DataLex-Ի ԱԿՏԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ court.am-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական դեպարտամենտը հարկ է համարում տեղեկացնել, որ. «Ապրիլի վերջից սկսած «Դատալեքս» համակարգում եւ դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի արդյունքում դատական ակտերի հրապարակայնացումը եւ «Դատալեքս» համակարգում տվյալների ներբեռնումն ու թարմացումը պարբերաբար հնարավոր չէր լինում կատարել:

 

Դատական դեպարտամենտը եւ համակարգը սպասարկող «Մեյսիս» ընկերությունը փորձել են իրենց հնարավորությունների սահմաններում խնդրին ժամանակավոր լուծում տալ, եւ, հաշվի առնելով, որ ինչպես «Դատալեքսը», այնպես էլ ծրագիրը ավելի քան 15 տարվա վաղեմություն ունեն եւ նոր տեխնոլոգիաներով վերազինման անհրաժեշտությունն օրհասական է, սույն թվականի մայիսին խնդրի մասին տեղեկացվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը՝ հարցը քննարկելու եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի աջակցությամբ լուծումներ գտնելու համար:

Մինչ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից վերոնշյալ խնդրի վերաբերյալ վերջնական եւ համապարփակ որոշման կայացումը՝ սույն թվականի հունիսի 28-ին դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռեւս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը եւ կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, եւ պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման:

Դատական դեպարտամենտն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել եւ սերվերային հանգույցի սենյակն ապահովվել է անհրաժեշտ անվտանգային կահավորմամբ: Երեկ դեպարտամենտի եւ «Մեյսիս» սպասարկող ընկերության ջանքերի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել համակարգերի «գործունակությունը», այդ թվում՝ մասնակի վերականգնվել է դատական գործերի բաշխման էլեկտրոնային ավտոմատացված համակարգը, սակայն մինչ օրս՝ չեն վերականգնվել 3 դատարանների՝ Սնանկության դատարանի, Արագածոտնի դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի տվյալների բազան, առկա է դատական գործերի էլեկտրոնային քարտերում տեղեկությունների մուտքագրման անհնարինություն, խափանված է դատարանների միջեւ դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման եւ ստացման ծրագիրը, խափանված է բոլոր դատարանների ծրագրերի սերվերներից ինֆորմացիայի՝ դեպի դատական դեպարտամենտի տվյալների կենտրոն տեղափոխման տրանսպորտային համակարգը, ինչի արդյունքում չի թարմացվում նաեւ «Դատալեքսը»:

Վթարի, ձեռնարկված միջոցների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի մասին կրկին տեղեկացվել է Խորհուրդը եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը՝ խնդրելով գտնել լուծումներ դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրի, «Դատալեքս» տեղեկատվական համակարգի եւ գործող համակարգերի կապուղիները վերազինելու, ամբողջությամբ թարմացնելու եւ համակարգերի հնությամբ պայմանավորված պարբերաբար առաջացող խնդիրները վերջնականապես լուծելու համար:

Տեղեկատվական խորհրդում գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը եւ հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների եւ անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաեւ դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խնդրի ժամանակավոր լուծման նպատակով եզրափակիչ դատական ակտերը հրապարակվում են Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում»:

 

 

 

200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՆՈՐ ՎԱՐԿ

Այսօր (խմբ.) կայանալիք կառավարության հերթական նիստում կընդունվի Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։

Այն չզեկուցվող հարցերի շարքում է։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագծով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

«Վայլդբերիզ» (Wildberries) օնլայն առեւտրի հարթակը շարունակում է զարմացնել իր գնորդներին, սակայն ինչպես լավ առումով, այնպես էլ՝ վատ։

Բանն այն է, որ օնլայն առեւտրի հարթակից օգտվողները վերջին շրջանում նկատում են, որ գնված իրերի գումարն ավելին է, քան պետք է լիներ։

Ամբողջ խնդիրն այն է, որ, օրինակ, 5000 դրամով գնված ապրանքը, որի առաքումը դեպի Հայաստան անվճար է, արդեն տեղ հասնելուն պես դառնում է 6300 դրամ։

Նշենք, որ այս օրինակն օնլայն գնումների հարթակի առաջին տհաճ անակնկալը չէ, ինչը զարմանք է առաջացնում առեւտրի հարթակից օգտվողների համար։

 

 

13.3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Կառավարության երեկվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում եւ 38.6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.6 մլրդ դրամ:

 




Լրահոս