Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամական կապերի և համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու փոխադարձ պատրաստակամության վրա: Ընդգծվել է, որ երկու մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների առաջիկա ամիսներին բացումը, ինչպես նաև միջխորհրդարանական պարբերական շփումները լրացուցիչ խթան կհաղորդեն երկկողմ օրակարգին։
Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, գրանցված ձեռքբերումներին և ԵՄ անդամ երկրների աջակցությանն այդ ճանապարհին։ ԱԳ նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև հավակնոտ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։
«ՀՀ քաղաքացիները հիրավի ունեն եվրոպական ձգտումներ, և ԵՄ հետ համատեղ մենք աշխատում ենք առկա գործիքակազմի միջոցով մեր համագործակցությունը խորացնելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար»:
Տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան: