«Եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում՝ Լեռնային Ղարաբաղ եւ Լիբիա»։ Երեկ հերթական հոխորտալից հայտարարությունն էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարածաշրջանային ակտիվի հետ հանդիպման ժամանակ։
Այս հայտարարության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Էրդողանի այս հայտարարությունը՝ հրապարակային ինքնախոստովանությո՞ւն, թե՞ սպառնալից հայտարարություն։
-Թուրքիան առաջին անգամ չէ, որ խոստովանում է՝ միջամտել է, նույնիսկ՝ իրական մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմում, բայց Էրդողանի հայտարարության մեջ կարեւորն այն էր, որ նա սպառնում է Իսրայելին։ Սա համարում եմ սադրիչ հայտարարություն. ինչ նպատակով է նա դա անում՝ չեմ կարող ասել։ Թուրքիայում դժգոհության մեծ ալիք կա, տնտեսության վիճակը վատ է, եւ այս առումով նա նպատակ ուներ շեղելու հանրության ուշադրությունը ոչ բարվոք իրավիճակից։
Պատահական չէ, որ այս հայտարարությունը հեռարձակվեց նաեւ թուրքական եթերով։ Այստեղ կան նաեւ մերձարեւելյան քաղաքական հաշվարկներ, որ Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես իսլամական աշխարհի առաջնորդ, փորձում է Մերձավոր Արեւելքում իր տեղն ու դերը բարձրացնել, սա էլ պետք է հաշվի առնել։
-Իր հերթին էլ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր (խմբ.) հայտարարությամբ էր հանդես եկել, թե Թուրքիայի ԶՈՒ-ն չի մասնակցել 44-օրյա պատերազմին, այսինքն՝ Բաքվից՝ իբրեւ հերքում են Էրդողանին։
-Մենք իրականությունը գիտենք ինչ էլ Ադրբեջանը հայտարարի։ Փորձում են իբրեւ թե Էրդողանին հերքել, բայց իրողությունը բոլորն էլ գիտեն։
-Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Էրդողանի այս հոխորտանքներն ինչո՞ւ միջազգային դերակատարների կողմից կոշտ արձագանք չստացան։
-Իսրայելից կոշտ արձագանք եղավ, Իսրայելի ԱԳՆ-ն խորհուրդ էր տալիս Էրդողանին հիշել, թե ինչ եղավ Սադամ Հուսեյնի հետ, ով նմանատիպ հայտարարություններով էր հանդես գալիս ու իր պաշտոնավարումն ավարտեց կախաղանի վրա։
Ես կարծում եմ՝ լուրջ խաղացողները՝ Իրանը, ԱՄՆ-ն, հասկանում են, որ սրանք սադրիչ հայտարարություններ են, բայց դժվար հետեւեն լուրջ քայլեր Թուրքիայի կողմից։ Էրդողանն իր խաղն է խաղում՝ ներքին լսարանի համար, իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար, սա սադրիչ խաղ է։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՔՊ-ԱԿԱՆ ԹԱՂԱՊԵՏԸ
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականին։
Մինչեւ թաղապետ դառնալը Բալայանը, 1996 թվականից սկսած, 12 տարի աշխատել է որպես բուժակ, ապա 7 տարի «Երեւան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ, ապա փոխտնօրեն, իսկ 2015-ից 2018 թվականներին՝ նույն բժշկական կենտրոնի տնօրեն։
2018-2021 թվականներին աշխատել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ապա 2021- 2022 թվականներին աշխատել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, ապա նշանակվել է վարչական շրջանի ղեկավար։
Իսկ ի՞նչ ունեցվածք է կուտակել այս տարիներին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հայկ Բալայանը.
Բալայանը եւ կինը՝ Փիրուզա Մխիթարյանը, որեւէ անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չեն հայտարարագրել, սակայն Հակոբ Բալայանը եւ կինը հաշվառված են Էրեբունի վարչական շրջանում՝ նույն փողոցի տարբեր հասցեներում։ Հակոբ Բալայանի հետ նույն հասցեում բնակվում է նաեւ դուստրը։
Բալայանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 85 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն 100 հազար դրամ։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 533 հազար դրամ, որն աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկից։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
ԿԿՀ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ազատվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նշանակվող հնարավոր վարչական տուգանքից։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի նոյեմբերին անդրադարձել էր Ռուստամ Բաքոյանի՝ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրին, եւ նշել էինք մի քանի անհամապատասխանություններ, որոնք մասնավորապես առնչվում էին նրա ֆինանսական միջոցներին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո՝ հանձնաժողովի նախագահ դարձած Ռուստամ Բաքոյանին առնչվող այդ հրապարակումը։
Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա իրականացված տվյալների ստուգման շրջանակներում 2024 թվականին Բաքոյանը հայցվել է պարզաբանում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի դրամական միջոցների՝ տարեսկզբին եւ նախորդ տարեվերջին առկա մնացորդների անհամապատասխանություններին, հրապարակմամբ նշված՝ Ռուստամ Բաքոյանի առնչությանը եւ 2019 թվականին ձեռք բերված բնակելի տանը։ Սրա վերաբերյալ Ռուստամ Բաքոյանը 2024 թվականի մարտի 14-ին Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, որոնց գնահատման արդյունքում Հանձնաժողովը, հաշվի առնելով անհամապատասխանությունների բնույթը, գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության եւ օրինականության վերաբերյալ կասկածների փարատված լինելու հանգամանքը եւ ենթադրյալ իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի անցած լինելը, որոշել է ավարտել ստուգումը՝ հայտարարատուին առաջարկելով Հանձնաժողով ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում։
ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Մայրաքաղաքի այգիների տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներ շարունակ խնդրահարույց են եղել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ հիմա անհրաժեշտ է վարձակալների հետ քննարկել այն հանգամանքը, որ այգիների տարածքները վերջիններիս բիզնես նպատակ լինելուց բացի՝ նաեւ մարդկանց զբոսանքի համար են:
«Եթե համաձայնության գալ չենք կարող, ապա պետք է նոր մրցույթ հայտարարվի, խզվեն նախկին պայմանագրերը, քանի որ վստահ չեմ՝ բոլորը կցանկանան ավելի մեծ վճարով ու հին տրամաբանությամբ շահագործել տարածքները»,-նշել է Տիգրան Ավինյանը:
ԲԱՔՎԻՑ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԵՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արել է Լեռնային Ղարաբաղում եւ Լիբիայում, պնդել է, որ թուրքական զորքերը մասնակցություն չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավար կազմը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջինն է իր ձեւաչափով։ Արարատ Միրզոյանն ընդգծել է. «Կիպրոսի հետ մենք ունենք գերազանց հարաբերություններ եւ կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արտասովոր է համագործակցության դինամիկան եւ միմյանց դիրքորոշումների խոր ըմբռնումը։ Իմ գործընկեր նախարար Կոմբոսի հետ մենք պայմանավորվել ենք լրացուցիչ խթանել համագործակցությունը, եւ Հայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում։ Կարծում եմ, որ դա նոր հնարավորություններ կտա շարունակել համադրելու ջանքերը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները»: