ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար եւ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարակականի համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման եւ շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն`

ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչեւ 40 տարեկանը ներառյալ:

1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:

28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

Կանոնակարգվել է նաեւ նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաեւ պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը եւ պահպանման ժամկետը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆԻՆԵՐ» ՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Օրերս «ArLeAM» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին։ Գինեգործների համայնքի 29 ներկայացուցիչներ շրջել են ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել ընկերության աշխատանքներին եւ համտեսել «Door» բրենդի պրեմիում գինիները։ Հանդիպման օրակարգի շրջանակում քննարկվել են ոլորտի մի շարք հիմնախնդիրներ՝ խաղողի այգիների խնամքը, կառավարման, պահպանման մեթոդները, գինու որակի բարելավումը եւ օրգանական գինու մշակումը։

«Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունի մեր տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության եւ մրցունակության բարձրացումը, որը հնարավորություն կտա ներկայացվածություն ապահովելու նոր շուկաներում», – ասել է «ArLeAM» եւ «Door» բրենդները ներկայացնող ընկերության տնօրեն Լեւոն Խաչատրյանը։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցված արտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում «Door» գինու ապրանքանիշը։ 2022 թվականից ընկերությունն անդամակցում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին, որի ջանքերով հայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո՝ տեղի եւ միջազգային ամենատարբեր հարթակներում:

 

 

ԸՆԹԱՆՈՒՄ Է 10-ՐԴ «ԱՐՄԱԹ» ՏԵԽՆՈՃԱՄԲԱՐԸ

Հուլիսի 19-28-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվում է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները կմիավորվեն կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի եւ հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալու հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի առավել համարձակ շարունակելու իրենց դասընթացները, հետագայում առավել ճկուն կողմնորոշվելու մասնագիտական ընտրության հարցում։

Ճամբարին մասնակցելու են նոր «Արմաթներ» հաճախող եւ նույնիսկ «Արմաթ» չհաճախող պատանիները: Նպատակն է՝ խտացված օրակարգով՝ մասնակիցներին հիմնովի պատկերացում տալու ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել նրանց, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի:

Այս 9 օրերի ընթացքում տեխնոճամբարը խթանում է պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտում նրանց ուժեղ եւ թույլ կողմերը, սովորեցնում հետադարձ կապի հմտությունը եւ արդյունքակենտրոն աշխատանքը:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, ողջ մնալու արվեստի վարժանքներ, առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջեւ, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ եւ այլն։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ ժամը 14։30-ին։

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներն են ԿԳՄՍ նախարարությունը, VMware, Adobe, ZCMC, «Մասիս» եւ «Մոսկվայի Տուն» ընկերությունները:

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ «ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ»  ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ

2010թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011թ. մարտին Ֆրանսիայում կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի եւ Տավուշի մարզի միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր. հետագայում համագործակցության նոր համաձայնագրեր են կնքվել: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, Տավուշի սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի գործունեությունը համակված է մեծ կոռուպցիայով, գումարների մսխումով։ Նախկինում գրել ենք «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի՝ Լուսաձորի անասնաֆերմայում 19 ցեղական կովերի սատկելու, 2016թ. հուլիսին Լուսաձորի պանրագործարանի արտադրանք 3.5 տոննա պանիրը ոչնչացնելու՝ հորելու եւ այլնի մասին: Հիմնադրամում իշխում են «կոռուպցիոն բարեկամական» կապերը: Սուրեն Գեւորգյանը, լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կինը՝ Հասմիկը, Լուսաձորի պանրագործարանի արտադրանքն իրացնող «ԷկոՏավուշի» տնօրենը, վերջինիս հորեղբոր որդին՝ Տիգրան Տոնոյանը՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենն է: Տիգրան Տոնոյանը նախկինում Երեւանի քաղաքապետարանում վարորդ է աշխատել, Հասմիկը, կամ ինչպես նրան կոչում են՝ Նանա Գեւորգյանը, երաժշտության մասնագետ է, նա ինչպե՞ս կարող է գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ իրացման բիզնեսն արդյունավետ ղեկավարել։ Իրենց ենթակայությամբ Լուսաձորում գյուղատնտես աշխատող Կարինեն մասնագիտությամբ կապ չունի գյուղատնտեսության հետ, սակայն գյուղատնտեսի հաստիք է զբաղեցնում, նրա համար հիմնադրամը բնակարանի վարձի մեծ գումար է մուծում։ «ՀիմնաՏավուշ»-ում  տիրող բարքերի, աշխատողների հետ վատ վերաբերմունքի մասին նախկինում հրապարակումներ եմ ունեցել (խմբ.)։ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից մեր աղբյուրները հայտնում են, որ պարբերաբար անցկացվող աուդիտները կեղծ տվյալներ են ներկայացնում, մինչդեռ հիմնադրամը անտրամաբանական մեծ գումարներ է ծախսում, մսխում՝ տնկիներ գնելու համար։ 2013թվականին Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ Դիտավանի 3 այլ բնակիչներ դատի են տվել հիմնադրամին։ Դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից՝ մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս