Գործի վարույթը երկու անգամ վերսկսելը կարող է վկայել այն մասին, որ գործը դեռեւս նախախպատրաստված չէր դատաքննության ։ Մինչդեռ ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9 հոդվածի 1-ին մասի՝ դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործի դատաքննություն նշանակելու մասին:  Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի իմաստն այն է, որ  դատական քննությունն արդյունավետ իրականացվի։ Հինգ նախնական եւ նույնքան դատական նիստեր անցկացնելու պարագայում նվազում է դատական քննության արդյունավետությունը։

 

Դատական գործԵԿԴ/0790/02/11. Հայկ Բաբուխանյան ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸի (www.report.am լրատվական կայքի հիմնադիր), լրագրող Էդիկ Անդրեասյանի, խմբագիր Աբել Միքայելյանի

 

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը 2011 թ. ապրիլի 21-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ www.report.am լրատվական կայքի հիմնադիր «Խմբագիր» ՍՊԸ-ի, Էդիկ Անդրեասյանի եւ Աբել Միքայելյանի։ Հայցվորը վիճարկում էր www.report.am էլեկտրոնային կայքում  հրապարակված` «Երբ զոռով հուշում են անհուշելին» վերնագրով հոդվածը (25.03.2011 թ.) եւ ընթերցողների թողած մեկնաբանությունները` պահանջելով պարտավորեցնել պատասխանողներին նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրելու հայցվորից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձեւի։ Ինչպես նաեւ` պարտավորեցնել պատասխանող ընկերությանը` ամբողջությամբ հրապարակելու դատարանի վճիռը լրատվության նույն միջոցով` www.report.am էլեկտրոնային կայքում, որտեղ հրապարակվել են խնդրո առարկա նյութը եւ դրան վերաբերող կարծիքները։ Հայցվորը խնդրել է նաեւ լուծել դատական ծախսերի բաշխման հարցը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվեց վարույթ եւ նշանակվեց նախնական դատական նիստ:

Գործի նախապատրաստական քննության ընթացքում հայցվորը կատարել է հայցապահանջի լրացում` ներկայացնելով 1 000 000 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջ:

Գործով կայացել է 3 նախնական դատական նիստ։ Դատաքննությունը սկսվել է  2011 թ. հոկտեմբերի 25-ին եւ ավարտվել 2012 թ. փետրվարի 27-ին: 2012 թ. մարտի 12-ին դատարանը վճռեց հայցը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի` 2011 թ. ապրիլի 22-ի որոշմամբ իբրեւ հայցի ապահովում պատասխանողների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ամբողջությամբ վերացվեցին` վճռի օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Համաձայն վճռի` Հայկ Բաբուխանյանից, հօգուտ ՀՀ պետբյուջեի, բռնագանձվելու է 20 000 ՀՀ դրամ` որպես ավելացված հայցային պահանջի մասով վճարման ենթակա պետտուրքի գումար: Վճիռը չի բողոքարկվել եւ ստացել է օրինական ուժ:

 

  • Հայցի ապահովման միջոցը

 

Դատարանի` 2011 թ. ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմի միջնորդությունը եւ հայցի ապահովման նպատակով` պատասխանողներ «Խմբագիր» ՍՊԸ-ին, Էդիկ Անդրեասյանին եւ Աբել Միքայելյանին արգելվել է «հայցվոր Հայկ Բորիսի Բաբուխանյանի վերաբերյալ տպագրել որեւէ նյութ www.report.am լրատվական միջոցում եւ այլ անձանց կողմից տեղադրել դրա հիման վրա որեւէ հայտարարություն կամ թույլատրել տեղադրել որեւէ հայտարարություն, տպագրել կամ տպագրած հայտարարությունն այդ լրատվական միջոցում պահպանել, որը կպարունակի հայցվորի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վիրավորանք եւ (կամ) զրպարտող արտահայտություններ»:

Դատարանի` 2011 թ. հուլիսի 1-ի որոշմամբ մերժվել է պատասխանող ընկերության կողմից դատարան ներկայացված` հայցի ապահովման միջոցները վերացնելու պահանջի մասին միջնորդությունը` հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ:

Դատական արգելանքի նման տեսակն անհամաչափ միջամտություն է ԶԼՄների գործունեությանը, այն բացասաբար է անդրադառնում ազատ արտահայտվելու իրավունքի վրա:

Հայցի ապահովման հիմքերը հստակորեն սահմանված են  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով, համաձայն որի` «դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»։

Ակնհայտ է, որ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց չձեռնարկելը չէր կարող անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, առավել եւս չէր կարող հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը` այն պարզ պատճառաբանությամբ, որ որեւէ գույք վեճի առարկա չէր:

Հետեւաբար, կարծում ենք՝ հայցի ապահովման նման տեսակն արդարացված չէ: Ավելին՝ այն գրաքննության տարրեր է պարունակում: Իսկ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով գրաքննությունը Հայաստանում արգելված է:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Հաշվի առնելով, որ հայցվորը հրապարակված  արտահայտությունները համարում է վիրավորանք` դատարանը հրապարակված տեղեկությունների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է հենց «վիրավորանքի» տիրույթում:

Դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի պահանջը, եկել է այն հետեւությանը, որ արտահայտությունները վիրավորանք համարելու համար ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերը դատավարության ընթացքում պետք է հաստատվեն, ընդ որում` հետեւյալ հաջորդականությամբ.

ա) արդյո՞ք հրապարակված հոդվածում արվել են վիրավորական արտահայտություններ,

բ) արդյո՞ք դրանք կրում են հրապարակային բնույթ,

գ) արդյո՞ք հրապարակայնորեն կատարված արտահայտություններն ուղղված են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, այսինքն` հետապնդում են նման նպատակ:

Դատարանը, պատասխանելով իր իսկ բարձրացրած հարցերին, նշել է. «Վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական բառեր եւ մտքեր: Թեեւ դրանք ձեւակերպված են որոշ չափազանցություններով, սակայն ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, որն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին: Հետեւաբար, 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի երրորդ պայմանը նույնպես պահպանվել է»:

Դատարանի` վերը նշված եզրակացությունն ամրապնդվում է ՄԻԵԴ-ի արտահայտած հետեւյալ դիրքորոշմամբ. «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցության, նույնիսկ սադրանքի դրսեւորում լրագրողի կողմից»: Այս գործում լրագրողի հրապարակած քննադատական խոսքերը կարելի է համարել կարծիք, որի «ճշմարտացիությունն ըստ սահմանման` ենթակա չէ ապացուցման» (Տե´ս «Դե Հեսը եւ Գիյսելսն ընդդեմ Բելգիայի», 1997 թ. փետրվարի 24-ի վճիռ, ժողովածու 1997-I, ¢46):

Դատարանը, վկայակոչելով «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործը, նշել է. «Մամուլը կատարում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում: Թեեւ այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից հատկապես այլ անձանց հեղինակության եւ իրավունքների առնչությամբ, այդուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ եւ գաղափարներ` իր պարտականությունների եւ պատասխանատվությունների պահպանամբ տարածելու պարտավորություն: Ոչ միայն մամուլը կրում է նման տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման (տեղեկություններ եւ գաղափարներ) ստանալու իրավունք»:

Դատարանի եզրահանգումների համաձայն` գործի փաստերից հետեւում է, որ հրապարակված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն դրանք իրականությանը համապատասխանելու փաստից անկախ` հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ չեն հետապնդում։ Մասնավորապես` վերը հիշատակված հայցադիմումում հայցվորի` վիրավորական համարած արտահայտությունները, թեեւ դրսեւորվել են որոշ աստիճանի չափազանցությամբ, նույնիսկ լրագրողի առանձին արտահայտություններ պարունակում են սադրանք, որոնք, ճիշտ է, հայցվորին վրդովվեցնող են, ցնցող կամ անհանգստացնող, սակայն դատարանն արձանագրել է. «Տպագրված նյութում տեղ գտած արտահայտությունների միջոցով լրագրողը գործել է բազմակարծության սկզբունքով, ուստի վերջինիս կողմից կատարած արտահայտությունները հայցվորի կողմից` որպես հայտնի քաղաքական գործչի, կուսակցության առաջնորդի, նաեւ` խմբագրության ղեկավարի, պետք է դիտվեն հատուկ հանդուրժողականությամբ եւ լայնախոհությամբ, քանի որ քաղաքական գործիչների նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակներն ավելի լայն են, քան մասնավոր անձանց, եւ այդ առումով նրանք պետք է ավելի հանդուրժող լինեն իրենց անձի նկատմամբ հնչած քննադատության նկատմամբ (Պակդեմիրլին ընդդեմ Թուրքիայի, թիվ 35839/97, 22/02/2005» ՄԻԵԴ, պարբ. 45), որում պետք է, անշուշտ, տեսնել քաղաքական պայքարի եւ մտքերի ազատ քննարկմանը չնախատեսված շրջադարձ, որը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության երաշխավորը, ինչն անհրաժեշտ է դիտվում ժողովրդավարական հասարակության պարագայում, այնուամենայնիվ, լրագրողների ու պատասխանող ընկերության, հեղինակների հրապարակած քննադատական խոսքերը կարելի է համարել կարծիք, որի «ճշմարտացիությունն ըստ սահմանման` ենթակա չէ ապացուցման»:

Դատարանի հետեւությունների համաձայն` «Երբ զոռով հուշում են անհուշելին» վերնագրով հոդվածում հրապարակված արտահայտությունները քաղաքական գործչին վերագրվելու պարագայում վերջինիս պատիվը նսեմացնելու նպատակ չեն հետապնդում, քանի որ քաղաքական գործչի վերաբերյալ հասարակության մեջ ձեւավորվող կարծիքն ամեն դեպքում կրում է բազմակի բնույթ` պայմանավորված քաղաքական նկատառումներով (օրինակ` այս կամ այն կուսակցական պատկանելությամբ եւ քաղաքականության հետ կապված այլ գործոններով)։ Հաշվի առնելով այս ամենը` դատարանը գտավ, որ հոդվածում հրապարակված արտահայտություններն անձնական վիրավորանք չեն:

Համամիտ ենք դատարանի այն եզրահանգմանը, որ քննվող գործում վիճարկվող` «Երբ զոռով հուշում են անհուշելին» վերնագրով նյութի հեղինակը որոշ չափազանցությամբ ու ցնցող արտահայտություններով է հայտնել իր կարծիքը` հայցվոր քաղաքական գործչի ու վերջինիս գլխավորած կուսակցության գաղափարների եւ կատարած քայլերի, ինչպես նաեւ` այլ կուսակցությունների հետ հարաբերությունների վերաբերյալ։ Դրանով վերջիններիս քաղաքական քննարկումների մասնակից դարձնելու նպատակ է հետապնդել, ինչը ժողովրդավարական հասարակության մեջ նույնպես անհրաժեշտ է համարվում։ Հետեւաբար` այս իմաստով եւս հրապարակված նյութը վիրավորական դիտվել չի կարող:

Դատական ակտում անդրադարձ է արվում նաեւ կայքում տպագրված անստորագիր մեկնաբանություններին: Ըստ հայցվորի` դրանք նույնպես պարունակում են վիրավորանք, սակայն դատարանի եզրահանգումների համաձայն` այդ մասով հայցվորի պահանջները եւս հիմնավոր չեն: Այս առնչությամբ` դատարանը նշել է, որ «կարծիք արտահայտելը մեծ պաշտպանություն ունի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն: Կարծիք արտահայտելու (կամ «գնահատող դատողություն») դեմ ներպետական դատարանի կայացրած վճիռը կարող է որակվել 10-րդ հոդվածի խախտում, եթե միայն առկա է կարծիքն արտահայտելու որոշակի փաստական հանգամանք եւ բարի կամքի դրսեւորում»:

Քննության առնելով վիրավորական արտահայտությունները` դատարանը  ճիշտ տարբերակում է կատարել փաստական տվյալների եւ արտահայտված կարծիքի (կամ գնահատող դատողության) միջեւ: Տարբերակման պատճառն այն է, որ «փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, մինչդեռ գնահատող դատողությանների ճշմարտացիությունն ապացուցման ենթակա չէ: Դատարանի վերլուծության համաձայն` սա անհնարին է դարձնում կարծիքի արտահայտման պաշտպանությունը, եթե պաշտպանության միակ միջոցը ճշմարտությունն է, եւ որպես իրավական հիմք վկայակոչել է ՄԻԵԴ-ի գործերից մեկը («Լինգենսն ընդդեմ Ավստրիայի», Lingens v Austria, 46-րդ պարբերություն):

Կարեւորում ենք դատարանի հետեւյալ եզրահանգումը. «Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել եւ նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է: Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված: Հետեւաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր»։

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություններ

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված չէ «գնահատող դատողություն» հասկացությունը: Նշենք, որ այդ հասկացությունը սահմանված չէ նաեւ այլ օրենքներով, մինչդեռ դատարանները նշված իրավական կատեգորիային առնչվել են վիրավորանքի եւ զպարտության գործերը քննելիս` սկսած 2010 թ. հունիսից` հայտնի օրենսդրական փոփոխություններից հետո: Բացառություն չէր նաեւ վերլուծվող գործը: Սույն գործի շրջանակներում կայացված ակտով դատարանը վկայակոչել է Եվրոպական դատարանի այն նախադեպերը, որոնք անդրադարձել են «փաստեր» եւ «գնահատող դատողություն» հասկացություններին եւ նշել, որ գնահատող դատողությունների համար կարեւոր են փաստական հիմքերը, որոնցից օգտվել է ԶԼՄ-ն:

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է. «Չստորագրված եւ անանուն նյութերում պարունակվող արտահայտությունները դատարանը դիտել  է որպես հասարակության անդամների գնահատող դատողության արդյունք, քանի որ դատարանի գանահատող դատողության առկայության փաստը հաստատված համարվելու համար առկա են բոլոր էական նախապայմանները, մասնավորապես` նյութի առկայության պարագայում հիշյալ անձինք արտահայտել են կարծիքներ` ունենալով որոշակի փաստական հանգամանք եւ բարի կամքի դրսեւորում, որպիսին հանդիսացել է կայքէջում տպարգրված նյութը, որտեղ հեղինակները դիմել են որոշ չափազանցությունների ու օգտագործել են հասարակությանը ցնցող արտահայտություններ` ուղղված քաղաքական գործչին ու քաղաքականության մասին, հետեւաբար` գնահատողական դատողությունների ճշմարտացիությունն ապացուցման ենթակա չէ, քանի որ արտահայտված կարծիքների համար գոյություն ուներ հրապարակված նյութ` փաստական հիմք, որին համահունչ կայքէջում նշվել են տարբեր արտահայտություններ, որոնց նկատմամբ նույնպես քաղաքական գործչի կողմից պետք է դրսեւորվի հանդուրժողականություն»:

Ընթերցողների թողած մեկնաբանությունների մասով հայցվորի պահանջը դատարանը մերժել է նաեւ հետեւյալ հիմնավորմամբ. «Լրատվամիջոցը չէր կարող նախքան հայցվորին գրավոր կամ բանավոր դիմելը սահմանափակել իր իսկ ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքը (օրինակ` մեկնաբանությունները ջնջել, հեռացնել), քանի որ այն կդիտվեր ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, ուստի եւ լրատվամիջոցը չի կարող կրել պարտականություններ այլ անձնանց կողմից թողնված մեկնաբանությունների համար»:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/0807/02/11, Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի

 

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը 2011 թ. ապրիլի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց՝ ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի` պահանջելով հերքել օրաթերթի 73/684 համարի առաջին էջում տպագրված «Ծեծկռտո՞ւք է եղել» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկությունները, վճարել փոխհատուցում զրպարտության համար՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, ինչպես նաեւ՝ փոխհատուցել հայցի համար վճարված պետական տուրքի գումարը։ Ապրիլի 29-ին դատարանը վերադարձրեց Մարգարիտա Խաչատրյանի հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ նրանում նշված չի եղել հայցվորի հայրանունը, ինչպես նաեւ ամբողջությամբ վճարված չի եղել պետական տուրքի գումարը։ Շտկելով առկա թերությունները՝ Մ. Խաչատրյանը մայիսի 12-ին կրկին ներկայացրեց հայցը, որը 2011 թ.ի մայիսի 16-ին ընդունվեց վարույթ։ Գործով կայացավ 6 նախնական դատական նիստ։ 2012 թ. հուլիսի 13-ին տեղի ունեցավ դատաքննությունը, որի ժամանակ հայցվորը հրաժարվեց գույքային պահանջից։ Հուլիսի 30-ին դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, համաձայն որի՝ հայցը մերժվեց։ 2012 թ. օգոստոսի 27-ին Մ. Խաչատրյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց, որը բավարարվեց՝ Վերաքննիչ դատարանի նոյեմբերի 23-ի որոշմամբ: Ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 30-ին կայացրած վճիռը բեկանվեց եւ փոփոխվեց:

Հայցի համար հիմք է հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում 2011թ. ապրիլի 21-ին հրապարակված՝ «Ծեծկռտո՞ւք է եղել» վերնագրով տեղեկատվությունը։ Դրանում, մասնավորապես, գրված էր. «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում։ Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից։ Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի եւ հրամանատարական կազմի միջեւ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի։ Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել։ Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի։ Ես 20 հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»։

Վերոնշյալ տեղեկատվությունը հայցվորը համարել է զրպարտող եւ դիմելով դատարան՝ պահանջել է հերքել այն, ինչպես նաեւ փոխհատուցել դրանով իրեն պատճառած բարոյական վնասը։ 2011 թ. դեկտեմբերի 16-ին Մ. Խաչատրյանը հայցապահանջի լրացում է կատարել, ըստ որի՝ պահանջել է օրաթերթի հերթական համարներից մեկի առաջին էջում «Հերքում» խորագրի ներքո տպագրել հետեւյալ տեքստը. «2011 թ. ապրիլի 21-ի N 73(684) համարի առաջին էջում տեղ էր գտել մի հոդված, որում զետեղված էին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Այդ հոդվածում «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդի նախագահ, հարգարժան տիկին Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ հրապարակվել են զրպարտող տեղեկություններ այն մասին, որ իբրեւ վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի եւ հրամանատարական կազմի միջեւ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի եւ ծեծի։ Իրականում պարզվեց, որ նմանատիպ միջադեպ տեղի չի ունեցել, ինչի համար մեր խմբագրության ողջ անձնակազմը ներողություն է խնդրում Մարգարիտա Խաչատրյանից` հավաստիացնելով, որ «Հրապարակ» օրաթերթի կողմից չճշտված տեղեկություններ տիկին Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ այլեւս չեն տպագրվի։ Ցավալի է, որ մենք ի սկզբանե չենք հավատացել նրան` նման միջադեպի բացակայության վերաբերյալ եւ հրապարակել էինք այդ «անթույլատրելի» հոդվածը»։

Մեր կարծիքով՝ հերքման տեքստի նման բովանդակությունն անընդունելի է՝ մի շարք պատճառներով։ Նույնիսկ եթե ընդունենք, որ լրատվամիջոցը զրպարտել է հայցվորին, ապա նման դեպքում համարժեք գործողություն կարող է լինել միայն հերքումը։ Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի՝ զրպարտության դեպքում անձը կարող է պահանջել հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Համաձայն նույն հոդվածի 7-րդ կետի՝ ներողություն խնդրել նախատեսվում է միայն վիրավորանքի դեպքում։ Մինչդեռ իր հայցում Խաչատրյանը վիճարկում է խնդրո առարկա հանդիսացող հրապարակման միայն զրպարտող բնույթը։ Կարծում ենք նաեւ, որ տեղին չէ խմբագրության ամբողջ անձնակազմին ներողություն խնդրելուն պարտավորեցնելը։ Սույն տեքստն անընդունելի է նաեւ այն պատճառով, որ լրատվամիջոցին ինչ-որ թեմայով տեղեկություններ չտպագրելու խոստում տալուն պարտավորեցնելը խոսքի ազատության ոտնահարում է։

 

  • Հանրային շահը

 

Անդրադառնալով հանրային շահին` ընդհանուր իրավասության դատարանը մեջբերում է կատարել ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ին կայացրած թիվ ՍԴՈ-997 որոշումից. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007 թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձեւը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որում ընդգծվել է, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության եւ դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել»։

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Անդրադառնալով տեղեկությունների արատավորող բնույթին` ընդհանուր իրավասության դատարանը կրկին հղում է կատարել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմանը. «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը։

Հրապարակումը չի կարող որակվել որպես ողջամիտ կամ իրավաչափ, եթե տեղեկատվություն տարածողը չի ստուգել դրա իսկությունը` շահագրգիռ անձին հարցում կատարելու միջոցով, եւ/կամ խուսափել է հրապարակել այդ անձի դիրքորոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհնարին է եղել կամ ակնհայտ է, որ դրա անհրաժեշտությունը չկա»։

Հրապարակման տեքստի ուսումնասիրության արդյունքում դատարանը գտավ. «Լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես լսելով եւ նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ ըստ էության հերքել է հոդվածի առաջին մասում ներկայացված տեղեկությունները։ Նա ի սկզբանե Մարգարիտա Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու, դրանց վնաս պատճառելու ինչպես նպատակ, այնպես էլ դիտավորություն չի ունեցել, հետեւաբար ենթակա չէ պատասխանատվության զրպարտություն համարվող տեղեկություններ տարածելու համար»։

Կարծում ենք, որ ընդհանուր իրավասության դատարանի մոտեցումը ճիշտ է, քանի որ վիճարկվող հրապարակման մեջ, հիմնական տեղեկատվության հետ մեկտեղ ներկայացնելով նաեւ հայցվորի դիրքորոշումը դրա վերաբերյալ, լրագրողը գործել է բարեխղճորեն: Ինչ վերաբերում է խնդրո առարկա հրապարակմանը, ապա այն կարելի է համարել ողջամիտ, քանի որ համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման` հրապարակումը չի կարող որակվել որպես ողջամիտ, եթե լրագրողը չի ստուգել դրա իսկությունը` շահագրգիռ անձին հարցում կատարելու միջոցով եւ/կամ խուսափել է հրապարակել այդ անձի դիրքորոշումը:

Սույն վեճի վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիք է հայտնել ՀՀ վերաքննիչ դատարանը: Այն անհիմն է համարել ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումը` կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի տարածական մեկնաբանություն: Այն, մասնավորապես, նշել է. «Անձը ենթակա է քաղաքացիաիրավական պատասխանատվության բոլոր այն դեպքերում, երբ վերջինիս տարածած տեղեկություններն իրենց բնույթով զրպարտություն են, այսինքն` չեն համապատասխանում իրականությանն ու արատավորում են քաղաքացիական իրավահարաբերության որեւէ սուբյեկտի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Օրենսդիրը զրպարտության որակման հարցում չի կարեւորել այն տարածած անձի սուբյեկտիվ մոտեցումը, մասնավորապես` նրա նպատակն ու դիտավորությունը: Դատարանի դիրքորոշումն առ այն, որ լրագրողը ի սկզբանե Մարգարիտ Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու կամ դրանց վնաս պատճառելու թե նպատակ եւ թե դիտավորություն չի ունեցել, դեռեւս հիմք չէ վերջինիս քաղաքացիաիրավական պատասխանատվությունից ազատելու համար»:

Նման դիրքորոշմամբ` Վերաքննիչ դատարանն, ըստ էության, անտեսել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմամբ ներկայացված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի մեկնաբանությունն առ այն, որ փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Այլ կերպ ասած` առկա չէ դիտավորության կանխավարկածը։

 

  • Դատարանը լրատվամիջոցի վրա դրել է օրենքով եւ հայցապահանջով չնախատեսված պարտավորություն

 

2012 թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է Մարգարիտա Խաչատրյանի բողոքը: Որոշման համաձայն` բեկանվել եւ փոփոխվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` սույն քաղաքացիական գործով կայացրած վճիռը: Այսպիսով` Վերաքննիչ դատարանը «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերությանը պարտավորեցրել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված մեկշաբաթյա ժամկետում հրապարակել վիճարկվող հոդվածի հերքումը եւ ներողություն խնդրել Մարգարիտա Խաչատրյանից: Փաստորեն՝ Վերաքննիչ դատարանը պատասխանողի վրա դրել է ինչպես օրենքով, այնպես էլ հայցապահանջով չնախատեսված պարտավորություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` հրապարակայնորեն ներողություն խնդրելը նախատեսված է միայն վիրավորանքի դեպքում: Ուսումնասիրելով խնդրո առարկա հոդվածը` Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ վերջինը պարունակում է զրպարտող տեղեկություններ, որոնք արատավորում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Իր որոշման տեքստում Վերաքննիչ դատարանը «վիրավորանք» եզրույթին ամենեւին չի անդրադարձել: Նման հանգամանքներում «Հրապարակ» օրաթերթին ներողություն խնդրելուն պարտավորեցնելը համարում ենք հիմնազուրկ: Դրանով իսկ դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սխալ կիրառում: Պետք է նշել, որ նման պահանջ նախատեսված չի եղել նաեւ հայցադիմումով: Հայցվորը միայն պահանջել է հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ փոխհատուցել պետական տուրքի նախապես վճարված գումարը:

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն անընդունելի է նաեւ մեկ այլ պատճառով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերի` ներողություն խնդրելու եւ հերքման ձեւը սահմանում եւ հաստատում է դատարանը: Մինչդեռ ՀՀ վերաքննիչ դատարանը, օրաթերթին պարտավորեցնելով ներողություն խնդրելու Մարգարիտա Խաչատրյանից եւ հերքելու վիճարկվող հոդվածով տարածված տեղեկությունները, ներողություն խնդրելու ձեւ չի սահմանել, ինչպես նաեւ չի նշել հերքման տեքստի բովանդակությունն ու նրան ներկայացվող պահանջները:

 

Դատական գործ` ԵԿԴ 1299/02/11. «Երեւանի պետական համալսարան»  պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ Արա Գաբուզյանն  ընդդեմ «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Սոնա Հարությունյանի եւ Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանի  

 

«Երեւանի պետական համալսարան»  ՊՈԱԿ-ը եւ նույն համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը 2011 թ. հունիսի 22-ին հայց ներկայացրին Երեւանի Կենտրոն  եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ  «Բանաձեւ» ՍՊԸ-ի եւ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի դիմորդ Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանի՝ պատվի արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով։

Դիմելով դատարան՝ հայցվորները խնդրել էին պարտավորեցնել Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանին  եւ «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերջինիս կողմից հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում հրապարակայնորեն, բանավոր ներողություն խնդրելու ԵՊՀ-ից եւ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից, այդ տեսանյութը տեղադրելու նաեւ հաղորդաշարի ինտերնետային կայքում եւ www.youtube.com կայքում, պարտավորեցնել «Բանաձեւ» ՍՊԸ-ին ընկերության առցանց կայքի առաջին էջում՝ երեւացող տեղում, ինչպես նաեւ՝ http։//akanates.banadzev.com ինտերնետային կայքի առաջին եւ 2011թ. մայիսի 28-ի հաղորդման էջերում՝ երեւացող տեղում հրապարակելու դատարանի վճիռը` հետեւյալ նշումով. «Ք. Երեւան, Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Սոնա Հարությունյանին եւ Սիրեկան Եղիազարյանին ներողություն խնդրել Երեւանի պետական համալսարանից, իսկ Սիրեկան Եղիազարյանին եւ «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նաեւ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի եւ զրպարտության համար։ Ներկայացվում է դատարանի վճռի ամբողջ տեքստը»։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հունիսի 27-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։  Գործի վարույթն իրականացվել է նախապատրաստական փուլով, եւ կայացել է 6 նախնական նիստ: 2012 թ. մայիսի 11-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 1 դատական նիստ՝ հուլիսի 13-ին։  Վճռի հրապարակման օր է նշանակվել հուլիսի 30-ը, նշված օրը հրապարակված վճռով հայցը բավարարվել է մասնակի։

Դատաքննության ընթացքում՝ 2011 թվականի օգոստոսի 30-ին, Սիրակ Եղիազարյանը ներկայացրել է հակընդդեմ հայց, որը դատարանի սեպտեմբերի 5-ի  որոշմամբ մերժվել է։

Հայցվորները  2011թվականի նոյեմբերի 29-ին հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել եւ խնդրել իբրեւ պատասխանող ներգրավել նաեւ Սոնա Հարությունյանին («Ականատես» հաղորդաշարի վիճարկվող հաղորդմանը մասնակցած իրավաբան-փորձագետ):

Իսկ 2012 թ. փետրվարի 29-ի միջնորդությամբ՝ հայցվորները, փոփոխելով հայցի առարկան, խնդրել են պարտավորեցնել Սիրեկան Եղիազարյանին, Սոնա Հարությունյանին եւ «Բանաձեւ» ՍՊԸ-ին,  «Հ1» հեռուստալիքով հիշյալ տեքստը հեռարձակելու անհնարինության դեպքում մեկամսյա ժամկետում հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հրապարակայնորեն, բանավոր ներողություն խնդրել: Մնացած պահանջները մնացել էին նույնը:

Դատարանի՝ 2011թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմի միջնորդությունը, եւ Սոնա Հարությունյանը  («Ականատես» հաղորդաշարի վիճարկվող հաղորդմանը մասնակցող փորձագետ) ներգրավվել է որպես պատասխանող։ Դատարանը, քննելով փոփոխված պահանջը, 2012 թ. հուլիսի 30-ի վճռով հայցը բավարարել է մասնակի եւ վճռել.

ա) Պարտավորեցնել Սիրակ Եղիազարյանին եւ «Բանաձեւ» ՍՊԸ-ին՝ վերջինիս կողմից պատրաստվող եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հրապարակային բանավոր ներողություն խնդրելու ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից` տեղադրելով այդ տեսանյութը նաեւ «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում եւ «Յութուբ» (www.youtube.com) կայքում։

բ) Պարտավորեցնել Սիրակ Եղիազարյանին՝ «Բանաձեւ» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հերքելու ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող հետեւյալ փաստացի տվյալները. «Նրանք ասում են. «Մենք աշխատում ենք ծավալի վրա, մեզ բովանդակությունը չի կարեւոր», «ըստ մասնագետների իմ գրավոր աշխատանքն ավելի քան հինգ միավոր էր եւ ավելի քան ութ միավոր էր»՝ տեղադրելով այդ տեսանյութը նաեւ «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում եւ «Յութուբ» (www.youtube.com) կայքում։

գ) Պարտավորեցնել «Բանաձեւ» ՍՊԸ-ին իր իսկ կողմից պատրաստվող եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հերքելու ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող հետեւյալ փաստացի տվյալները. «Մայր բուհում դիմորդի գրավորը անբավարար են գնահատել առանց բովանդակությունը ստուգելու` միայն ծավալին նայելով», «Քննության արդյունքի մասին բացատրություն ստանալու փոխարեն Սիրակը լսում է. «Կարեւորը գրավորի ծավալն է, թե քանի էջ ես լցրել», «Խնդրի լրջությունը գնահատականից հեռու է գնում. իրավաբաններն ակնհայտ կասկած ունեն, որ գործը կոռուպցիոն ռիսկեր ունի։ Դիմում են կրթության գիտության նախարարություն, որ գործն ուսումնասիրեն եւ հավանական կոռուպցիան կանխեն…։ Թաքնված կոռուպցիայի կասկած հայտնում է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ…։ Սխալներ գտնելու համար նախարարությունը նայեց ամեն տեղ բացի այնտեղից, որտեղ սխալներ հաստատ կգտներ», «Պատմությունը մեկ դասախոսի կամ մեկ ամբիոնի սխալն է». տեղադրել այդ տեսանյութը նաեւ «Ականատես» հաղորդաշարի առցանց կայքում եւ «Յութուբ» (www.youtube.com) կայքում։

դ) Պարտավորեցնել «Բանաձեւ» ՍՊԸ-ին առցանց կայքի առաջին էջում՝ երեւացող վայրում, ինչպես նաեւ http։//akanates.banadzev.com ինտերնետային կայքի առաջին եւ 2011 թվականի մայիսի  28-ի հաղորդման էջերում երեւացող վայրում հրապարակելու դատարանի վճիռը` հետեւյալ նշումով. «Ք. Երեւան, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը եւ Սիրակ Եղիազարյանին ներողություն խնդրել եւ հերքել ԵՊՀ «Քրեական իրավունքի» ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից եւ հերքել վերջինիս վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի եւ զրպարտության համար»։

Հայցվորների ներկայացուցիչները դատարանին հայտնել են, որ «Բանաձեւ» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող եւ Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի 2011թ. մայիսի 28-ի հաղոդման ընթացքում հաղորդման մասնակից Սիրակ Եղիազարյանի, ինչպես նաեւ՝ հաղորդավարի եւ իրավաբան-փորձագետ Սոնա Հարությունյանի կողմից թույլ են տրվել Երեւանի պետական համալսարանի, ինչպես նաեւ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի եւ նույն ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող արտահայտություններ։

Պատասխանող Սիրակ Եղիազարյանը, առարկելով հայցի դեմ, հայտնել է, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին դիմել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության քննություն հանձնելու համար։  Ընդունելության գրավոր քննության արդյունքում «քրեական իրավունք» առարկայից 20 հնարավոր միավորից ստացել է 5 (անբավարար) միավոր։
Գրավոր աշխատանքի արդյունքներն ինքը բողոքարկել է ԵՊՀ պրոռեկտորին, իսկ  հետո՝ երկու անգամ բողոքարկել է ՀՀ ԿԳ նախարարին։ Առաջին անգամ նախարարը դիմումին ի պատասխան՝ ուղարկել է ԵՊՀ  քրեական իրավունքի ամբիոնից իր պահանջած պարզաբանումը, իսկ երկրորդ անգամ պատասխանել է, որ նշված հարցն իր իրավասության շրջանակներից դուրս է։

2011թ. մայիսի 28-ին Հանրային հեոուստատեսության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվել է «Ականատես» հաղորդաշարը, որտեղ ինքը բարձրաձայնել է վերոնշյալ փաստերը եւ վրդովմունք արտահայտել։

Պատասխանող Սոնա Հարությունյանի ներկայացուցիչը, առարկելով հայցի դեմ, նշել է, որ «Բանաձեւ» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող «Ականատես» հաղորդաշարի շրջանակներում (այդ թվում 2011թվականի մայիսի 28-ի հաղորդման ժամանակ) սույն գործով պատասխանող Սոնա Հարությունյանը մի քանի անգամ ներգրավվել է որպես իրավաբան-փորձագետ։ Համաձայն հաղորդման ձեւաչափի` հաղորդման առաջին մասում նկարահանում են հաղորդման ականատես-հյուրին, որից հետո հաղորդման փորձագետին։ Այսինքն՝ հաղորդման փորձագետը իրավական խնդրին ծանոթանում է միայն հաղորդման նկարահանումից մի քանի րոպե առաջ կամ հենց հաղորդման ընթացքում։ Մինչեւ հաղորդմանը մասնակցելը՝ ծրագրի կազմակերպիչները փորձագետին հայտնում են, թե որ ոլորտին է առնչվում իրավական խնդիրը, եւ թե ովքեր են հավանական կողմերը։ Հաղորդման րնթացքում փորձագետի հայտնած կարծիքը՝ հաղորդման նյութի իրավական խնդրի մասին, հնչում է բացառապես ականատեսի կողմից ներկայացված բանավոր հայտարարությունների հիման վրա, հաղորդավարի հնչեցրած հարցերին պատասխանելու միջոցով, ինչպես նաեւ՝ եթե գործում առկա են գրավոր փաստաթղթեր, եւ դրանք տվյալ հաղորդման նկարահանման ժամանակ ներկայացվում են փորձագետին, ապա՝ դրանց բովանդակությանը ծանոթանալու պարագայում։

2011թվականի մայիսի 28-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Ականատես» հաղորդաշարի հերթական հաղորդման նկարահանումների ժամանակ հաղորդման իրավաբան-փորձագետ Սոնա Հարությունյանը գործին ծանոթացել է միայն նկարահանման ընթացքում՝ հաղորդման մասնակից, ականատես-հյուր Սիրակ Եղիազարյանի ներկայացրած բանավոր հայտարարությունների եւ գործում առկա մի քանի փաստաթղթերի հիման վրա, եւ հաղորդման ընթացքում իր կարծիքն է հայտնել Սիրակ Եղիազարյանի ներկայացրած բանավոր հայտարարությունների եւ հաղորդավարի հնչեցրած հարցերի վերաբերյալ։ Բացի այդ՝ հաղորդման ընթացքում հնչում են ոչ թե փորձագետին ուղղված հարցերը եւ դրանց պատասխաններն ամբողջությամբ, այլ` կրճատված եւ հաղորդավարի մեկնաբանություններին համապատասխանեցված։

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել հայցվոր Երեւանի պետական համալսարանը եւ պատասխանող Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանը:

Վերաքննիչ դատարանը, 2012 թ. սեպտեմբերի 11-ի որոշմամբ, հայցվորի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, իսկ պատասխանող Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանի վերաքննիչ բողոքը, նույն օրվա որոշմամբ, վերադարձրել է` թերությունները վերացնելու եւ որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացնելու հնարավորությամբ:

Պատասխանողը, վերացնելով վերաքննիչ բողոքում առկա թերությունները, 2012 թ. հոկտեմբերի 9-ին այն կրկին ներկայացրել է դատարան, որն էլ 2012 թ.հոկտեմբերի 17-ի  որոշմամբ համարվել է վարույթ ընդունված:

2012 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ դատարանում քննվել են կողմերի վերաքննիչ բողոքները, եւ նոյեմբերի 23-ին հրապարակված որոշմամբ հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ, իսկ պատասխանողի բողոքը` մասնակի:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, փոփոխելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1299/02/11 քաղաքացիական գործով 2012 թ. հուլիսի 30-ին կայացրած վճիռը, նոր դատական ակտ կայացրեց եւ որոշեց.

1. «Երեւանի պետական համալսարան»  պետական ոչ առեւտրային կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել:

2. Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի:
Մասնակի բեկանել եւ փոփոխել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1299/02/11 քաղաքացիական գործով 30.07.2012 թվականին կայացրած վճիռը. «Երեւանի պետական համալսարան»  պետական ոչ առեւտրային կազմակերպության, Արա Գաբուզյանի հայցն ընդդեմ «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանի, Սոնա Հարությունյանի բավարարել մասնակի.

ա) Պարտավորեցնել Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանին եւ «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` վերջինի կողմից պատրաստված եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով 28.05.2011 թվականին հեռարձակված «Ականատես» հաղորդաշարի ընթացքում  «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում զանգվածային լրատվության այլ միջոցներով (պաշտոնական մամուլ) հրապարակային ներողություն խնդրել  «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից.

բ) Պարտավորեցնել Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանին եւ «Բանաձեւ» ՍՊ ընկերությանը ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով 28.05.2011 թվականին հեռարձակված «Ականատես» հաղորդաշարի ընթացքում վերջինիս պատվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող արտահայտությունների համար դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում զանգվածային լրատվության այլ միջոցներով (պաշտոնական մամուլ) հրապարակային ներողություն խնդրել Երեւանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից.

գ) Պարտավորեցնել Սիրեկան (Սիրակ) Եղիազարյանին «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պատրաստվող եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում զանգվածային լրատվության այլ միջոցներով (պաշտոնական մամուլ)  հերքել ԵՊՀ «Քրեական իրավունք»-ի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող հետեւյալ փաստացի տվյալները. «Նրանք ասում են. «Մենք աշխատում ենք ծավալի վրա, մեզ բովանդակությունը չի կարեւոր», «ըստ մասնագետների իմ գրավոր աշխատանքն ավելի քան հինգ միավոր էր եւ ավելի քան ութ միավոր էր».

դ) Պարտավորեցնել «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իր իսկ կողմից պատրաստվող եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով (պաշտոնական մամուլ) հերքել ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող հետեւյալ փաստացի տվյալները. «Մայր բուհում դիմորդի գրավորը անբավարար են գնահատել առանց բովանդակությունը ստուգելու` միայն ծավալին նայելով», «Քննության արդյունքի մասին բացատրություն ստանալու փոխարեն Սիրակը լսում է. «Կարեւորը գրավորի ծավալն է, թե քանի էջ ես լցրել»,
«Խնդրի լրջությունը գնահատականից հեռու է գնում. իրավաբաններն ակնհայտ կասկած ունեն, որ գործը կոռուպցիոն ռիսկեր ունի։ Դիմում են կրթության գիտության նախարարություն, որ գործն ուսումնասիրեն եւ հավանական կոռուպցիան կանխեն…։ Թաքնված կոռուպցիայի կասկած հայտնում է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ…։ Սխալներ գտնելու համար նախարարությունը նայեց ամեն տեղ, բացի այնտեղից, որտեղ սխալներ հաստատ կգտներ», «Պատմությունը մեկ դասախոսի կամ մեկ ամբիոնի սխալն է».

ե) Պարտավորեցնել «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ինտերնետային կայքի սկզբի էջում` երեւացող վայրում, ինչպես նաեւ՝ http։//akanates.banadzev.com ինտերնետային կայքի սկզբի եւ 28.05.2011 թ. հաղորդման էջերում երեւացող վայրում հրապարակել դատարանի վճիռը` հետեւյալ նշումով «Ք. Երեւան, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը եւ Սիրակ Եղիազարյանին ներողություն խնդրել «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից եւ հերքել վերջիններիս վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի եւ զրպարտության համար։ Ներկայացվում է դատական ակտի ամբողջական տեքստը։

Վճիռը մնացած մասով թողնվել  է օրինական ուժի մեջ: Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

  • Ոչ պատշաճ հայցվոր

 

Ընդհանուր իրավասության դատարանը, մերժելով  հայցվոր Երեւանի պետական համալսարանի հայցը, գտել է. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունը չի կարող հանդիսանալ պատիվ եւ արժանապատվություն ոչ գույքային իրավունքներ կրող սուբյեկտ եւ չի կարող այդ իրավունքների խախտման պաշտպանության հայց ներկայացնել դատարան հետեւյալ պատճառաբնությամբ.

Դատարանը գտնում է, որ պատիվ եւ արժանապատվություն հասկացությունները բնորոշ են բանականությամբ օժտված սուբյեկտներին, որոնք ունեն գիտակցություն, զգացմունքայնություն եւ հասարակական ու գիտակցական կեցվածք։

Դրանք ֆիզիկական անձանց բնորոշ հատկություններ են ու պատվի եւ արժանապատվության ոչ գույքային իրավունքի առկայությունը հատուկ են միայն ֆիզիկական անձանց։

Իրավաբանական անձը չի կարող ունենալ պատիվ եւ արժանապատվություն, ուստի եւ չի կարող այդ իրավունքների ենթադրյալ խախտման պաշտպանության հայց ներկայացնել դատարան»։  

Դատարանի հաջորդ հետեւությանը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ներկայացված պահանջով պատշաճ հայցվոր չէ» համամիտ չենք, քանի որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է ինչպես պատվին, արժանապատվությանը, այնպես էլ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգն ու պայմանները, իսկ հայցի հիմքում հայցվորները դրել են հենց վերը նշված իրավանորմը, ուստի եթե ֆիզիկական անձ հայցվորը վիճարկում է պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների հրապարակումը «Ականատես» հաղորդման ընթացքում, ապա իրավաբանական անձ հայցվորը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր գործարար համբավը:  Չէ՞ որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են[7] վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան`վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։

Սույն նորմով օրենսդիրը չի տարանջատել քաղաքացիական իրավունքի սուբյեկտներին, ուստի այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

Հաշվի առնելով օրենսդրության  վկայակոչված իրավանորմերը՝ միանշակ կարելի է փաստել, որ ոչ գույքային իրավունքներ (պատիվ, արժանապատվություն եւ գործարար համբավ) կրող սուբյեկտներ են ինչպես ֆիզիկական, այնպես էլ   իրավաբանական անձինք:

Հետեւաբար՝ կիսում ենք Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ՝ ««Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ իրավաբանական անձն ունի գործարար համբավ, ուստի դրա վերականգնման պահանջի մերժումը չի կարող իրավաչափ համարվել՝ այն պարագայում, երբ իսկապես պատասխանողների կողմից թույլ են տրվել այնպիսի արտահայտություններ, որոնք արատավորել են իրավաբանական անձ հանդիսացող հայցվորի գործարար համբավը»:

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Վիրավորանքի եւ զպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետը կիրառելու հարցում դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Ընդհանուր իրավասության դատարանը, սույն գործով կիրառելով հայցային վաղեմության ժամկետը, գտավ, որ Սոնա Հարությունյանի նկատմամբ ներկայացված պահանջը ենթակա է մերժման՝ հայցվորի կողմից իր պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության համար դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառով։

Ըստ դատարանի, հայցվորը քննարկվող հաղորդման մասին իմացել է 2011թ. մայիսի 28-ին, իսկ Սոնա Հարությունյանի մասով պահանջը ներկայացվել է 2011 թ. նոյեմբերի 29-ին` ավելի քան 6 ամիս հետո: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

 

  • Լրագրողական բացթողումներ

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, նշել է, որ նույնիսկ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը պաշտպանվում է, եթե անձը գործում է բարեխղճորեն եւ ճշգրիտ, փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի ու ճշգրիտ» տեղեկություն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (տե՛ս «Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի» գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը)։

Հաշվի առնելով վկայակոչվածը՝ համամիտ ենք ընդհանուր իրավասության դատարանի այն տեսակետին, որ՝ «սույն դեպքում պատասխանողներից «Բանաձեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գործել է միայն Սիրեկան Եղիազարյանի կողմից ներկայացված փաստերի հիման վրա, որոնց իրականության համապատասխանելիությունն այդպես էլ չապացուցվեց, եւ բարեխղճության տեսանկյունից փորձ չի կատարվել բացահայտել դեպքի մյուս մասնակիցների կարծիքը եւս»։

 

  • Դատարանը լրատվամիջոցի վրա դրել է օրենքով չսահմանված եւ հայցապահանջով չներկայացված պարտականություն

 

Անընդունելի է ՀՀ վերաքննիչ դատարանի մոտեցումը, որը նա դրսեւորել է Սիրակ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելիս: Մասնավորապես՝ դատական այս ատյանը նշել է. «Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Դատարանը կոնկրետ չի նշել, որ հեռուստահաղորդմամբ պետք է ներողություն խնդրել, ապա Վերաքննիչ դատարանը այն համարում է հիմնավոր, քանի որ կոնկրետ «Ականատես» հաղորդաշարի չհեռարձակվելու պարագայում կարող է առաջանալ անորոշություն կապված վճռի կատարման հետ, ուստի այն բացառելու նկատառումով Վերաքննիչ դատարանը բողոքաբերի տվյալ փաստարկի մասով վերջինի վերաքննիչ բողոքը համարել է մասնակի բավարարման ենթակա եւ գտնում է, որ վճռի եզրափակիչ մասը պետք է լրացնել այնպես, որ «Բանաձեւ» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող «Ականատես» հաղորդաշարի միջոցով հերքումն ու ներողությունը ներկայացնելու անհնարինության դեպքում այն իրականացվի այլ զանգվածային լրատվամիջոցով` դատարանի վճռին համապատասխան հերքում եւ ներողություն տպագրելու եղանակով»:

Չենք կարող համաձայնել նման դիրքորոշմանը, քանի որ ընդհանուր իրավասության դատարանը վճռի «Վճռեց» մասի 1-ին կետում շատ հստակ է նշել եւ հուստաընկերությունը, եւ հաղորդումը: Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վճռի եզրափակիչ մասը պետք է լրացնել այնպես, որ «Բանաձեւ» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող «Ականատես» հաղորդաշարի միջոցով հերքումն ու ներողությունը ներկայացնելու անհնարինության դեպքում այն իրականացվի այլ զանգվածային լրատվամիջոցով, ապա այն չի բխում ոչ օրենսդրության, ոչ էլ հայցի պահանջներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն`

եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա անձը կարող է դատական կարգով պահանջել լրատվության այդ միջոցով  հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,

Իսկ նույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն` եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով  լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:

Հայցվորների պահանջում հստակ նշված է այն լրատվամիջոցը, որով պետք է հերքվեն տեղեկությունները եւ հրապարակվի վճիռը, այն է` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարը: Ինչպես տեսնում ենք` ո´չ իրավանորմում, ո´չ էլ հայցվորի պահանջում «այլ լրատվամիջոց» նշված չէ:

Հետեւաբար՝ դատարանն իրավասու չէր պատասխանողներին ծանրաբեռնելու այնպիսի պարտականությամբ, որը որպես կոնկրետ իրավունքի պաշտպանության միջոց՝ նախատեսված չէ օրենքով, ինչպես նաեւ՝ դուրս է հայցապահանջի ծավալից:

 

 

Դատական գործ`  ԵԿԴ/1485/02/11. Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի

 

Էջմիածնի Գր. Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանը 2011 թ. հուլիսի 13-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի եւ նույնանուն թերթի լրագրող Մարինե Մարտիրոսյանի: Հայցապահանջներն էին` պատասխանողներ «168 ժամ» ՍՊԸ-ին եւ Մարինե Մարտիրոսյանին պարտավորեցնել  «168» ժամ թերթի միջոցով հերքելու տեղեկատվությունն` առ այն, որ Տիգրան Տերտերյանը հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը, ինչպես նաեւ՝ Տիգրան Տերտերյանի օգտին պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ` որպես փոխհատուցում զրպարտության դիմաց:

Դատարանի` 2011 թ. հուլիսի15-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվեց վարույթ եւ նշանակվեց  նախնական դատական նիստ` գործը դատաքննության նախապատրաստելու համար:

Հայցվորի փաստարկների համաձայն` «168 ժամ» թերթի 2011 թ. մայիսի 26-27-ի թիվ 53 (813)-ում «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերնագրով հոդվածում տեղ է գտել Տ. Տերտերյանին զրպարտող տեղեկատվություն։ Մասնավորապես` նշվել է. «Դպրոցի նախկին տնօրինուհու որդին հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Ըստ հայցվորի` այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Պատասխանող կողմի  առարկությունների համաձայն` վիճարկվող տեղեկատվությունը հետեւյալն է. «Ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրենի որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը»։ Այսինքն` լրագրողն այս տեղեկությունը ստացել է Էջմիածնի բնակիչներից, ինչի ապացույցը պահպանված ձայնագրություններն են։ Այսինքն` հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:

Գործով կայացել է 7  նախնական դատական նիստ։ Դատաքննությունը սկսվել է 2012 թ. հունվարի 24-ին եւ ավարտվել մարտի 29-ին: 2012 թ. ապրիլի 13-ին հրապարակված վճռով հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Վճռվեց Տիգրան Համլետի Տերտերյանից` ի դեմս օրինական ներկայացուցիչներ Համլետ Տերտերյանի ու Սուսան Նազարյանի, հօգուտ ՀՀ պետբյուջեի բռնագանձել 36 հազար ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված, դատարանի որոշմամբ վճարումը հետաձգված, օրենքով սահմանված չափով վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Դատական ակտը չի բողոքարկվել եւ ստացել է օրինական ուժ:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Քանի որ հայցվորը հրապարակված տեղեկությունը համարում է զրպարտություն, ուստի դատարանը տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է հենց զրպարտության տիրույթում: Դատարանը հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ պատասխանողն իր առարկությունները ներկայացրել է պատասխանատվությունից ազատվելու` օրենսդրի նախատեսած պահանջի շրջանակում, ինչը հաստատվելու դեպքում` զրպարտության հիմքով սահմանված պատասխանատվությունն ինքնին բացակայում է: Դրանով է պայմանավորված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի դրույթներին անդրադառնալը:

Դատարանի եզրահանգումների համաձայն`«գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետեւում է, որ անձը զրպարտության համար պատասխանատվությունից կարող է ազատվել ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերի դեպքում.

– ներկայացրած փաստացի տվյալները բխում են այլ անձի (աձանց) հրապարակային ելույթից,

– այդ անձի (աձանց) հրապարակային ելույթից բխող տեղեկությունները վերարտադրվել են կամ բառացի, կամ բարեխիղճ (բավարար է որեւէ մեկի առկայությունը),

– տեղեկությունները տարածելիս պարտադիր կատարվել է հղում տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Դատարանը գործի փաստերով պարզել ու հաստատված է համարել, որ մինչ հրապարակված նյութում վիճարկվող տեղեկության տարածելու պահը` Էջմիածնում քաղաքացիների լայն շրջանակներում հրապարակայնորեն խոսակցությունների առարկա էին թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին աշխատանքից ազատելու եւ դրան առնչվող մի շարք հանգամանքներ։ Սա նշանակում է, որ վերջինիս ու նրա ընտանիքի անդամների վերաբերյալ լուրերը եղել են Էմիածնի բնակչության ուշադրության կենտրոնում եւ ունեցել հետաքրքրության լայն շրջանակ, այսինքն` պայմանավորվել են հանրային շահով:

Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ «168 ժամ» թերթի թիվ 53 (813)-ում (2011 թ. մայիսի 26-27) «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերնագրով հոդվածում առկա` «դպրոցի նախկին տնօրենուհու որդին հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը» տեղեկությունը հայցադիմումում ներկայացվել է թերի` առանց այդ նախադասության առաջին մասի, որտեղ լրագրողը հստակ նշել է «ըստ Էջմիածնի բնակիչների» արտահայտությունը։ Այսինքն` հոդվածի նշված արտահայտության կապակցությամբ հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Դատարանը գործի քննությամբ պարզել է, որ լրագրողը հստակ հղում է կատարել տարածված տեղեկատվության աղբյուրին, հետեւաբար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատասխանատվությունից ազատվելու համար էական համարվող վերջին նախապայմանն ապացուցված է:

Անդրադառնալով պատասխանատվությունից ազատելու 2-րդ հիմքին` տեղեկությունները բառացի կամ բարեխիղճ վերարտադրելուն, դատարանը նշել է. «Ինչ վերաբերում է տեղեկատվության վերարտադրության բարեխղճությանը, ապա դա հաստատվել է վկայի ցուցմունքներով, որը հաստատել է հոդվածում տպագրված տեղեկությունն իրականում քաղաքի բնակիչների` հասարակության լայն շրջանակներում տարածված լինելու փաստը, մասնավորապես` այն, որ տեղեկատվության աղբյուրի կողմից հայտնած տեղեկատվությունից զատ, առանց որեւէ չափազանցման` լրագրողը այլ տեղեկություն չի հրապարակել, իսկ հոդվածում տպագրված տեղեկատվությունն իրականում դուրս է եկել հասարակությունից, հայցվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու սուբյեկտիվ նպատակ լրագրողն ու ընկերությունը չեն ունեցել, համենայնդեպս, հոդվածում տեղեկությունն այնպես է վերարտադրված, որ ընթերցողի մոտ հստակ պատկերացում է ձեւավորվում առ այն, որ տեղեկությունը հիմնված է քաղաքի բնակիչների խոսակցություններին, այլ ոչ` փաստերին»:

Ըստ  դատարանի` «լրագրողն այս դեպքում գործել է լրագրողական էթիկայի ու թույլատրելի նորմերի պահանջների շրջանակներում եւ տարածել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին տեղեկացել է հասարակությունից, ինչը հաստատել է դրա ներկայացուցիչը, հետեւաբար` պատասխանատվություն այս դեպքում բացակայում է»:

Դատարանի այս տեսակետը համահունչ է ՄԻԵԴ այն դիրքորոշմանը, որ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու` լրագրողի իրավունքը, եթե վերջինս գործում է բարեխղճորեն եւ տրամադրում է փաստացի հիմքերի վրա եղած վստահելի ու ճշգրիտ տեղեկություն` լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա («Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի», թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պարբ. 40):

Սույն գործի փաստերով հաստատվում է, որ լրագրողը գործել է բարեխղճորեն, քանի որ ընթերցողի համար հասկանալի ձեւով հոդվածում ուղղակիորեն արտացոլել է այն փաստը, որ հրապարակվող տեղեկության աղբյուրը Էջմիածնի բնակիչներն են: Այսինքն` հրապարակված նյութից միանշանակ չի փաստվում հայցվորի կողմից արխիվը հրկիզվելու լուրը, քանի որ այն լրագրողի ներկայացրած սուբյեկտիվ տեղեկություն չի եղել, այլ` քաղաքում տարածված տեղեկության վերարտադրություն, որը լրագրողը հրապարակել է` ունենալով փաստացի, իր կարծիքով` վստահելի, ճշգրիտ հիմք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն` «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Վկայակոչված իրավանորմի վերլուծությամբ դատարանը եզրահանգել է, որ զրպարտություն համարելու համար էական է ներքոհիշյալ նշանակություն ունեցող փաստերը գործով հաստատված լինելու հանգամանքը, ընդ որում` հետեւյալ հաջորդականությամբ.

-արդյո՞ք տարածված տեղեկությունը կրել է փաստացի եւ հրապարակային բնույթ,

-արդյո՞ք հրապարակայնորեն ներկայացված փաստացի տվյալը չի համապատասխանում իրականությանը,

-արդյո՞ք հրապարակայնորեն ներկայացված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալն արատավորում է անձի գործարար համբավը:

Վերլուծելով  թվարկված փաստերը` դատարանն արձանագրել  է. «Հայցվորի մասով հրապարկված տեղեկությունը փաստացի տեղեկությունների բնույթ չի կրում, իսկ հայցվորի կողմից հայցում ներկայացված միայն`«դպրոցի նախկին տնօրենուհու որդին հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը» տեղեկությունը, առանձին վերցրած չի կարող դիտարկվել, քանի որ այն պետք է դիտարկվի իր ամբողջության մեջ` հոդվածի ու տպագրված նյութի ամբողջ համատեքստում, իսկ այդ դիտարկման արդյունքում դատարանն արդեն իսկ վերեւում կատարել է համապատասխան հետեւություններ` պատասխանողի պատասխանատվության բացակայության մասին»:

ՄԻԵԴ-ը բազմիցս անդրադարձել է փաստերի եւ գնահատող դատողությունների միջեւ տարբերակում կատարելու անհրաժեշտությանը, քանզի փաստերի գոյությունը կարող է ապացուցվել, մինչդեռ գնահատող դատողությունների ճշմարտացիությունը ոչ միշտ է ապացուցելի:

Դատարանը, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի եզրահանգումները, արձանագրել է, որ պատասխանողի հրապարակած տեղեկությունները հասարակությունում հանրային հնչողություն ունեցող լուրի տարածման բարեխիղճ վերարտադրության արդյունք են։ Այսինքն` հրապարկված տեղեկությամբ լրագրողն ու լրատվամիջոցը գործել են ժողովրդավարական հասարակությունում իրենց ունեցած առանձնահատուկ դիրքի շրջանակում, տեղեկություններ են հրապարակել` այնպիսի փաստացի տվյալների մասին, որոնք վերջիններիս փոխանցել են բնակիչները, ուստի դրանք չեն հանդիսանում մամուլի կամ լրագրողի անձնական ու ապացույցներով հիմնավորված դիրքորոշում` գոյություն ունեցող ու ճշմարտացի փաստերի մասին։ Այնուամենայնիվ, լրագրողի եւ պատասխանող ընկերության հրապարակած քննադատական խոսքերը կարելի է համարել տեղեկատվության աղբյուրից ստացված կարծիք, որի «ճշմարտացիությունն ըստ սահմանման` ենթակա չէ ապացուցման»:

Գնահատելու համար, թե զրպարտության գործով ինչպիսի միջամտություն է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում` դատարանը գտել է, որ պետք է քննության առնվի հրապարակված կամ հեռարձակված նյութը` որպես միասնական ամբողջություն` պարզելու վերջինիս ընդհանուր իմաստը եւ նպատակը: Բառերը պետք է մատնանշեն հայցվորին` որպես անձ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը («Դյուլդին ու Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի» (Dtuldin and Kislov v Russia), գանգատ թիվ 25968/02, 2007թ. հունիսի 31, 43-րդ պարբերություն): Խիստ էական է, որ դատարանը դիտարկի հրապարակման ամբողջ համատեքստը:

Ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պարզելու առումով դատարանը մատնանշել է ՄԻԵԴ-ի դիրքորոշումն այն մասին, որ խոսքի ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»: Դա հաճախ ավելին է, քան «օգտակարը» , «ողջամիտը»  կամ «ցանկալին»  («Հենդիսայդն ընդեմ Միացյալ Թագավորության» /Hendyside v United Kingdom, 48-րդ պարբերություն): Այն պետք է բխի «ճնշող հասարակական կարիքից», լինի համաչափ հետապնդող օրինական նպատակին: Սահմանափակման անհրաժեշտությունը պետք է «համոզիչ կերպով հիմնավորվի» փաստերով («Բորթոլդն ընդդեմ Գերմանիայի» /Borthold v Germany, դիմում թիվ 8734/79, 25-ը մարտի, 1985թ. շարք Ա No 90/):
Վճռում անդրադարձել է արվել նաեւ ՄԻԵԴ-ի այն տեսակետին, որ դատարանը պետք է համոզվի, որ անհրաժեշտ է պահպանել արդարացի հավասարակշռություն մի կողմից` կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված` արտահայտվելու ազատության պաշտպանության եւ մյուս կողմից` այն անձանց հեղինակության միջեւ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը, իրավունք, որը որպես անձնական կյանքի ասպեկտ` պաշտպանվում է կոնվենցիայի 8-րդ հոդվածով («Compana v Romania» վճռում, դիմում թիվ 33348/96, 14.12.2004թ., 91-րդ պարբերություն):

Դատարանի այս տեսակետը դրական նախադեպ է ստեղծում  եւ  բարենպաստ է  լրագրողական գործունեության համար:

Նման դիրքորոշումն արտացոլում է լրատվամիջոցների պաշտպանության սկզբունքները:

ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է, որ դատարանները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելիս, «inter alia» պետք է հաշվի առնեն «ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը», այսինքն` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովել «այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի»:

ՍԴ-ի վերոհիշյալ դիրքորոշման լույսի ներքո` սույն գործով, դատարանն անհրաժեշտություն չի տեսել պատասխանողների ազատ արտահայտվելու իրավունքին միջամտելու, ինչը երաշխավորված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Ըստ դատարանի եզրահանգումների` առկա փաստական հանգամանքներում հոդվածի հեղինակն օժտված է ավելի լայն պաշտպանությամբ:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Վիրավորանքի եւ զպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետին վերաբերող նորմը կիրառելիս` դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում:

Սույն գործի դատաքննության ընթացքում թեեւ պատասխանող կողմը հայցային վաղեմությանը վերաբերող հարց  չի հնչեցրել, սակայն մեր համոզմամբ` հայցապահանջը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի դրույթների համաձայն` իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանը 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած նախադեպային որոշմամբ անդրադարձել է նաեւ հայցային վաղեմության ժամկետին: ՎԴ-ն նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը:

Սույն գործով հաստատված է այն հանգամանքը, որ «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերնագրով հոդվածը լույս է տեսել «168 ժամ» թերթի 2011 թ. մայիսի 26-27-ի համարում (թիվ 53 (813)): Հայցը դատարան է ներկայացվել 2011 թ. հուլիսի 13-ին, այսինքն` հոդվածը հրապարակելուց մոտ 1,5 ամիս անց: Հայցվորը չի նշել, թե ինքը երբ է տեղեկացել հոդվածի հրապարակման մասին եւ դատարանին չի խնդրել բաց թողած հայցային վաղեմության ժամկետը վերականգնել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչեւ դատարանի վճիռ կայացնելը:

Հավանաբար, պատասխանողն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ հայցապահանջը դատարան է ներկայացվել հոդվածի հրապարակումից 1,5 ամիս անց, այսինքն` հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո:

Մեր կարծիքով` եթե պատասխանողի կողմից դատարանում բարձրացվեր հայցային վաղեմության ժամկետի կիրառման հարցը, ապա հայցվորի պահանջը կմերժվեր նաեւ այդ հիմքով:

 

 

Դատական գործ` ՍԴ1/0177/02/11. «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸի եւ նույնանուն հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի

 

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն 2011 թ. հուլիսի 15-ին հայց ներկայացրեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ նույնանուն հետուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի` պահանջելով պարտավորեցնել վերջիններիս ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու (1 մլն ՀՀ դրամ` որպես վիրավորանքի, 2 մլն ՀՀ դրամ` զրպարտության փոխհատուցման, 200 հազար ՀՀ դրամ` փաստաբանի վարձատրության եւ 64 հազար ՀՀ դրամ` նախօրոք վճարված պետական տուրքի գումար): 2011 թ. հուլիսի 20-ին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Հայցով վիճարկվում էր Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով 2011 թ. հունիսի 21-ին հեռարձակված «Որտե՞ղ են քանդված սալաքարերը» վերնագրով տեսանյութը, որում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի վերաբերյալ հնչել են հետեւյալ արտահայտությունները. «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջեւանի ճանշին ձեռնարկություն», «քանդել ու սալահատակը ծածուկ վաճառել է», «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են», «մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ», «Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրեւներից հետո»: Տեսանյութի վերջում նշվել է. «Նաիրա Խաչիկյան, Արմեն Ասատրյան, Իջեւանի հեռուստաընկերությունից «Լրաբերի» համար»:

Նույն լրատվական ծրագրի` 2011 թ. հունիսի 27-ի թողարկման ընթացքում ցուցադրվել է  «Սալիկները` ապահով հանգրվանում» վերնագրված տեսանյութը, որի ընթացքում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը եւ մյուս աշխատակիցները պարզաբանումներ են ներկայացրել` 2011 թ. հունիսի 21-ին հեռարձակված տեսանյութում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ:

Գործի քննությունը դատարանի Դիլիջանի նստավայրում նշանակվել է 2011 թ. օգոստոսի 18-ին: Դատարանի` 2011թ. նոյեմբերի 4-ի արձանագրային որոշմամբ գործի քննությունը հետաձգվել է մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանում, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ավարտը: Գործով կայացել է 7 նախնական դատական նիստ: 2012 թ. փետրվարի 24-ին գործը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում տեղի է ունեցել 5 դատական նիստ: 2012 թ. ապրիլի 27-ին հրապարակվել է դատարանի վճիռը, ըստ որի` հայցը բավարարվել է մասնակի։ Վճռվել է Նաիրա Խաչիկյանից, հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի, բռնագանձել 50 հազար ՀՀ դրամ` որպես փոխհատուցում զրպարտության համար, 20 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար եւ 1500 ՀՀ դրամ` որպես նախօրոք վճարված պետտուրքի գումար:

2012 թ. մայիսի 23-ին «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վարույթ է ընդունվել 2012 թ. հունիսի 6-ին: 2012 թ. հուլիսի 4-ին ՀՀ վերաքննիչ դատարանի հրապարակած որոշմամբ բողոքը բավարարվել է։ Ըստ այդմ` ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թ. ապրիլի 27-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է եւ գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Թեեւ հայցվորը հայցադիմումում հստակ չի նշել, թե 2011 թ. հունիսի 21-ին հեռարձակված տեսանյութում տեղ գտած արտահայտություններից որոնք է ինքը դիտել որպես վիրավորանք, իսկ որոնք` զրպարտություն, սակայն գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի վերաբերյալ հնչեցված` «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջեւանի ճանշին ձեռնարկություն» եւ «երեւի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ» արտահայտությունները վիրավորանք են, իսկ «քանդել ու սալահատակը ծածուկ վաճառել են», «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են» տեղեկությունները հայցվորի գործարար համբավն արատավորող փաստական տվյալներ են, այսինքն` զրպարտություն:

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություն

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի վերլուծությունից հետեւում է, որ որպես վիրավորանք կարող է դիտվել խոսքի, ձայնի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով կատարված այն արտահայտությունը, որը կատարվել է հրապարակայնորեն եւ նպատակ է հետապնդել արատավորելու անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության» (07.12.1976 թ.) գործով կայացրած վճռում նշել է, որ արտահայտվելու ազատությունը հասարակության էական հիմքերից է եւ դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անձի զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:

«Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» (08.06.1986 թ.) գործով կայացված վճռով Եվրոպական դատարանը տարանջատում է կատարել փաստի եւ գնահատող դատողության միջեւ: Ըստ ՄԻԵԴ-ի` փաստերի գոյությունը կարող է ապացուցվել, մինչդեռ գնահատող դատողությունների իսկությունը միշտ չէ, որ ապացուցելի է: Մամուլի առջեւ խնդիր է դրված տարածելու տեղեկություններ, գաղափարներ, ինչին համապատասխան հասարակությունն իր հերթին իրավունք ունի ստանալու դրանք: «Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի» (26.04.1995 թ.) գործով դատարանը արտահայտել է նաեւ այն դիրքորոշումը, որ «….լրագրողական ազատությունը ներառում է հնարավորություն` դիմելու որոշակի աստիճանի չափազանցության կամ նույնիսկ սադրանքի»:

Եվրոպական դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո վերլուծելով «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջեւանի ճանշին ձեռնարկություն» եւ «մասնագիտական որակների ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ» արտահայտությունները` դատարանը եզրակացրել է, որ դրանք չի կարելի դիտել որպես վիրավորանք: Նախ` դատարանն արձանագրել է, որ իրականում հայցադիմումում նշված «մասնագիտական որակների ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ» արտահայտությունը հնչել է հետեւյալ կերպ. «երեւի, մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ»:

Այսպիսով` դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում Նաիրա Խաչիկյանը, իրականացնելով իր մասնագիտական գործունեությունը, արտահայտել է իր սուբյեկտիվ կարծիքը` տեսանյութում ներկայացված փողոցների անմխիթար վիճակում գտնվելու պատճառների մասին, եւ հնարավոր է, որ իր գնահատականներում թույլ է տվել որոշակի չափազանցություն, մասնավորապես` եզրակացրել, որ փողոցի նման վիճակը «երեւի» պայմանավորված է «մասնագիտական որակի եւ անաչառության պակասով»:

Համաձայն դատարանի մեկնաբանության`«Նշված արտահայտությունները վիրավորանք չեն հանդիսանում, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են գնահատողական դատողություններ, թեկուզեւ քննադատական բնույթի, իսկ միայն արտահայտության քննադատական բնույթի կամ «ցնցող» լինելու հանգամանքը բավարար չէ դրանք որպես վիրավորանք դիտելու համար, առավել եւս, որ գործի քննության ընթացքում չի հիմնավորվել նաեւ այդ արտահայտությունները հատկապես հայցվորի գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված լինելու հանգամանքը»:

Անդրադառնալով հայցի երկրորդ մասին` դատարանը եզրակացրել է , որ «Սալահատակը քանդել են եւ ծածուկ վաճառել» եւ «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են» արտահայտությունները հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ են, որոնք արատավորում են վերջինիս գործարար համբավը եւ չեն համապատասխանում իրականությանը, այսինքն` զրպարտություն են:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տեղեկությունները ներկայացվել են հրապարակայնորեն` դատարանն արձանագրել է. «Հայցվորի վերաբերյալ հետեւյալ փաստացի տվյալները` «Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրեւներից հետո», «սալահատակը քանդել են եւ ծածուկ վաճառել» եւ «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են» արտահայտվել են հրապարակային` 21.06.2011թ. Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ընթացքում հեռարձակված տեսանյութում»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դրանք կրել են արատավորող բնույթ, դատարանը, նախ անդրադարձել է «մսխել» եւ «ծածուկ» բառերի իմաստային նշանակությանը: Դրանք մեկնաբանվել են հետեւյալ կերպ. « «Մսխել» բառը կիրառվում է մասնավորապես հետեւյալ իմաստներով` «ծախսել», «վատնել», «գործածել», «շռայլել»:[8] «Ծածուկ» բառն ի թիվս «թաքուն», «այնպես, որ ուրիշները չտեսնեն», «օտար աչքերից թաքուն», «ուրիշներից թաքուն պահելով» եւ այլնի, ունի նաեւ հետեւյալ իմաստները` «իշխանություններից թաքուն», «ոչ օրինական», «ապօրինի[9]» »։

Հաշվի առնելով վերոնշյալը` դատարանը եզրակացրել է. «36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին», «ծածուկ վաճառել են», «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են» փաստական տվյալների տարածման արդյունքում կողմնակի լսողի մոտ ստեղծվում կամ կարող է ստեղծվել տպավորություն, որ հայցվորն «ապօրինի», «ուրիշներից թաքուն պահելով» վաճառել է այլ անձի` Իջեւան համայնքի սեփականությունը հանդիսացող սալաքարերը, եւ «վատնել» է շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարները, այսինքն` կատարել է ոչ իրավաչափ արարքներ, ինչն անկասկած բացասաբար է անդրադառնում հայցվորի գործարար, մասնագիտական որակների, հատկանիշների վերաբերյալ հասարակությունում ձեւավորված կարծիքի, այսինքն` «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸի գործարար համբավի վրա»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, դատարանը, մասնավորապես, նշել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Նշվածից հետեւում է, որ սալաքարերը հայցվորի կողմից «ծածուկ վաճառելու» եւ շինարարության համար նախատեսված գումարները «մսխելու» փաստի ապացուցման պարտականությունը կրում է այդ տեղեկությունները հրապարակային ներկայացրած անձը, սակայն վերջինս տարածված փաստական տվյալներն իրականությանը համապատասխանելու վերաբերյալ որեւէ ապացույց գործի քննության ընթացքում չի ներկայացրել: Հետեւաբար դատարանը գտնում է, որ «սալահատիկը քանդել եւ ծածուկ վաճառել են» եւ «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են», «36 միլիոն դրամի ծախսման ու մսխման» փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը»:

Այսպիսով, համադրելով վերը նշված երեք պատասխանները, դատարանը եզրակացրել է, որ պատասխանող Նաիրա Խաչիկյանը հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ է ներկայացրել, որոնք արատավորում են վերջինիս գործարար համբավը եւ չեն համապատասխանում իրականությանը, այսինքն` զրպարտություն են:

 

  • Պատշաճ պատասխանող

 

Ինչպես արդեն նշել ենք` սույն քաղաքացիական գործում ներգրավված է երկու պատասխանող` Նաիրա Խաչիկյանը եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն: Հայցվոր «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ` որպես փոխհատուցում զրպարտության համար: Մինչդեռ դատարանը գտել է, որ փոխհատուցման գումարը «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտության կարգով բռնագանձելու պահանջը հիմնավորված չէ, եւ արձանագրել է հետեւյալը. «Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ վերը նշված տեղեկությունները ներկայացվել են Նաիրա Խաչիկյանի կողմից եւ գործում առկա չէ որեւէ ապացույց, որով կհաստատվեր դրանք «Իջեւան ստուդիա» ՍՊԸի կողմից ներկայացվելու կամ տարածելու փաստը: Թեեւ հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում պնդել է, որ «Իջեւան ստուդիա» ՍՊԸն նույն Իջեւանի հեռուստաընկերությունն է, նրա կողմից չի ներկայացվել ապացույց «Իջեւան ստուդիա» ՍՊԸի` Իջեւանի հեռուստաընկերության հիմնադիր կամ հեռարձակող հանդիսանալու վերաբերյալ, ինչը հիմք է տալիս դատարանին եզրահանգելու, որ «Իջեւան ստուդիա» ՍՊԸն պատշաճ պատասխանող չէ, հետեւաբար «Իջեւան ստուդիա» ՍՊԸից համապարտության կարգով փոխհատուցման գումարը բռնագանձելու պահանջը ենթակա է մերժման»:

Դատարանը նշել է, որ հայցվորը չի ներկայացրել ապացույց այն մասին, որ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն նույն` Իջեւանի հեռուստաընկերությունն է, ուստի գտել է, որ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն պատշած պատասխանող չէ: Մինչդեռ դատավարության ընթացքում այդ հանգամանքը քննության առարկա չի դարձրել եւ միայն վճռի պատճառաբանական մասում է անդրադարձել այդ հարցին։

 

  • Փոխհատուցման չափը

 

Փոխհատուցման չափը որոշելիս` դատարանն արձանագրել է, որ Նաիրա Խաչիկյանի գույքային դրության մասին վկայող որեւէ ապացույց գործում առկա չէ: Միաժամանակ դատարանը հաշվի է առել նաեւ այն, որ նույն` Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում, «Լրաբեր» լրատվական ծրագրի 2011 թ. հունիսի 27-ի թողարկման ընթացքում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը եւ աշխատակիցները, ըստ էության, ներկայացրել են իրենց պատասխանը` 2011 թ. հունիսի 21-ի տեսանյութում հնչած տեղեկություների վերաբերյալ։ Նման պայմաններում նույն լսարանը, տեսականորեն, հնարավորություն է ունեցել ծանոթանալու նրանց դիրքորոշմանը եւս: Հաշվի առնելով վերը շարադրվածը` դատարանը վճռել է Նաիրա Խաչիկյանից, հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի, բռնագանձել 50 հազար ՀՀ դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, իսկ մնացած մասով հայցը մերժել:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 11-րդ կետի` փոխհատուցման չափը սահմանելիս` դատարանը պետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության եղանակը եւ տարածման շրջանակը, ինչպես նաեւ` պատասխանողի գույքային դրությունը: Ըստ էության` դատարանը պատասխանողի գույքային դրությունը հաշվի չի առել, քանի որ հենց ինքն է նշել, որ Նաիրա Խաչիկյանի գույքային դրության մասին վկայող որեւէ ապացույց գործում առկա չէ: Տվյալ դեպքում անհասկանալի է, թե դատարանն ինչից ելնելով է հանգել այն եզրակացության, որ փոխհատուցման չափը պետք է լինի 50 հազար դրամ: Դատարանը, փաստորեն հաշվի չի առել, որ վեճի առարկա տեսանյութը հեռարձակվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքով, ուստի տեղեկությունների տարածման շրջանակը լայն է եղել:

Կարծում ենք, այս գործով հայցը պետք է ընդհանրապես մերժվեր, քանի որ, ինչպես նշվել է` «Լրաբեր» լրատվական ծրագրի 2011 թ. հունիսի 27-ի թողարկման ընթացքում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը եւ աշխատակիցները, ըստ էության, ներկայացրել են իրենց պատասխանը` 2011 թ. հունիսի 21-ի տեսանյութում հնչած տեղեկություների վերաբերյալ։ Իսկ ՔՕ 1087.1 հոդվածի 10-րդ կետի համաձայն` անձը չի կարող օգտվել այդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ  կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ (կամ) իր պատասխանի հրապարակում, եւ լրատվամիջոցը կատարել է այդ պահանջը:

 

  • Դատական ծախսեր

 

Հայցվոր կողմը պահանջել էր նաեւ փոխհատուցել փաստաբանական ծախսերը` 200 հազար դրամի չափով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից եւ փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը գործին մաuնակցող անձանց միջեւ բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամաuնորեն:

Հաշվի առնելով վերոգրյալը` դատարանը գտավ, որ «հայցը մասնակի բավարարելու պայմաններում 20 000 դրամը կարող է դիտվել որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ուստի պատասխանող Նաիրա Խաչիկյանից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 20 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության եւ 1500 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»:

Թե ինչ տրամաբանությամբ է դատարանը 20 հազար դրամը համարել փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, դժվար է ասել: Անդրադառնալով պետական տուրքի հարցին` պետք է նշել, որ հայցը ներկայացնելիս` հայցվորը վճարել էր 64 հազար ՀՀ դրամ` որպես պետական տուրք: Օրենքով սահմանված է ընդհանուր իրավասության դատարանում քննության համար գույքային պահանջի դեպքում պետտուրք վճարել հայցապահանջի գնի 2 տոկոսի չափով, իսկ ոչ նյութականի դեպքում` 4000 դրամ:

Այսպիսով` հայցվորը, պահանջելով 3 միլիոն ՀՀ դրամ` որպես փոխհատուցում վիրավորանքի եւ զրպարտության համար, վճարել էր այդ գումարի 2 տոկոսը` որպես պետտուրք, այն է` 60  հազար ՀՀ դրամ: Վճարել էր նաեւ ոչ նյութական պահանջի համար սահմանված պետտուրքը` 4000 ՀՀ դրամ: Դատարանն այս հարցին չի անդրադարձել եւ վճռել է պատասխանողից, հօգուտ հայցվորի, բռնագանձել 1500 ՀՀ դրամ` առանց մանրամասնելու, թե ինչպես է այդ գումարը հաշվարկվել:

 

 

Դատական գործ` ՇԴ/1469/02/11, «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն ընդդեմ «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանի

 

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը 2011 թ. օգոստոսի 9-ին հայց ներկայացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի։ Հայցվորը վիրավորական էր համարում «Asparez.am» կայքում 2011 թ. հունիսին հրապարակված՝ «Կան բաներ, որ չեն ներվում», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու» հոդվածներում տեղ գտած տեղեկությունները, որոնք վերաբերում էին Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրուց Երեւան տեղափոխելուն: Հայցապահանջներն էին՝ պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու Արման Ավետիսյանից՝ զրպարտության եւ վիրավորանքի համար, ակումբի պաշտոնական կայքում հրապարակելու դատարանի վճիռը, ինչպես նաեւ` պատասխանողից բռնագանձել 2 մլն դրամ փոխհատուցում (500 000 դրամը` վիրավորանքի, 1 500 000 դրամը` զրպարտության համար), եւս 200 000 դրամ՝ դատական ծախսերի դիմաց:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի` 2011 թ. օգոստոսի 12-ի որոշմամբ։ Քաղաքացիական այս գործով կայացել է 3 նախնական դատական նիստ: 2011 թ. նոյեմբերի 1-ին գործը մտել է դատաքննության փուլ, որն ընթացել է 15 դատական նիստով: 2012 թ. հուլիսի 11-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի` հայցը մերժվեց:

2012 թ. օգոստոսի 14-ին հայցվոր կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը նույն թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ վերադարձվել է՝ պետական տուրքն ամբողջությամբ վճարած չլինելու հիմքով: Սեպտեմբերի 12-ին բողոքը կրկին ներկայացվել է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդության հետ մեկտեղ: Սեպտեմբերի 14-ին բողոքն ընդունվել է վարույթ: Այն, սակայն, նույնպես մերժվել է` ՀՀ վերաքննիչ դատարանի 2012 թ. նոյեմբերի 22-ի որոշմամբ:

Ըստ գործի փաստերի՝ երեք վիճահարույց հոդվածները հրապարակվել են հետեւյալ հերթականությամբ. «Կան բաներ, որ չեն ներվում» վերնագրով հոդվածը՝ 2011թ. հունիսի 11-ին, «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով» վերնագրով հոդվածը՝ 2011թ. հունիսի 15-ին, եւ վերջին՝ «Ընտանեկան կապալին էին հարվածելու» վերնագրով հոդվածը՝ 2011թ. հունիսի 16-ին: 2011թ. հունիսի 23-ին Արման Ավետիսյանը նամակ է ուղարկել Լեւոն Բարսեղյանին` պահանջելով տպագրել հերքում կամ հրապարակել իր նամակի բովանդակությունը՝ որպես պատասխան: Լեւոն Բարսեղյանը Ա. Ավետիսյանի ուղարկած տեքստը հրապարակել է 2011թ. հունիսի 30-ին:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Նշված հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով: Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու եւ իր պատասխանը հրապարակելու հայցով»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի համաձայն` «Վիրավորանքի եւ զարպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զպարտություն համարվող փաստացի տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել սույն հոդվածով սահմանված չափով: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ անձը չի կարող օգտվել 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ (կամ) իր պատասխանի հրապարակում, եւ լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը»:

Այսպիսով` չնայած այն բանին, որ պատասխանողը, արձագանքելով Արման Ավետիսյանի պահանջին, հրապարակել է վերջինիս ուղարկած պատասխանի տեքստը, այդուհանդերձ, նրա դեմ հայց է ներկայացվել: Այս հանգամանքին, սակայն, դատարանն իր վճռում չի անդրադարձել:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Դատարանն այս գործով հարկ չի համարել անդրադառնալու նաեւ խնդրո առարկա հոդվածում տեղ գտած տեղեկությունների արատավորող բնույթին։ Ինչպես եւ ԵԿԴ/2374/02/10[10] գործով վճիռ կայացնելիս` հաշվի է առել միայն վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով հայցային վաղեմության ժամկետը:

Հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետին` դատարանն արձանագրել է, որ վիրավորանքի եւ զրպարտության համար
հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ. հունիսի 23-ին Արման Ավետիսյանը նամակ է ուղարկել Լեւն Բարսեղյանին, որով վերը նշված հոդվածներում նշված տեղեկությունները գնահատել է որպես իրականությանը չհամապատասխանող եւ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ՝ պահանջելով հերքում կամ պատասխան հրապարակել` դատարանը արձանագրել է, որ հայցվորին իր իրավունքի հնարավոր խախտման մասին հայտնի է դարձել առնվազն 2011թ. հունիսի 23-ին: Բացի այդ՝ Ա. Ավետիսյանի պահանջով նրա նամակը, որպես նրա վերաբերյալ հրապարակված տեղեկությունների պատասխան, www.asparez.am ինտերնետային կայքում հրապարակվել է 2011թ. հունիսի 30-ին, որի մասին հայցվոր Ա. Ավետիսյանը տեղեկացել է 2011թ. հուլիսի 2-ին: Այսինքն՝ 2011թ. հուլիսի 2-ը այն անվիճելի ժամկետն է, որից սկսվում է հայցային վաղեմության հոսքը, եւ հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության պահանջով հայց կարող էր ներկայացնել դատարան՝ սկսած 2011թ. հուլիսի 2-ից մեկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ 2011թ. օգոստոսի 2-ը: Մինչդեռ հայցը դատարան է ներկայացվել 2011թ. օգոստոսի 4-ին:

Վերը նշվածից ելնելով՝ դատարանը գտել է, որ հայցվոր Ա.Ավետիսյանը բաց է թողել հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, ինչը հիմք է հանդիսացել հայցը մերժելու համար:

Հայցվոր կողմի այն պատճառաբանությանը, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասով սահմանված է հայցային վաղեմության ոչ թե մեկամսյա, այլ՝ վեցամսյա ժամկետ, եւ հայցվորը հայցային վաղեմության ժամկետը բաց չի թողել, դատարանն անհիմն է համարել:

Հայցային վաղեմության խնդրին է անդրադարձել նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանը: Վերջինս բողոք բերած անձի փաստարկների հիմնավորվածությունը եւ դատարանի պատճառաբանության ու եզրահանգման իրավաչափությունն անհրաժեշտ է համարել գնահատելու` հղում կատարելով Վճռաբեկ դատարանի` 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած ակտով[11] արտահայտած դիրքորոշմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմնվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետին, եզրակացրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու ոչ ուշ, քան մինչեւ վիրավորանքի կամ զրպարտության պահից 6 ամիս լրանալը` դրանում ներառելով նաեւ զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Դատարանը անհրաժեշտ է համարել նշել նաեւ, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետեւաբար՝ բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնում հայցային վաղեմության ժամկետը:

 

  • Դատավարական գործողությունների կատարման ժամկետը

 

Դատավարությունը տեւել է 2011 թ. սեպտեմբերի 9-ից մինչեւ 2012 թ. հուլիսի 11-ը: Այն ընթացել է նախապատրաստական փուլով: Կայացել է 3 նախնական դատական նիստ, ինչից հետո գործը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 15 դատական նիստ, ինչը կարելի է համարել դատավարական նորմերի խախտում: ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 111-ի համաձայն`գործը պետք է քննվի եւ վճիռ կայացվի դատարանի կողմից հայցադիմումն ընդունելու օրվանից ողջամիտ ժամկետում:

Բացի դրանից՝ նույն օրենսգրքի հոդված 1498 -ի համաձայն՝ դատավորը, արդյունավետ դատաքննություն իրականացնելու համար, կարող է հրավիրել նախնական դատական նիստ, որի ընթացքում հնարավոր կլինի պարզել հայցի առարկան եւ հիմքը, գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցների կազմը: Նախնական դատական նիստերի ընթացքում դատարանը կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը եւ ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջեւ բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաեւ սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն եւ գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը, որոշում է ապացույցների հետազոտման կարգը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1499-ի համաձայն` դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:

Սա նշանակում է, որ նախնական դատական նիստերի ընթացքում պետք է նախապատրաստվեն դատաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ ապացույցները, իսկ դատաքննության ժամանակ պետք է ուսումնասիրվեն արդեն իսկ ներկայացված ապացույցները: Նախապատրաստական փուլն, ըստ էության, կազմակերպվում է նրա համար, որ դատաքննությունն անց կացվի մեկ կամ երկու նիստով: Մինչդեռ սույն հայցով դատաքննությունն իրականացել է 15 դատական նիստով:

 

 

Դատական գործ` ԵԱՔԴ/1539/02/11. Վլադիմիր Բաղդասարյանն ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության

 

«Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանություն» կրոնական կազմակերպության Սեւանի տեղական միավորի առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանը 2011 թ. օգոստոսի 12-ին Երեւանի Արաբկիր եւ ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց՝ ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության` խնդրելով պարտավորեցնել հեռուստաընկերությանը հերքելու «Հորիզոն» լրատվական ծրագրի մայիսի եւ հունիսի մի շարք հաղորդումներով տարածված տեղեկատվությունն առ այն, որ Բաղդասարյանը 2010 թ. նոյեմբերի 10-ին խոչընդոտել է «Շանթ» ՀԸ նկարահանող խմբի աշխատանքներին: Հայցվորը նաեւ պահանջում էր պատասխան հրապարակել՝ իր կողմից հիշատակված անճշտության վերաբերյալ:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի` 2011 թ. օգոստոսի 12-ի որոշմամբ։ Քաղաքացիական այս գործով կայացել է 2 դատական նիստ: 2011 թ. դեկտեմբերի 20-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի` հայցը մերժվեց:

2012 թ. հունվարի 23-ին հայցվոր կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը նույն թվականի մարտի 22-ի որոշմամբ՝ մերժվել է: Ապրիլի 20-ին Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում, որը հունիսի 20-ին վերադարձրել է բողոքը:

Վիճարկվող տեսանյութերը ցուցադրվել են «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում 2011թ. մայիսի 27-ի, հունիսի 6-ի եւ հունիսի 14-ի հաղորդումների ընթացքում: Դրանցում, մասնավորապես, խոսվել է այն մասին, որ Վլադիմիր Բաղդասարյանը խոչընդոտել է «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքներին, լուսաբանվել է վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի առիթ դարձած միջադեպը տեղի է ունեցել 2010 թ. նոյեմբերի 10-ին, երբ «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը` ի դեմս լրագրող Արփի Սուքիասյանի եւ օպերատոր Էդուարդ Պետրոսյանի, մեկնել է Սեւան` ռեպորտաժ պատրաստելու նպատակով: Նրանք մուտք են գործել որեւէ ցուցանակ չունեցող նախկին կինոթատրոնի շենք, որը, ինչպես հետագայում պարզվել է, վերը նշված կրոնական կազմակերպության անդամների հավաքատեղին է, իսկ դրա մեկ հարկը կազմակերպության առաջնորդի եւ երկու այլ անդամների մասնավոր սեփականությունն է: Երբ նկարահանող խումբը սկսել է աշխատել, ընդառաջ է եկել կազմակերպության առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանը՝ շենքից դուրս գալու պահանջ ներկայացնելով: Վերջինս ձեռքով հարվածել է օպերատորի դեմքին եւ թույլ չի տվել նկարահանումներ կատարել:

Դեպքի առիթով 2010 թ. դեկտեմբերի 24-ին հարուցված քրեական գործով Վլադիմիր Բաղդասարյանը մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի օրինական մասնագիտական գործունեության  խոչընդոտում) եւ պարտավորվել վճարելու 200 000 դրամ տուգանք: Դատարանի կիրառած համաներման ակտով վերջինս ազատվել էր տուգանք վճարելուց:

Հաղորդման ժամանակ նաեւ ցուցադրվել են հայցվորի մասնակցությամբ կադրեր, որոնք առնչվում էին միջադեպին, թեեւ, ըստ հայցվորի, ինքը երբեւէ իր համաձայնությունը չի տվել իրեն նկարահանելու եւ առավել եւս եթերով ցուցադրելու համար: Այդ ժամանակ գործը եղել է դատաքննության փուլում, հայցվորի վերաբերյալ չկար օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որը կհաստատեր, թե հայցվորն իրոք խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը: Բաղդասարյանն, այսպիսով, համարում է, որ հիշյալ հաղորդումներով «Շանթ» հեռուստաընկերությունը խախտել է անմեղության կանխավարկածը:

2011թ. հունիսի 23-ին հայցվորը դիմել է «Շանթ» հեռուստաընկերություն` խնդրելով հերքել «Հորիզոն» լրատվական ծրագրի 2011թ. մայիսի 27-ի, հունիսի 6-ի եւ հունիսի 14-ի հաղորդումներում հնչած անճշտությունները եւ հետագայում զերծ մնալ իր մասնակցությամբ տեսաձայնագրված տեղեկատվության տարածումից` առանց հայցվորի համաձայնության: ՀԸ-ից պատասխան չստանալով` Բաղդասարյանը դիմել է դատարան:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Հայցվորն, ըստ էության, խախտել է հայցային վաղեմության ժամկետը: Այսուհանդերձ, դատարանն այդ հանգամանքին չի անդրադարձել: Հաշվի առնելով, որ 2011թ. հունիսի 23-ին Վլադիմիր Բաղդասարյանը դիմել է «Շանթ» հեռուստաընկերություն` խնդրելով հերքել «Հորիզոն» լրատվական ծրագրի հաղորդումներով տարածված տեղեկությունները` կարելի է եզրակացնել, որ հայցվորին իր իրավունքի հնարավոր խախտման մասին հայտնի է դարձել առնվազն այդ օրը:

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջելու հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:

Փաստորեն՝ 2011 թ. հունիսի 23-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Բաղդասարյանը պետք է պատասխան ակնկալեր «Շանթ» հեռուստաընկերությունից: Այսինքն՝ 2011 թ. հուլիսի 1-ը այն ժամկետն է, որից սկսվում է հայցային վաղեմության հոսքը, եւ հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության պահանջով հայց կարող էր ներկայացնել դատարան՝ սկսած 2011թ. հուլիսի 1-ից՝ մեկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ 2011թ. օգոստոսի 1-ը: Մինչդեռ հայցը դատարան է ներկայացվել 2011թ. օգոստոսի 12-ին:

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակայնորեն ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Դատարանը, ուսումնասիրելով «Հորիզոն» լրատվական ծրագրի 2011թ. մայիսի 27-ի, հունիսի 6-ի եւ հունիսի 14-ի թողարկումների տեսագրությունները, հանգեց այն հետեւության, որ պատասխանողի կողմից ամենեւին էլ չի խախտվել հայցվորի անմեղության կանխավարկածը, քանի որ հանրությանը հրապարակայնորեն չի ներկայացվել այնպիսի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է նրա պատիվը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում:

Այս կապակցությամբ դատարանն արձանագրել է, որ նշված ժամանակահատվածում հայցվորի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Վլադիմիր Բաղդասարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով, այն է` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը:

Գործի քննության ընթացքին հետեւել են «Շանթ» հեռուստաընկերության լրագրողները եւ դատական նիստերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրել հանրությանը՝ միայն փաստերով եւ օբյեկտիվ: Ավելին՝ ներկայացված տեսանյութը չի խախտել ինչպես հայցվորի, այնպես էլ այլ անձանց իրավունքները, քանի որ «Հորիզոն» լրատվական ծրագրի 2011թ. մայիսի 27-ի հաղորդման ընթացքում ընդհանրապես չի խոսվել հայցվորի մասին եւ նույնիսկ նրա անունը չի հնչել եթերից, ուստի նշված հաղորդման ժամանակ չի խախտվել վերջինիս անմեղության կանխավարկածը:

Ուսումնասիրելով լրատվական ծրագրի տեսագրությունները` դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի կողմից բացառապես իրականացվել է իր մասնագիտական գործունեությունը, դատաքննության ընթացքը լուսաբանելիս՝ թույլ չի տրվել հայցվորի անձի հետ կապված որեւէ գաղտնիքի տարածում կամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արարք: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` հայցը մերժվել է:

Քննելով հայցվորի բողոքը` Վերաքննիչ դատարանը նույնպես հանգել է այն եզրակացության, որ Բաղդասարյանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել, եւ հեռուստաընկերությունն իր թողարկումներում ներկայացրել է այնպիսի տեղեկատվություն, որը համապատասխանում է իրականությունը եւ զրպարտություն համարվել չի կարող:

 

 

Դատական գործ` ԵԱՔԴ/1751/02/11. Արամ Չատինյանն ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի

 

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արամ Չատինյանը  2011 թ. սեպտեմբերի 5-ին հայց ներկայացրեց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի։

Վիճարկվող տեղեկությունները տարածվել էին «Առավոտ» օրաթերթի 2011 թ. օգոստոսի 24-ի համարում։Դրանք վերաբերում էին Չատինյանի եղբոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն։ Հայցվորը պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։Հայցադիմումը վարույթ էր ընդունվել ընդհանուր իրավասության դատարանի` 2011 թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ եւ նշանակվել էր նախնական դատական նիստ` գործը դատաքննության նախապատրաստելու համար: Հերթական դատական նիստը նշանակված էր մարտի 23-ին, սակայն Արամ Չատինյանն իր պահանջից հրաժարվեց։

Դատարանն այս քաղաքացիական գործի վարույթը կարճեց 2012 թ. մարտի 29-ի վճռով`  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով, համաձայն որի՝ ի թիվս այլ դեպքերի դատարանը գործի վարույթը կարճում է, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Իսկ ըստ նույն օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի` հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչեւ դատաքննության ավարտը։

 

Դատական գործ `ԼԴ/0628/02/11. Վանո Եղիազարյանն ընդդեմ լրագրող Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ` «Հետք» շաբաթաթերթի հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ

 

Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը 2011 թ. սեպտեմբերի 5-ին հայց  ներկայացրեց նույն մարզի ընդհանուր իրավասության դատարան (Վանաձորի նստավայր)` ընդդեմ լրագրող Ադրինե Թորոսյանի։ Գործով երրորդ անձ էր ներգրավված «Հետք» շաբաթաթերթի հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։

Համաձայն սույն գործի փաստերի` 2011 թ. օգոստոսի 23-ին «Հետք» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակում տեղադրվել է Ադրինե Թորոսյանի հեղինակած` «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագրով հոդվածը, որտեղ, ըստ հայցվորի, տեղ են գտել իրեն վիրավորող արտահայտություններ։ Ուստի վերջինս պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքելու վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, «Հետք» շաբաթաթերթի միջոցով ներողություն խնդրելու իրենից, ինչպես եւ` պատասխանողից  հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ, եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածով նախատեսված դատական ծախսերը։ Հայցվորը պահանջում էր «Հետք» շաբաթաթերթում տպագրել հետեւյալ տեքստը. «Ես` Ադրինե Վարդանի Թորոսյանս, ներողություն եմ խնդրում Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանից 2011 թվի օգոստոսի 23-ին «Հետք» թերթում` «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» հոդվածի վերնագրով նրա անձն անվանարկելու համար, քանի որ գյուղապետին զրպարտել եմ հետեւյալ տեղեկություններով. «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագիրը զրպարտություն է, քանի որ գյուղապետը պահանջել է «արածել» բառի համար միայն ներողություն խնդրել, ինչը վճռով բավարարվել է, «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար` 2 միլիոն դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը: Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով» մեջբերումը լրագրող Ադրինե Թորոսյանի կողմից կատարված զրպարտություն է, քանի որ գյուղապետի պահանջը Գ. Մելքոնյանից եղել է հերքել զրպարտությունները եւ ներողություն խնդրել վիրավորանքի համար, վճարել միայն դատական ծախսերը, «…չնայած ինքը` գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված» մեջբերումը զրպարտություն է, քանի որ հայցադիմումի մեջ նման բան չկա»:

Դատարանի` 2011 թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ Վանո Եղիազարյանի հայցադիմումը վերադարձվել է` պետտուրքն ամբողջությամբ չվճարելու հիմքով (մանրամասները ստորեւ` համապատասխան բաժնում):

2011 թ. սեպտեմբերի 16-ին Վանո Եղիազարյանը, վճարելով պահանջվող պետտուրքը, կրկին ներկայացրել է հայցադիմումը, որը դատարանի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Սույն քաղաքացիական գործով կայացել է 3 նախնական դատական նիստ: 2012 թ. մարտի 23-ին գործը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 5 դատական նիստ: 2012 թ. մայիսի 29-ին հրապարակվել է դատարանի վճիռը, որով հայցը մերժվել է:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Դատարանը, անդրադառնալով հոդվածում առկա այն արտահայտություններին, որոնք հայցվորը դիտել է որպես վիրավորանք եւ զրպարտություն, հանգել է հետեւյալ եզրակացության. «Հոդվածի «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագիրը դատարանը զրպարտություն չի դիտում, քանի որ նշված արտահայտության մեջ ներկայացված չեն հայցվորի անձի վերաբերյալ փաստացի տվյալներ, ներկայացվածն իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն վերացական է: Բացի այդ, նշված հոդվածի վերնագիրն իրականում չի արատավորում եւ չի էլ կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, քանի որ համաձայն դատարանի թիվ ԼԴ/0748/02/10 քաղաքացիական գործով 08.07.2011 թվականին հրապարակած վճռի` նշված գործով հայցվորը` Վ. Եղիազարյանը, երկու անգամ դիմելով դատարան, պահանջել է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Գեւորգ Սուլեյմանի Մելքոնյանին հրապարակային ներողություն խնդրել Վ. Եղիազարյանից լրատվության նույն միջոցով եւ Գ. Մելքոնյանից հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ Գեւորգ Սուլեյմանի Մելքոնյանից հօգուտ իրեն` Վ. Եղիազարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածով նախատեսված դատական ծախսերը, բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա: Այսինքն, անգամ նման հանգամանքից ելնելով պատասխանողի մոտ կարող էր կարծիք ձեւավորվել, որ հայցվորն ինքը եւս իր հասցեին կատարված արտահայտության համար պատասխանատվության ողջամիտ չափ, ի թիվս այլ միջոցների, համարել է նաեւ նշված չափով գումարի բռնագանձման հնարավորությունը»:

Դատարանը, ըստ էության, լրագրողի` «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» արտահայտությունը համարել է գնահատող դատողություն, սակայն խուսափել է «գնահատող դատողություն» եզրույթն օգտագործելուց եւ գործածել է «կարծիք» բառը: Հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԼԴ/0749/02/10[12] եւ թիվ ԵԿԴ/2293/02/10[13] գործերի առնչությամբ ներկայացված մեկնաբանություններին, նա արդարացիորեն եզրակացրել է, որ «հայցը բավարարվել է մասնակի» արտահայտությունն իրականում չի կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Շարունակելով իր եզրահանգումները` դատարանը գտել է, որ «լրագրողի հոդվածից մեջբերված արտահայտություններից մեկն էլ` «Մենք ուզում ենք իմանալ` ըդտեղ արածողը Սամվե՞լն ա լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին», գյուղապետ Վ. Եղիազարյանը որակել է վիրավորական` չնայած ինքը` գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես «հռետորական հարց է տրված»… Դատարանը գտնում է, որ նշված միտքը չի կարող համարվել ոչ զրպարտություն, եւ ոչ էլ վիրավորանք, քանի որ չի արատավորում եւ չի էլ կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Լրագրողի չհամաձայնվելը հայցվորի հետ որեւէ հարցի կապակցությամբ չի կարող դիտվել վիրավորանք ուղղված հենց հայցվորի դեմ, քանի որ լրագրողը, իհարկե որոշակի թերություններով, ընդամենը լուսաբանել է դատարանում քննված գործը` այդ հարցի վերաբերյալ տեղեկացնելով հասարակությունը»:

 

  • Լրագրողական բացթողումներ

 

Դատարանը, անդրադառնալով հայցվորի այն դիրքորոշմանը, թե պատասխանողը խախտել է լրագրողական էթիկայի նորմերը, անհրաժեշտ է համարել արձանագրել, որ լրագրողը հոդվածում, իսկապես, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ` նշելով, թե դատարանը հայցվորի հայցը բավարարել է մասնակի, հայցվորը հայցադիմումում պատասխանող կողմի հարցը որակել է որպես «հռետորական», ինչն ինքը` պատասխանողը, որակել է որպես իրավաբանական գիտելիքների բացակայության եւ անփութության արդյունք: Այս առումով դատարանը գտել է, որ լրագրողը, մինչ հոդվածը հրապարակման ներկայացնելը եւ հանրությանը տեղեկություններ մատուցելը, պարտավոր էր ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք իրեն հնարավորություն կտային հավաստիանալու, որ հոդվածում շարադրվող տվյալները համապատասխանում են իրականությանը: Նա պետք է հանգամանորեն ուսումնասիրեր այն քաղաքացիական գործով կայացված դատական ակտը, որի վերաբերյալ հոդված էր հեղինակելու, ծանոթանար դրա բովանդակությանը, անհրաժեշտության դեպքում` խորհրդակցեր մասնագետների հետ, որից հետո միայն բարեխղճորեն եւ հավասարակշռված ներկայացներ տվյալները, ինչը չի կատարել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ խոսքի ազատությունը կիրառող անձինք, այդ թվում` լրագրողները, ունեն պարտականություններ ու պատասխանատվություն, որոնց շրջանակը պայմանավորված է իրենց վիճակով ու օգտագործած տեխնիկայի միջոցներով[14]։ Նրանք պետք է գործեն լրագրության էթիկայի կանոններին համապատասխան` բարեխղճորեն կատարեն ճիշտ եւ հավաստի տեղեկություններ տրամադրելու իրենց առաքելությունը[15]: Եվրոպական դատարանը գտել է, որ պարտականությունների եւ պատասխանատվության պահպանումն անքակտելի է խոսքի ազատությունից։ Ընդհանուր շահի խնդիրների հրապարակման առնչությամբ` Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված լրագրողների պաշտպանությունը կատարվում է այն պայմանով, որ վերջիններս գործեն բարեխղճորեն` ապահովելով ստույգ եւ վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկային համապատասխան:

 

  • Պետական տուրքի չափը

 

Դատական ծախսի հարցը լուծելիս` դատարանը ելնում է այն հանգամանքից, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի` դատական ծախսերը գործին մասնակցող անձերի միջեւ բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Հաշվի առնելով, որ հայցվորն ամբողջությամբ վճարել է պետտուրքի գումարը, դատական ծախսերի հարցը` պետտուրքի մասով, համարվել է լուծված (հայցադիմումը մասնակիորեն մերժելու եւ գործի վարույթը պահանջի մի մասով կարճելու պայմաններում):

Վանո Եղիազարյանը, հայցը ներկայացնելիս, վճարել էր 4000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական պահանջի համար օրենքով պահանջվող պետական տուրք: Այնինչ, նրա ոչ նյութական պահանջները երկուսն էին` ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտող տեղեկությունները: Հետեւաբար, հայցվորը պետք է վճարած լիներ 8 000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք: Դատարանը, սակայն, այս հանգամանքին չի անդրադարձել:

 

  • Փաստաբանի վարձատրության չափը

 

Փաստաբանի ողջամիտ վարձատրության գումարի բռնագանձման առնչությամբ` դատարանը հաշվի է առել գործի բարդության աստիճանը, փաստաբանների` ընդամենը երեք դատական նիստի մասնակցելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ սույն գործով պատասխանողի գույքային դրությունը հնարավորություն չէր տա նրան` փաստաբաններին վճարելու իր ութ ամսվա վաստակը։ Ոստի դատարանը գտել է, որ գյուղապետից, հօգուտ Ադրինե Թորոսյանի, ենթակա է բռնագանձման 150 հազար դրամի չափով փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

 

 

Դատական գործ ՝ ԼԴ/0656/02/11.  Թերեզա Շահվերդյանն  ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթի

 

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը 2011 թ. սեպտեմբերի 8-ին հայցով դիմեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով՝ խնդրելով  պարտավորեցնել լրագրող Ադրինե Թորոսյանին «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ դատական ծախսերը։ Դատարանի` 2011 թ. սեպտեմբերի 12-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Հայցադիմումում հայցվորը նշել է, որ 2011թ. մայիսի 13-ին «Հետք» թերթում տպագրված՝ «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» հոդվածում տեղ է գտել հետեւյալ զրպարտությունը. «Դեպքերի հետագա զարգացմամբ՝ 2011 թ. ապրիլի 1-ին հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի մայրը՝ մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտարարություն տվել, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը շուրջ 2 տարի սպանության սպառնալիքներ է տալիս Լուսինե Սարգսյանի հասցեին»:

Նույն թվականի դեկտեմբերին, իբրեւ հայցադիմումի լրացում, հայցվորը լրագրողին նախկին 2 միլիոն դրամի փոխարեն  200 հազար դրամի  պահանջ է ներկայացրել։ Ի դեպ՝ գույքային պահանջի փոփոխությունը նա հիմնավորել է Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայցապահանջից հանվել է դատական ծախսը լրագրողից բռնագանձելու սկզբնական պահանջը: Սակայն ավելացվել է նորը` պարտավորեցնել լրագրողին «Հետք» թերթում ներողություն խնդրել դեկանից:

Ներկայացվել է նաեւ հերքման տեքստը:

2012 թ. հոկտեմբերի 23-ին հայցվորը հայցից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց  դատարան: Վերջինս այս քաղաքացիական գործի վարույթը կարճեց 2012 թ. նոյեմբերի 2-ի վճռով`  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով, համաձայն որի՝ ի թիվս այլ դեպքերի, դատարանը գործի վարույթը կարճում է, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Իսկ ըստ նույն օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի` հայցվորն առաջին ատյանի դատարանում հայցից կարող է հրաժարվել՝ մինչեւ դատաքննության ավարտը։

Դատարանը, անդրադառնալով դատական ծախսերին, գտել է, որ պատասխանող Թորոսյանի կողմից փաստաբանական ծառայության համար պահանջված 300 000 դրամը, ելնելով գործի բարդությունից եւ քննության ծավալից, ողջամիտ չէ եւ հայցվոր Շահվերդյանից, հօգուտ պատասխանող Թորոսյանի, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ենթակա է բռնագանձելու պատասխանողի կողմից «Եգոր սիստեմ» ՍՊԸ-ին ըստ անդորրագրերի արդեն վճարված 185.000 դրամ գումարը:

  • Պետական տուրքի չափը եւ հայցը դատարանի վարույթ ընդունելու մասին որոշման օրինականությունը

 

Թեեւ սույն գործի վարույթը կարճվել է, սակայն անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հայցը դատարանի վարույթ ընդունելու օրինականությանը։

Հայցվորը դատարանին ի սկզբանե ներկայացրել է հայցադիմում, ուր մեկտեղված էին տարբեր տեսակի պահանջներ. գույքային՝ 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու մասին եւ ոչ գույքային՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու մասին։ Նկատի ունենալով, որ հայցվորը նախապես վճարել է միայն 4000 դրամը, եւ ոչ թե՝ նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայցագնի 2 տոկոսը, ինչպես եւ չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու եւ դրան վերջնական դատական ակտով անդրադառնալու միջնորդություն` կարելի է եզրակացնել, որ հայցը վարույթ է ընդունվել օրենսդրության խախտմամբ:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2427/02/11. Բենիկ Հարությունյանն ընդդեմ  «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸի   

 

Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի  տնօրեն Բենիկ Հարությունյանը 2011 թ. հոկտեմբերի 10-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ  «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի` վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքում հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Ըստ հայցվորի` «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. սեպտեմբերի 9-ի թիվ 151-ում տպագրվել է տեղեկատվություն` «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերնագրով եւ հայցվորի լուսանկարով: Հոդվածի հեղինակը որպես փաստ ներկայացրել է հետեւյալը. «ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ծագումով ղարաբաղցի, Սերժ Սարգսյանի մտերիմ, տնօրեն Բենիկ Հարությունյանին մեղադրում է խարդախության մեջ: Նույն պահանջով նա դիմել է նաեւ դատախազություն, որը կարճել է խարդախության մեղադրանքով Բենիկ Հարությունյանի նկատամբ քրեական գործ հարուցելու նրա դիմումը: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Նունեի ընկերներից Արեւշատը, Հրազդանի քննչականի պետը, ով «Բենիկի վարորդի ախպերն է», պատճառաբանել է, թե գործը քաղաքացիաիրավական բնույթի է: Հետաքրքիր է, թե ինչու այդ դեպքում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եւ 130 գիտական աշխատանքների եւ գյուտերի հեղինակ (անգամ գիտության եւ արվեստի ասպետի կոչում ունեցող) Բենիկ Հարությունյանի մասին ստահոդ տեղեկություններ տարածող Նունե Սերոբյանի նկատմամբ սուտ մատնության մեղադրանքով քրեական գործ չեն հարուցում»:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի` 2011 թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ։ Գործով նշանակվել է նախնական դատական նիստ: 2011 թ. նոյեմբերի 18-ին հայցվորը ներկայացրել է հայցապահանջն ավելացնելու մասին դիմում, որով խնդրել է պատասխանողին պարտավորեցնել հերքելու` «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 179-ում (19.10.2011թ.) տպագրված «Բենիկից շարունակում են դժգոհել» հոդվածի տվյալները:

2012 թ. մարտի 12-ին դատարանն ստացել է հայցվորի դիմումը, որով վերջինս հրաժարվել է հայցից եւ խնդրել կարճել քաղաքացիական գործի վարույթը: Գործի դատաքննությունն ավարտվել է 2012 թ. ապրիլի 10-ին եւ ապրիլի 20-ին նշանակվել է վճռի հրապարակման օր: Նշված օրը հրապարակված վճռի համաձայն` թիվ ԵԿԴ/2427/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

 

 

Դատական գործԳԴ/0241/02/11.  Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸի եւ Աննա Թորոսյանի

 

Նվեր Պողոսյանը (այն ժամանակվա` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ) 2011 թ. հոկտեմբերի 11-ին հայց ներկայացրեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ եւ Աննա Թորոսյանի` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին: Դատարանի` 2011 թ. հոկտեմբերի12-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։  2011 թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվել է դատաքննություն:

Ըստ հայցվորի` «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. հոկտեմբերի 7-ի համարում (թիվ 171) հրապարակվել է «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածը, որտեղ ներկայացված ակնհայտ անհիմն մեղադրանքներն արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը: Մասնավորապես` հոդվածում առկա է հետեւյալ տեղեկությունը. «Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել՝ մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի՝ մրցույթում հաղթանակ պարգեւելու համար, այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց մրցույթի մյուս մասնակից Աննա Թորոսյանը….»։

Ըստ հայցվորի` հոդվածում տեղ գտած այս տեղեկությունը մտացածին է, չի համապատասխանում իրականությանը, ուղղակիորեն արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը, հետեւաբար` ենթակա է հերքման: Հայցվորը դատարանին խնդրել է. «1. Պարտավորեցնել Պատասխանողներ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը եւ Աննա Թորոսյանին հերքելու «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում զրպարտություն համարվող, Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ հերքումը տպագրել նույն շաբաթաթերթում, այնպես, որ Հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափը ու տեսակը չզիջի «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածի տեղեկատվությանը:

2. Պատասխանող «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Հայցվոր Նվեր Պողոսյանի բռնագանձել 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցման գումար:

3. Պատասխանող «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Հայցվոր Նվեր Պողոսյանի բռնագանձել 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես դատական ծախս՝ խախտված իրավունքները վերականգնելու համար փաստաբանների վարձատրության համար վճարման ենթակա գումար, ինչպես նան՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը»:

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի ներկայացրած դիրքորոշմամբ` քանի որ Նվեր Պողոսյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը հոդվածում ներկայացրել է Աննա Թորոսյանի հայտնած փաստերը, ուստի դրանց ապացուցման պարտականությունը կրում է վերջինս`ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի պահանջների համաձայն։ Հաշվի առնելով այն, որ Նվեր Պողոսյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ տեղեկատվություն տարածելիս եւ համապատասխան եզրակացություններ կատարելիս` «Ժողովուրդ» օրաթերթը հոդվածում բառացիորեն վերարտադրել է ինչպես Աննա Թորոսյանի, այնպես էլ` Նվեր Պողոսյանի խոսքերը` «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներից հետեւում է, որ «Ժողովուրդը» Նվեր Պողոսյանին չի զրպարտել եւ ազատվում է նրա կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ տեղեկության տարածման պատասխանատվությունից:

2011 թ. նոյեմբերի 30-ին «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն, պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան եւ խնդրել է. «1. Նվեր Պողոսյանից հօգուտ «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊ ընկերության բռնագանձել 1 (մեկ) լումա՝ մամուլի միջոցներով «Ժողովուրդ»-ի (խմբագիր Թագուհի Թովմասյանի եւ աշխատակազմի) պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու (վիրավորելու եւ զրպարտելու) համար: Նշված գումարի բռնագանձումը տարածել Նվեր Պողոսյանին պատկանող դրամական միջոցների եւ անշարժ գույքի վրա:

2. Պարտավորեցնել Նվեր Պողոսյանին մամուլի բոլոր այն միջոցներում, որոնք տպագրել են «Ժողովուրդ»-ի վերաբերյալ իր անունից կատարված պնդումները եւ/կամ սույն դատաքննության վերաբերյալ ինֆորմացիաները, տպագրել հետեւյալ տեքստը՝ «Ես՝ Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից եւ աշխատակազմից՝ նրանց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու (վիրավորելու եւ զրպարտելու) համար»:

Դատարանի` 2011 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Քաղաքացիական գործի քննությունն ավարտվել է  2012 թ. մարտի 6-ին, իսկ մարտի 19-ին հրապարակվել է գործով դատական ակտը:

Դատարանը վճռեց Նվեր Պողոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի եւ Աննա Թորոսյանի բավարարել մասնակի։ Այն է` պարտավորեցնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հերքելու «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. հոկտեմբերի 7-ի  համարում (թիվ 171) հրապարակված` «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում Նվեր Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող, զրպարտություն համարվող տեղեկությունները, հերքումը տպագրել նույն`«Ժողովուրդ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, «Հերքում» խորագրի ներքո` հետեւյալ բովանդակությամբ. « «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հայտնում է, որ օրաթերթի 07 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նշված հոդվածը հրապարակելուց առաջ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ պարզելու նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանելու փաստը, ուստի հայցում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներողամտությունը»:
Հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեuակի չափն ու տեuակը պետք է չզիջեն «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. հոկտեմբերի 7-ի համարում հրապարակված` «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածի տեղեկատվությանը:

Դատական ակտի համաձայն` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից, հօգուտ Նվեր Պողոսյանի, բռնագանձվելու է 200 հազար ՀՀ դրամ, որից` 100 հազար ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրության գումար։ Հայցը մնացած մասով մերժվեց։ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը նույնպես մերժվեց: Պետական տուրքի հարցը համարվեց լուծված` մուծումը կատարված լինելու հիմքով:

2012 թվականի ապրիլի 18-ին «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ն այս վճիռը բողոքարկեց վերադաս ատյան: ՀՀ վերաքննիչ դատարանում նիստը պետք է տեղի ունենար  հուլիսի 12-ին, սակայն գործի քննությունը հետաձգվեց` կողմերին պատշաճ ծանուցում չապահովելու պատճառով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ սեպտեմբերի 6-ին հրապարակած որոշմամբ բողոքը մերժվեց։ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության

դատարանի 2012 թ. մարտի 19-ի վճիռը թողնվեց անփոփոխ։

2012 թ. հոկտեմբերի 10-ին «Ժողովուրդ օրաթերթի» կողմից վճռաբեկ բողոք բերվեց: ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թ. նոյեմբերի 21-ի որոշմամբ՝ բողոքը վերադարձվեց։

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Քանի որ հայցվորը հրապարակված տեղեկատվությունը համարել է զրպարտություն, ուստի դատարանը դրա վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է հենց զրպարտության տիրույթում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի վերլուծությամբ, դատարանը հանգել է այն հետեւության, որ զրպարտություն համարելու համար կարեւոր է ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերը գործով հաստատված լինելու հանգամանքը, ընդ որում` հետեւյալ հաջորդականությամբ.

– արդյո՞ք տարածված տեղեկությունը կրել է փաստացի եւ հրապարակային բնույթ,

– արդյո՞ք հրապարակայնորեն ներկայացված փաստացի տվյալը չի համապատասխանում իրականությանը,

-արդյո՞ք հրապարակայնորեն ներկայացված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալն արատավորում է անձի գործարար համբավը:

Ըստ դատարանի`«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի ամբողջ համատեքստից երեւում է, որ պատասխանողը որոշակի արտահայտությունների միջոցով փորձել է հաստատել ու հանրությանն ապացուցել «կաշառք վերցնելու» փաստը: Դատարանի մյուս հետեւության համաձայն` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի իմաստով «մարզպետը կաշառք է վերցրել» տեղեկությունը հանդիսանում է զրպարտություն, քանի որ նախ` հայցվորն ինքն իր հիմնավորումներում տվյալ հրապարակված տեղեկությունը բնորոշում է այնպիսի փաստական կազմով, որոնք վերաբերում են զրպարտության փաստական կազմին եւ վիրավորանք համարվել չեն կարող, քանի որ հայցվորը պնդում է տվյալ տեղեկությունը` իրականությանը չհամապատասխանելու, ինչպես նաեւ դրանով արդեն իսկ իր անձը փաստացի արատավորված լինելու էական փաստերը (արատավորված, այլ ոչ թե` արատավորելու նպատակ հետապնդող, այն էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ), հետեւաբար, հայցվորի պահանջը պետք է դատական քննության արժանացնել` որպես զրպարտության բնորոշման»:

Այսպիսով` դատարանը,  արձանագրելով վերոհիշյալ էական նշանակություն ունեցող առաջին փաստը գործով հաստատված լինելու հանգամանքը, նշում է հետեւյալը. «Գործի փաստերով հաստատվում է, որ պատասխանողի կողմից վերոհիշյալ «Ժողովուրդ» օրաթերթում ներկայացված տեղեկությունները կրել են փաստացի բնույթ, քանի որ դրանք փաստագրվել են կոնկրետ Աննա Թորոսյանի կողմից անձամբ լրագրողին տրված հարցազրույցի արդյունքում հրապարակված հոդվածում (այս փաստը չի ժխտվում նաեւ պատասխանողների կողմից), միաժամանակ, Հոդվածին հղում են կատարել http://www.mamul.am, http://www.hetq.am, http://www.panorama.am/, http://www.armtown.com, http://henaran.am, http://aravot.info/news/ հայկական ամենաշատ այցելուներ ունեցող կայքերը, որից հետեւում է, որ հրապարակված տեղեկատվությունը կրել է հրապարակային բնույթ եւ ունեցել է լայն հրապարակային տարածում` հասարակության տարբեր խավերում»:

Դատարանն արձանագրել է նաեւ, որ հրապարակված նյութում վկայակոչված փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը, օրենքի ուժով, կրում է պատասխանող կողմը, սակայն գործի դատաքննության ընթացքում վերջինս, ՀՀ քաղաքացիական դատավարության պահանջներին համահունչ, դատարանին չի ներկայացրել վերաբերելի, թույլատրելի ու բավարար փաստական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հաստատված համարել, որ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տվյալներն իրական են:

Դատարանը հիմք է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության` 2011 թ. դեկտեմբեր 1-ի թիվ 36-268-11 գրությունն առ այն, որ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննիչի` 2011 թ. նոյեմբերի 14-ին կայացրած որոշման համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով մերժվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, ինչպես եւ` Աննա Թորոսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Ըստ այդմ` դատարանը եզրահանգել է, որ պատասխանողի հրապարակած տեղեկության` իրականությանը չհամապատասխանելու էական փաստն արդեն իսկ ապացուցված է:

«Զրպարտություն» իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է, որ հրապարակված փաստացի տեղեկությունն իր բնույթով հանդիսանա հայցվորի պատիվը, արժանապատվությունն արատավորող: Այս առնչությամբ` դատարանն  ընդգծել է. «Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները»:

Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ տեղեկատվությունն արատավորող է համարվում, եթե այն պարունակում է հայտարարություններ եւ փաստացի տվյալներ, որոնք խախտում են գոյություն ունեցող քաղաքացիական օրենսդրության նորմերը կամ բարոյական սկզբունքները, ինչպես նաեւ` այլ տեղեկություններ, որոնք նսեմացնում են անձի արժանապատվությունն ու պատիվը, որը տվյալ անձի վերաբերյալ ձեւավորված է հասարակության կամ որոշ անձանց շրջանակի կարծիքով:

Համամիտ ենք  դատարանի այն դիրքորոշմանը, որ`«Կաշառք վերցնելու» միջոցով պատասխանողի կողմից տրված գործադիր մարմնի ներկայացուցչի՝ մարզպետի բնորոշումն իր մեջ ոչ միայն պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկության փաստական կազմ, այլ` այն իր մեջ պարունակում է նաեւ քրեորեն պատժելի հանցակազմի տարր /ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված/, որպիսին կարող է ապացուցվել միայն քրեական վարույթի շրջանակներում, այն կատարած ֆիզիկական անձի կամ անձանց առկայության ու վերջիններիս վերաբերյալ կաշառք ստանալու փաստի առթիվ կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հակառակ դեպքում` կաշառք ստանալու մասին խոսելն ինքնին ապացուցման ենթակա չէ»:

Սակայն  չենք կարող համաձայնել դատարանի այն դիրքորոշմանը, թե տարածվել են տեղեկություններ` «հասարակության կողմից որպես պատվաբեր ու հեղինակություն վայելող անձի» վերաբերյալ: Հայցվորի` «հասարակության կողմից որպես պատվաբեր ու հեղինակություն վայելող անձ» լինելու հանգամանքը դատարանը չի քննել, առավել եւս` չի էլ հաստատել։ Ուստի միայն այն, որ հայցվորը մարզպետ էր, ինքնին չէր կարող ընկալվել, թե վերջինս հասարակության կողմից որպես «պատվաբեր ու հեղինակություն վայելող անձ» է: Եթե ղեկավարվենք դատարանի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ եթե հայցվորը չլիներ հասարակության կողմից որպես պատվաբեր ու հեղինակություն վայելող անձ, ապա նա առավել քիչ պաշտպանված կլիներ օրենքի ուժով:

Հիմնազուրկ է նաեւ դատարանի հետեւյալ եզրակացությունը. «Սույն գործի փաստերից հետեւում է, որ հայցվորը իրականացնելով պետական կառավարումը մարզում մինչ օրս դրսեւորել է բարեխիղճ վարքագիծ, աշխատել է օրինական սկզբունքի սահմաններում, առավել եւս` կաշառք ստանալու որեւէ դեպք մինչ օրս չի արձանագրվել[16]:  Դատարանի այս հետեւությունը տարակուսելի է, քանի որ նման հանգամանքներ դատարանում ընդհանրապես չեն հետազոտվել, ավելին` դատավարության կողմերը նման պահանջ չէին էլ ներկայացրել:

 

  • Լրագրողական բացթողումներ

 

Սույն գործի եւ վեճի առարկա դարձած հոդվածի ուսումնասիրությամբ նկատելի են որոշ լրագրողական բացթողումներ:

Հաշվի առնելով այն, որ վիճարկվող հոդվածում շարադրվել են փաստեր, եւ ոչ թե` գնահատող դատողություն, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք լրագրողը գործել է բարեխղճորեն եւ կատարել փաստական հիմնավորումների ստուգման իր պարտականությունը: Հրապարակման բովանդակությանն անծանոթ ընթերցողները, կարդալով միայն վերնագիրը` «Մարզպետը կաշառք է վերցրել», տեղեկություն են ստանում կատարված փաստի, ավելի ստույգ` հանցագործության մասին:

Եթե վերնագիրը չունենար նման բովանդակություն, եւ հոդվածում չլիներ լրագրողի արտահայտած հետեւյալ միտքը. «Իհարկե, մարզպետի վրդովմունքը հասկանալի է, քանի որ «բռնվել է գործի վրա», բայց ցավալի է, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնք այդ աղքատ գյուղացիներից կարողանում են կաշառք վերցնել ու «մարսել»», ապա կարծում ենք, հնարավոր կլիներ խոսել «աղբյուրի» եւ վերջինիս պատասխանատվության մասին: Սակայն ստեղծված իրավիճակում լրագրողը պատասխանատու է իր կողմից չճշտված  եւ հրապարակված տեղեկատվության համար:

Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է, որ լրագրողը պարտավոր է հիմնվել բացառապես հավաստի փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին եւ աստիճանին՝ պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության՝ հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր եւ հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը («Պեդերսեն եւ Բադսգարդն ընդդեմ Դանիայի», ոօ. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI)։ Չափազանց կարեւոր է նաեւ, որ զանգվածային լրատվության միջոցն իր տարածած տեղեկության արժանահավատությունը ստուգի` մինչեւ այն տարածելը, եւ ոչ թե փորձի ապացույցներ «հայթայթել» դատական վեճի ընթացքում («Լինգենսն ընդդեմ Ավստրիայի», թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ)։

 

  • Դատարանը լրատվամիջոցի վրա դրել է օրենքով չսահմանված եւ հայցապահանջով չներկայացված պարտականություն

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թ. մարտի 19-ին հրապարակված վճռում նշվել է հերքման տեքստը` հետեւյալ բովանդակությամբ. ««Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հայտնում է, որ օրաթերթի 07 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նշված հոդվածը հրապարակելուց առաջ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ պարզելու նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանելու փաստը, ուստի հայցում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներողամտությունը»[17]:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի համաձայն`

զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Նվեր Պողոսյանի հայցապահանջը բխում է վկայակոչված իրավանորմից եւ ինչպես արդեն նշվել է` հետեւյալն է. «Պարտավորեցնել Պատասխանողներ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը եւ Աննա Թորոսյանին հերքելու  «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում զրպարտություն համարվող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ հերքումը տպագրել նույն շաբաթաթերթում, այնպես, որ հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափը ու տեսակը չզիջի «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածի տեղեկատվությանը»:

Ինչպես տեսնում ենք` ո´չ իրավանորմում, ո´չ էլ հայցվորի պահանջում ներողություն խնդրելու մասին ոչինչ չկա:

Անհրաժեշտ է հիշատակել, որ հրապարակայնորեն ներողություն խնդրելու միջոցը օրենսդիրը սահմանել է վիրավորանքի դեպքերի համար, մինչդեռ սույն հայցապահանջը ներկայացվել է զպարտություն պարունակող տեղեկությունը հերքելու հիմքով, այդ իսկ պատճառով` դատարանն արձանագրել է, որ «հայցվորի պահանջը պետք է դատական քննության արժանացնել` որպես զրպարտության բնորոշման»:

Հետեւաբար, դատարանն իրավասու չէր ընկերությանը ծանրաբեռնելու այնպիսի պարտականությամբ, որը որպես կոնկրետ իրավունքի պաշտպանության միջոց` նախատեսված չէ օրենքով, ինչպես նաեւ դուրս է հայցապահանջի ծավալից:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2491/02/11. Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸի

 

Փաստաբան Արթուր Գրիգորյանը 2011 թ. հոկտեմբերի 17-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի` պահանջելով վերջինիցս հօգուտ իրեն բռնագանձել 18 միլիոն ՀՀ դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում։

Գործը դատարանի վարույթ է ընդունվել 2011 թ. հոկտեմբերի 20-ի որոշմամբ։

Նույն օրը, դատարանի մեկ այլ որոշմամբ, կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով հայցագնի` 18 մլն ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանողին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, մեկ այլ որոշմամբ էլ` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է` այդ հարցին գործով վերջնական դատական ակտով անդրադառնալու պայմանով։

2011 թ. նոյեմբերի 8-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը փոխարինվել է եւ 18 մլն ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանողին պատկանող միայն գույքի վրա։

Գործով կայացել է 3 նախնական դատական նիստ: Դատաքննությունը տեղի է ունեցել 2012 թ. փետրվարի 24-ին:

Փաստաբանը վիրավորանք եւ զրպարտություն էր համարում թերթի էլեկտրոնային տարբերակում` «Hraparak.am» կայքում, 2011 թ. օգոստոսի 10-ին տեղադրված` «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հոդվածի ներքո ընթերցողների թողած 6 մեկնաբանությունները (ընդ որում` բոլորը տարբեր կեղծանուններով, այսինքն` անհայտ հեղինակների կողմից): Դրանցում հիմնականում խոսվում է այն մասին, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը զբաղվում է դրամաշորթությամբ, դատական գործերը շահում է` դատավորներին վճարելով եւ նրանց հետ պայմանավորվածության գալով: Փոխհատուցման ընդհանուր գումարը, ըստ հայցապահանջի, կազմում է 18 միլիոն դրամ` հետեւյալ հաշվարկով. յուրաքանչյուր զրպարտության դիմաց` 2 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր վիրավորանքի դիմաց՝ 1 մլն դրամ (ըստ հայցվորի՝ 6 մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է եւ՛ զրպարտություն, եւ՛ վիրավորանք):

Նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը, հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2011 նոյեմբերի 15-ի որոշմանը, համաձայն որի՝ գումարային պահանջ ներկայացնելիս պետք է հաշվի առնել պատասխանողի ֆինանսական վիճակը, դատարանին խնդրեց հայցապահանջում մտցնել հետեւյալ փոփոխությունը` պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել ամսական 250 հազար դրամ՝ այնքան ժամանակ մինչեւ 18 մլն դրամը լրանա:

2012 թ. մարտի 7-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց սույն գործով վճիռը, համաձայն որի` փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցը մերժվեց: Դատարանը վճռեց Արթուր Գրիգորյանից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձել 360 հազար ՀՀ դրամ` որպես գործով չվճարված պետական տուրքի գումար։

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Այս գործով դատարանը որոշել է չանդրադառնալ տեղեկության արատավորող բնույթին` նշելով, որ «դատարանը կարեւորում է, որ սույն գործով ապացուցման ենթակա է, թե արդյո՞ք «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերությունը 6 մեկնաբանությունների համար կարող է կրել պարտավորություններ, թե՞ ոչ, ուստի չի անդրադառնում վերոգրյալ մեկնաբանություններում պարունակող բառերի համակարգային վերլուծության եւ չի փաստում, թե այդ բառերից կամ նախադասություններից որոնք են պարունակում վիրավորանք, զրպարտություն կամ արդյոք դրանցում առկա է վիրավորանքի եւ զրպարտության տարրերը»։

Այնուհետեւ դատարանը, մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը, եզրակացրել է, որ օրաթերթի գործողություններում փաստաբանին վիրավորելու կամ զրպարտելու դիտավորություն չի եղել, քանի որ հոդվածի եւ մեկնաբանությունների հեղինակները տարբեր անձինք են, իսկ լրատվամիջոցն իր հետագա գործողություններով հիմնավորել է վիրավորելու մտադրության բացակայությունը: Գործի դատաքննության ընթացքում դատարանը պարզել է, որ հայցվոր Արթուր Գրիգորյանը երբեւէ չի դիմել «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին` մեկնաբանությունները հանելու խնդրանքով կամ պահանջով, այլ մեկնաբանություններին ծանոթանալուց անմիջապես հետո դիմել է դատարան:

Այս կապակցությամբ տեղին է արձանագրել պատասխանողի ներկայացուցչի այն ցուցմունքը, որ եթե հայցվորը դիմեր այդ մեկնաբանությունները հանելու խնդրանքով, ապա դրանք անմիջապես կհանվեին ինտերնետային կայքից: Այս կապակցությամբ դատարանը, մասնավորապես, նշել է. ««Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության գործողություններում դիտավորություն չկա, ընկերությունը Արթուր Գրիգորյանի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վիրավորանքի ու զրպարտության միջոցով վնաս չի պատճառել, քանի որ «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերտառությամբ տպագրված հոդվածը վերաբերել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, որի ներքո թվով վեց մեկնաբանությունները կատարել են բոլորովին այլ անձինք, որոնք հանդես են եկել ծածկանուններով եւ վերջիններիս անձը հայտնի չէ, այսինքն` օրաթերթը հավասարակաշռված եւ բարեխողճորեն է ներկայացրել այդ տվյալները, հետագայում` «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությունը` դրսեւորելով բարի կամք Արթուր Գրիգորյանի սուբյեկտիվ պահանջի առթիվ, վեճի առարկա թվով վեց մեկնաբանությունները հեռացրել է ինտերնետային կայքէջից, այլ կերպ` առկա չէ «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերության դիտավորության կանխավարկածը»:

 

  • Հանրային շահը

 

Դատարանը, անդրադառնալով հանրային շահի հարցին, նշել է, որ «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հոդվածը վերաբերել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

 

 

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Սույն գործով հայցային վաղեմության խնդիր չի բարձրացվել: Արթուր Գրիգորյանը հայցը ներկայացրել է «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հոդվածի հրապարակումից ավելի քան երկու ամիս անց: Հոդվածը հրապարակվել է 2011թ. օգոստոսի 10-ին, մեկնաբանությունները հոդվածի ներքո թողնվել են օգոստոսի 11-18 ընկած ժամանակահատվածում, իսկ հայցը ներկայացվել է հոկտեմբերի 17-ին:

Հայցադիմումի համաձայն` հայցվորը վերոնշյալ մեկնաբանությունների առկայության մասին տեղեկացել է 2011 թ. սեպտեմբերի 23-ին: Հետեւաբար, հայցային վաղեմության ժամկետը պահպանվել է, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի`«Իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»:

 

  • Հայցի ապահովման միջոցը

 

Փաստաբան Արթուր Գրիգորյանը հայցադիմումով պահանջել էր նաեւ, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել «Հրապարակ» օրաթերթին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա` հայցագնի (18 մլն ՀՀ դրամ) չափով, ինչը բավարարվել էր:

Պատասխանողը բողոքարկել էր այդ որոշումը` նշելով, որ օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք դնելը կխոչընդոտի վերջինիս լրատվական գործունեությանը: 2011 թ. նոյեմբերի 8-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը փոխարինվել էր, եւ 18 մլն ՀՀ դրամ գումարի չափով արգելանք էր դրվել պատասխանողին պատկանող միայն գույքի վրա։ Փաստորեն, դատարանը հաշվի է առել, որ օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք դնելով` կխափանվի վերջինիս լույսընծայումը:

 

  • Պետական տուրքի չափը

 

Այս գործով դրամական փոխհատուցման պահանջը դիտվել է որպես գույքային պահանջ: Իր հայցադիմումում փաստաբան Արթուր Գրիգորյանը միջնորդել էր հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը եւ այդ հարցին անդրադառնալ գործով վերջնական դատական ակտով` վճռով։ Գույքային պահանջի դեպքում օրենքով նախատեսված է վճարել պետտուրք` պահանջի գնի 2 տոկոսի չափով` ընդհանուր իրավասության եւ 3 տոկոսի չափով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատաքննության համար: Քանի որ հայցապահանջն ամբողջությամբ մերժվել է, իսկ հայցվորը նախապես չէր վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը եւ այն հետաձգվել էր դատարանի որոշմամբ, ուստի դատարանը վճռեց, որ Արթուր Գրիգորյանից պետք է բռնագանձել 360 հազար ՀՀ դրամ (18 000 000*2 %=360 000)։

 

  • Դատական պրակտիկան հստակեցնող իրավական դիրքորոշում

 

Սույն գործով դատարանն արտահայտել է դատական պրակտիկան հստակեցնող իրավական դիրքորոշում եւ ելնելով սույն գործի փաստական հանգամանքների եզակիությունից` արձանագրել հետեւյալ սկզբունքը.« «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերությունը, լինելով զանգվածային լրատվամիջոց, ունենալով առանձնահատուկ դեր ժողովրդավարական հասարակությունում հանրային հնչեղություն ունեցող լուրերի մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում եւ իրականացնելով նաեւ հանրային եւ մասնավոր մարմինների նկատմամբ «հսկողություն» իրականացնելու կարեւոր դերը, լինելով խոսքի ազատության ջատագովներից եւ այն տարածողներից մեկը, չէր կարող նախքան Արթուր Գրիգորյանի գրավոր կամ բանավոր դիմելը սահմանափակել իր իսկ ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքը (օրինակ` մեկնաբանությունները ջնջել, հեռացնել), քանի որ այն միանշանակ կերպով կդիտվեր ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, ուստի եւ օրաթերթը չի կարող կրել պարտականություններ, այլ անձնանց կողմից թողնված մեկնաբանությունների համար»:

Այսպիսով` դատարանը փաստել է, որ օրաթերթն Արթուր Գրիգորյանին վիրավորելու կամ զրպարտելու դիտավորություն չի ունեցել, քանի որ խնդրո առարկա մեկնաբանությունները հեռացված են պատասխանողի կայքից, եւ անհնար է պարզել դրանց հեղինակներին, քանի որ վերջիններս հանդես են եկել ծածկանուններով:

Փաստորեն, նման մոտեցմամբ` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կատարել է կարեւոր եզրահանգում` այնպիսի հարցի վերաբերյալ, որի առնչությամբ նույնիսկ միջազգային իրավական պրակտիկայում դեռ վերջնական մոտեցում չի ձեւավորվել: Խոսքն առցանց լրատվամիջոցներում, նորությունների պորտալներում, բլոգներում, սոցիալական ցանցերում տեղ գտած մեկնաբանությունների համար պատասխանատվության մասին է:[18] Այս կապակցությամբ` պատասխանող լրատվամիջոցը հայցադիմումին վերաբերող իր պատասխանում կատարել էր հետեւյալ հարցադրումները.

  • արդյո՞ք լրատվամիջոցը կրում է պարտականություն` վերացնելու կամ սահմանափակելու իր կայքի այցելուների թողած մեկնաբանությունները,
  • արդյո՞ք լրատվամիջոցն իրավասու է ստուգելու իր կայքի եւ դրանում առկա ֆորումի այցելուների թողած մեկնաբանություններում պարունակվող տեղեկությունների համապատասխանությունն իրականությանը կամ դրանք գնահատելու` որպես այս կամ այն անձին վիրավորող կամ զրպարտող,
  • արդյո՞ք մեկնաբանություններում արված արտահայտությունները, ներկայացված փաստացի տվյալները կարող են որակվել լրատվամիջոցի կողմից հայցվորին հասցված վիրավորանք եւ զրպարտություն,
  • արդյո՞ք լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր կայքում որեւէ հոդվածի վերաբերյալ` այլ անձանց թողած մեկնաբանությունների համար:

Հարկ է նշել, որ այս հարցադրումները համահունչ են այն դրույթներին, որոնք ներկայումս քննվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործի շրջանակներում, որի վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել[19]: Այս գործի առնչությամբ` Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը (Լեհաստան), հանձինս իր կազմում գործող Խոսքի ազատության օբսերվատորիայի (դիտորդ մարմին), ստանձնելով «amicus curiae»-ի դեր, իր փորձագիտական եզրակացություններով նպատակ ունի օգնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին` ճիշտ որոշում կայացնելու` դրանով իսկ ստեղծելով նախադեպ միջազգային իրավական պրակտիկայում[20]։

Ինչ վերաբերում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ եթե լրատվամիջոցը կարողանում է ապացուցել վիրավորելու կամ զրպարտելու դիտավորություն չունենալու հանգամանքը, ապա պետք է պատասխանատվություն չկրի` իր կայքում տեղ գտած զրպարտող կամ վիրավորական բնույթ ունեցող մեկնաբանության համար:

Փաստորեն, ըստ դատարանի կայացրած վճռի, լրատվամիջոցի կողմից անձի պատիվը, արժանապատվությունը եւ/կամ գործարար համբավն արատավորելու դիտավորություն կարող է դրսեւորվել այն դեպքում, երբ անձը, որի վերաբերյալ հրապարակվել է վիրավորական կամ զրպարտող բնույթի մեկնաբանություն, դիմել է լրատվամիջոցին` այն կայքից հեռացնելու պահանջով, սակայն վերջինս մերժել կամ անպատասխան է թողել դիմումը: Այսինքն` քանի դեռ առկա չէ նման պահանջ, լրատվամիջոցը պարտավոր չէ վերահսկելու իր կայքում կատարվող մեկնաբանությունները եւ որոշելու, թե դրանցից որոնք են վիրավորական եւ որոնք զրպարտող:

Դատարանի կայացրած նման եզրահանգումը ողջունելի է, քանզի այն ընդլայնում է առցանց լրատվամիջոցների պաշտպանվածության աստիճանը: Սակայն դատարանը պետք է հաշվի առներ նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, այն է` առցանց լրատվամիջոցի կողմից մեկնաբանությունների դաշտը որոշակիորեն վերահսկելու գործընթացը: Ըստ էության` առցանց լրատվամիջոցը պարտավոր է վերահսկողություն իրականացնելու իր ընթերցողների թողած մեկնաբանությունների նկատմամբ` վիրավորական արտահայտությունները բացառելու համար:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի` տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը կապված է նաեւ պարտավորությունների եւ պատասխանատվության հետ: Յուրաքանչյուր ոք, ազատ խոսքի իրավունք ձեռք բերելու հետ միասին, ձեռք է բերում նաեւ որոշակի պարտականություններ: Հետեւաբար, ընթերցողների մեկնաբանությունները պետք է տեղ գտնեն առցանց լրատվամիջոցի կայքում` միայն վերջինիս կողմից որոշակի ֆիլտրեր օգտագործելուց հետո: Դա անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցը խուսափի իր ընթերցողների կատարած վիրավորական եւ/կամ զրպարտող մեկնաբանությունների համար պատասխանատվություն կրելուց:

Սույն թվականի ապրիլի 5-ին Արթուր Գրիգորյանը ներկայացրեց վերաքննիչ բողոք` վիճարկելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 7-ի վճիռը: Ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, քննելով փաստաբան Արթուր Գրիգորյանի բողոքը, գտավ, որ այն ենթակա է վերադարձման` հետեւյալ պատճառաբանությամբ. «Արթուր Գրիգորյանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջը, այն է՝ պետական տուրքի վճարումը կատարել է մասնակի` 10.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռների դեմ բերված վերաքննիչ բողոքների համար գույքային պահանջի գործերով գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով գումար, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված եւ բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով գումարՔննարկվող պարագայում բողոք բերողի կողմից ենթակա է վճարման վիճարկվող գումարի 3%-ը, դրանից նվազեցնելով արդեն իսկ վճարված 10.000 ՀՀ դրամ գումարը, այսինքն` 530.000 ՀՀ դրամ գումար հետեւյալ հաշվարկով` վիճարկվող գումար` 18.000.000*3%=540.000-10.000 (նախապես վճարված)=530.000»:

Մայիսի 18-ին Արթուր Գրիգորյանը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2012 թ. ապրիլի 16-ի որոշումը Վճռաբեկ դատարան: Ըստ Արթուր Գրիգորյանի` «վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ անձի պատիվը եւ արժանապատվությունը, որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ դասվում են անձնական ոչ նյութական բարիքների շարքին, ինչն էլ ենթադրում է, որ դրանց դատական պաշտպանությունը չի կարող համարվել գույքային պահանջ, պետական տուրքը քիչ վճարված լինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, իրեն զրկել է դատական պաշտպանության իրավունքից»: Մինչդեռ ներպետական դատական պրակտիկայում ցանկացած դրամական պահանջ, ինքնին, համարվում է գույքային, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն` դրամը ոչ այլ ինչ է, քան գույք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու հիմքեր են` դատական սխալը, այսինքն՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող է ազդել գործի ելքի վրա, եւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտավ, որ նման պայմաններում բողոք բերած անձի պնդումը` դատական սխալի առկայության մասին, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2840/02/11. «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունը եւ Արթուր Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ («Իրավունք- հետաքննություն» եւ «Արգումենտի նեդելի վ Արմենիի» շաբաթաթերթերի հիմնադիր)

 

«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունը եւ դրա ղեկավար Արթուր Սիմոնյանը 2011 թ. նոյեմբերի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրին՝ ընդդեմ «Իրավունք- հետաքննություն» եւ «Արգումենտի նեդելի վ Արմենիի» շաբաթաթերթերի հիմնադիր «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ խնդրելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն հերքելու «Իրավունք- հետաքննություն» շաբաթաթերթի 2011 թ. հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» եւ «Аргументы недели в Армении» շաբաթաթերթի հոկտեմբերի 25-31-ի համարում տպագրված “Сенсация- палка о двух концах: история с сектантством и порнухой” հոդվածներում տարածված տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրելու՝ տարածված տեղեկությունների եւ վերոնշյալ հոդվածներին կից ներկայացված կոլաժային լուսանկարների համար, փոխհատուցելու կատարված դատական ծախսերը (վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ՝ թարգմանչական եւ նոտարական ծախսերը), ընդհանուր առմամբ՝ 40 000 դրամի չափով: 2011 թ. նոյեմբերի 23-ին հայցն ընդունվեց վարույթ։ Գործով կայացավ 6 նախնական դատական նիստ։ 2012 թ. հունիսի 21-ին սկսվեց գործի դատաքննությունը։ Այս փուլում կայացավ 3 դատական նիստ։

2012 թ. հուլիսի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, համաձայն որի՝ հայցը մերժվեց։ Օգոստոսի 29-ին հայցվորները ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկեցին վերաքննիչ դատարան, որն էլ նոյեմբերի 8-ին բողոքը մերժեց:

Վիճարկվող հոդվածներում, մասնավորապես, ներկայացվել են հետեւյալ տեղեկությունները. «Սենսացիոն բացահայտումներ, բացառիկ հարցազրույցներ եւ նմանատիպ «գայթակղիչ», այլ վերտառություններով են ողողված այսօրվա որոշ լրատվամիջոցները` դերասանուհի Անժելա Սարգսյանի, նրա «տղամարդու» եւ այդ երկու անձանց ընտանիքի անդամների փոխհարաբերությունները հանրության մանրակրկիտ հետազոտության առակա դարձնելու գործընթացում։ Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոուբիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծի եւ, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` կյանքի խոսքին…  

Քրգործով կալանավորված անձի մայրը` Մարինա Արայանը, հրապարակավ մեղադրել է աղանդավորտաղանդավոր դերասանուհուն` սեփական զավակի նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ

Կյանքի խոսք աղանդավորական միավորումը հայ հասարակության մեջ տարածված է որպես մի կազմակերպություն, որի թաքուն կամ բացահայտ ազդեցությունը տարածվում է նաեւ որոշ հեռուստաընկերությունների եւ իշխանական օղակների վրա

Կարենի մայրն ահաբեկված է լրջագույնս։ Ահա նրա խոստովանությունը. «Շատ եմ տանջվում հիմա, որ չէի հավատում տղայիս, շատ եմ վիճել իր հետ։ Բայց ինքն ինձ ասում էր. մամա, ինքն ինձ սպառնում է, գլուխ է գովում, որ ինքն ու ամուսինը մեծ օղակներում ունեն ինչոր լավ հովանավորներ, սպառնում էր, որ իր մեջքին կանգնած է ամենաուժեղ, ամենահզոր եկեղեցին, կարծես «կյանքի խոսք», այդպես էր ասում։ Եվ որ իրենք այդտեղ շատ լավ դիրքերում են, անգամ, որ իր քույրն այդտեղ ավագ է։ Ես միշտ հարցնում էի. ի՞նչ ունես դու վախենալու, ինչի՞ց ես վախենում, թող իր քույրը լինի ավագ, թող լինի ինքը «կյանքի խոսքում», թող վերին օղակներում ունենան հովանավորներ, ի՞նչ ունես արած, որ վախենում ես։ Ասում էր, ես ոչինչ արած չունեմ, բայց իր կողմից ամեն ինչ սպասում եմ, որովհետեւ նա շատ վտանգավոր մարդ է

Հանրությանը հուզում է նաեւ մեկ այլ հարց. հանդիսանու՞մ է արդյոք Անժելան «կյանքի խոսքի» անդամ վերջին բացահայտումներից հետո։ Եթե այո, ապա պարզ է դառնում, թե որ «աստվածներին» նկատի ուներ դերասանուհի Անժելա Սարգսյանը, խոստովանելով «Կռվախնձորին», թե հաճախ է աղոթում…»։

Հոդվածի վերեւի մասում ներկայացված է եղել կոլաժային (ծաղրանկարային) լուսանկար, որտեղ տեղադրված է եղել դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարը, կողքին` հայցվոր Արթուր Սիմոնյանի կոլաժային լուսանկարը, վրան գրված` «կյանքի խոսք», հետեւի պլանում՝ տղամարդու լուսանկար՝ վերնագրված «կտոր մը կյանքի խոսք» եւ հետեւյալ գրառմամբ. «Ծո Ղազար, ասիգա մեր Անժելան է։ Հրեշտակին անառակ մի ըսեր, մեղք է։ Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի»։

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Հայցվորների ներկայացուցիչները ո՛չ հայցադիմումում, ո՛չ էլ դատաքննության ընթացքում այդպես էլ չտարանջատեցին, թե հոդվածներում եւ կոլաժային լուսանկարում ո՞րն է, ըստ իրենց, վիրավորանք, եւ ո՞րը՝ զրպարտություն։

Վիճարկվող տեղեկություններում վիրավորանքի առկայությունը պարզելու համար՝ դատարանը հարկ համարեց պատասխանել հետեւյալ հարցերին.

ա) արդյո՞ք կատարվել են արտահայտություններ հրապարակված հոդվածներով եւ կոլաժային լուսանկարներով,

բ) արդյո՞ք կատարված արտահայտությունները կրում են հրապարակային բնույթ,

գ) արդյո՞ք հրապարակային կատարված արտահայտություններն ուղղված են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն։

Զրպարտության առկայությունն ապացուցելու համար՝ դատարանը կարեւորեց հետեւյալ փաստերի միաժամանակյա առկայությունը.

ա) տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

բ) տեղեկություններն արատավորում են պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,

գ) տեղեկությունները տարածվել են։

Իր իսկ առաջադրած հարցերին դատարանը մանրամասն չանդրադարձավ։ Այն հղում կատարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին, մասնավորապես, նշելով. «Արտահայտվելու ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլեւ այնպիսիների, որոնք վրդովվեցնում են, ցնցող կամ անհանգստացնող են»[21]։

Միաժամանակ՝ դատարանը փաստեց, որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական կամ զրպարտող բառեր եւ մտքեր։ Ըստ դատարանի՝ թեեւ դրանք ձեւակերպված են եղել որոշ չափազանցություններով, սակայն, ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, հղում է կատարվել սկզբնաղբյուրին, որն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին։

Դատարանն իր այդ մոտեցումն ամրապնդեց՝ հղում կատարելով ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած այն դիրքորոշմանը, ըստ որի՝ «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն, նույնիսկ սադրանքի դրսեւորում լրագրողի կողմից»[22] ։

Վերոգրյալների հիման վրա՝ դատարանը եզրակացրեց, որ վերոհիշյալ արտահայտություններով եւ լուսանկարներով տարածված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն անգամ իրականությանը համապատասխանելու փաստից անկախ, չեն հետապնդել հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ։ Հայցվորների կողմից վիրավորական եւ զրպարտող համարվող արտահայտությունները, թեեւ դրսեւորվել են որոշ աստիճանի չափազանցությամբ, նույնիսկ լրագրողի կողմից դրանց միջոցով դրսեւորվել է սադրանք՝ առանձին արտահայտությունների տեսքով, որոնք, ճիշտ է, հայցվորների համար վրդովեցուցիչ են, ցնցող կամ անհանգստացնող, սակայն … լրագրողը գործել է բազմակարծության սկզբունքով, ուստի վերջինիս կողմից կատարած արտահայտությունները, հայցվորների կողմից պետք է դիտվեն հատուկ հանդուրժողականությամբ, քանզի նրանց նկատմամբ քննադատության շրջանակներն ավելի լայն են, քան մասնավոր անձանց, եւ այդ առումով նրանք ավելի հանդուրժող պետք է լինեն իրենց անձի նկատմամբ հնչած քննադատության նկատմամբ։[23]

Հղում կատարելով «Ջերուսլեսն ընդդեմ Ավստրիայի» գործով ՄԻԵԴ-ի որոշմանը՝ դատարանը նշեց, որ ցանկացած անհատ կամ միավորում կարող է լինել քննադատական՝ սկսած այն պահից, երբ այն մուտք է գործում հասարակական քննարկումների դաշտ։

Դատարանը հաստատված համարեց, որ հոդվածները եւ լուսանկարները տպագրվել են դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալային դեպքերից հետո միայն, որտեղ վերջինիս անձը կապվել է կրոնական կազմակերպության հետ, իսկ կրոնական կազմակերպությունն էլ դիտվել է որպես աղանդավորական կազմակերպություն եւ ենթարկվել է քննադատության։ Ըստ դատարանի՝ «Այն պահից սկսած, երբ հայցվորները մուտք են գործել հասարակական քննարկումների դաշտ, վերջիններս պետք է դրսեւորեն որոշակի զսպվածություն քննադատող արտահայտությունների վերաբերյալ, քանի որ դրանք ընդհանուր վերցրած կրում են բաց բանավեճի տարրեր` հետապնդող հասարակության մոտ կրոնական որոշ գաղափարներ սերմանելու, կամ Հայ Առաքելական եկեղեցու դավանանքից չշեղվելու նպատակով, այլ ոչ անձնավորված վիրավորանք կամ զրպարտություն հասցնելու»։

Դատարանը մեջբերում կատարեց «Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի» գործով ՄԻԵԴ որոշումից: Լրագրողը դատապարտվել էր վիրավորանք հասցնելու համար, մի քաղաքական գործչի ելույթը մեկնաբանող հոդվածում` վերջինիս անվանելով հիմար։ ՄԻԵԴ-ի կարծիքով «խնդրո առարկա ելույթի նպատակն ակնհայտորեն սադրելն էր եւ այդ կերպ բուռն արձագանքներ առաջացնելը, հետեւաբար լրագրողի դատապարտումը հանդիսանում է 10-րդ հոդվածի խախտում»[24]:

Վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո դատարանն արձանագրեց, որ պատասխանող ընկերության եւ նյութի հեղինակի բառերն ակնհայտ նպատակ են հետապնդել լուսաբանելու, քննադատելու կրոնական կազմակերպության, նրա ղեկավարի գործունեությունը, այդ կերպ առաջացնելու արձագանքներ, հետեւաբար նյութում տեղ գտած արտահայտությունները չեն կարող դիտվել վիրավորական եւ զրպարտչական բնույթի։

Դատարանը, սակայն, ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ իր առջեւ ունենալով, ինչպես դատարանն է նշել, կրոնական կազմակերպության եւ նրա ղեկավարի գործունեությունը լուսաբանելու, քննադատելու եւ այդ կերպ հասարակության մեջ արձագանքներ առաջացնելու նպատակ՝ լրատվամիջոցը հրապարակել է տեղեկություններ՝ ամբողջությամբ եւ անվերապահորեն հիմնվելով երրորդ անձի հրապարակային հայտարարության վրա՝ առանց իր սեփական քննությունը կատարելու, ինչը, լրագրողական էթիկայի տեսանկյունից, փոքր-ինչ խնդրահարույց է։

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություններ

 

Հոդվածում նշված «աղանդ» բառը դատարանը դիտեց որպես հեղինակի գնահատող դատողություն, որը վերջինս օգտագործել է հասարակությունը ցնցելու համար։

Դատարանն արձանագրեց, որ դատաքննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչն ընդունել է, որ հայցվորները կապ չունեն Հայ Առաքելական եկեղեցու հետ։

Հղում կատարելով Է. Բ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանին»` դատարանը նշել է, որ «աղանդ» բառը նշանակում է`

1. տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք,

2. տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն,

3. տվյալ աղանդի հետեւորդները,

4. որեւէ ուսմունքից շեղվող ուղղություն, որեւէ ուսմունքի հիմունքներից շեղվելը։

 

Ըստ նույն աղբյուրի` «աղանդավոր» բառը նշանակում է`

1.աղանդի հետեւորդ, հերետիկոս,

2. խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ,

3. աղանդ հանդիսացող, աղանդավորություն պարունակող։

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դատարանն արձանագրեց, որ հայցվորների կողմից ծավալված գործունեությունը շեղված է Հայ Առաքելական եկեղեցու հավատքից, նրա ծեսերը եւ խորհուրդները չեն համապատասխանում եկեղեցու կրոնական եւ ավանդական սկզբունքներին։ Դա, ըստ դատարանի, ապացուցվում է նաեւ Վեհափառ հայրապետին ուղղված՝ պատասխանողի ներկայացուցչի փաստաբանական հարցման պատասխանից: Ուստի դատարանը գտավ, որ հոդվածի հեղինակը, հայցվոր կազմակերպությանը որպես աղանդ որակելով, նպատակ չի հետապնդել վերջինիս վիրավորելու կամ զրպարտելու, այլ դա եղել է հեղինակի կարծիքն ու գնահատականը՝ տվյալ կրոնական կազմակերպության եւ կազմակերպության ղեկավարի վերաբերյալ։

Այսպիսով՝ դատարանը, «աղանդ» բառը մեկնաբանելիս, հիմնվել է միայն մեկ բացատրական բառարանի վրա եւ այլ աղբյուրներ չի ուսումնասիրել։ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատքից շեղված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար դատարանը բավարարվել է պատասխանող կողմի ներկայացրած ապացույցներով։ Նման մոտեցումը, կարծում ենք, բավականին անզգույշ է։

 

  • Հանրային շահը

 

Դատարանն իր վճռում անդրադարձավ նաեւ «գերակա հանրային շահ» հասկացությանը։ Այն նշեց, որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական կամ զրպարտող արտահայտություններ։ Ըստ դատարանի՝ թեեւ դրանք ձեւակերպված են եղել որոշ չափազանցություններով, սակայն, ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, հղում է կատարվել սկզբնաղբյուրին, որն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը եզրակացրեց, որ տվյալ հոդվածները եւ լուսանկարները տվյալ իրավիճակում եւ իրենց բովանդակությամբ պայմանավորված են գերակա հանրային շահով:

 

  • Պետական տուրքի չափը

 

Մերժելով «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության եւ դրա ղեկավար Արթուր Սիմոնյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ դատարանը վճռեց նաեւ համապարտության կարգով որպես պետական տուրք, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձել 1500 դրամ։ Դատարանն իր վճռում չպատճառաբանեց, թե կոնկրետ ինչի համար պետք է այդ գումարը բռնագանձվի հայցվորներից։ Նրա փոխարեն դա արեց Վերաքննիչ դատարանը՝ հայցվորների բողոքի քննության ժամանակ։ Իր որոշման մեջ վերջինս հղում կատարեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին՝ նշելով, որ հայցադիմումների եւ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար պետական տուրքը գույքային պահանջով հաշվարկվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից: Նկատի ունենալով այն, որ դատական ծախսերի համար 40000 դրամ գումարի բռնագանձման պահանջը հայցվորների կողմից ներկայացվել է որպես գույքային պահանջ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ, չնայած 40000 հազար դրամի երկու տոկոսը 800 դրամ է, սակայն գույքային պահանջի նկատմամբ բռնագանձման ենթակա պետական տուրքի գումարն օրենքով սահմանված կարգով չի կարող պակաս լինել բազային տուրքի 150 տոկոսից, այն է` 1500 դրամից։

Հիշեցնենք, որ հայցվորների կողմից պահանջված 40000 դրամ գումարը ներառում էր նախօրոք վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ՝ նոտարական եւ թարգմանչական ծախսերը։ Հետեւաբար՝ կարելի է եզրակացնել, որ ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պետական տուրք բռնագանձել նաեւ արդեն իսկ վճարված պետական տուրքի գումարից, ինչն ինքնին անհեթեթ է։

Ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նա Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումն անհիմն է՝ հետեւյալ պատճառաբանությամբ։ Դատական ծախսերի հետ կապված նույն վերաքննիչ դատարանի դիրքորոշումը մեկ այլ քաղաքացիական գործով[25] արտահայտվել է հետեւյալ կերպ՝ «պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարը որպես դատական ծախս հայցագնի մեջ չի կարող մտնել»:

Նշվածը հիմնավորելու համար՝ ՀՀ վերաքննիչ դատարանն անդրադարձել է  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածին, ըստ որի` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից եւ փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: Դատական ծախսերը քաղաքացիական գործի քննության եւ լուծման, ինչպես նաեւ դատական վճիռների եւ որոշումների կատարման հետ կապված այն ծախսումներն են, որոնց վճարման պարտականությունն օրենքը դրել է կողմերի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց եւ հատուկ վարույթի գործերով դիմողների վրա: Դատական ծախսերը գանձվում են նաեւ՝ որակյալ դատական քննություն ապահովելու նպատակով գործին փաստաբանի /ներկայացուցիչ/ մասնակցությունն ապահովելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թ. մարտի 11-ի թիվ ԵՔԴ/1211/02/08 նախադեպային որոշմամբ նշել է. «Հայցագնի մեջ չեն մտնում դատական ծախսերը, մասնավորապես՝ փաստաբանի վարձատրությունը, գործի քննության վայր հասնելու հետ կապված փոխադրման ծախսերը, փոստային եւ այլ ծախսերը, որոնք հայցվորը կրել է կամ ենթադրվում է, որ կկրի կապված իր գործի քննության հետ։ Հետեւաբար, փաստաբանի խելամիտ վարձատրությունը համարվում է դատական ծախս, որը չի մտնում հայցագնի մեջ, այդ մասով պահանջի համար պետական տուրք չի գանձնում»։

Այսպիսով՝ վերլուծելով իրավական նորմերը եւ վերադաս դատարանների դիրքորոշումները, միանշանակ կարելի ասել, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դատական ծախսերի փոխհատուցման պահանջի համար պետական տուրք բռնագանձելու մասին, եղել է անհիմն եւ ՀՀ օրենսդրությանը հակասող։      

 

  • Փաստաբանի խելամիտ վարձատրությունը

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչը դատարանից պահանջել էր հայցվորներից յուրաքանչյուրից, հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության, բռնագանձել յուրաքանչյուրից 300 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար՝ դատարանը, վճիռ կայացնելիս, այդ պահանջը բավարարեց մասնակիորեն։ Այն պարտավորեցրեց յուրաքանչյուր հայցվորին հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության վճարելու 150 հազար դրամ։

Ընդ որում՝ ինչպես եւ պետական տուրքի դեպքում, դատարանը չպատճառաբանեց իր այս վճիռը եւ չմանրամասնեց, թե ինչից ելնելով է բավարարել պատասխանողի պահանջը հենց 150 հազար դրամի չափով։ Այս հարցին նույնպես անդրադարձավ Վերաքննիչ դատարանը։ Այն արձանագրեց, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ «Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» ՓԲԸ-ի միջեւ 2011 թ. դեկտեմբերի 14-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ վերջինս պատասխանողի շահերը պետք է ներկայացնի դատարանում։ Ընդ որում՝ պայմանագրով նախատեսված ծառայությունների արժեք է սահմանվել 200 հազար դրամը։

Վերաքննիչ դատարանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար է սահմանել ոչ թե 200 հազար, այլ 150 հազար դրամ գումարը, սակայն նկատի ունենալով հայցվոր կողմում երկու սուբյեկտի` կրոնական կազմակերպության եւ Արթուր Սիմոնյանի հանդես գալու հանգամանքը՝ նրանցից յուրաքանչյուրից վճռել է բռնագանձել ոչ թե պայմանագրով սահմանված գումարը, այլ այն գումարը, որը համարել է խելամիտ վարձատրության չափ:

Այսպիսով՝ դատարանը սահմանել է դատական ծախսերի փոխհատուցման այնպիսի չափ, որը 100 հազար դրամով գերազանցում է կատարված իրական ծախսերի գումարը։ Նման մոտեցումը զուրկ է ցանկացած հիմքից։

 

Դատական գործ ՝ ԵԱՔԴ/0642/02/12.  «Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպությունն  ընդդեմ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի եւ Ռուսլան Թաթոյանի

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպությունը 2012 թվականի ապրիլի 25-ին հայցով դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի («Զարուհի» կանանց համար նախատեսված հանդեսի հիմնադիր) եւ լրագրող Ռուսլան Թաթոյանի՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Հայցվորը պահանջում էր նաեւ՝ համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրելու, դատարանի վճիռը հրապարակելու www.zaruhi.com կայքում եւ իրեն վճարելու փոխհատուցում՝ 500 000 ՀՀ դրամի չափով: Դատարանի` 2012 թ. ապրիլի 27-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Սույն գործով կայացել է 1 նախնական դատական նիստ: 2012 թ. նոյեմբերի 14-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 1 դատական նիստ։ Վճռի հրապարակման օր էր նշանակվել  դեկտեմբերի 7-ը, սակայն դատավորի հիվանդության պատճառով նշված օրը վճիռը չի հրապարակվել։

Դատարանը 2012 թ. դեկտեմբերի 7-ի վճռով հայցը մասնակիորեն բավարարել է եւ վճռել «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ին ու Ռուսլան Թաթոյանին պարտավորեցնել «ընտանիք քանդող» եւ «գրանտածիծ» արտահայտություններով «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ին վիրավորանք հասցնելու համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու, ներողության տեքստը տեղադրելու www.zaruhi.com կայքէջում, ինչպես նաեւ՝ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊ ընկերութունից եւ Ռուսլան Թաթոյանից համապարտության կարգով, որպես փոխհատուցման գումար, հօգուտ ՀԿ-ի բռնագանձել 50 000 ՀՀ դրամ:

Հայցվորը, պահանջը ներկայացնելով, հայտնել էր, որ 2012 թ. մարտի 21-ին www.zaruhi.com կայքէջի «Հանրային» խորագրի ներքո հրապարակվել է Ռ. Թաթոյանի «Ընտանիք քանդողները» վերնագրով հոդվածը, որի վերջին պարբերությամբ, մասնավորապես, ասված է. «Ի դեպ, օրերս «Վիտամին» ակումբի հյուրերի թվում էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության մի ներկայացուցիչ, ով այդպես էլ չկարողացավ բացատրել իրենց գործունեության ոլորտները: Սակայն հիշեցինք նրանց կազմակերպած մի միջոցառում, որը հաստատ չի տեղավորվում «ավանդական ընտանիք» հասկացողության մեջ. անցյալ տարի այդ կազմակերպությունը անցկացրեց «Հեշտոցի մենախոսությունները» վերնագրով, այսպես կոչված, թատերական միջոցառում: Ահա այսպես: Վերջում ուզում ենք դիմել հետեւյալ կոչով` գրանտածիծներ բոլոր տեսակի, միավորվեք»:

Հայցվորը նշում էր, որ հրապարակման մեջ իրենց վերաբերյալ արված՝ «ընտանիք քանդող», «գրանտածիծ» արտահայտությունները վիրավորանք են՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով, դրանք պարունակում են ապատեղեկատվություն՝ հայցվորի գործունեության վերաբերյալ եւ հետապնդում են հայցվորի գործարար համբավն արատավորելու նպատակ:

Պատասխանողները հայցադիմումի վերաբերյալ ներկայացրել էին գրավոր պատասխան, որով «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնում էր, որ հայցն անհիմն է եւ իրավազուրկ, քանի որ հայցվորը, ներկայացնելով նման պահանջներ, անտեսում է այն կարեւոր հանգամանքը, որ վեճի առարկա հանդիսացող նյութերի մեջ որեւէ վիրավորական բնույթի արտահայտություն կամ օրենքը խախտող այլ գործողություն չի արվել, հրապարակումը չի խախտում անձի իրավունքները: Նշված արտահայտությունները հեղինակի կարծիքն են, որը քննադատություն է պարունակում եւ որեւէ կերպ չի կարող սահմանափակվել:

Պատասխանող Ռուսլան Թաթոյանը դատարանին հայտնեց, որ ինքը երբեւէ չի մասնակցել հայցվորի կազմակերպած միջոցառումներին, սակայն տեղյակ է, որ դրանց մասին գիտի հանրությունը, քանի որ այդ միջոցառումները հենց կազմակերպիչներն էլ գովազդում են: Օրինակ՝ «Հեշտոցի մենախոսությունները» խորագրով միջոցառմանն ինքը ներկա չի գտնվել, այլ այն լուսաբանել է իրենց լրագրողներից մեկը: Տեղյակ է նաեւ, որ բացի նշված միջոցառումից, նրանք իրականացրել են կուսաթաղանթի եւ  կուսության  հետ կապված միջոցառումներ, որը նրանց համար սովորական է, իսկ հայերի համար սովորական չէ: Կարծում է, որ նշված բառերի օգտագործումը կարող է ընտանիք քանդել, եւ դա ընդամենը կարծիք է: Գտնում է, որ ինքը որեւէ վիրավորական խոսք չի ասել, իր գրած արտահայտություններն անձնավորված չեն եղել:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպրտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Ըստ Օրենսգրքի՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Դատարանը, անդրադառնալով տեղեկության արատավորող բնույթին, որպես իրավական հիմք հղում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի թիվ ԼԴ 0749/02/10 նախադեպային որոշմանը։ Անդրադառնալով վիրավորանքը գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է.

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձեւով:

Դատարանը, անդրադառնալով տեղեկությունների տարածված լինելուն, նշել է.

«Սույն գործի փաստերի համաձայն` հոդվածը տեղադրված է www.zaruhi.com կայքէջում, հայացդիմումը ներկայացնելու օրվա դրությամբ այն ունեցել է 308 ընթերցող: Այսինքն` դատարանն արձանագրում է, որ այն հասանելի է եղել եւ հասանելի է բոլորին»:

Դատարանն իր հետեւությունները հիմնավորելու համար վկայակոչել է ՎԴ նախադեպային որոշմամբ արձանագրված հետեւյալ եզրահանգումը՝ «վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա»։

Համամիտ ենք դատարանի այն հետեւությանը, որ ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել եւ հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել եւ ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ինչը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, հայտարարությունն իբրեւ գնահատող դատողություն ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ այն հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տես՝ «Պեդերսենը եւ Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի» գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թ. վճիռը, կետ 76):

Դատարանը անդրադարձել է նաեւ «ստույգ փաստեր» եզրույթին եւ նշել է, որ «այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով՝ տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր՝ ապացուցման անհրաժեշտություն չունեցող»։

Դատարանն արձանագրել է. «Պատասխանող Ռ.Թաթոյանի ցուցմունքից ակնհայտ է, որ հոդվածի հեղինակը ստույգ փաստերի չի անդրադարձել: Նա չի նշել եւ դատարանում էլ չկարողացավ նշել որեւէ փաստ, որ հայցվորի անմիջական գործունեության հետեւանքով քանդվել է գոնե մեկ ընտանիք։ Ի դեպ, պատասխանող Ռ.Թաթոյանը հայտնեց, որ ինքը ներկա չի գտնվել «Հեշտոցի մենախոսությունները» ներկայացմանը»։

Դատարանն անդրադարձել է նաեւ «գրանտածիծ» բառի իմաստին։ Եվ այդ կապակցությամբ հետազոտել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Ս. Երիցյանի` «Զարուհի հրատարակչական տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Զ. Բաբուխանյանին ուղղված 2012 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 579 գրությունը։ Գրությամբ նշվել է, որ վերոհիշյալ բառը նշանակում է գործող անձ. այն է` «գրանտ ծծող», «գրանտով սնվող»։

Ըստ դատարանի հետեւությունների՝ «թեեւ Ս. Երիցյանի գրությամբ հայտնվել է, որ «գրանտածիծ» բառը բացասական իմաստ ունի, բայց ոչ վիրավորական, սակայն եթե նշված արտահայտությունը դիտարկվում է հոդվածի համատեքստում, ապա պարզ է դառնում, որ պատասխանողը նպատակ է հետապնդել վիրավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը եւ արատավորելու վերջինիս գործարար համբավը»:

Հայցը բավարարելու համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ պատասխանողն առաջին անգամ չէ, որ գործածել է այդ բառը, եւ դա հիմնավորվում է գործում առկա՝ 2011 թ. օգոստոսի 12-ին www.antares.am կայքէջում հրապարակված «Էլիտար շենքեր, էլիտար շներ» եւ «Իրավունք» էլեկտրոնային թերթի «Երիտթուրքերը ժպտում էին Գրիգոր Զոհրապին, Ռուբեն Սեւակին, մեր մյուս երեւելիներին» վերնագրերով հրապարակումներով։ Ուշագրավ է  դատարանի հայտնած հետեւյալ դիրքորոշումը. «Փաստորեն, «գրանտածիծ» բառը պատասխանողի մոտ ասոցացվում է «ազգի դավաճանների», «հարամ կաթ ուտողների» հետ եւ հետեւաբար օգտագործվել է վիրավորելու դիտավորությամբ»:

 Ի վերջո, դատարանը գտել է, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասցեին արված «ընտանիք քանդող» եւ «գրանտածիծ» արտահայտությունները հրապարակային խոսքի միջոցով նրա գործարար համբավն արատավորելու նպատակով են արված եւ դրանցով վիրավորանք է հասցվել  հասարարական կազմակերպությանը:

 

  • Փոխհատուցման չափը

 

Դատարանը, սույն գործով փոխհատուցման չափ սահմանելիս, վճռել է պատասխանողներից համապարտության կարգով, հօգուտ հայցվորի, բռնագանձել 50 000 ՀՀ դրամ: Հիշեցնենք,որ  որպես  վիրավորանքի փոխհատուցում հայցվորը պահանջում էր վճարել  500 000 ՀՀ դրամ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձեւը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Վճռաբեկ դատարանը 2012 թ. ապրիլի 27-ի թիվ 2293/02/10 նախադեպային որոշմամբ, անդրադառնալով  վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, նշել է, որ այն պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, եւ, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար: Ըստ Վճռաբեկ դատարանի՝  դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ եւ առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը եւ ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ եւ համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ՝ պետք է հաշվի առնել նաեւ տեղեկատվությունը տարածելու շրջանակը:

Փոխհատուցման հարցը քննարկելիս՝ դատարանը, թեեւ անդրադարձել է ՎԴ-ի մեկնաբանություններին, սակայն չի հիմնավորել  պահանջվող 500 000 դրամ գումարի փոխարեն որպես փոխհատուցում 50 000 դրամ սահմանելը։

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1  հոդվածի 7-րդ կետը մեկնաբանելիս՝ ՎԴ-ն եզրահանգել է. «Դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որեւէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյոք անձը մինչեւ դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, եւ այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որեւէ ընթացք տվել է, թե ոչ»:

Նշենք, որ դատարանը հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցիչը «Վիտամին» ակումբում իրենց կազմակերպության ներկայացուցչի ներկայության մասին ապատեղեկատվությունը հերքելու պահանջ է ներկայացրել պատասխանողին, մինչդեռ պատասխանողը ոչ միայն չի պատասխանել նշված պահանջին, այլեւ իր հոդվածներից մեկում նշել է. «Չնայած դա այնքան էլ էական չէ, սակայն նշենք, որ մի տիկին (գուցե օրիորդ) այդպես ներկայացվեց»: Իսկ անդրադառնալով «գրանտածիծ» բառին` հեղինակը նշել է. «Այդ բառը բազմիցս է գործածվել, ու մեզ հետաքրքրում է, թե այդ բառի առաջի՞ն, թե՞ երկրորդ արմատից է վիրավորվել մեզ դիմած տիկինը (գուցե օրիորդը)»:

ՎԴ-ն նշել է.  «Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաեւ տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ»։ Սակայն դատարանը նշված հանգամանքին ընդհանրապես անդրադարձ  չի արել: Ուստի դատական ակտից հնարավոր չէ եզրակացնել, թե որոնք են փոխհատուցման գումարը նվազեցնելու հիմքերը:

 

  • Պետական տուրքի չափը

 

Սույն գործով վճարված պետական տուրքի չափը (4 000 ՀՀ դրամ) վկայում է այն մասին, որ դրամական փոխհատուցման պահանջի մասով պետական տուրք չի վճարվել:

Ներկայացված պահանջի եւ վճարված պետական տուրքի համադրումից երեւում է, որ հայցվորն ամբողջությամբ չի վճարել պետական տուրքը: Հայցվորի պահանջը բաղկացած է երկու մասերից` ոչ գույքային (վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելը) եւ գույքային (վիրավորանքի դիմաց  500 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում):

Ոչ գույքային պահանջի համար օրենքով սահմանված է հաստատագրված 4000 դրամի չափով պետական տուրք, իսկ գույքային պահանջի համար` պահանջվող գումարի 2 տոկոսը` առաջին ատյանի դատարանում, եւ 3 տոկոսը` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատաքննության համար: Հաշվի առնելով օրենքով սահմանված գումարի չափը` հայցվորը ոչ գույքային պահանջի դիմաց պետք է վճարեր 4000 դրամ, իսկ գույքային պահանջի դիմաց` 500 000 ՀՀ դրամի 2 տոկոսը կազմող` 10 000 դրամ: Հետեւաբար, երկու պահանջների դիմաց վճարվելիք պետական տուրքի գումարը պետք է կազմեր 14 000 դրամ: Մինչդեռ դատական գործի նյութերով  հաստատված է այն հանգամանքը, որ 2012 թ. ապրիլի 25-ին հայցվորը վճարել է պետական տուրք` 4 000 ՀՀ դրամի չափով։

Այսպիսով` չվճարված գումարը կազմում է 10 000 դրամ, սակայն դատարանն անտեսել է նշված հանգամանքը եւ հայցն ընդունել է վարույթ: Իսկ վճռով դատական ծախսերի հարցը համարել է լուծված:

 

Դատական գործ ՝ ԵՇԴ/0325/02/12Ռուզաննա Ազիզյանն  ընդդեմ «Յոթ օր» լրատվական ծառայության հիմնադիր «Թեւանյան» ՍՊ ընկերության

 

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մոնթե Մելքոնյանի» անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը 2012 թ. ապրիլի 26-ին հայցով դիմեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Յոթ օր» լրատվական ծառայության հիմնադիր «Թեւանյան» ՍՊ ընկերության՝  պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու,  նույն լրատվամիջոցով ներողություն խնդրելու ու վնասի հատուցման պահանջներով:  Հայցվորը դատարանից  խնդրում էր պարտավորեցնել պատասխանողին նույն զանգվածային լրատվամիջոցով ներողություն խնդրելու, հերքելու պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ՝ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 300 000 դրամ՝ որպես վնասի փոխհատուցում եւ 100 000 դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար: Դատարանը 2012 թ. ապրիլի 26-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ: Սույն գործով կայացել է 3 նախնական նիստ:

Հայցվորը դատարանին հայտնեց, որ «Յոթ օր» լրատվական ծառայության կողմից 2012 թ.  ապրիլի 16-ին հրապարակվել է «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլար է պահանջում» վերնագրով հոդված։  Ըստ հայցվորի՝ լրատվական միջոցն առանց որեւէ փաստ ստուգելու հերյուրանք է տպագրել ու վարկաբեկել  բազմավաստակ անձին, մանկավարժին ու նրա ղեկավարած կոլեկտիվին:

Պատասխանողն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ տպագրված նյութը եղել է հարցականով, իրենց կողմից որեւէ պնդում չի եղել, իրենք հաջորդ օրը տպագրել են հայցվորի ուղարկած հերքումը, ուստի որեւէ պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող:

Գործի քննության ընթացքում հայցվորը դիմում ներկայացրեց դատարան, որով հրաժարվեց հայցից եւ խնդրեց քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Դատարանն այս քաղաքացիական գործի վարույթը կարճեց 2012 թ. օգոստոսի 10-ի վճռով`  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով, համաձայն որի, ի թիվս այլ դեպքերի, դատարանը գործի վարույթը կարճում է, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Իսկ ըստ նույն օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի` հայցվորն առաջին ատյանի դատարանում հայցից կարող է հրաժարվել՝ մինչեւ դատաքննության ավարտը։

 

  • Պետական տուրքի չափը եւ հայցը դատարանի վարույթ ընդունելու մասին որոշման օրինականությունը

 

Թեեւ սույն գործի վարույթը կարճվել է, սակայն անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հայցը դատարանի վարույթ ընդունելու օրինակությանը։

Հայցվորը դատարանին ի սկզբանե ներկայացրել է հայցադիմում, որում մեկտեղված էին տարբեր տեսակի պահանջներ. գույքային՝ 300 000 ՀՀ դրամ բռնագանձելու եւ ոչ գույքային՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու մասին։ Նկատի ունենալով, որ հայցվորը նախապես վճարել է միայն 4000 դրամը, եւ չի վճարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հայցագնի 2 տոկոսը, ինչպես նաեւ չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու եւ դրան վերջնական դատական ակտով անդրադառնալու միջնորդություն` կարելի է եզրակացնել, որ հայցը վարույթ է ընդունվել օրենքի խախտմամբ:

Սակայն  դատարանը վճռով անդրադարձել է դատական ծախսերին եւ գտել, որ պետական տուրքի չբավականացնող մասը պետք է գանձել հայցվորից՝ հօգուտ պետբյուջե եւ վճռել է Ռուզաննա Ազատի Ազիզյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել վեց հազար դրամ՝ որպես պետտուրքի չբավականացնող մաս:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/1325/02/12. Անուշավան Նիկողոսյանն ընդդեմ «Վիրտուալ Մեդիա» ՍՊ ընկերության

 

Անուշավան Նիկողոսյանը (պատգամավորի թեկնածու)  2012 թ. հունիսի 6-ին հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Վիրտուալ Մեդիա» ՍՊ ընկերության՝ զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։

Հայցվորը վիճարկում էր www.slaq.am էլեկտրոնային կայքում  2012 թվականի մայիսի 4-ին  հրապարակված` «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը» վերնագրով հոդվածը` պահանջելով պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հրապարակելու հերքում, ինչպես նաեւ՝ պատասխանողից բռնագանձել երեք միլիոն դրամ որպես վնասի փոխհատուցում։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ եւ հուլիսի 12-ին նշանակվել նախնական դատական նիստ: Նույն որոշմամբ դատարանը հետաձգել է պետական տուրքի վճարման ժամկետը: Սույն գործով կայացել է 4 նախնական նիստ: 2012 թ. օգոստոսի 28-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 3 դատական նիստ։  Վճռի հրապարակման օր էր նշանակվել  նոյեմբերի 12-ը, սակայն նշված օրը վճիռը չի հրապարակվել՝ գործի քննությունը վերսկսելու պատճառով, նոյեմբերի 29-ին կայացել է եւս մեկ դատական նիստ եւ դեկտեմբերի 14-ի վճռով հայցը մերժվել է:

Հայցվորը, ներկայացնելով պահանջը, հայտնել էր, որ 2012 թվականի մայիսի 4-ին, ժամը 16:19-ին  պատասխանող ընկերությանը պատկանող www.slaq.am կայքէջում «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը» վերնագրով հրապարակվել է տեղեկատվություն, որը ոչ միայն իր մեջ պարունակում է ակնհայտ զրպարտություն, այլեւ վիրավորում է հայցվորի անձն ու արժանապատվությունը։

Նշված հրապարակմամբ ասված էր. «Թեժ իրավիճակ էր ստեղծվել նաեւ թիվ 32 ընտրատարածքում, ուր պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանը քարոզարշավի առաջին իսկ օրվանից պայքար էր մղում ոչ թե քաղաքական թեմաների շուրջ, այլ կոնկրետ իր մրցակիցներից մեկի՝ Կարեն Կարապետյանի դեմ։ Ցանկանալով հասկանալ Անուշավան Նիկողոսյանի վարքի դրդապատճառները, մեր լրագրողական հետաքննության արդյունքում հաջողվեց պարզել հետաքրքիր մանրամասներ Անուշավան Նիկողոսյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունների վերաբերյալ։ Պարզվում է, որ այս հակամարտության իրական պատճառը Կարապետյանի մերժումն է Նիկողոսյանի երթուղային տրանսպորտի գիծ տրամադրելու հարցում օգնելու խնդրանքին»:

Ըստ Անուշավան Նիկողոսյանի` «աբիժնիկություն» արտահայտությունը վիրավորում է իր անձը, արատավորում պատիվն ու արժանապատվությանը։ Իսկ մյուս՝ «պարզվում է, որ այս հակամարտության իրական պատճառը Կարապետյանի մերժումն է Նիկողոսյանի` երթուղային տրանսպորտի գիծ տրամադրելու հարցում օգնելու խնդրանքին» արտահայտությանը, ըստ հայցվորի դիրքորոշման` բացարձակ սուտ է եւ զրպարտություն, քանի որ Կարեն Կարապետյանի հետ հայցվորն անձամբ ծանոթ չէ ու երբեք չի եղել, իսկ նրան երթուղային տրանսպորտի գիծ տրամադրելու հարցում օգնելու խնդրանքով երբեւէ չի դիմել եւ խնդրանքի մերժում էլ չի ստացել։

Պատասխանող «Վիրտուալ Մեդիա» ՍՊ ընկերությունը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն պատասխանողի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ հոդվածը հրապարակելիս՝ պատախասանող ընկերությունը հայցվորին վիրավորելու կամ զրպարտելու նպատակ չի հետապնդել։

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Դատարանը հայցը մերժելու իր դիրքորոշումը  հիմնավորել է ինչպես ներպետական դատական ատյանների, այնպես էլ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով:

Կարեւորում ենք դատարանի այն եզրահանգումը, որ խոսքի ազատության ցանկացած սահմանափակում պետք է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինի»: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2007 թ. փետրվարի 16-ի ՍԴՈ-678 որոշումը՝ դատարանը նշել է, որ ըստ Բարձր դատարանի դատական պրակտիկայի` «անհրաժեշտ» ածականը ենթադրում է «հասարակական կենսական անհրաժեշտություն»:

Ըստ դատարանի հաջորդ եզրահանգման, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված՝ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է, նրա առաջընթացի եւ նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում՝ արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաեւ այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։ Այպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության եւ ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն» («Լինգենսն ընդդեմ Ավստրիայի», թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41):

Դժվար է չհամաձայնել դատարանի այն հետեւությանը, որ նշված սկզբունքներն առանձնահատուկ կարեւորություն են ձեռք բերում մամուլի առումով: Վկայակոչելով «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործը՝ դատանը նշում է, որ ոչ միայն մամուլն է կրում հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու պարտավորություն, այլեւ հանրությունն ունի տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու իրավունք:

Ինչպես արդեն նշել ենք այլ գործեր վերլուծելիս՝ «գնահատող դատողություն» հասկացությունը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված չէ, ինչն այս հոդվածի հիմնական թերություններից մեկն է: Հայաստանում «գնահատող դատողություն» հասկացությունը քննության առարկա դարձավ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ապաքրեականացումից հետո ծավալված դատական պրակտիկայի հենց սկզբից: ՀՀ Սահմանադրական դատարանը, 2011 թ. նոյեմբերի 15-ին կայացրած թիվ 997 որոշմամբ,  անդրադարձավ «փաստեր» եւ «գնահատող դատողություն» հասկացություններին: Սակայն ներպետական դատական տարբեր ատյաններն իրենց դատական ակտերով հազվադեպ են անդրադառնում ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը եւ «գնահատող դատողության»  հարցը կարգավորելիս հիմնականում վկայակոչում են ՄԻԵԴ-ի դիրքորոշումը: Բացառություն չի նաեւ սույն գործով կայացված վճիռը:  Դատարանը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի «Կարմանն ընդդեմ Ռուսաստանի», թիվ 29372/02, 14/12/2006, պարբ. 41/ եւ «Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի», թիվ 23472/03, 21/07/2005,  պարբ. 30/ գործերը, նշում է. «Ինչ վերաբերում է կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը, եթե փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, ապա գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման։ Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել եւ նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված։ Հետեւաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր»:

Հաշվի առնելով, որ հայցվորը հրապարակված  արտահայտությունները համարում է եւ վիրավորանք, եւ զպարտություն` դատարանը հրապարակված տեղեկությունների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է «վիրավորանքի»  եւ «զպարտության» տիրույթներում: Մասնավորապես, դատարանը նշել է` «աբիժնիկության» արտահայտությունը հայցվորը վիրավորանք է համարել՝ անտեսելով, թե հոդվածի ինչ համատեքստում է օգտագործվել այն։ Հոդվածում նշված արտահայտությունն օգտագործվել է որպես հոդվածի վերնագիր` «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը»: Ըստ դատարանի՝ «աբիժնիկ» բառն առաջացել է ռուսերեն «обиженный» բառից, որը նշանակում է «նեղացած, նեղսրտված»: Իսկ այդ բառերը որեւէ կերպ չի կարելի վիրավորական համարել։ Հետեւաբար՝ նշված հայտարարության առումով հայցվորի իրավունքների խախտում տեղի չի ունեցել։ Բացի այդ՝ ռուսերեն կամ հայերեն որեւէ բառարանում առկա չէ «աբիժնիկ» բառը կամ նշված բառի` որպես վիրավորական արտահայություն լինելու վերաբերյալ բացատրություն կամ մեկնաբանություն։

Հայցվորը որպես զրպարտություն է նշել հետեւյալ տեղեկատվությունը. «Պարզվում է, որ այս հակամարտության իրական պատճառը Կարապետյանի մերժումն է Նիկողոսյանի` երթուղային տրանսպորտի գիծ տրամադրելու հարցում օգնելու խնդրանքին»: Այդ իսկ պատճառով դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարկային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Որպեսզի այս հոդվածը կիրառելի լինի՝ տեղեկությունները պետք է չհամապատասխանեն իրականությանը եւ միաժամանակ պետք է լինեն արատավորող եւ հրապարակված, այլ կերպ ասած՝ օրենսդիրը պահանջում է բոլոր երեք տարրերի միաժամանկյա առկայություն։

Տվյալ դեպքում դատարանը գտել է, որ՝«Պարզվում է, որ այս հակամարտության իրական պատճառը Կարապետյանի մերժումն է Նիկողոսյանի` երթուղային տրանսպորտի գիծ տրամադրելու հարցում օգնելու խնդրանքին»  արտահայտությունը բարոյականության տեսանկյունից որեւէ գնահատողական իմաստ չի պարունակում եւ հետեւաբար՝ չի կարող արատավորող լինել։

Միաժամանակ՝ դատարանն անհրաժեշտ է համարել վկայակոչել եւ պարզաբանել «պատիվ», «արժանապատվութուն», ինչպես նաեւ «արատավորել» հասկացությունները` իրենց բուն իմաստով` հետագայում դրանք հրապարակված տեղեկություններով արատավորված լինելու փաստը որոշելու, ինչպես նաեւ ներկայացված հայցային պահանջներին ճշգրիտ իրավական որակում տալու նպատակով։  Ըստ դատարանի՝ հոդվածում մատնանշված տեղեկությունները բարոյական են եւ արատավորող հատկություններ չունեն, դրանցով չեն արատավորվում հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, հետեւաբար՝ հայցն այս մասով նույնպես ենթակա է մերժման։

ԶԼՄ-ների գործունեության զարգացման համար՝ կարեւորում ենք դատարանի հայտնած հետեւյալ դիրքորոշումը. «Ցանկացած միջամտություն եւ սահմանափակում, որի արդյունքում տուժում է լրագրողի կամ լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքը, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում»։

 

  • Խախտված իրավունքի վերականգնման եղանակը

 

Թեեւ սույն գործի քննության շրջանակներում հայցապահանջը, այդ թվում նաեւ՝ երեք միլիոն դրամ փոխհատուցման պահանջը մերժվել է, սակայն չենք կարող չանդրադառնալ ներկայացված հայցապահանջին եւ խախտված իրավունքը վերականգնելու համար հայցվորի ընտրած եղանակին:

Դատարանները վիրավորանքի եւ զպարտության հիմքերով գործեր քննելիս պետք է բոլոր ապացույցների գնահատմամբ պարզեն` արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը՝ ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչեւ նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաեւ պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության եւ կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մաuնակի հրապարակել դատարանի վճիռը. զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաuտացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատաuխանը)։

Սույն գործի շրջանակներում ներկայացված հայցը վկայում է այն մասին, որ պատասխանողի կողմից հրապարակված  արտահայտությունները հայցվորը համարում է եւ վիրավորանք, եւ զպարտություն: Եթե զպարտության համար հայցվորը պահանջել է օրենքով սահմանված երկու միջոցներից երկուսն էլ` եւ հերքում, եւ երկու միլիոն դրամի փոխհատուցում, ապա վիրավորանքի համար նա ներկայացրել է ընդամենը մեկ պահանջ` փոխհատուցում, այն էլ՝ առավելագույն չափով` մեկ միլիոն դրամ: Հայցվորի կողմից, կարծես թե, անտեսվել է իրավունքի պաշտպանության եւս մեկ միջոց` հրապարակայնորեն ներողություն խնդրելը:  Նմանատիպ մոտեցումը մտահոգության տեղիք է տալիս. Մասնավորապես՝ ո՞րն է այդ հայցի նպատակը` անձի  իրավունքների պաշտպանությո՞ւնը, թե՞ հարստանալը կամ լրատվամիջոցին սնանկացնելը:

Վճռաբեկ դատարանը, 2012 թ. ապրիլի 27-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 նախադեպային որոշմամբ փոխհատուցման հարցին անդրադառնալով, եզրակացրել է, որ

դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որեւէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մաuին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյո՞ք անձը մինչեւ դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին՝ հերքում հրապարակելու պահանջով, եւ այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որեւէ ընթացք տվել է, թե ոչ։

Մինչեւ սույն գործով հայց ներկայացնելը՝ հայցվորը փորձ չի արել արտադատական կարգով լուծելու վեճը, ավելին՝ նա դատարան դիմելուց էլ չի պահանջել, որ պատասխանողն  իրենից  հրապարակայնորեն ներողություն խնդրի:

 

 

Դատական գործ՝ ԵԿԴ/1287/02/12. Միքայել Անդրեասյանն ընդդեմ «Նովոյե վրեմյա օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի

 

Նախկին ռազմական օդաչու Միքայել Անդրեասյանը 2012 թվականի հունիսի 4-ին հայց ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Новое время» թերթի հիմնադիր ««Новое время» օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի։ Վիճարկվում էր 2012 թ. փետրվարի 7-ին «Новое время» թերթում տպագրված՝ «Իսկ նրանց, ում վիճակվել է ապրել…» («Ну а тем, кому выпало жить…») վերնագրով հոդվածը: Ըստ հայցվորի` հրապարակմամբ աղավաղված է ներկայացված Արցախյան պատերազմի դրվագներից մեկը, որին ինքը մասնակցել է: Հայցապահանջներն էին` տպագրել հերքում, փոխհատուցել զրպարտությամբ հասցված վնասը՝ 2 մլն դրամի չափով, ինչպես նաեւ՝ վճարել դատական ծախսերի համար: 2012 թ. հունիսի 8-ի որոշմամբ հայցն ընդունվեց դատարանի վարույթ։

Գործով կայացավ 2 նախնական դատական նիստ: Նոյեմբերի 1-ի նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող կողմն առաջարկեց հաշտության գալ։ Դեկտեմբերի 3-ին դատարանը հաստատեց նոյեմբերի 14-ին կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնագիրը եւ կարճեց գործի վարույթը։

Ըստ հաշտության համաձայնագրի՝ պատասխանողը պարտավորվեց հրապարակել «Можно долго обманывать не многих, можно не долго обманывать многих. Нельзя бесконечно обманывать всех» վերնագրով հոդվածը, որում հայցվորն իր դիրքորոշումն է հայտնում՝ վիճարկվող հրապարակման վերաբերյալ։ Իսկ հայցվորն էլ պարտավորվեց հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով եւ հիմքով դատարան հայց չներկայացնել։

 

  • Պետական տուրքի չափը

 

Դատարան դիմելիս հայցվորը ներկայացրել էր 4000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար վճարելու անդորրագիր։ Ինչպես արդեն ասվել է՝ ոչ գույքային պահանջով դատարան դիմելու դեպքում պահանջվում է, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, վճարել 4000 դրամ՝ որպես պետական տուրք։ Գույքային պահանջի դեպքում այդ գումարը կազմում է հայցագնի երկու տոկոuը՝ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի։ Թեեւ Միքայել Անդրեասյանն իր հայցադիմումում ներկայացրել էր նաեւ դրամական փոխհատուցման պահանջ՝ 2 միլիոն դրամի չափով, այնուամենայնիվ, պետական տուրք չէր վճարել։ Դատարանն իր վճռում անդրադարձավ պետական տուրքի հարցին։ Հաստատելով հաշտության համաձայնությունը՝ դատարանը միաժամանակ հայցվորից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձեց 40000 դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար։

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԼՄՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ՈՐՊԵՍ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ

 

Սույն բաժնում ներկայացված են քաղաքացիական գործեր` ըստ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, որոնցում որպես երրորդ անձ ներգրավված են լրատվամիջոցները։

 

«Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸն երկու քաղաքացիական գործում որպես պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ներգրավված եղել` օրաթերթի 2010 թ. սեպտեմբերի 1-ի համարում տպագրված «Էս թուրքին մեր մեջից հանեք» վերնագրով հոդվածի առիթով։ Այդ հրապարակմամբ ներկայացվել էր Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչների քննադատությունը` գյուղապետ Վանո Եղիազարյանի ծավալած գործունեության վերաբերյալ:

 

Դատական գործ` ԼԴ/0748/02/10. Վանո Եղիազարյանն ընդդեմ Գեւորգ Մելքոնյանի եւ ինքնուրույն պահանջ  չներկայացնող երրորդ անձ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸիԺամանակ» օրաթերթի հիմնադիր)

 

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը, 2010 թ. սեպտեմբերի 22-ին դիմելով դատարան, խնդրել է պարտավորեցնել համագյուղացի Գեւորգ Մելքոնյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու` իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, հերքելու զրպարտություն համարվող փաստացի տվյալները «Ժամանակ» օրաթերթի միջոցով, վճարելու փոխհատուցում 3 մլն դրամի չափով (1 մլն դրամ` վիրավորանքի, 2 մլն դրամ զրպարտության համար), ինչպես նաեւ` դատական ծախսերը` բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:

Ներկայացված հայցադիմումը` կից փաստաթղթերով, վերադարձվել է` դատարանի` 2010 թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ` օրենսդրությամբ պահանջվող պետական տուրքը վճարած չլինելու պատճառով:

2010 թ. հոկտեմբերի 1-ին Վանո Եղիազարյանը նույն պահանջով դիմել է դատարան: 2010 թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ հայցադիմումը կրկին վերադարձվել է` նույն հիմքով: 2010 թ. հոկտեմբերի 11-ին գյուղապետը նորից հայցադիմում է ներկայացրել դատարան` փոխհատուցում վճարելու պահանջից հրաժարվելով:

Դատարանի` 2010 թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: 2011 թ. փետրվարի 1-ին տեղի ունեցած նախնական դատական նիստում կայացրած որոշմամբ` նշված գործով պատասխանող կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ներգրավվել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն:

Օրաթերթի ներկայացուցիչը թեեւ պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, սակայն նիստերին չի ներկայացել, ուստի դատարանը որոշել է գործը քննել` կողմի բացակայությամբ:

«Էս թուրքին մեր մեջից հանեք» վերնագրով հոդվածում եղել են մի շարք արտահայտություններ, որոնք հայցվորը դիտել է որպես վիրավորանք եւ զրպարտություն:

2011 թ. հուլիսի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է այս գործով կայացրած վճիռը, որի համաձայն` Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Գեւորգ Մելքոնյանի բավարարվել է: Դատարանը Գեւորգ Մելքոնյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն` «Ժամանակ» օրաթերթի միջոցով, ներողություն խնդրելու Վանո Եղիազարյանից, հերքելու զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաեւ վճռել է Գեւորգ Մելքոնյանից, հօգուտ Վանո Եղիազարյանի, բռնագանձել 8 հազար դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: 2011 թ. սեպտեմբերի 1-ին գործով պատասխանող Գեւորգ Մելքոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2011 թ. հոկտեմբերի 26-ին մերժվել է: 2011 թ. նոյեմբերի 30-ին պատասխանող կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վերադարձվել է ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թ. հունվարի 25-ի որոշման համաձայն:

 

 

Դատական գործ` ԼԴ/0749/02/10. Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի եւ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸիԺամանակ» օրաթերթի հիմնադիր)

 

Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը, 2010 թ. սեպտեմբերի 22-ին դիմելով դատարան, խնդրել է պարտավորեցնել համագյուղացի Բորիս Աշրաֆյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու` իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, եւ հերքում տարածելու «Ժամանակ» օրաթերթի միջոցով, ինչպես նաեւ` հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ` վիրավորանքի եւ 2 մլն դրամ` զրպարտության համար, նաեւ` դատական ծախսերը` բռնագանձումը տարածելով պատասխանողի գույքի վրա:

Հայցադիմումը` կից փաստաթղթերով, վերադարձվել է` դատարանի` 2010 թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ` օրենսդրությամբ պահանջվող պետական տուրքը վճարած չլինելու պատճառով: 2010 թ. հոկտեմբերի 1-ին Վանո Եղիազարյանը նույն պահանջով կրկին դիմել է դատարան: Դատարանի` 2010 թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ հայցադիմումը կրկին վերադարձվել է` նույն պատճառաբանությամբ:

Վանո Եղիազարյանը պետտուրքի գումարը վճարելուց հետո` 2010 թ. հոկտեմբերի 11-ին նույն պահանջներով կրկին դիմել է դատարան: 2010 թ. հոկտեմբերի 14-ի
որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Նախնական նիստում դատարանի կայացրած որոշմամբ` նշված գործով պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ներգրավվել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն:

Բորիս Աշրաֆյանը հայցադիմումի պատասխանը ներկայացրել է 2010 թ. դեկտեմբերի 1-ին, իսկ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն` 2011 թ. մարտի16-ին: 2011 թ. հուլիսի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի բավարարել է մասնակի:

Դատարանը վճռել է Բորիս Աշրաֆյանին պարտավորեցնել հրապարակայնորեն` «Ժամանակ» օրաթերթի միջոցով, ներողություն խնդրելու Վանո Եղիազարյանից` վիրավորանքի համար, եւ հօգուտ հայցվորի` բռնագանձել 100 հազար դրամ։ Ինչպես նաեւ` պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին, «Ժամանակ» օրաթերթի միջոցով, հերքելու հայցվորին զրպարտող տեղեկությունները եւ հօգուտ հայցվորի բռնագանձել 200 հազար դրամ։ Դատական ակտով նախատեսված էր նաեւ Բորիս Աշրաֆյանից, հօգուտ Վանո Եղիազարյանի, բռնագանձել 14 հազար ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սույն վճիռը բողոքարկել են եւ´ հայցվոր Վանո Եղիազարյանը, եւ´ պատասխանող Բորիս Աշրաֆյանը: 2011 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ երկու բողոքներն էլ մերժվել են:

2011 թ. նոյեմբերի 7-ին պատասխանող Բորիս Աշրաֆյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2012 թ. ապրիլի 27-ին բավարարվել է մասնակի: ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2011 թ. հոկտեմբերի 5-ի որոշման` Բորիս Աշրաֆյանի վերաքննիչ բողոքը մերժելու, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011 թ. հուլիսի 22-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով կայացրած վճիռը օրինական ուժի մեջ թողնելու, ինչպես նաեւ Բորիս Աշրաֆյանի մասով պետական տուրքի հարցը լուծված համարելու մասերը։ Այդ մասերը փոփոխվել են, ըստ այդմ` որոշվել է Վանո Եղիազարյանից, հօգուտ Բորիս Աշրաֆյանի, բռնագանձել 19 հազար դրամ` որպես վերաքննիչ եւ 20 հազար դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետտուրքի գումար:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/2538/02/10. Մարգարիտ Մարտիրոսյանն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի, գործում ներգրավված ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «168 ժամ» ՍՊԸ

 

Արտաշատ քաղաքի բնակչուհի Մարգարիտ Մարտիրոսյանը 2010 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց՝ ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի։ «168 ժամ» թերթը գործում ներգրավված էր որպես երրորդ անձ։ Հայցապահանջներն էին՝ պարտավորեցնել Հռիփսիմե Կարապետյանին հերքելու «168 ժամ» թերթում 2010 թ. նոյեմբերի 4-ին հրապարակված՝ «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկությունները նույն լրատվամիջոցում, ինչպես նաեւ վճարելու 500 հազար դրամի չափով փոխհատուցում՝ փաստաբանի վարձատրության համար։ 2010 թ. դեկտեմբերի 3-ին հայցն ընդունվեց վարույթ։ Գործով կայացավ 6 նախնական դատական նիստ։ Դատարանի՝ 2011 թ. հունիսի 29-ի որոշմամբ գործի վարույթը կասեցվեց։ Նշված որոշումը բողոքարկվեց հայցվորի ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարանում, որն էլ 2011 թ. օգոստոսի 9-ին բավարարեց բերված բողոքը՝ վերացնելով քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը։ 2011 թ. սեպտեմբերի 29-ին Մարգարիտ Մարտիրոսյանի ներկայացրած հայցի քննությունը վերսկսվեց։ Կայացավ եւս երկու նախնական դատական նիստ, ինչից հետո գործը մտավ դատաքննության փուլ։ Այս ընթացքում կայացավ երկու դատական նիստ։ Հուլիսի 12-ին դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, համաձայն որի՝ հայցը բավարարվեց մասնակի։

Մարգարիտ Մարտիրոսյանը Արտաշատ քաղաքի բնակչուհի է: Նա ավելի քան 20 տարի աշխատել է «Գյուղշին» նախարարությունում՝ որպես վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի պետ, իսկ այնուհետեւ` մինչեւ 1997 թ., «Արտաշատ շինմիավորում» տրեստում՝ որպես գլխավոր հաշվապահ: Հռիփսիմե Կարապետյանը նրա որդու` Արտակ Մանասերյանի կինն է: 2010 թ. նոյեմբերի 4-ին «168 ժամ» թերթում տպագրվել է «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածը[26], որում, մասնավորապես, գրված է եղել.

