Դաշտադեմի դղյակի պատերին փորագրված արձանագրություններում պահպանվել են հայերեն, արաբերեն և հունարեն հիշատակագրեր․ ԿԳՄՍՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Այն կառուցված է առանց որմնախարսխի, անմիջապես բազալտե և տուֆե հիմնաժայռերի վրա և ապավինում է միայն իրեն շրջափակող հզոր պարիսպներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Ամրոցի կենտրոնական առանցքը միջնադարյան դղյակն է, որը Զաքարյան տոհմի իշխանանիստ կենտրոններից մեկն էր Արագածոտնում: Պատմական աղբյուրներից ենթադրվում է, որ դղյակը հիմնադրվել է XI-XII դարերի միջակայքում։

Դաշտադեմի դղյակը Հայաստանի այն բացառիկ հուշարձաններից է, որի պատերին փորագրված արձանագրություններում պահպանվել են հայերեն, արաբերեն և հունարեն հիշատակագրեր:
1199 թվականից Դաշտադեմ դղյակն անցել է Զաքարյան իշխանական տան ներկայացուցիչներին, որոնց գործունեության շրջանը (XII-XIVդդ․) Դաշտադեմ ամրոցի ողջ համալիրի պատմության և ճարտարապետության ամենաակնառու փուլն է: Մինչև XIV դարի առաջին քառորդը Դաշտադեմի դղյակը Զաքարյանների Շահնշահյան ճյուղի նստավայրերից մեկն էր:

Ամրոցի շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում կցակառուցված է կիսակլոր աբսիդով պալատական միանավ թաղակապ եկեղեցի: Այն ամբողջությամբ վերականգնվել է 2006 թ․: Ամրոցի տարածքում հայտնաբերված հնձանների առատությունը վկայում է տարածքում զարգացած այգեգործության, հատկապես՝ խաղողագործության մասին։
«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը Արագածոտնի մարզի տեսարժան վայրերից է: Այն հանդիսանում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ»,-նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս