«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։
Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջեւանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սեւակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաեւ ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։
Հանրային հեռուստաընկերությունը «Ֆեստիվառի» նախագիծն իրականացնելու համար 180 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գյումրիում շաբաթ օրը՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում համերգի ժամանակ, Թաթայի եւ նրա հետ ելույթ ունեցող խմբի ծախսերի ապահովման համար 30 մլն դրամ է հատկացվել. համերգային ծրագրի հաղորդավարներին 500 հազար դրամ է հատկացվել, DJ ծառայության համար՝ 400 հազար դրամ։ Պրոդյուսերական աշխատանքների համար հատկացվել է 800 հազար դրամ, անձնակազմի ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ եւս 800 հազար դրամ: Լեդ էկրանի ձեռքբերման համար շուրջ 5 մլն 430 հազար դրամ է տրամադրվել, իսկ ձայնային սարքավորումների համար՝ 12 մլն 510 հազար դրամ, լուսային սարքավորումների համար 7մլն 950 հազար դրամ է հատկացվել։
Երգիչ Թաթայի մենահամերգը շաբաթ օրը Գյումրի էր «տարել» ինչպես հանրային շատ դեմքերի, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դե իսկ Գյումրու ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանն էլ «Ֆեստիվառի» հաշվին որոշել էին դիվիդենդներ հավաքել Նիկոլ Փաշինյանի առջեւ. նրանք շարքով հերթ էին կանգնել՝ վարչապետին դիմավորելու ու նրա ձեռքը սեղմելու հնարավորությունը բաց չթողնելու համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։