«Երեկ խմբագրություն էր եկել Արարատի մարզի Արտաշատի բնակիչ Մարգարիտ Մարտիրոսյանի հարսը` Հռիփսիմե Կարապետյանը, ով խնդրում էր մամուլի միջոցով տպագրել իր վկայությունն այն մասին, որ սկեսուրը` Մ.Մարտիրոսյանն իրականում Ն.Հարությունյանի «գլխին սարքել է»։ Հ.Կարապետյանը վստահեցնում է, որ սկեսուրն ու ամուսինը` սպանության համար դատապարտված Ա.Մանասերյանը, սպառնացել են ճշմարտությունն ասելու, վկայություն տալու դեպքում իր նկատմամբ քայլեր ձեռնարկել։ «Հասկանու՞մ եք, անմեղ մարդ է դատվել, էլ չեմ կարող այսպես ապրել։ Գիշերները չեմ կարողանում քնել, ուզում եմ ճշմարտությունն ասել, որովհետեւ էս ծանր բեռով ապրել չի լինում։ Նշանն անմեղ է, նա ոչ մի լումա չի յուրացրել, որովհետեւ Մարգարիտան` սկսուրս, շանտաժի է դիմել։ Նա բոլորին կաշառելով, մարդկանց դատում, «նստացնում է» – ասել  է Հ.Կարապետյանը»…

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Փաստերը եւ ապացույցները գնահատելիս` դատարանը հետազոտել է հետեւյալը.

ա) արդյո՞ք տեղեկություններն արատավորող են,

բ) արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը,

գ) արդյո՞ք դրանք տարածվել են:

Դատարանը նպատակահարմար է համարել քննարկել զրպարտության վերոգրյալ հատկանիշներն առանձին-առանձին։

Ա) «Տեղեկություններն արատավորող են, թե` ոչ»  հարցին պատասխանելու համար դատարանը նախ սահմանել է. «Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու արժանիքները։ Արատավորող կարող են ճանաչվել նաեւ անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես՝ հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, կաշառելու, շանտաժի դիմելու, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին եւ այլ բնույթի տեղեկությունները»։

Հաշվի առնելով վերոնշյալը` դատարանը նշել է. «Գործի փաստերից երեւում է, որ հայցվորը, դատարան ներկայացված հայցադիմումով, «գլխին սարքել է», « «շանտաժի է դիմել», «սպառնացել են», «նա բոլորին կաշառելով` մարդկանց դատում, նստացնում է», «սկեսուրս ստիպում էր ոստիկանությունում կեղծ ցուցմունքներ տալ» եւ նման այլ արտահայտությունները համարում է հանրության կողմից պարսավելի ու դատապարտելի, որով արատավորվում է իր պատիվն ու արժանապատվությունը»:

Բ) Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ ընդհանուր իրավասության դատարանի` անձը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է, կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական, տարածվում է հերյուրանք եւ այլն։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը` դատարանը նշել է. «Պատասխանողը դատարանին չներկայացրեց որեւէ ապացույց, ինչը կհիմնավորեր իրականությանը հոդվածում տեղ գտած տեղեկությունների համապատասխանության մասին, հետեւաբար, դատարանը հաստատված է համարում, որ տարածված տեղեկությունները մտացածին են, չեն համապատասխանում իրականությանը, եւ վերոհիշյալ հոդվածով ուղղակիորեն հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու նպատակ է հետապնդվել»։

Գ) Երրորդ հարցին պատասխանելու համար դատարանն ընգծել է, որ տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին այլ անձանց հաղորդակից դարձնելն է։ Տարածում չի համարվում այդ տեղեկությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը։ Երբ տեղեկություններն անմիջականորեն հաղորդվում են այն անձին, որին վերաբերում են, այդ անձը շրջապատի, հանրության առջեւ չի նսեմանում, հետեւաբար չի կարող պաշտպանություն հայցել։ Հայցվորին զրպարտող եւ արատավորող տեղեկություններ պարունակող հոդվածը լույս է տեսել «168 ժամ» թերթում, որը, լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում` շաբաթաթերթի բազմաթիվ ընթերցողներին։

 

  • Պատշաճ երրորդ անձ

 

Ինչպես արդեն նշել ենք՝ սույն գործով որպես երրորդ անձ ներգրավված է «168 ժամ» թերթը: Թերթն ինքնին իրավաբանական անձ չէ, ուստի չի կարող որպես երրորդ անձ մասնակցել դատավարությանը: Դատարանն այս հանգամանքին չի անդրադարձել, չնայած այն բանին, որ երրորդ անձի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել: Դատարանը, հղում կատարելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, նշել է, որ լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի եւ արժանահավատ փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին եւ աստիճանին՝ պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության՝ հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր եւ հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը:[27] Չափազանց կարեւոր է նաեւ, որ զանգվածային լրատվության միջոցն իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի՝ մինչեւ համապատասխան տեղեկության տարածումը, այլ ոչ թե փորձի ապացույցներ «հայթայթել» դատական վեճի ընթացքում։[28] Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում է, որ վերջիններս գործեն բարեխղճությամբ եւ տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի եւ կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական Էթիկայի նորմերին խիստ համապատասխան»:[29]

Վերոգրյալից հետեւում է. դատարանը եզրակացրել է, որ երրորդ անձը մինչեւ դատարանի կողմից որպես զրպարտություն գնահատված տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել տեղեկությունների արժանահավատությունը, դրանց փաստական հիմքերը։

Հաստատված համարելով Հռիփսիմե Կարապետյանի կողմից «168 ժամ» թերթում հրապարակած «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածում հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածման փաստը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից չապացուցվեց տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը` դատարանը գտավ, որ տարածված տեղեկությունները ենթակա են հերքման` զրպարտություն լինելու հիմքով: Ընդ որում՝ հերքումը պետք է տպագրվի լրատվության նույն տեսակով, այն է` «168 ժամ» թերթում՝ «Հերքում» խորագրի ներքո, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում, եւ հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափն ու տեսակը պետք է չզիջեն «168 ժամ» թերթում հրապարակված «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածի նույն հատկանիշներին:

 

  • Դատական ծախսեր

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածը սահմանում է, որ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից եւ փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։

Գործին կցված մյուս փաստաթղթերի հետ մեկտեղ` հայցվորի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել նաեւ իր եւ իր վստահորդի միջեւ կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ որի` հայցվորին տրամադրվելիք ծառայությունների վճարը սահմանվել էր 500 000 դրամ: Դատարանը գտավ, որ նշված գումարը պատասխանողից բռնագանձելու պահանջը նույնիսկ պայմանագրի առկայության պայմաններում պետք է լինի խելամիտ եւ հիմնավորվի տվյալ բնագավառում ձեւավորված եւ լայնորեն կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով։ Ուստի հիմք ընդունելով ներկայացրած պայմանագիրը՝ տվյալ բնագավառում ձեւավորված եւ լայնորեն կիրառվող գործարար շրջանառության սովորույթները, փաստաբանին վճարվող գումարի խելամտության սկզբունքը եւ գործի առանձնահատկությունը` դատարանը հայցը բավարարեց մասնակի` պարտավորեցնելով Հռիփսիմե Կարապետյանին վճարելու 100 հազար դրամ՝ դատական ծախսերի համար:

 

Դատական գործ` ԱՎԴ/0013/02/11. Մարգարիտ Մարտիրոսյանն ընդդեմ Վարազդատ Հակոբյանի եւ այլոց, գործում ներգրավված ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «168 ժամ» թերթ

 

Արտաշատ քաղաքի բնակչուհի Մարգարիտ Մարտիրոսյանը 2011 թ. հունվարի 17-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց՝ ընդդեմ Վարազդատ Հակոբյանի, Արթուր Ջանյանի եւ Սամվել Պետրոսյանի։ «168 ժամ» թերթը գործում ներգրավված էր որպես երրորդ անձ։ Հայցապահանջներն էին՝ պարտավորեցնել պատասխանողներին հերքելու «168 ժամ» թերթում 2010 թ. դեկտեմբերի 18-ին հրապարակված՝ «Մարգո տոտայի անհավանական արկածները Արտաշատում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկությունները՝ նույն լրատվամիջոցում, վճարելու փաստաբանի վարձատրության համար 600 հազար դրամի չափով փոխհատուցում, ինչպես նաեւ պատասխանողներից համապարտության կարգով, հօգուտ Մարգարիտ Մարտիրոսյանի, բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 4000 դրամի չափով։ 2011 թ. հունվարի 19-ին հայցն ընդունվեց վարույթ։ Գործով կայացավ 2 նախնական դատական նիստ։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ դատաքննությունը։ 2011 թ. ապրիլի 19-ին դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, համաձայն որի՝ հայցը բավարարվեց մասնակի։ 2011 թ. հոկտեմբերի 14-ին պատասխանողներ Վարազդատ Հակոբյանը եւ Արթուր Ջանյանը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկեցին Վերաքննիչ դատարան, որն էլ 2011 թ. դեկտեմբերի 27-ին բողոքը բավարարեց ՝ բեկանելով բողոքարկվող վճիռը եւ ուղարկելով հետ՝ նոր քննության։ 2012 թ. փետրվարի 20-ին գործը կրկին վարույթ ընդունվեց։ Կայացավ 6 դատական նիստ։ 2012 թ. հուլիսի 25-ի վճռով ընդհանուր իրավասության դատարանը կրկին մասնակիորեն բավարարեց Մարգարիտ Մարտիրոսյանի հայցը։ 2012 թ. սեպտեմբերի 5-ին պատասխանող Վարազդատ Հակոբյանը բողոքարկեց ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 25-ի վճիռը։ Սեպտեմբերի 24-ին բողոքը վերադարձվեց։ Հոկտեմբերի 17-ին Վարազդատ Հակոբյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ 2012 թ. նոյեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը։

Մարգարիտ Մարտիրոսյանը Արտաշատ քաղաքի բնակչուհի է: Նա ավելի քան 20 տարի աշխատել է «Գյուղշին» նախարարությունում՝ որպես վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի պետ, իսկ այնուհետեւ` մինչեւ 1997թ., «Արտաշատ շինմիավորում» տրեստում՝ որպես գլխավոր հաշվապահ: 2010 թ. դեկտեմբերի 18-ին «168 ժամ» թերթում տպագրվել է Վարազդատ Հակոբյանի, Արթուր Ջանյանի եւ Սամվել Պետրոսյանի՝ «Մարգո տոտայի անհավանական արկածներն Արտաշատում» վերնագրով հոդվածը, որում պատասխանող Վարազդատ Հակոբյանը նշել է. «Մարգոն 9000 դոլար ինձնից խարդախությամբ շորթել է: Նա բռնաբարության գործով մարդ ա դատել, մանկապարտեզի տնտեսվարին դատել ա, Արտաշատի գերեզմանատները պղծել ա, ժողովրդին 3 օր տվեց, թե` մեռելներին տեղափոխեք, որ գոմ սարքեմ: Բուլդոզերով գերեզմանները քանդեց, իրա համար գոմ սարքեց: Դա պառավ մանիակ ա եւ պետք է պատժվի, քանի որ հասարակության համար վտանգավոր մարդա ա»: Ըստ Արթուր Ջանյանի՝ Մ. Մարտիրոսյանը նրան ասել է. «Դու պիտի կանգնես շառ անես Վարազդատի վրա, որ դուք ինձնից ոչ թե 13.000 դոլար եք վերցրել, այլ մարդ ա 13.000 դոլար: Եթե չանես` բնակարանդ կկորցնես: Պիտի Վարազդատի վրա շառ անենք, Վարազդատից 13.000 դոլար վերցնենք, որ քո տունը զալոգից հանեմ: Ես քեզ ոնց ասեմ` նենց էլ կասես, իսկ եթե չէ, ուրեմն տունդ կկորցնես: Եթե իմ ասածով անես տունդ զալոգից կհանեմ, 5000 դոլար էլ քեզ փող կտամ: Դու կասես քեզ 13.000 դոլար տվել եմ, փակել ես, իսկ Վարազդատն իր 13.000-ը չի տվել»:

Ըստ Սամվել Պետրոսյանի՝ Մ. Մարտիրոսյանը, իրեն կլորիկ գումար առաջարկելով, դրդել է գողության: Հաջորդ անգամ առաջարկել է 1000 դոլար՝ այն պայմանով, որ ինքը Վարազդատի տնից գողանա ձայնասկավառակներն ու ստացականը: Այդ մասին ինքը տեղյակ է պահել Վարազդատին, որն էլ, վախենալով, որ «էդ շառոտ պառավը կանի ուրիշի միջոցով», իրեն է տվել ձայնասկավառակները եւ ստացականի պատճենը: Դրանից հետո Վ. Հակոբյանը եւ Ա.Ջանյանը դիմել են իրավապահ մարմիններին՝ ասելով. «Էդ պառավը հանցագործ մանիակ ա: Էդքան երիտասարդ ընտանիքներ ա քանդել հանուն փողի: Նա ոնց որ Նշանի գլխին սարքեց, նույն կերպ էլ մեզ էր ուզում դատել: Առաքելյան Ալիկի տունը ձեռքից առել ա, կինը բաժանվել, ընտանիքը քանդվել ա: Նա էլ ա դիմել ոստիկանություն: Մեռնեմ օրենքին, շուտով նրան կկալանավորեն, որովհետեւ էնքան մարդու տուն ա քանդել խարդախությամբ: Դա քայլող շառ ա»:

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Ուսումնասիրելով խնդրո առարկա հոդվածում ներկայացված արտահայտությունները՝ ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրեց, որ դրանք հասարակության կողմից պարսավելի եւ դատապարտելի են համարվում, հանդիսանում են անձին արատավորող եւ զրպարտող հանգամանք:

Դատարանը նշեց, որ անձը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է, կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական, տարածվում է հերյուրանք եւ այլն:

Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ կետին, որի համաձայն զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը՝ դատարանը գտավ, որ պատասխանողների տարածած հայտարարությունները մտացածին են, չեն համապատասխանում իրականությանը եւ որ վերոհիշյալ հոդվածով ուղղակիորեն նպատակ է հետապնդվում զրպարտելու եւ վիրավորելու միջոցով հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու, ինչպես նաեւ փոխելու հասարակության կարծիքը՝ վերջինիս վերաբերյալ:

Դատարանի նման հետեւության համար հիմք  հանդիսացավ նաեւ այն հանգամանքը, որ պատասխանողները պատշաճ կարգով տեղեկացվել են դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել նիստին եւ օրենքով սահմանված ժամկետում հայցադիմումի գրավոր պատասխան չեն ներկայացրել։ Այդ հանգամանքը գնահատվեց որպես պատասխանողների կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողների կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

 

  • ·         Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի եւ պայմանների սահմանված չլինելը

 

Ընդհանուր իրավասության դատարանը պատասխանողներին պարտավորեցրեց հերքելու 2010 թ. դեկտեմբերի 18-ին «168 ժամ» թերթում լույս տեսած «Մարգո տոտայի անհավանական արկածները Արտաշատում» վերնագրով հոդվածում զրպարտություն եւ վիրավորանք համարվող, Մարգարիտ Մարտիրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ հերքումը տպագրելու «168 ժամ» թերթում: Դատարանը, սակայն, չսահմանեց հերքման ձեւը, մինչդեռ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի՝ հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով։

Ինչպես արդեն նշել ենք՝ Վերաքննիչ դատարանը, պատասխանողների բերած բողոքի հիման վրա, բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ ուղարկեց հետ՝ նոր քննության։ Ընդհանուր իրավասության դատարանը, երկրորդ անգամ քննելով գործը, վճռեց հայցը բավարարել մասնակիորեն՝ պարտավորեցնելով պատասխանողներին հերքելու «168 ժամ» շաբաթաթերթում 2010 թ. դեկտեմբերի 18-ին հրապարակված՝ «Մարգո տոտայի անհավանական արկածները Արտաշատում» վերնագրով հոդվածում զրպարտություն համարվող, Մարգարիտ Մարտիրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ հերքումը տպագրելու նույն՝ «168 ժամ» թերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ «Հերքում» խորագրի ներքո, հետեւյալ բովանդակությամբ. «Վարազդատ Հակոբյանը, Արթուր Ջանյանը, Սամվել Պետրոսյանը հայտնում են, որ օրաթերթի 2010 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակված «Մարգո տոտայի անհավանական արկածները Արտաշատում» հոդվածում տեղ գտած «բռնաբարության գործով մարդ ա դատել, մանկապարտեզի տնտեսվարին ա դատել, գերեզմաններն ա պղծել, պառավ մանիակ ա, հասարակության համար վտանգավոր մարդ ա, դա քայլող շառ ա» արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեuակի չափը ու տեuակը չպետք է զիջի «168 ժամ» թերթի 2010 թ. դետեմբերի 18-ին լույս տեսած համարում հրապարակված «Մարգո տոտայի անհավանական արկածները Արտաշատում» հոդվածի տեղեկատվությանը:

 

  • Դատական ծախսեր

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է, որ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից եւ փորձագետին, վկային կանչելու, ապացույցները՝ դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության եւ գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։

Ընդհանուր իրավասության դատարանը վճռեց պատասխանողներից համապարտության կարգով, հօգուտ հայցվորի, բռնագանձել 4000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար եւ 300 000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։

Երկրորդ անգամ գործը քննելով ՝ դատարանը գտավ, որ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ պատասխանողներից պետք է բռնագանձել ոչ թե 300, այլ՝ 150 հազար դրամ։

 

  • Դատարանը խախտել է պատասխանողների դատավարական իրավունքը

 

Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ստանալուց հետո պատասխանողները վերաքննիչ բողոք ներկայացրին վերադաս ատյան՝ պատճառաբանելով, որ պատշաճ կերպով ծանուցված չեն եղել դատական նիստերի ժամանակի եւ վայրի մասին, եւ ընդհանուր իրավասության դատարանը գործը քննել է նրանց բացակայությամբ:

Ուսումնասիրելով գործին կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը հանգեց այն եզրակացության, որ, թեեւ գործում առկա են բողոքաբերների անվամբ հասցեագրված ծանուցման ստացման վերաբերյալ հավաստագրեր, սակայն այդ հավաստագրերում դրված ստորագրությունները չեն համապատասխանում նրանց անձնագրում առկա ստորագրություններին:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտավ, որ բողոքաբերները պատշաճ ձեւով չեն ծանուցվել, իրազեկված չեն եղել իրենց նկատմամբ հարուցված քաղաքացիական գործով դատական նիստերի ժամանակի եւ վայրի մասին եւ հնարավորություն չեն ունեցել դատարանում իրականացնելու իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հիմնարար իրավունքը: Նրանք, փաստորեն, զրկված են եղել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված՝ «օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային» դատաքննության իրավունքից:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը որոշեց բողոքը բավարարել՝ բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկելով հետ՝ նոր քննության:

 

Դատական գործ ՝ ԵԱՔԴ/1495/02/11.  «Յունիբանկ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Մանվել Ղազարոսի ՏերԱռաքելյանի, երրորդ անձ` «NEWS.am» առցանց լրատվական կայքի խմբագրություն

 

«Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 2011 թվականի հուլիսի 14-ին հայցով դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Մանվել Ղազարոսի Տեր-Առաքելյանի («Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «NEWS.am» առցանց լրատվական կայքի խմբագրության` «Յունիբանկ»  ՓԲԸ-ի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները հերքելու եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Հայցվորը  խնդրել էր պարտավորեցնել պատասխանողին հերքելու «News.am» առցանց լրատվական կայքի՝ 2011 թ. հուլիսի 12-ին Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցում զրպարտություն համարված փաստացի տվյալները, պատասխանողից բռնագանձել  զրպարտության միջոցով հասցված վնասը` 2 000 000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը (40 000 ՀՀ դրամ):

Դատարանի` 2011 թ. հուլիսի 18-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

2011 թ. հոկտեմբերի 5-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրեց փոփոխված հայցադիմումը, որով դատարանին խնդրեց պարտավորեցնել Մանվել Տեր-Առաքելյանին սույն գործով կայացած վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում «News.am» կայքի միջոցով հրապարակայնորեն հերքելու 2011 թ.  հուլիսի 12-ին նույն կայքում տեղադրված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ ըստ հետեւյալ տեքստի. «1. Ի հերքումն իմ կողմից news.am լրատվական կայքին տրված եւ 12.07.2011 թվականին նույն կայքում տեղադրված հարցազրույցում նշված տեղեկությունների, այն մասին, որ «բանկը վարկ վերցնելու հետ կապված ամբողջ գործարքը կատարել է փաստաթղթային կեղծմամբ», հայտնում եմ, որ  «Յունիբանկ»  ՓԲ ընկերությունը «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության հետ ունեցած հարաբերություններում որեւէ փաստաթուղթ չի կեղծել:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու համար հայցում եմ  «Յունիբանկ»  ՓԲ ընկերության եւ NEWS.am կայքի ընթերցողների ներողամտությունը»:

Իսկ գույքային՝ զրպարտության միջոցով հասցված վնասի (2 000 000 ՀՀ դրամ) եւ նախապես վճարված պետական տուրքի (40 000 ՀՀ դրամ) փոխհատուցման պահանջը մնացել էր նույնը:

Սույն գործով կայացել է 4 նախնական դատական նիստ: 2011 թ. դեկտեմբերի 7-ին գործընթացը մտել է դատաքննության փուլ, որի ընթացքում կայացել է 2 դատական նիստ։ Դեկտեմբերի 27-ին հրապարակված վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է: 2012 թ. հունվարի 21-ին պատասխանողը վերաքննիչ բողոք ներկայացրեց: Վերաքննիչ դատարանը, 2012 թ. փետրվարի 9-ի որոշմամբ բողոքը ընդունեց վարույթ։  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2012 թ. մարտի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվեց, եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թ. դեկտեմբերի 27-ի թիվ ԵԿԴ/1495/02/11 վճիռը թողնվեց օրինական ուժի մեջ:

2012 թվականի ապրիլի 23-ին պատասխանողի ներկայացուցիչը վճռաբեկ բողոք ներկայացրեց: Վճռաբեկ դատարանը 2012 թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ բողոքը բավարարեց մասնակիորեն. բեկանեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2012 թ.  մարտի 21-ի որոշումը եւ գործն ուղարկեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով լրատվամիջոցը ներգրավված է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, եւ դատարանի վճռով նրա նկատմամբ որեւէ պարտավորություն սահմանված չէ, գործի վերլուծություն չի կատարվել:

 

 

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸն  երեք քաղաքացիական գործում որպես պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ներգրավված` «Առավոտ» օրաթերթի` 2011 թ. օգոստոսի 19-ի համարում տպագրված «Ով ում է զրպարտում» վերնագրով հոդվածի առիթով։ Այդ հրապարակմամբ ներկայացվել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչների քննադատությունը` նույն համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի պաշտոնեական լիազորություններից բխող պարտականությունների ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

 

Դատական գործ` ԼԴ/0625/02/11. Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի եւ ինքնուրույն պահանջ  չներկայացնող երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸի

 

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը 2011 թ. սեպտեմբերի 1-ին հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ համագյուղացի Բորիս Աշրաֆյանի եւ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Դատարանի` 2011 թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Պատասխանողը եւ երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը չեն ներկայացել դատական նիստին: Դատարանի որոշմամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործը քննվել է վերոգրյալ կողմերի բացակայությամբ:

Վանո Եղիազարյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2011 թ. օգոստոսի 19-ի «Առավոտ» օրաթերթում տպագրվել է հոդված` «Ով ում է զրպարտում» վերնագրով, որտեղ պատասխանողի կողմից իր մասին ներկայացված է հետեւյալ տեղեկությունը. «Ավագանի է նշանակել գյուղի անգրագետ մարդկանց` տրակտորիստ, անասնապահ, մարդիկ, որոնք իրենց անուն, ազգանունը գրել չեն կարող: Էդ մարդկանց օգտագործելով` որոշումներ է գրում. 14 տարեկան քենուն 800 000 դրամի օգնություն է տվել, 1,1 միլիոն դրամ հատկացրել է քրոջ որդուն, ով Ռուսաստանում է աշխատում ու հաստատ սոցիալապես անապահով չէ. 870 000 դրամ` քրոջը, ով գյուղապետարանում է աշխատում: Վատնում է մեր համայնքի փողերը»:

Ըստ հայցվորի` պատասխանողը վերոգրյալ արտահայտություններով զրպարտել եւ վիրավորել է իրեն, վնաս հասցրել իր պատվին եւ արժանապատվությանը:  Վ. Եղիազարյանը դատարանին խնդրել է պատասխանողից, հօգուտ իրեն, բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված դատական ծախսերը: Այնուհետեւ Վանո Եղիազարյանը, ներկայացնելով հայցադիմումի լրացում, խնդրել է, որ դատարանը պատասխանողին պարտավորեցնի լրատվության նույն միջոցով ներողություն խնդրելու` իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, եւ հերքելու զրպարտությունները:

2012 թ. մայիսի 17-ին Վանո Եղիազարյանը դատարանին  դիմում է ներկայացրել` հայցից հրաժարվելու եւ գործի վարույթը կարճելու մասին:

2012 թ. մայիսի 31-ի վճռով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետի համաձայն, դատարանը կարճեց գործի վարույթը` հայցվորի` հայցից հրաժարվելու հիմքով: Վճռվեց Վանո Եղիազարյանից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձել 4 հազար ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

 

Դատական գործ` ԼԴ/0624/02/11. Վանո Եղիազարյանն ընդդեմ Գեւորգ Մելքոնյանի եւ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ օրաթերթ»  ՍՊԸի

 

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը 2011 թ. սեպտեմբերի 1-ին հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ համագյուղացի Գեւորգ Մելքոնյանի եւ ինքնուրույն պահանջ  չներկայացնող երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Դատարանի` 2011 թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Պատասխանողը եւ պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը չեն ներկայացել դատական նիստին:  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասին համապատասխան կայացված որոշմամբ` գործը քննվել է վերոգրյալ կողմերի բացակայությամբ:

Վանո Եղիազարյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2011 թ. օգոստոսի 19-ի «Առավոտ» օրաթերթում տպագրվել է հոդված` «Ով ում է զրպարտում» վերնագրով, որտեղ պատասխանողի կողմից իր մասին ներկայացված է հետեւյալ տեղեկությունը. «Ամբողջ գյուղը, քաղաքը գիտի, որ մեր գյուղապետը կաշառակեր է ու յուրացնում է մեր փողերը, բայց ինձ դատի է տվել այդ փաստը բարձրաձայնելու համար: Գյուղում մարդ չմնաց, բոլորին հերթով դատի է տալիս կամ ինչոր վատություն անում…: Գյուղով անցնող մի քանի կիլոմետրանոց երկաթե խողովակները տղան հանեց, իբրեւ թե գազաֆիկացմանը խանգարում են ու վաճառեց գյուղապետարանին: Խարդախություններից որ մեկը թվարկեմ: Հորը աղջկանից, մորը տղայից բաժանել է ու ապօրինի նպաստներ տվել: Արդյունքում մոտ 100 անապահով ընտանիք նպաստից զրկվել է: Ստիպում է, որ բարձր հարկեր վճարենք նաեւ այն տարիների համար, երբ մեր հողերի կատեգորիան դեռ փոխված չէր: Կան մարդիկ, որ միամտաբար վճարում են: Այս վճարներն էլ են գնում նրա գրպանը»:

Հայցվորը նշել է, որ պատասխանողը վերոգրյալ արտահայտություններով զրպարտել եւ վիրավորել է իրեն, վնաս հասցրել իր պատվին եւ արժանապատվությանը:

Վ. Եղիազարյանը դատարանին խնդրել է պատասխանողից, հօգուտ իրեն, բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված դատական ծախսերը:

Վանո Եղիազարյանը 2012 թ. մայիսի 16-ին դատարան ներկայացրած դիմումով հրաժարվել է հայցից եւ խնդրել գործի վարույթը կարճել: Դատարանը 2012 թ. հունիսի 6-ի վճռով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետի համաձայն, կարճել է գործի վարույթը` հայցվորի` հայցից հրաժարվելու հիմքով:

 

 

Դատական գործ ՝ ԼԴ/0662/02/11Վանո Եղիազարյանն ընդդեմ Ֆահրադ Ոսկանյանի եւ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ օրաթերթ»  ՍՊԸի

 

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը  2011 թվականի սեպտեմբերի 9-ին հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ  Ֆահրադ Ոսկանյանի եւ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասի: Դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ  հայցադիմումն ընդունվել է վարույթ եւ գործի քննությունը նշանակել է դեկտեմբերի 9-ին:

Սույն գործով առաջին դատական նիստը կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 9-ին, հերթական դատական նիստը պետք է կայանար 2012 թվականի հուլիսի 24-ին:

Սակայն 2012 թվականի մայիսի 31-ին հայցվորը դիմում է ներկայացրել դատարան, որով հրաժարվել է հայցից եւ խնդրել քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Դատարանը գործի վարույթը կարճեց  2012 թ. օգոստոսի 2-ի վճռով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով, համաձայն որի, ի թիվս այլ դեպքերի, դատարանը գործի վարույթը կարճում է, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/3203/02/11. Յուրի Մնացականյանն ընդդեմ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ եւ Վիգեն Շահինյանի, գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ

 

Քաղաքացի Յուրի Մնացականյանը 2011 թ. դեկտեմբերի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի եւ Վիգեն Շահինյանի` պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ վճարել փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով: Գործով որպես երրորդ անձ ներգրավված էր «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ն: Հայցի համար հիմք էր հանդիսացել 2011 թ. նոյեմբերի 26-ին «News.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Առողջապահության ազգային ինստիտուտի 40-100 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների շարքերը» վերնագրով հոդվածը: 2012 թ. հունվարի 20-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվեց վարույթ: Գործով կայացավ 6 նախնական դատական նիստ: 2012 թ. օգոստոսի 21-ին տեղի ունեցավ դատաքննությունը: Սեպտեմբերի 4-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, որի համաձայն հայցը մերժվեց: Հոկտեմբերի 1-ին Յուրի Մնացականյանը բողոք բերեց Վերաքննիչ դատարան, որն էլ նոյեմբերի 23-ին մասնակիորեն բավարարեց բողոքը` բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկելով նույն դատարան նշված ծավալով նոր քննության:

Վիճարկվող հրապարակումը «News.am» լրատվական կայքում տեղադրվել է 2011 թ. նոյեմբերի 26-ին: Նրանում, մասնավորապես, գրված են եղել Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Վիգեն Շահինյանի հետեւյալ խոսքերը. «Հիմա իրավիճակը այնպիսին է. 176 հոգի դեռ շարունակում են աշխատել, որոնց մի մասի վճարումը ձգձգվում է, իսկ մյուսներին ընդհանրապես գումար չի վճարվել։ Նման դեպքերում անխուսափելի են վերակազմակերպական կառուցվածքային փոփոխությունները։ Ներկա պահին 40 հոգի կրճատման գործընթացի փուլում են, որոնք այս նոր պայմաններում պիտանի չեն ինստիտուտի գործունեության համար»։ Լրագրողի այն հարցին, թե ինչ նկատի ունի` «պիտանի չեն» ասելով, Վիգեն Շահինյանը պատասխանել է. «Այսինքն` դեկանատ չկա։ Օժանդակ ստորաբաժանումներում 6 հոգի են, իսկ նոր պայմանները թելադրում են, որ 3-ը մնան»։

 

  • Տեղեկությունների արատավորող բնույթը

 

Դատարանն իր վճռում անդրադարձավ տարածված տեղեկությունների արատավորող բնույթին: Այն, մասնավորապես հղում կատարեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին եւ Վճռաբեկ դատարանի 2012 թ. ապրիլի 27-ի նապադեպային որոշմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։

Վճռաբեկ դատարանը, 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած նախադեպային որոշման մեջ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին, արձանագրել է հետեւյալը։

1. Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը։

2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա։ Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին։ Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը։

3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձեւով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը։ Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը։

Ընդ որում՝ նշված վավերապայմանների կամ դրանցից որեւէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել վիրավորանքի, հետեւաբար նաեւ՝ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշման տեսանկյունից ուսումնասիրելով վիճարկվող արտահայտությունները` դատարանը եզրակացրեց, որ այնտեղ օգտագործված «պիտանի չեն» արտահայտությունն է միայն տեղավորվում «վիրավորական» արտահայտության տիրույթում, իսկ մնացած արտահայտությունները վիրավորական չեն, դրանք ինչ-որ անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորվելու նպատակ չեն հետապնդել։

Դատարանը հղում կատարեց նաեւ ՄԻԵԴ-ի վճիռներից մեկին. «Գնահատելու համար, թե ինչպիսի միջամտություն է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» զրպարտության գործով` դատարանը պետք է քննության առնի հրապարակված կամ հեռարձակված նյութը որպես միասնական ամբողջություն`պարզելու վերջինիս ընդհանուր իմաստը եւ նպատակը։ Բառերը պետք է մատնանշեն հայցվորին որպես անձ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը»: [30]

Եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշմամբ արձանագրված էական փաստերի լույսի ներքո դիտարկելով վիճարկվող հոդվածում պատասխանող Վիգեն Շահինյանի հարցազրույցը որպես մեկ ամբողջություն՝ դատարանը պարզեց, որ այնտեղ բացակայում է պատասխանողի կողմից դրսեւորված ոչ օրինաչափ վարքագիծը` ուղղված կոնկրետ հայցվորին: Քանի որ հրապարակված արտահայտություններում հեղինակը որեւէ անձնավորված դիրքորոշում չի արտահայտել, կոնկրետ արտահայտությունը կոնկրետ հայցվորին չի ուղղվել, հրապարակված արտահայտություններն ինքնին կրել են ընդհանուր բնույթ։ Այսինքն` արտահայտություն կատարողը` պատասխանողը, ի սկզբանե կոնկրետ Յուրի Մնացականյանի` հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ չի հետապնդել, քանի որ հրապարակված արտահայտությունը պարունակող նյութի ամբողջ համատեքստում բացակայում է հայցվորի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու պատասխանող կողմի դիտավորությունը։

 

  • Փաստեր եւ գնահատող դատողություն

 

Դատարանն անդրադարձել է փաստերի եւ գնահատող դատողության խնդրին: Այն մասնավորապես նշել է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։ Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել եւ հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել։ Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել եւ ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում։ Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա:[31] Գնահատող դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել[32]:

ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-997 որոշման մեջ արձանագրել է, որ վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը՝ քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաեւ հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ եւ ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք՝ վեճի առարկա հոդվածի իմաստով։

Վերեւում հիշատակված մեկնաբանությունների լույսի ներքո քննության առնելով սույն գործի առանձնահատկությունը՝ դատարանը քննության առարկա դարձրեց հետեւյալ էական նշանակություն ունեցող փաստերը.

– արդյո՞ք տեղեկությունը հիմնվել է որոշակի փաստական հանգամանքների վրա, այսինքն` կարծիքն արտահայտելու համար առկա է եղել բավարար փաստական հիմք,

– արդյո՞ք հրապարակված տեղեկությունը հանդիսացել է բարի կամքի դրսեւորման արդյունք, երբ պատասխանողը տեղեկությունը հրապարակել է որոշակի բարեխիղճ վարքագծի դրսեւորմամբ,

– արդյո՞ք հրապարակված տեղեկությունը կարելի է դիտել` որպես «ազնիվ» բառի ուղղակի իմաստից բխող։

Դատարանը հաստատված համարեց, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների վերաբերյալ պատասխանող Վիգեն Շահինյանի հարցազրույցում հնչեցրած արտահայտության («պիտանի չեն ինստիտուտի գործունեության համար») հիմքում դրվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում առկա հաստիքների կրճատման գործընթացը: Հետեւաբար՝ իրականությանը համապատասխանելու փաստն ապացուցման ենթակա չէ` «գնահատող դատողության» տեսանկյունից, քանի որ այդ տեղեկությունները պատասխանող Վիգեն Շահինյանի ներկայացրած իրողության նկարագրությունն են եղել, որում դատարան որեւէ դիտավորություն չնկատեց:

Դատարանի այսպիսի եզրահանգումը պայմանավորված է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ ՍԴ-997 որոշման մեջ արձանագրված այն դիրքորոշմամբ, որ գնահատող դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետեւություն է, իսկ հարցազրույցում պատասխանող Վիգեն Շահինյանը կատարել է փաստական հանգամանքների հստակ վերլուծություն, ինչի արդյունքում կատարել է իր հետեւությունը եւ արտահայտել այն, որը կրում է սուբյեկտիվ բնույթ։

Դատարանն արձանագրեց, որ սույն գործի փաստերը համադրելով վերեւում հիշատակված ու գնահատող դատողության համար էական փաստերին` պետք է հանգել այն իրավաչափ հետեւության, որ պատասխանողն ուներ բավարար հիմք՝ գործելու «գնահատող դատողության» սահմաններում, քանի որ ուղղակի կերպով առկա էր կողմերի միջեւ ծագած հարաբերություններից բխող ոչ միայն անհրաժեշտ փաստական հիմքը, այլեւ պատասխանողը տեղեկության արձանագրման բողոքի ձեւով գործել է օրենքի սահմաններում, բարեխղճորեն ու ազնիվ։

Փաստորեն, տեղեկությունը եղել է գնահատող դատողություն` կարծիք, այսինքն` ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում առկա իրավիճակի նկարագրություն, իսկ այն իր բնույթով ու նյութի ամբողջ համատեքստի լույսի ներքո ուղղակի կարգով չի արատավորել անձի պատիվն ու արժանապատվությունը, ուստի ստեղծված իրավիճակում դատարանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող հայցվորի իրավունքներին միջամտելու անհրաժեշտություն չտեսավ:

Վերաքննիչ դատարանը, սակայն, այլ մոտեցում ցուցաբերեց: Այն անդրադարձավ քննարկվող արտահայտության` հայցվորին հասցեագրված լինելու եւ այն վիրավորանք համարելու հարցերին: Վերաքննիչ դատարանը հաստատված համարեց, որ Վ. Շահինյանի կատարած հայտարարությունը, մասնավորապես՝ հայցվորի վկայակոչած` «պիտանի չեն ինստիտուտի գործունեության համար» արտահայտությունը, վերաբերում է հայտարարության պահին կրճատման փուլում գտնվող աշխատողներին: Հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին գործատուի՝ 2011 թ. նոյեմբերի 1-ի ծանուցումը, որի հիմք է հանդիսացել աշխատողների թվաքանակի կրճատումը, իսկ Վ. Շահինյանի քննարկվող արտահայտությունը արվել է նոյեմբերի 26-ին: Հետեւաբար՝ արտահայտության պահին կրճատման փուլում գտնվող աշխատողներից է հանդիսացել նաեւ հայցվորը: Նշված փաստերի ժամանակագրական վերլուծության հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ գործի փաստական հանգամանքներում առկա է այնպիսի հանգամանք, որը ողջամտորեն եւ օբյեկտիվորեն հիմք է տալիս եզրակացնելու, որ Վ. Շահինյանի կողմից արված արտահայտության թիրախ է հանդիսացել նաեւ հայցվորը:

Ինչ վերաբերում է «պիտանի չեն ինստիտուտի գործունեության համար» արտահայտությունը գնահատող դատողություն որակելուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ պիտանի ածական անունը ենթադրվում է որպես մի բանի համար օգտագործելի` գործադրելի, գործածելիությունը չկորցրած, դեռեւս պետքական, որեւէ բանի անհրաժեշտ, որեւէ տեսակետից` որեւէ բանի համար պահանջվող, օգտակար: Այն գերազանցապես կիրառելի է (բնութագրական) առարկաների, գույքի նկատմամբ, հետեւաբար մարդու վերաբերյալ արված «պիտանի չէ» արտահայտությունը ենթադրում է վիրավորանք պարունակող` անձի պատիվը, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն:

Ինչ վերաբերում է դատարանի այն պատճառաբանությանը, որ պատասխանողի կողմից արված գնահատող արտահայտությունը հանդիսանում է փաստական հանգամանքների` ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում առկա հաստիքների կրճատման գործընթացի վերլուծության արդյունքում արված հետեւություն, Վերաքննիչ դատարանը գտավ, որ որեւէ գործատուի մոտ հաստիքների կրճատման գործընթացը, ինչպես նաեւ՝ աշխատողին աշխատանքից ազատելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը չեն կարող հիմք հանդիսանալ անձի (անձանց) գործատուի գործունեության համար պիտանի չլինելու վերաբերյալ դատողության համար, քանի որ այդպիսի որակական գնահատականը կարող է կիրառվել միայն առարկայի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է անձի դիտավորության առկայության հարցին` Վերաքննիչ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշման հիման վրա եզրակացրեց, որ Վ. Շահինյանի կողմից արված «պիտանի չեն» արտահայտությունը չի հանդիսանում իր գնահատող դատողության օբյեկտիվ արտահայտում, ավելին` վերջինիս կողմից բարեխիղճ մոտեցման դրսեւորում: Վերջին դիրքորոշման համար Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում նաեւ այն, որ լրագրողի այն հարցին, թե ինչ նկատի ունի «պիտանի չեն» ասելով, Վ. Շահինյանը նշել է. «Այսինքն դեկանատ չկա: Օժանդակ ստորաբաժանումներում 6 հոգի են, իսկ նոր պայմանները թելադրում են, որ 3-ը մնան»: Վ. Շահինյանի վերջին արտահայտությունը, դրանից առաջ արված արտահայտությունների հետ համակարգային վերլուծության ենթարկելիս, կարելի է եզրահանգել, որ նրա կողմից նշված օժանդակ ստորաբաժանումներում առկա 6 հոգուց կրճատման ոչ ենթակա 3-ին է նա համարում «պիտանի» ինստիտուտի գործունեության համար, իսկ մյուսներին` ոչ: Հետեւաբար` Վ. Շահինյանի՝ «պիտանի չեն» արտահայտության պարզաբանումը եւս ենթադրում է նրա` անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու դիտավորության առկայության մասին: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը որոշեց բողոքը բավարարել մասնակիորեն: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բեկանվեց, եւ գործն ուղարկվեց նույն դատարան՝ նշված ծավալով նոր քննության:

 

  • Ոչ պատշաճ պատասխանող

 

Հարկ ենք համարում նշել, որ ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում անհեթեթ մոտեցում ցուցաբերեց։ Վերլուծելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ հոդվածի 1-ին, 9-րդ հոդվածի 1-ին կետերը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետը՝ դատարանը եզրակացրեց, որ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է որպես պատասխանող կողմ ներգրավել նաեւ իրավաբանական անձի, միայն այն դեպքում երբ այդ իրավաբանական անձն իրականացնում է լրատվական գործունեություն։ Ըստ դատարանի՝ «ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸն լրատվական գործունեություն իրականացնող իրավաբական անձ չէ, իսկ Վիգեն Շահինյանը հարցազրույց տալիս հանդես է եկել որպես ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸի աշխատանքային խմբի ղեկավար (ֆիզիկական անձ), հետեւաբար հայցվորի կողմից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸի դեմ ուղղված` հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ պատճառված վնասը հատուցելու պահանջները անհիմն են»։

Այսպիսով՝ դատարանը վտանգավոր նախադեպ է ստեղծում վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերով՝ որպես պատշաճ պատասխանող իրավաբանական անձ դիտելով միայն լրատվամիջոցներին։

 

 

Դատական գործ` ԵՇԴ/0382/02/12. Ռուդոլֆ Բաբայանը եւ Օֆելյա Մովսեսյանն ընդդեմ Լեւոն, Գոհար Համբարձումյանների, Լաուրա Մարությանի, երրորդ անձ` Ա/ԹՎ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի

 

Քաղաքացիներ Ռուդոլֆ Բաբայանը եւ Օֆելյա Մովսեսյանը  2012 թ. մայիսի 14-ին հայց ներկայացրին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Լեւոն, Գոհար Համբարձումյանների, Լաուրա Մարությանի, երրորդ անձ` Ա/ԹՎ հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի` պատվին, արժանապատվությանը վնաս հասցնելու, փոխհատուցման եւ հանրությունից ներողություն խնդրելու պահանջով: Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի` 2012 թ. մայիսի 14-ի որոշմամբ, միաժամանակ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է:

Հայցվորները հայտնեցին դատարանին, որ պատասխանողները 2012 թվականի  մարտի 19-ին Ա /ԹՎ հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող լուրեր են տարածել՝ Ռուդոլֆ Բաբայանին անվանելով «էշ», նրա աղջկան` «էշի աղջիկ», թոռներին` «էշի թոռներ», Օֆելյա Մովսեսյանին՝ Գոհար Համբարձումյանն անվանել է «կավատ», «մամա ռոզա», «հետախուզվող», «պարսիկներին աղջիկներ վաճառող», նշվածի հետեւանքով իրենք կորցրել են իրենց առողջությունը, գնել դեղեր, իսկ Օֆելյա Մովսեսյանն էլ, կորցնելով աշխատանքը, չի վարձատրվել: Ելնելով իրենց ներկայացրածից՝ նրանք խնդրում էին դատարանին պարտավորեցնել պատասխանողներին ներողություն խնդրելու եւ Գոհար Համբարձումյանից բռնագանձել 5 միլիոն ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցման գումար:

Պատասխանող Գոհար Համբարձումյանը սեպտեմբերի 5-ին հակընդդեմ հայց ներկայացրեց՝  պատիվն ու արժանապատվությունը զրպարտելու եւ վիրավորելու միջոցով վնաս հասցնելու համար փոխհատուցում վճարելու եւ հանրությունից ներողություն խնդրելու պահանջով. երրորդ անձ` Ա/ԹՎ հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար: Հակընդդեմ հայցով  Գոհար Համբարձումյանը դատարանին հայտնում էր, որ հայցվոր Օֆելյա Մովսեսյանը 1996-1997թթ.  զրպարտել է իրեն աշխատանքային ընկերների, բարեկամների եւ հարազատների մոտ, արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը, որի հետեւանքով ինքը ձեռք է բերել հիվանդություններ, եւ մասնակցելով 2012 թ. մարտի 19-ի հաղորդմանը՝ ցանկացել է իրազեկել իր ծանոթներին, բարեկամներին Օֆելյա Մովսեսյանի զրպարտության մասին: Գոհար Համբարձումյանը խնդրում էր դատարանին հայցը մերժել, իսկ Օֆելյա Մովսեսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 միլիոն ՀՀ դրամ գումար՝ որպես պատվին եւ արժանապատվությանը հասցված վնաս: Միաժամանակ՝ նա Ռուդոլֆ Բաբայանի դեմ ներկայացրած պահանջից հրաժարվում էր:

Գործով կայացել է 2 նախնական դատական նիստ։ Դատարանի` 2012 թ. հուլիսի 26-ի որոշմամբ նշանակվել է դատաքննություն, որը շարունակվել է մինչեւ 2012 թ. դեկտեմբերի 3-ը եւ կայացել է 13 դատական նիստ: 2012 թ. դեկտեմբերի 18-ին դատարանը վճռել է հայցը բավարարել մասնակիորեն:  Ըստ այդմ`«Լեւոն, Գոհար Համբարձումյաններին, Լաուրա Մարությանին պարտավորեցնել եթերով ներողություն խնդրել Ռուդոլֆ Բաբայանից, Օֆելյա Մովսեսյանից, նրանց զրպարտելու, վիրավորելու համար: Հայցապահանջը՝ 5.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով, մերժել, Ռուդոլֆ Բաբայանից, Օֆելյա Մովսեսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար:

Գոհար Համբարձումյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ռուդոլֆ Բաբայանի, Օֆելյա Մովսեսյանի, երրորդ անձ` Ա/ԹՎ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի` պատիվն ու արժանապատվությունը զրպարտելու եւ վիրավորելու միջոցով վնաս հասցնելու համար փոխհատուցում վճարելու եւ հանրությունից ներողություն խնդրելու պահանջի մասին, Օֆելյա Մովսեսյանի մասով մերժել, Ռուդոլֆ Բաբայանի մասով` քաղ. գործի վարույթը կարճել: Գոհար Համբարձումյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 64.000 ՀՀ դրամ որպես չվճարված պետական տուրքի գումար»:

 

  • Տեղեկության արատավորող բնույթը

 

Դատարանն ի սկզբանե չի կատարել վիրավորանքի եւ զրպարտության տարանջատում: Անդրադառնալով կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանը 2012 թ. ապրիլի 27-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ արձանագրել է հետեւյալը։

1. Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը,

արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը։

2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը,

արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա։

3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձեւով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը։ Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը։ Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաեւ այն դեպքում, երբ երրորդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու եւ ավելի անձանց կողմից վիրավորելը)։ Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում։

Սույն գործով դատարանը չի անդրադարձել նշված չափանիշներին: Դատարանը չի  վերլուծել ինչպես գործի հանգամանքները, այնպես էլ օրենսդրության համապատասխան իրավական նորմերը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։

Ըստ օրենսգրքի՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակայնորեն ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու

չափանիշներին`  դատարանը պետք է արձանագրեր հետեւյալը.

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն`

ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն պետք է չլինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Դատարանը չի նշել այն ապացույցները, որոնք հիմք են հանդիսացել հայցը մասնակի բավարարելու համար: Չեն նշվել նաեւ այն արտահայտությունները, որոնք ըստ դատարանի՝ վիրավորական են կամ զրպարտչական`իրականությանը չհամապատասխանող եւ արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը:

Հայցը մասնակի բավարարելու պայմաներում դատարանը, անտեսելով օրենսդրության պահանջները, Վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները, ընդամենը արձանագրել է, որ վիճարկվող դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012թվ. թիվ ԵԿԴ/2293/02/10, ԼԴ/0749/02/10 որոշումների պահանջներին համապատասխան առկաէբանավորխոսքիմիջոցովպատիվը, արժանապատվությունըարատավորելունպատակովկատարվածհրապարակային` հեռուստատեսությանմիջոցովհեռարձակվածարտահայտություն, վիրավորանքեւզրպարտություն, ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ, հստակ տեղեկություն որոշակի գործողության վերաբերյալ, վերացական չէ, ներկայացված տվյալները իրականությանը չեն համապատասխանում, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, հասցեագրված են եղել անմիջականորեն հայցվորներին, մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում կատարված արտահայտություններ չեն եղել, պայմանավորված չեն եղել գերակա հանրային շահով, բարեխիղճ վերարտադրությամբ, բացակայում է տուժողների պահանջով հրապարակված հերքումը, հետեւաբար պատասխանողները պարտավոր են եթերով ներողություն խնդրել հայցվորներից:

 

  • ·        Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի եւ պայմանների սահմանված չլինելը

 

Դատարանը պարտավորեցրել է Լեւոն, Գոհար Համբարձումյաններին, Լաուրա Մարությանին եթերով ներողություն խնդրել Ռուդոլֆ Բաբայանից, Օֆելյա Մովսեսյանից, նրանց զրպարտելու, վիրավորելու համար: Սակայն դատարանը չի սահմանել ներողություն խնդրելու ձեւը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրնեսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն` ներողություն խնդրելու ձեւը սահմանում է դատարանը: Ներողություն խնդրելու ձեւը սահմանված չլինելու պայմաններում գրեթե անհնար կլինի կատարել վճիռը: Դատարանի վճռում նշված չէ թե որ եթերում, եւ ինչ ժամկետներում պետք է ներողություն խնդրել: Սույն գործով որպես երրորդ անձ ներգրաված է Ա/ԹՎ-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը, որը ըստ էության եւ պետք է տրամադրի եթերը, սակայն դատարանը չի անդրադարձել նաեւ այդ հարցին:

  • ՊատշաՃ երրորդ անձ

 

Ինչպես արդեն նշել ենք` սույն գործով որպես երրորդ անձ ներգրաված է Ա/ԹՎ-ի «Կիսաբաց  լուսամուտներ» հաղորդաշարը: Հաղորդաշարը իրավաբանական անձ չի հանդիսանում, ուստի նա գործին մասնակցող անձ հանդիսանալ չի կարող:

Թեեւ  դատարանը երրորդ անձի վերաբերյալ դիրքորոշում ընդհանրապես չի արտահայտել, սակայն պատշաճության հարցին նույնպես չի անդրադարձել:

 

  • Փոխհատուցման չափը

 

Փոխհատուցման չափը որոշելիս դատարանն արձանագրել է, որ թեեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետով, նույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետեւանքով իրեն պատճառված գույքային վնասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի ինստիտուտը կանոնակարգող նորմերին համապատասխան, վիճարկվող դեպքում ՀՀ քաղ. դատ. օր-ի 48 հոդվածին համապատասխան հայցվորների կողմից իրենց պատճառված վնասի վերաբերյալ ապացույց չներկայացնելու հիմքով վերջինը ենթակա է մերժման:

 

  • Պետական տուրքի չափը

 

Դատական ծախսի հարցը լուծելիս` դատարանը ելնում է այն հանգամանքից, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի` դատական ծախսերը գործին մասնակցող անձերի միջեւ բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Հաշվի առնելով, որ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել էր դատարանի որոշմամբ, դատարանը իր վճռով անդրադարձել է նաեւ չվճարված պետական տուրքին եւ վճռել

Ռուդոլֆ Բաբայանից, Օֆելյա Մովսեսյանից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար: Գոհար Համբարձումյանից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձել 64 000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար: Չենք կարող համաձայնել դատարանի նման ձեւակերպմանը՝ այն պատճառաբանությամբ, որ Գոհար Համբարձումյանի կողմից չվճարված պետական տուրքի գումարի չափը կազմում է 60 000 դրամ` 3 000 000  դրամի օրենքով սահմանված 2 տոկոսն է, իսկ 4 000 դրամը դա բավարարված հայցապահանջի չափն է:

 

  • Հայցային վաղեմության ժամկետը

 

Հակընդդեմ հայցի մասով դատարանն արձանագրել է, որ նշված պահանջը Օֆելյա Մովսեսյանի մասով հայցային վաղեմությամբ ենթակա է մերժման, քանի որ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի, հիշատակված որոշումների համաձայն uահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մաuին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամuվա ընթացքում, uակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամuվա ընթացքում: Իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը, արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, հետեւաբար բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը:

Համամիտ ենք դատարանի նման տեսակետի հետ, քանի որ, ինչպես նշել էր պատասխանող Գոհար Համբարձումյանը, հայցվոր Օֆելյա Մովսեսյանը հիշատակված գործողությունները կատարել էր 1996-1997 թվականներին:

 

 

Դատական գործ` ԵԿԴ/1438/02/12 . Արթուր Սաքունցն ընդդեմ  Ռուբեն Հայրապետյանի, գործով ներգրավված ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը 2012 թ. հունիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ 10 դրամի չափով վճարելու փոխհատուցում՝ վիրավորանքի համար: Հայցվորը հատկապես վիրավորական էր համարում 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից արված մի շարք արտահայտություններ: 2012 թ. հունիսի 22-ին հայցն ընդունվեց վարույթ: Հուլիսի 25-ին կայացած նախնական նիստի ժամանակ հայցվորը փոխեց հայցապահանջը` խնդրելով պատասխանողից 10 դրամի փոխարեն որպես փոխհատուցում բռնագանձել 1 լումա: Գործով կայացավ երկու նախնական դատական նիստ: 2012 թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցավ դատաքննությունը:

Օգոստոսի 29-ին դատարանը հրապարակեց այս գործով վճիռը, որի համաձայն` հայցը մերժվեց:

2012 թվականի մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված՝ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։

ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012թ. ապրիլի 27-ի նախադեպային որոշմամբ արձանագրվել են վերոհիշյալ օրենսդրական դրույթի միատեսակ կիրառման համար էական այն փաստերն ու հանգամանքները, որոնք պետք է քննության առարկա դարձվեն դատարանների կողմից՝ վիրավորանքի շուրջ ծագած դատական վեճերի ժամանակ։

Այսպես, անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետեւյալը։

1. Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը:

2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա։ Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին։ Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը։

3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձեւով, ինչի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը։ Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը։ Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաեւ այն դեպքում, երբ երրորդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու եւ ավելի անձանց կողմից վիրավորելը)։ Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում։
Ընդ որում, նշված վավերապայմանների կամ դրանցից որեւէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել վիրավորանքի, հետեւաբար նաեւ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշման լույսի ներքո ուսումնասիրելով խնդրո առարկա արտահայտությունները` դատարանը պարզեց ու հաստատված համարեց, որ այնտեղ օգտագործված «շան ծնունդ» արտահայտությունն է միայն տեղավորվում «վիրավորական» արտահայտության տիրույթում, իսկ մնացած արտահայտությունները վիրավորական չեն, դրանք ինչ-որ անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ չեն հետապնդել։

Դատարանը նաեւ հղում կատարեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին. «Գնահատելու համար, թե ինչպիսի միջամտություն է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» զրպարտության գործով` դատարանը պետք է քննության առնի հրապարակված կամ հեռարձակված նյութը որպես միասնական ամբողջություն` պարզելու վերջինիս ընդհանուր իմաստը եւ նպատակը։ Բառերը պետք է մատնանշեն հայցվորին որպես անձ, ում դեմ ուղղված է արատավորող արտահայտությունը»[33]։

Եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշման լույսի ներքո դիտարկելով Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանյութը որպես մեկ ամբողջություն` դատարանը պարզեց, որ այնտեղ բացակայում է պատասխանողի կողմից դրսեւորված ոչ օրինաչափ վարքագիծը` ուղղված կոնկրետ հայցվորին, քանի որ կատարված արտահայտություններում հեղինակը որեւէ անձնավորված դիրքորոշում չի արտահայտել, դրանք ինքնին կրել են ընդհանուր ու վերացական բնույթ։

Ըստ դատարանի` պատասխանողը ի սկզբանե կոնկրետ Արթուր Սաքունցի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ չի հետապնդել, քանի որ հրապարակված արտահայտությունը պարունակող նյութի ամբողջ կոնտեքստում բացակայում է հայցվորի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու պատասխանող կողմի դիտավորությունը։

Կրկին անդրադառնալով ՄԻԵԴ-ի` «Դյուլդին եւ Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի» գործով կայացրած որոշմանը` դատարանը նշել է. «Որպեսզի միջամտությունը խոսքի եւ կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների եւ այն անձի միջեւ, ով դիմել է դատարան։ Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ»:[34]

Տվյալ դեպքում դատարանը գործի դատաքննությամբ պարզեց ու հաստատված համարեց, որ հայցվորի կողմից մատնանշված ու դատարանի կողմից որպես վիրավորական համարված արտահայտությունն իրեն վերագրելու հայցվորի վարքագիծը պայմանավորված չէ փաստական որեւէ հիմնավոր հանգամանքով, այլ հիմնված է ենթադրության ու կասկածի վրա, ինչը բավարար չէ հաստատելու այն վարկածը, որ Ա. Սաքունցին են վերաբերել պատասխանողի կողմից հրապարակված արտահայտությունները։ Հրապարակված արտահայտությունների ամբողջական տեքստն ուսումնասիրելով` դատարանը եզրակացրեց, որ պատասխանող Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչեցրած արտահայտությունը վերաբերում էր «հելսինկյան» բառը պարունակող որեւէ կազմակերպության օղեր կրող մի ներկայացուցչի, որը հայցադիմում է ներկայացրել դատարան` ներգրավելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որպես երրորդ անձ։ Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում գործում են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանյան կոմիտե», «Հելսինկյան կոմիտե» եւ «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները։ Նշված փաստերն ընդունել է նաեւ հայցվորը եւ դատաքննության ընթացքում այդ մասին ցուցմունք է տվել` ավելացնելով, որ երբեւիցէ որեւէ օղեր չի կրել։

Համադրելով գործի փաստերը` դատարանը հաստատված համարեց, որ հրապարակված արտահայտությունները կարող էին ուղղված լինել ոչ թե հայցվորի ղեկավարած կազմակերպության որեւէ անդամին, այլ` բոլորովին այլ կազմակերպության ինչ-որ անդամի, իսկ արտահայտության մեջ գործածված «օղեր կրող» արտահայտության միջոցով բացահայտված համարեց այն փաստը, որ հրապարակված արտահայտությունն ինքնին հայցվորին չի վերաբերել, քանի որ վերջինս երբեւէ որեւէ օղ չի կրել, իսկ «շան ծնունդ» վիրավորական արտահայտությունը վերաբերել է օղեր կրող ինչ-որ անձի, որը աշխատում է Հայաստանի Հանրապետությունում գործող ու միաժամանակ «Հելսինկյան» բառն իր անվանման մեջ ներառած կազմակերպություններից ինչ-որ մեկում։

Ինչ վերաբերում է «դատի տալու» փաստական հանգամանքն իր անձի հետ կապելու հայցվոր կողմի դիրքորոշմանը, ապա դատարանը պարզեց, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6/0339/05/10 գործով քննել է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձոր համայնքի ավագանու, երրորդ անձ` «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն: Դատավարության ընթացքում ո’չ Ռուբեն Հայրապետյանը, ո’չ էլ Արթուր Սաքունցը որպես դատավարության կողմեր չեն մասնակցել: Ավելին` դատարանում քննված գործով հայցվորի ղեկավարած կազմակերպության հայցադիմումը չէր ներկայացվել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության դեմ, որի նախագահն էր պատասխանողը, իսկ հրապարակված արտահայտություններում խոսվել է անորոշ կերպով, մասնավորապես` նշվել է ֆեդերացիայի` եւ պատասխանող, եւ երրորդ անձ դատավարության կողմ լինելու փաստերի մասին, այնինչ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը նշված գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել է դատարանի որոշմամբ։ Գործի փաստական հանգամանքներով չի հիմնավորվել այն էական հանգամանքը, որ հրապարակված նյութի մեջ հեղինակի կողմից գործածված վիրավորական արտահայտությունն իրականում հասցեագրված է եղել անմիջականորեն հայցվորին, կամ էլ այն փաստը, որ հենց հայցվորն ինքն է հանդիսացել քննադատության թիրախը։ Հաշվի առնելով վերոգրյալը` դատարանը մերժեց Ա. Սաքունցի հայցը:

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Թեպետ լրատվամիջոցների ներգրավվածությամբ՝ զրպարտության եւ վիրավորանքի հիմքերով դատական հայցերը, 2011 թվականի համեմատ, գրեթե երկու անգամ կրճատվել են, սակայն ե՛ւ նախորդ տարիներին ներկայացվածների, ե՛ւ 2012-ի ընթացքում շարունակվածների քանակը դեռեւս մտահոգության տեղիք է տալիս:

 

Պատասխանի կամ հերքման իրավունքից օգտվելու կամ հարցն արտադատական կարգով` երկրում գործող մամուլի ինքնակարգավորման մարմինների միջոցով լուծելու փոխարեն՝ շատերը դեռեւս գերադասում են խնդիրը դարձնել դատաքննության առարկա, ինչին, ի դեպ,  նպաստում է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի նախադեպային որոշմամբ տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները թերագնահատելը։ Մտահոգության տեղիք է տալիս նույն որոշման մեջ առկա «տեղեկատվության աղբյուր» հասկացության մեկնաբանությունը, որը կարող է կիրառվել ընդդեմ լրատվամիջոցների:

 

Քննված դատական գործերի մեծամասնության հայցադիմումներում պահանջվում են 1087.1 հոդվածի 7-րդ (վիրավորանքի համար) եւ 8-րդ (զրպարտության համար) կետերում սահմանված բոլոր միջոցները` ընդհուպ մինչեւ փոխհատուցման առավելագույն չափը (նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի կամ 2000-ապատիկի չափով): Այսպես՝ ԽԱՊԿ-ի մշտադիտարկման առաջին փուլում հետազոտված 15 գործից, 13-ով հայցվորներն իրենց խախտված իարավունքի դիմաց ներկայացրել էին նաեւ գույքային պահանջներ։ Երկրորդ փուլում հետազոտված դատական գործերի պատկերը մի փոքր այլ է.  24 գործից  7-ով գույքային պահանջներ չեն ներկայացվել, կամ էլ դրանց գումարային արտահայտումը սիմվոլիկ է եղել, ինչպես օրինակ՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայցով. ի սկզբանե նա ներկայացրել էր 10 դրամ գումարի փոխհատուցման պահանջ, իսկ հետագայում այն փոփոխեց 1 լումայի։

 

Այսուհանդերձ, կարելի է արձանագրել, որ դատարանները, 2011 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած ՍԴ-997 որոշումից հետո, փոխհատուցումները նշանակելիս հիմնականում սկսել են հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունն ու քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 11-րդ կետով նշված մյուս հիմքերը:

 

Ուսումնասիրված գործերից միայն մեկի դեպքում այդ մոտեցումը չի գործել. «Յունիբանկ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Մանվել Ղազարոսի Տեր-Առաքելյանի, երրորդ անձ` «News.am» էլեկտրոնային լրատվական կայքի խմբագրության թիվ ԵԱՔԴ/1495/02/11 գործով դատարանը, ամբողջությամբ բավարարելով գույքային պահանջը, վճռեց պատասխանողից բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ գումար։

Արձանագրվել են նաեւ դեպքեր (Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի ու Աննա Թորոսյանի,  Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի), երբ դատարանը սահմանել է օրենքով չնախատեսված պաշտպանության միջոց, այն է՝ ներողության հայցում, ինչը, ի դեպ, դուրս էր նաեւ հայցապահանջի ծավալից:

Կարող է դրական գնահատվել հայցից հրաժարվելու հիմքով ավարտ ունեցած դատական գործերի քանակի ավելացումը, սակայն հարկ է նկատել, որ նման 7 գործից 3 դեպքում հրաժարվողը միեւնույն անձն է`Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը, ով նույն հիմքով տարբեր լրատվամիջոցների դեմ հայցեր էր ներկայացրել:

 

Մտահոգում է այն, որ դատարանները միատեսակ մոտեցում չեն ցուցաբերում դատական ծախսերի փոխհատուցում  նշանակելիս, պետական տուրքի չափը հաշվարկելիս եւ հայցային վաղեմության ժամկետը կիրառելիս: Այսպես՝ 39 հայցից 9-ը դատարանների վարույթ է ընդունվել՝ պետական տուրքը չվճարելու կամ պակաս վճարելու պայմաններում։ Իսկ երեք գործով հայցվորի կողմից կատարված եւ պատասխանողից պահանջվող դատական ծախսերը դատարանները դիտել են որպես գույքային պահանջ, եւ դրա դիմաց պարտավորեցրել են պետական տուրք վճարել։ Հինգ հայցը մերժվել է դատարանների կողմից՝ հայցային վաղեմության ժամկետը բաց թողելու հիմքով։ Դրանցից մեկը «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊ ընկերությունն ընդդեմ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի («News.am» լրատվական- վերլուծական գործակալության հիմնադիր) գործն է, որի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշմանը ԽԱՊԿ-ի փորձագետները համամիտ չեն, քանի որ իրավունքի վերականգնման օրենքով նախատեսված ժամկետը հայցվորը չի խախտել, այլ ընդամենը նախապատրաստական փուլում կատարվել է պատասխանողի կազմակերպաիրավական ձեւի ճշտում։

 

Պետք է արձանագրել նաեւ, որ որոշ դեպքերում առկա են լրագրողական բացթողումներ, փաստերը ճշտելու թերացումներ, ինչն էլ լրատվամիջոցների դեմ հայցերի առիթ է դառնում:




Լրահոս