Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է 2024թ. երկրորդ եռամսյակային զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
2024թ? երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունների առումով։ Դա պայմանավորված էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի հետ կապված հասարակական-քաղաքական մթնոլորտի լարվածությամբ, զանգվածային բողոքի ակցիաներով, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բազմաթիվ բախումներով, որոնց ընթացքում հարձակման էին ենթարկվում նաեւ լրագրողները եւ օպերատորները։
Չնայած, որ վերջին տարիներին ցույցերը, հանրահավաքներն ու երթերը հաճախ ուղեկցվել են նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես, գրանցվել է ընդդեմ լրագրողների եւ օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք՝ 23 տուժողով. սա 2018 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, իսկ տուժողների թվով հավասար է հեղափոխության օրերին գրանցվածին։ Ֆիզիկական բռնությունների մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։
Եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների՝ վիրավորանքների, սպառնալիքների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Սրանցից 6-ը գրանցվել է բողոքի ակցիաների ժամանակ (4-ը ընդդիմության ներկայացուցիչների, 2-ը իրավապահների կողմից)։
Դիտարկվող շրջանում ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը. ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց՝ նախորդ եռամսյակի 12-ի դիմաց։ Դատական հայցերից 5-ը գործարարների կողմից են, 4-ը՝ իշխանության ներկայացուցիչների, 4-ը՝ քաղաքացիների, 2-ը՝ փաստաբանների, 1-ը՝ ՀԿ-ի, 1-ը՝ ընդդիմադիր գործչի կողմից։
Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է. ԽԱՊԿ-ը գրանցել է այդպիսի 19 դեպք՝ նախորդ եռամսյակի 41-ի դիմաց։ Այստեղ խնդրահարույց են մնում լրագրողների եւ լրատվամիջոցների կողմից հայցվող տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումները, ներկայացված գրավոր հարցումներին արձագանքելու չարդարացված ուշացումները կամ լղոզված, հարցերի էության հետ կապ չունեցող պատասխանները։
Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները՝ Amnesty International, Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը եռամսյակի ընթացքում անդրադարձել են Հայաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին դեպքերին եւ խոսքի ազատության վիճակին ընդհանրապես՝ արձանագրելով, որ երկրում լրատվամիջոցները շարունակում են մնալ բեւեռացված։ Ըստ այդ զեկույցների՝ կարեւոր ձեռքբերումներից է ձեւավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված՝ մամուլի ազատության վարկանիշում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականի՝ Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը եւ չի հետեւում եվրոպական չափանիշներին:
Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի եւ արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաեւ խորհրդարանական լսումներ։
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
«Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Չգիտեմ ինչու պետք է Ադրբեջանը հիմա համաձայնի խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ մի վարչակազմի միջնրդությամբ/ճնշմամբ, որին մի քանի ամսվա կյանք է մնացել: Մանավանդ, որ ո՛չ Հարրիսի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմի համար այս հարցն առանցքային չի լինելու եւ Բաքուն հանգիստ կարող է սպասել:
Նույնը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որում Բայդենի վարչակազմը հետաքրքրված էր:
Այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը» մինչեւ նոյեմբեր կնքելու միտքը, եթե նույնիսկ Վաշինգտոնինը չէր, ապա Բայդենի վարչակազմի շահերից էր բխում:
Հիմա այս հարցերը «անտեր» են մնացել, քանի որ Բայդենի ճնշումներից վախեցող չկա, իսկ Հայաստանի՝ բոլոր ձվերը մի զամբյուղում դնելու քաղաքականությունը հերթական աղետն է», – գրել է նա:
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել Սուրեն Վարոսյանը:
Իսկ ո՞վ է նա. Վարոսյանը մինչեւ թաղապետարանում հայտնվելն աշխատել է մի շարք պատկան հաստատություններում՝ պարբերաբար ստանձնելով տարբեր հաստիքներ։ Օրինակ՝ 2014-2018 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2018-2020 թվականին աշխատել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2020-2021 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2021-2024՝ ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2024-2024՝ ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալը:
Բանն այն է, որ վարչապետի՝ հունվարի 30-ին կայացրած որոշման համաձայն Սուրեն Վարոսյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։
Հունվարին ազատվել է պաշտոնից, սակայն պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել Սուրեն Վարոսյանը:
Այնինչ, 2023 թվականի մայիսի 24-ին Սուրեն Վարոսյանը ներկայացրել է պաշտոնատար անձի՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՉՀԱՆԳԵՑՆՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի հարցում Գերմանիան ընդունում է որոշումներ, որոնք չեն նպաստում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ամառային ավանդական ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվում է Phoenix հեռուստաալիքով։
«Մեր բոլոր որոշումները կշռադատված եւ ընդունված են այնպես, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը չվերաճի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի»,- ասել է նա։
Գերմանիայի կանցլերը նաեւ ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն նշել է, որ չի բացառում Ռուսաստանի մասնակցությունն Ուկրաինայի հարցով հաջորդ համաժողովին։
Հուլիսի 24-ին Շոլցն ասել է, որ Գերմանիայի իշխանությունները Բունդեսվերի զինվորականներին չեն ուղարկի Ուկրաինա։
ԻՎԱՆԻՇՎԻԼԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եթե իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարան Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում, նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախարարին հարցրել են նախագահի պաշտոնում Իվանիշվիլիի հնարավոր առաջադրման մասին:
«Եթե պարոն Իվանիշվիլին որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ես վստահ եմ, որ նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը, թեեւ չգիտեմ, թե ով կլինի նախագահի թեկնածուն»,- ասել է նախարարը եւ ընդգծել, որ իշխող կուսակցությունը պատրաստվում է «տպավորիչ հաղթանակի»:
Խոսելով ընդդիմության մասին՝ Բրեգաձեն նշել է.«Ինչ շանսեր կունենա ընդդիմությունը, իհարկե, կախված է ընտրողներից, բայց, նրանց գործողություններից ելնելով, կարծում եմ, որ նրանց հնարավորությունը նվազագույնի է հասնում։ Նրանց առավելագույնը ընտրական շեմը հաղթահարելն է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար կլինի»։
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանական ընտրություններից հետո։ Նախագահին ընտրելու է ընտրական խորհուրդը, որի կազմում կլինեն խորհրդարանի անդամներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։