Արևմուտքի երկրները մոտ 20 000 պատժամիջոց են սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդի կլոր սեղանի ժամանակ։
«Ռուսաստանի նկատմամբ արդեն շուրջ 20 000 տարբեր սահմանափակող պատժամիջոցներ են մտցվել։ Ըստ էության, դրանք չեն կարող կոչվել պատժամիջոցներ, որովհետև պատժամիջոցներն օրինական միջոց են, որը սահմանում է (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհուրդը, իսկ սրանք միակողմանի սահմանափակող միջոցներ են», – դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Պանկինի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանման չդադարող գործընթացը նպատակաուղղված է այն բանին, որ Ռուսաստանը «թուլանա և անկում ապրի», սակայն այդ հաշվարկը «չի արդարացնում իրեն»:
Արևմուտքի երկրները Ռուսաստանի հետ պատժամիջոցների տարբեր փաթեթներ են սահմանել 2022 թ. փետրվարին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից հետո։