ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին հրապարակելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը: Ու մինչ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննում է Դոլմազյանի վարքը, կատարած քայլերի օրինականությունը, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ հասան ԲԴԽ նախնական հավաքական տրամադրությունների մասին: Ըստ այդմ` ամենայն հավանականությամբ, Վահե Դոլմազյանի լիազորությունները չեն դադարեցվի, ԲԴԽ-ն, թերեւս, կբավարարվի նրան միայն նկատողություն տալով։
Թեեւ ԲԴԽ-ն հուլիսի 16-ի նիստում քննարկեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի` այս տարվա մարտին ներկայացված հաղորդումը այն մասին, որ դատավոր Դոլմազյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, բայց լավ է տրամադրված ենթադրյալ օրինախախտ դատավորի նկատմամբ:
Իսկ ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱՆ ներկայացուցիչը ԲԴԽ-ում հայտնեց. ««Կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին» որոշման շրջանակում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու եւ մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում դատավորը լուծել է այդ հարցերը…Ինչի իրավասություն չի ունեցել:
Դատավորի կողմից համապատասխան վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ»,- հուլիսի 16-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ կոչ անելով ԲԴԽ-ին բավարարել ԱՆ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` ԱԺ «կարճաժամկետ մեկնման» հանգամանքներին, որի ընթացքում Տոնոյանը հասցրել էր տեսակցել մորը՝ առանց ձեռնաշղթաների:
Դատավոր Դոլմազյանը, իհարկե, չի ընդունում իրեն մեղսագրվողը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դոլմազյանի մասով ներողամտությունը ունի քաղաքական շարժառիթներ, քանի որ նա քննում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի, Դավիթ Տոնոյանի ԲԴԽ նախկին նախագահի եւ էլի այլ քաղաքական բնույթի գործեր ու քննում է ցանկալի ուղով, արդյունքները քաղաքական իշխանությանը բավարարում են: Ասել է թե՝ Դոլմազյանը իշխանության «սրտի» դատավորն է, դրա համար նրան, թերեւս, միայն նկատողություն կտան:
Հակակառուպցիոն կոմիտեն դեռ ստուգում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը: Գրեթե երկու ամիս է անցել, ինչ նախաքննական մարմինը գործընթաց է սկսել, սակայն սայլը տեղից դեռեւս չի շարժվում: Գրել էինք, որ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ, մինչեւ նախարար դառնալը արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, եւ այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչեւ նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչեւ 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչեւ վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոցի» կարժանանա։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հերթական իմիտացիան բեմադրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել «քրեական ենթամշակույթի» անվան տակ, քրեական բարքերով ապրող բոլոր անձանց նկատմամբ որոշակի պատժիչ գործողություններ ձեռնարկել՝ հանրությանը դա ներկայացնելով իբրեւ քրեական բարքերի դեմ իրականացվող խիստ պայքար։ Խոսքը հատկապես քրեական աշխարհի այն անձանց մասին է, որոնք վերջին շրջանում աղմկահարույց դեպքերի կիզակետում են հայտնվել։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեկնարկը տվել են «Չաղ Ռուստամ»-ի միջոցով։ ArmLur.am-ը առաջինն էր հայտնել, որ կիրակի օրը իրավապահները, «գետնին տապալելով», ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: ՆԳՆ-ից եւս պաշտոնապես հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը։ Երեկ իրավապահները հիշել էին նաեւ քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկին»՝ Ալիկ Բանդուրյանին: ArmLur.am-ը հայտնել էր, որ իրավապահները երեկ՝ առավոտյան, դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Նշենք, որ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» անվան հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունը կապված է եղել Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության հետ, որ տեղի էր ունեցել օրեր առաջ Սեւանում, եւ որի «հեղինակը» «Նորատուսցի Ալիկի» եղբոր՝ Արայի որդին էր՝ Լեւոն Բանդուրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ քրեական հեղինակությունների վերջին ակտիվությունից հետո իշխանության ներսում քննարկում է եղել, որոշում են կայացրել պատժել քրեական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք տեսադաշտում են հայտնվում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։ Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջեւանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սեւակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաեւ ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։ Հանրային հեռուստաընկերությունը «Ֆեստիվառի» նախագիծն իրականացնելու համար 180 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գյումրիում շաբաթ օրը՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում համերգի ժամանակ, Թաթայի եւ նրա հետ ելույթ ունեցող խմբի ծախսերի ապահովման համար 30 մլն դրամ է հատկացվել. համերգային ծրագրի հաղորդավարներին 500 հազար դրամ է հատկացվել, DJ ծառայության համար՝ 400 հազար դրամ։ Պրոդյուսերական աշխատանքների համար հատկացվել է 800 հազար դրամ, անձնակազմի ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ եւս 800 հազար դրամ: Լեդ էկրանի ձեռքբերման համար շուրջ 5 մլն 430 հազար դրամ է տրամադրվել, իսկ ձայնային սարքավորումների համար՝ 12 մլն 510 հազար դրամ, լուսային սարքավորումների համար 7մլն 950 հազար դրամ է հատկացվել։
Երգիչ Թաթայի մենահամերգը շաբաթ օրը Գյումրի էր ,տարելե ինչպես հանրային շատ դեմքերի, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դե իսկ Գյումրու ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանն էլ ,Ֆեստիվառիե հաշվին որոշել էին դիվիդենդներ հավաքել Նիկոլ Փաշինյանի առջեւ. նրանք շարքով հերթ էին կանգնել՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու ու նրա ձեռքը սեղմելու հնարավորությունը բաց չթողնելու համար: