ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը:
Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:
Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին եւ անելիքներին:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին՝ այս տարիներին կատարած աշխատանքի համար:
Շնորհավորելով նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ եւ փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է. «Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք եւ կգրանցեք նոր արդյունքներ:
Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, եւ վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարեւոր փուլում. այս պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով, իհարկե, հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման եւ գործառույթների վերապլանավորման՝ թիրախային արդյունքներ գրանցելու եւ առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ էության՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն եւ մեծ ներուժ կինոարտադրության խթանման համար: Այստեղ մեր ամենակարեւոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը»:
Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաեւ ոլորտի հնարավորությունների էական բարելավման հարցերը.
«Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում առանձին մաս է կազմում նաեւ «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել՝ որպես կինոարտադրության տարածք: Կարեւորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները եւ փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով՝ ստանալ ժամանակակից կինոարտադրության լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը կապել կինոարտադրության շրջափուլին՝ դրանով նաեւ ունենալով կինոկրթության որակի էական բարձրացում»:
Այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը համարել է առանցքային՝ շեշտելով, որ դրա առաջնորդությունը եւ նախաձեռնողականությունը վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել հիմնադրամի նորանշանակ տնօրենին եւ ողջ անձնակազմին:
Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության եւ ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն եւ ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»:
Նախարարը շնորհավորել է նաեւ ռեժիսոր Զառա Ջյանին եւ ողջ անձնակազմին՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ:
Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին եւ զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին:
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
«Ֆասթ բանկի» աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը, «You Are Not Alone»-ը եւ Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են տարբերվող մատուցմամբ ու լուծումներով՝ հարստացված հայկական դուդուկի ելեւէջներով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` «Սիմֆոնիկ Ջեքսոնի» նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը եւ նվագախմբի աշխատանքը. «Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը եւ ներքին կատարելագործման ու հոգեւոր վերելքի ձգտմանը: «Ֆասթ բանկը» եւ «Ֆասթեքսը» մեծ սիրով արձագանքեցին աջակցելու մեր խնդրանքին, համերգի մեր գաղափարին: Իսկապես շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին», – ասել է Սերգեյ Սմբատյանը։
Բարձրակարգ երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելու, համաշխարհային լեգենդների ստեղծագործությունները հայկական բեմերից եւ հայկական ելեւէջներով հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը կարեւորելով՝ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» գլխավոր գործընկեր «Ֆասթ բանկ»-ը ապագայում եւս շարունակելու է աջակցել մշակութային նմանատիպ նախագծերին։
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գեւորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը:
Հունգարիայի Դեբրեցեն եւ Միշկոլց քաղաքներում ավարտված խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը եւ Մանե Ղազարյանը։
Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ թենիսիստները հանդես են բերել մարզական բարձր պատրաստականություն, կամային որակներ եւ պայքարել են մինչեւ վերջ։
Ենթախմբում, որում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցը, Թուրքիայի Ս. Դեմիրելի համալսարանը եւ Ալբանիայի համալսարանը, մեր հավաքականը երեք հաղթանակ է տարել, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։ Անհատական պայքարում եւ զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվել են մեկական հաղթանակով։
ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի` Արգենտինայի ազգային հավաքականի եւ Մարոկկոյի սկանդալային հանդիպումը (1:2) մտել է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ՝ որպես ամենաերկար խաղ։
Հանդիպման մեկնարկային սուլիչը հնչել է Երեւանի ժամանակով 17։00-ին։ Հաշվի առնելով խաղի հետաձգումն ու վերսկսումը՝ հանդիպումն ավարտվել է Երեւանի ժամանակով 21:07-ին։ Այսպիսով՝ խաղը տեւել է 4 ժամ 7 րոպե:
Հիշեցնենք, որ հանդիպման 90+16-րդ րոպեին՝ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Մեդինայի գոլից հետո, որի շնորհիվ հանդիպման հաշիվը հավասարվեց, ճայթրուկներ են նետվել հարավամերիկյան թիմի խաղացողների վրա։ Բացի այդ, խաղադաշտ են վազել Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։ Խաղն ընդհատվել է անկարգությունների պատճառով։
Երկու ժամ անց՝ հանդիպման վերսկսումից հետո, արգենտինացիների երկրորդ գոլը չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով, ինչի արդյունքում Մարոկկոն 2:1 հաշվով հաղթանակ է տարել: