ՀԱՐՑ. Ես տարածք ունեմ, այն առանց վարձավճարի ուզում եմ տալ իմ ընկերոջն առեւտրով զբաղվելու համար, այդ դեպքում ես պետությանն ի՞նչ գումար պետք է վճարեմ: Նաեւ հետաքրքիր է իմանալ, եթե տարածքը վարձակալությամբ եմ տալիս որոշակի գումարով, ապա այդ դեպքում որքա՞ն պետք է վճարեմ այդ գումարից: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ֆիզիկական անձի կողմից այլ ֆիզիկական անձին «տարածքը» անհատույց օգտագործման հանձնելիս եկամտահարկի գծով որեւէ պարտավորություն չի առաջանում, իսկ վարձակալության հանձնման դեպքում վարձակալության դիմաց ստացվող վճարներից եկամտահարկը հաշվարկվում եւ բյուջե է վճարվում օրենքի 18-րդ, 31-րդ եւ 32-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Ըստ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` ելնելով տվյալ ֆիզիկական անձի կողմից իրականացվող գործարքների ընդհանուր շրջանառությունից եւ ԱԱՀ շեմից, նախ պետք է որոշվի, թե օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան տվյալ ֆիզիկական անձը համարվո՞ւմ է ԱԱՀ վճարող, թե՞ ոչ: Եթե անձն ԱԱՀ վճարող է, ապա նրա վճարվելիք ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է այդ գործարքի հարկվող շրջանառության նկատմամբ (այն որոշվում է օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան) 20% դրույքաչափով, իսկ եթե անձն ԱԱՀ վճարող չէ, ապա նրա մոտ ավելացված արժեքի հարկի գծով որեւէ պարտավորություն չի առաջանում:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ժամանակներում անգամ ընկերոջն ու բարեկամին հազվադեպ է անհատույց ինչ-որ բան, առավել եւս բիզնես ծավալելու նպատակով տարածք հանձնվում: Ուստիեւ հարկ է կարծել, որ անհատույց կոչվող պայմանագրերի մի ստվար հատված պետությանը հասանելիք վճարումներից լրիվ խուսափելու նպատակն է հետապնդում: