Օրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է 4043 գրամ քաշով 4 պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ:
«Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց շրջանակում վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները պարզել են նվագարկիչը ստացող անձի ինքնությունը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջինս ձերբակալվել է «Երևանի հյուսիսային ավտոկայանի» հարակից տարածքից՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող այլ զանգվածով փոխարինված աուդիո նվագարկիչը Կ.Պ-ից ստանալուց հետո:
Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված անձը վարչության աշխատակիցներին է ներկայացրել նույն եղանակով ստացված մեկ այլ սարք: Մասնավորապես, իր կողմից շահագործվող մեքենայի բեռնախցիկից նա դուրս է բերել չիր պատրաստող սարք, որը քանդել է, և դրա միջից հայտնաբերվել է 996 գրամ քաշով մեկ պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների պարունակությամբ:
Բացահայտվել են գործընթացը համակարգող և սարքը փոխանցող անձանց ինքնությունը: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև` քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում գործին առնչվող 3 քաղաքացիները ձերբակալվել են։
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու համար: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում ձերբակալված քաղաքացիներից մեկի բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։