«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, հուլիսի 24-ին Դուք եւ Ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը գնացել էիք Կիրանց գյուղ, սակայն, ինչպես Գեղամ Մանուկյանն էր իր ֆեյսբուքյան էջով հայտնել, ձեզ թույլ չէին տվել մուտք գործել գյուղ: Խնդրում ենք՝ մի փոքր մանրամասնեք, թե ով է արգելել մուտքը եւ ինչ պատճառաբանությամբ:
-Ոչ թե արգելել են մուտք գործել, այլ, երբ արդեն գյուղում էինք, սահմանապահ ծառայության մի սպա մոտեցավ, եւ ասաց, որ մենք գտնվում ենք սահմանային գոտում, որտեղ գտնվել, առանց թույլտվության, իրավունք չունենք: Հավանաբար դա նրանց հրահանգել էին, որովհետեւ երբ գնացինք Կիրանցի եկեղեցի, ինչպես եւ միշտ ենք անում գյուղ գնալիս, նրանց ասացին, որ հեռացնեն մեզ:
Մենք եղանք գյուղի դպրոցի մոտ, որտեղից սահմանը 20-25 մետր հեռավորության վրա է ընդամենը: Տնկված ծառեր չկային, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, մի հատվածը բետոնապատ էր, իսկ մյուս հատվածը՝ մետաղապատ: Ես չեմ պատկերացնում՝ այդ «ժեշտը» ինչպես պետք է թշնամուն հետ պահի մեր երկրի վրա հարձակվելուց. ընդհանրապես անտրամաբանական է, թե պատով հնարավոր է կանխել թշնամու հարձակումը:
-Պարո՛ն Խաչատրյան, իսկ հասցրե՞լ եք այդ կարճ ժամանակահատվածում տեղացիների հետ շփվել, հասկանալ՝ ինչ մթնոլորտ է իրենց ներսում, ինչ անհանգստություններ ունեն:
-Բնակիչները տխուր էին, եւ դա բնական է, ինչպես կարող էին անհանգիստ չլինել, երբ գիտեն, որ մի քանի մետր հեռավորության վրա թշնամին է: Տեսանք այն հատվածը նաեւ, որը հանձնվել է թուրքին՝ առանց որեւէ իրավական հիմնավորման:
-Ո՞ր հատվածի մասին է խոսքը:
-Կիրանց գյուղ մուտք գործելիս ճանապարհը կամրջով է անցնում, այդ կամուրջը Ադրբեջանին է հանձնված: Այնտեղից մի փոքր վերեւ արդեն ադրբեջանցի սահմանապահներն են գտնվում, եւ հանդիպակաց են հայ ու ադրբեջանական դիրքերը:
Իշխանությունը, առանց սահմանագծման ու սահմանազատման, թշնամուն է հանձնել պատմական կամուրջը: Արդարացնելու համար իրենց կապիտուլյացիոն քայլը՝ իշխանությունները հայտարարել են, թե կամուրջը, ճիշտ է, չի տրվել սահմանազատման արդյունքում, սակայն տրվել է սահմանի վերարտադրության արդյունքում: Նման եզրույթ կիրառելն արդեն իսկ անտրամաբանական է, քանզի ո՛չ գիտությանը, ո՛չ մարդկությանն ու բնությանը այն հայտնի չէ:
Ասում էին նաեւ, թե կադաստրային քարտեզները սխալ են եղել, մենք այժմ փորձում ենք հասկանալ այդ խնդիրը, թե երբ է եղել այդ «սխալը», եւ երբ է բացահայտվել:
Արդարադատության նախարությունը լրատվամիջոցներին պատասխանել էր, թե կադաստրային քարտեզներում սխալ է առկա, այնինչ մեր օրենսդրությունը հստակ մեխանիզմ է նախատեսում, թե կադաստրային քարտեզների սխալն ինչպես է շտկվում, արդյո՞ք այդ գործընթացով են առաջնորդվել թե՞ ոչ, պատասխան չկար:
Պարզ է, որ Ադրբեջանը մատը դրել է քարտեզին ու ասել՝ սա պետք է ինձ տաս, իշխանությունն էլ մոգոնել է դա անելու ձեւեր ու որոշել է անունը դնել «սահմանի վերարտադրություն»:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԻՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Ինչո՞ւ է Ալիեւը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը եւ Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձեւաչափը, որն իրավասություն ունի ցանկանած պահի անդրադառնալու Արցախյան հիմնահարցին: Այսօր այն սառեցվել է ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ունեցած խոր հակադրությունների արդյունքում: Սակայն չի բացառվում, որ օրինակ, Թրամփի վերընտրությամբ, այն վերագործարկվի եւ կրկին ստանձնի իր դերակատարումը: Բացի Ադրբեջանից՝ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: ԵԱՀԿ ՄԽ կարող է առնվազն պահանջել եւ ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ եւ այնպիսի իրավաքաղաքական պայմաններ, որի պարագայում հնարավոր լինի ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը:
Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երեւանի համաձայնության, հետեւաբար՝ Ալիեւի հնչեցրած հերթական պահանջը, Հայաստանի թուլացած ու անկարող վիճակից առավելագույնը քամելու եւ արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակ ունի:
Ալիեւը հասկանում է, որ որոշ ժամանակ հետո, հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի եւ Նիկոլի համատեղ ծրագրված ռազմաքաղաքական ավանտյուրայի անարդար հետեւանքների հետ: Ուստի պահանջում է նաեւ Հայաստանի սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն, որը կզրկի ՀՀ հաջորդ իշխանություններին եւ հայ ժողովրդին՝ արցախյան հիմնախնդրին անդրադառնալու, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու իրավաքաղաքական հիմքերից:
Սովետական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջով՝ Ալիեւը փորձում է նախապես կանխել կամ, առնվազն, հակակշռել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավոր միջազգային պահանջները:
Գլոբալ կոմունիկացիաների բացվելուց հետո՝ տարիներ անց Հայաստանը կարող է լավ դիրքեր ստանալ տարածաշրջանում եւ կրկին գործոն դառնալ: Այն չեզոքացնելու ճանապարհներից մեկն էլ ադրբեջանցիներին կրկին Հայաստան վերադարձնելն է: Նրանց միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իրականացնել հստակ մշակված դեմոգրաֆիական քաղաքականություն, տնտեսական ազդեցության լծակների ձեռքբերում, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա զգալի ազդեցության:
Ի տարբերություն մեզ՝ թուրքական քաղաքականությունը հեռատես է եւ երբեք չի դադարում պայքարը հայկական գործոնը Հարավային Կովկասից վերացնելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ակնառու էր նույնիսկ սովետական տարիներին հայաթափվող Նախիջեւանում, Լեռնային Ղարաբաղում եւ սովետական Ադրբեջանի այլ հայաշատ շրջաններում:
Ալիեւն ամեն կերպ պայքարում է Լեւոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ինքնիշխան եւ զարգացող Հայաստանի Հանրապետության դեմ: Նա ցանկանում է Նիկոլ Փաշինյանի միջոցով եւ նրան օգտագործելով՝ մինչեւ վերջին շապիկը հանել Հայաստանի վրայից եւ մեր ժողովրդին դարձնել թուրքական գործոնից կախյալ շարքային սպառողական հասարակություն՝ զուրկ սեփական ինքնությունից ու ազգային նկարագրից»:
ՊԵՍԿՈՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր եւ հույս ունի, որ չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիեւի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները: ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Պարզապես չէինք ցանկանա, որ փնտրտուքներն իրականացվեն այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիեւի ռեժիմը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
ՄՈՒՏՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է
Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար:
Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Փաստորեն, Տավուշի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար: Սահմանապահ փոխգնդապետը պարզաբանում է՝ կա սահմանային գոտի եւ շերտ:
Ինչի մասին, ի դեպ, օրերս ինքս էի հարցրել ԱԱԾ փոխտնօրենին ու գրավոր հարցում եմ ուղարկել:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄՔՆՆ ԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի այսօրվա նիստում (խմբ.) քննարկվելու են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագիրը: Այս մասին հայտնում է dailysabah.com-ը՝ մանրամասնելով, որ քննարկվելու է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Նշվում է, որ սա լինելու է վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, այն կայանալու է Անկարայում: Դրան ներկա են լինելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա օգնականները, նախարարները եւ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարները։
Քննարկվելու են նաեւ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Մերձավոր Արեւելքում տիրող ճգնաժամը ու ռուս-ուկրաինական հակամարտությունը: