ԳՅՈՒՄՐՈՒ ԲՆԱԿՉՈՒՀՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Վարդուհի Հակոբյանի սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ինչպես նաեւ շարժառիթը։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2024թ. հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրելով՝ ներս է մտել եւ տանը հայտնաբերել քրոջ դին։

Դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել էր սավանով ծածկված նեխած դի՝ գլխից մինչեւ գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում։ Ըստ դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ այն մի քանի ամսվա մահվան վաղեմություն ունի:

2024թ. հուլիսի 22-ին սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, ով մինչեւ դեպքը, մի քանի ամիս տուժողի հետ բնակվել են վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 49-ամյա բնակիչը, Վարդուհի Հակոբյանի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, քննությամբ դեռեւս չպարզված օրը, վերոնշյալ հասցեի տան հյուրասենյակում, իր երեխաների մասին կնոջ արած արտահայտությունների պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հյուրասենյակի բազմոցին նստած կնոջ գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Այնուհետեւ, տեղափոխելու նպատակով, վերջինիս դին բազմոցից իջեցրել է հատակին, մարմինը կիսով չափ՝ գլխից մինչեւ գոտկատեղը, տեղավորել ճամպրուկի մեջ, սակայն, չկարողանալով շարունակել եւ այդ կերպ տեղափոխել այն, դին ծածկել է վերմակով, վերցրել կնոջ բջջային հեռախոսը, տան բանալիները, փակել տան դուռը, կողպել բակի դարպասները եւ հեռացել։

Դրանից հետո ինչպես կնոջ, այնպես էլ այլ հեռախոսահամարներով 49-ամյա տղամարդը «sms» հաղորդագրություններ է գրել վերջինիս քրոջը, որպեսզի չկասկածեն, որ կինը մահացել է։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 49-ամյա տղամարդը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Որոշում է կայացվել Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովի նախագահին նրա օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված՝ տղամարդու անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է երկու զույգ բանալի, որոնք, պարզվել է՝ Վարդուհի Հակոբյանի տան մուտքի դռան եւ դարպասի բանալիներն են։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 49-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը՝ կատարված մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԶՈՐԱԿՈՉԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը երկարաձգեց 2024 թվականի ամառային զորակոչը: Բան այն է, որ  իրավապահ համակարգը եւ այլ կառույցներ չեն կարողանում հիմնավորել անձանց առողջական խնդիրներ ունենալու կամ չունենալու հարցը, ինչի արդյունքում էլ որոշել են զորակոչը երկարաձգել:

 

Օրինակ, հայտնել էինք, որ «օրենքով գող» օշականցի Գեւորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել: Իրավապահ մարմինները գրեթե բոլոր իրավական գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ «օրենքով գող»-ի տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն, օրենքով գող օշականցի Գեւորիկի որդին այս պահին ազատության մեջ է, սակայն նրա` բանակից ազատման հիմքերը ստուգելու հարցում լուրջ գործընթաց է մեկնարկել:

2024 թվականի հունվարի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:

Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները եւ նրանց միացած մյուս իրավապահները Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին եւ բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափելը):

Հավելենք նաեւ, որ պաշտոնապես կառավարությունը  հայտնել էր, որ 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչեւ օգոստոսի 15-ը ներառյալ։

Որոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 25-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված՝ 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու եւ դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ Մ. ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԵՂԲՈՐԸ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանին եւ նրա եղբորը ձերբակալել են։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատը»։

Իրավապահները խուզարկել են պահեստազորի գնդապետ, Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը եւ ձերբակալել Մախսուդյան եղբայրներին։

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հուսամ` քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ-ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել եւ կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (խարդախություն) եւ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ասկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման է միջոց կիրառվել վարչական հսկողությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը», – գրել է փաստաբանը։




Լրահոս