Ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետում ավելի քան 2,700 բեռնատար է սպասում իր հերթին։ Այս մասին, interfax-russia.ru-ի փոխանցմամբ, հաղորդվում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կառավարման տարածաշրջանային կենտրոնի պորտալում։
Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է ընդհանուր առմամբ 2,737 բեռնատար։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն խոսել էր պետական սահմանին տարանցիկ մեքենաների կուտակման պատճառով հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ մտցնելու մասին։ Այս ռեժիմի շրջանակում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվում է մինչև կայանատեղերի հասանելիությունը։
Ռազմավիրական ճանապարհն այսօր միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ։ Այն անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով։
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ հասկանալու՝ ի՞նչն է նման հերթի պատճառը, և ի՞նչ հետևանքներ կարող է թողնել այն։ Վերջինս պատասխանեց, որ սա պարբերաբար կատարվող երևույթ է:
«Եղանակային պայմանները վատ են՝ Լարսը փակ է, մեքենաները կուտակվում են, այդ էլ չկա, միևնույն է, փակ է, այսինքն, ըստ էության, հիմնական պատճառը ոչ լիարժեք և ամբողջական կարգավորումն է, որ մենք այս պահին չունենք, այսինքն գործընկերների հետ այս իշխանությունները չեն կարողանում ապահովել մարդկանց և բեռների անխափան տեղափոխումը դեպի Ռուսաստան և այնտեղից դեպի Հայաստան»:
Նրա կարծիքով՝ նման իրողության խնդիրները տարբեր են՝ քաղաքականից մինչև կազմակերպչական:
Տնտեսագետի խոսքով՝ նման իրավիճակը կազդի արտահանման վրա՝ մանավանդ, որ հիմա գյուղատնտեսական մթերքների արտահանման պիկն է, և սա ուղիղ հարված է գյուղացիական տնտեսությանը:
Էմմա Մարտիրոսյան