ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է, թե ինչ արժե 1 կվտ ժամ էներգիան, 1 խմ գազը, 1 խմ ջուրը:
մանկավարժ
ՊԱՏԱՍԽԱՆ. 1 կվտ ժամ էլեկտրաէներգիան 30 դրամ է: Եթե քաղաքացին ունի երկդրույքային հաշվիչ, ապա սակագնային հաշվիչն ունակ է ֆիքսելու 23:00-ից մինչ առավոտյան 7:00-ն ընդամենը 20 դրամով: Այդ ժամանակամիջոցից դուրս` արդեն բոլոր բնակիչ բաժանորդների համար 30 դրամ է:
Գազի սակագնի հետ կապված կա հատուկ սոցիալական ծրագիր, եւ այդ ծրագրից օգտվողների, նպաստ ստացող բաժանորդների համար 50 տոկոս զեղչ է սահմանված: Իսկ մնացածների համար 1 խմ գազը կազմում է 132 դրամ: Ամսական մինչեւ 10000 խմ գազ սպառողների համար յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը կազմում է 132000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Ամսական 10000 խմ եւ ավելի սպառողների համար յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկմամբ կազմվում է բանաձեւ` P=243.13*E, որտեղ P-ն 10000 խմ եւ ավելի սպառողներին վաճառվող 7900 կիլոկալորիա խմ ջերմարարություն ունեցող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է` ներառյալ ԱԱՀ-ն: E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքի մեծությունն է:
Սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը կազմում է 128.208 հազարերորդական դրամ` մատակարարված յուրաքանչյուր խմ խմելու ջրի դիմաց առանց ավելացված արժեքի, իսկ ավելացված արժեքով 153.850 հազարերորդական դրամ` դրան գումարած ջրահեռացման ծառայությունը` 12.670 հազարերորդական դրամ ԱԱՀ, 14.480 հազարերորդական դրամ ԱԱՀ կոյուղագծերի մաքրման ծառայության համար:
հանձնաժողովի մամուլի քարտուղար
Մարիամ Ստեփանյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կիլովատի, թե խորանարդի վերածենք սպառված ջուրը, գազը եւ էլեկտրաէներգիան, միեւնույն է, բոլոր ծառայությունների համար չափազանց թանկ ենք վճարում: