ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն լարված հարաբերություններին, իշխանության հակադարձումներին, ասաց, որ դա նորմալ բնականոն գործընթաց է:
Պրն Վարդանյանի խոսքով` ՀՅԴ-ն փաստարկված է ներկայացնում իր խնդիրներն ու մտահոգությունները, իսկ թե ինչպես են արձագանքում իշխանությունները, դա իրենց խնդիրն է:
-Օրինաչա՞փ եք համարում այն, որ արդեն կառավարության անդամները` նախարարներն են խոսում ընդդիմությունից չվախենալու մասին, որոշակի ակնարկներ են անում քաղաքական որոշ ուժերի հասցեին:Մի տեսակ անհանգստություն կա կարծես թե իշխանության շրջանակներում:
-Գիտեք, երկրում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն այսպիսին են, որ բոլորն են գիտակցում` ունենք լրջագույն խնդիրներ և պետք է դրանք լուծել: Անցել են արդեն այն ժամանակները, երբ ասում էին` մեր դեմ խաղ չկա: Հիշում եք` նման արտահայտություն կար նաև 1990-ականներին: Եթե սա դրա մի դրսևորումն է, ապա քաղաքական գործիչների խնդիրն է անցյալից դասեր քաղելը: Կան ընդհանուր խնդիրներ, իրենք պետք է պատրաստ լինեն աշխատանքի:
-Իշխանությունը հիմա պե՞տք է վախենա ընդդիմությունից, երբ չորս ոչ իշխանական ուժերը միասնական են գործում:
-Մենք այսօր որոշ հարցերի շուրջ համագործակցում ենք, գնում ենք մեր ճանապարհով: Թե իշխանությունն ու կառավարությունն ինչպես կարձագանքեն, իրենց խնդիրն է:
-Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իշխանությունը եթե հանկարծ հակադարձի ընդդիմությանը, Հայաստանում ընդդիմություն չի լինի…
-Նախ ասեմ, որ մենք հրաշալի քառյակ չենք: Մենք չորս խմբակվցություններ ենք մեր տարբերություններով ու մոտեցումներով, որոնք փորձում են արմատական բարեփոխումների հող նախապատրաստել: Մնացյալը խոսքեր են:
Կա տեսակետ, որ իշխանության հիմքերը թուլանում են:
-Եթե իշխանությունը մտածում է, որ իրենք հավերժ են, կթուլանա:
Սոնա Դավթյան