ՀՌ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրառում է արել, որը համառոտ ներկայացնում ենք ստորեւ:

 

«Հարգելի՛ բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ եւ, փաստորեն, աշխատանքի առայժմ չեմ վերադառնում։

Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետեւանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, եւ ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված։

Իրավիճակի կապակցությամբ կասեմ հետեւյալը՝

Ունկնդիրներին, լրագրողական համայնքին

Այն, որ հիմա Ընկերության վրա ազդեցությունս զրոյական է, չի նշանակում, որ ռադիոյի համար այլեւս պատասխանատու չեմ։ Ընդհակառակը՝ զարգացումների հետագա ընթացքը իմ ձախողման հետեւանքն է… Կհավաքվենք, հետաքրքրությամբ կլսեմ ձեր գաղափարները, կկիսվեմ ռազմավարության վերաբերյալ իմ պատկերացմամբ։ Ի գործ։

Մայր ռադիոյի կոլեկտիվին

Ռադիոյի սիրելի մարդիկ, Աստված վկա, արել եմ հնարավորն ու անհնարինը, որ այսպես չլինի։ Շատերիդ կողմից ինձ հաճախակի մեղսագրվող ճկունության բացակայությունը հաշիվ չէ։ Մի անգամ էլ ասեմ, ու փակենք այս թեման: Բոլորիդ քաջ հայտնի հարցերից հատկապես ո՞ր մեկի շուրջ ցուցաբերեի ճկունություն։ Վստահեցնում եմ՝ ձեզ պետք չէր լինի այդպիսի տնօրեն։ Թրի տակով անցած ղեկավարն աղետ է իրեն վստահված մարդկանց համար։ Հավատացեք՝ գիտեմ՝ ինչ եմ ասում։ Իրավիճակը դիտարկեք հակառակ կողմից։ Ղեկավարության փոփոխությունը հնարավորությունների պատուհան է։ Հիմա ձեզանից յուրաքանչյուրը պիտի փորձի բարելավել դիրքերը, ստանալ այն, ինչն այս կամ այն պատճառով չի ստացել ինձանից։ Ձեզ ցույց տվեք։ Փայլեք, ինչպես հասու է միայն ձեզ՝ Ռադիոտան մարդկանց, եւ ամեն ինչ կլինի գերազանց։ Իսկ եթե ընթացքն այլ ուղղությամբ սկսի զարգանալ, ինչը նույնպես բացառված չէ, ձեզ «հուշանվեր» եմ թողել։ Գտեք այն։ Խմբվեք դրա շուրջ։ Այն պետք է որ մեղմի հնարավոր բացասական զարգացումները։ Հասկացողը հասկացավ, չհասկացողին կբացատրի։ Ես էլ այնպես չէ, որ հեռու եմ, 24/7՝ հասանելի: Հրաժեշտ չեմ տալիս։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին

Խորհուրդ, հիրավի դուք չքնաղ եք։ Ինձ փոխարինել պատրաստ մարդու ձեր եւ ձեր վերադասների փնտրտուքն ավարտվեց այն բանով, որ այս երկրում ապրող, այս հողի վրա քայլող եւ այս օդը շնչող յուրաքանչյուր ոք, ում այդ հարցով մոտեցել եք, ձեր առաջարկը համարել է անպարկեշտ, բայց դուք չեք ընկճվել, ընդլայնել եք որոնման աշխարահագրությունը եւ ի վերջո երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի ղեկը հանձնել վերջին 28 տարին Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ Խոսքեր չունեմ։ Ծափահարում եմ հոտնկայս։

Վերադասներ ասելով էլ՝ մոտավորապես, նկատի ունեմ հրապարակի առանձնասենյակներում նստող այն մարդկանց, ում մոտ որ մի երկու շաբաթ առաջ ձեր թեկնածուին տարել էիք «ստուգատեսի»։ Մինչդեռ Խորհրդի միակ իմաստը Հանրայինի եւ իշխանության միջեւ պատնեշ լինելն ու իշխանավորների «խածելկաներից» Հանրայինը զերծ պահելն է։ Իրենց հարկերից ամեն տարի մարդիկ 160 միլիոն դրամ ձեզ հենց դրա համար են տալիս, այլ ոչ թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ» կարգի հայտարարությունների։

Մի պահ ձեռքներդ դրեք խղճներիդ. դուք 160 միլիոնի գո՞րծ եք անում։ Վաղը, երբ այս ամենն ավարտվի, ու գնաք նոր աշխատանք փնրելու, ձեր CV-ների մեջ ի՞նչ եք գրելու «քի ըչիվմընթս» բաժնում…:

Հիրավի, ինչին դիպչում ենք՝ վերջում ՍՄԿԿ է դառնում։

Հանձնվելիս մարդ միշտ չէ, որ մեռնում է, բայց միշտ չեղարկում է ինքն իրեն։

Գուցե մանկամիտ հնչի, բայց մինչեւ վերջ հավատում էի, որ կհետեւեք ձեր գործընկերոջ՝ Վահրամ Մարտիրոսյանի օրինակին, ու հրաժարական կտաք… Իսկապես, խոսքեր չունեմ…»։

Նշենք, որ Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը։

Որոշումը կայացրել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Արմեն Քոլոյանի թեկնածության օգտին քվեարկել է Հանրային հեռարձակողի խորհրդի 5 անդամ։

 

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի եւ ելքերի սահմանային գրանցումների թվաքանակը, որի համաձայն 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան մուտք է գործել 1 մլն 624 հազար 239 մարդ, որից 704 հազար 647-ը ՀՀ փաստաթղթերով։

Ելքերի դեպքում պատկերը գրեթե նույնն է՝ 1 մլն 633 հազար 458 մարդ, որից 720 հազար 160 մարդ ՀՀ փաստաթղթերով։ Համեմատելով անցած 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները՝ կարող ենք արձանագրել, որ մուտքի եւ ելքի թվերն այդքան էլ չեն փոփոխվել, սակայն ՀՀ փաստաթղթերով մարդկանց մուտքերն ու ելքերը 2024 թվականի ավելացել է գրեթե 40 հազարով։

 

 

 

ԴԻՎԻԴԵՆԴՆԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԱՌԻԹ

Շաբաթ օրը Գյումրիում բավականին թեժ էր։ «Ֆեստիվառ» երաժշտական մեծ փառատոնը Գյումրի էր տարել ինչպես տարբեր հայտնի արտիստների, հանրային դեմքերի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների։

Նիկոլ Փաշինյանը համերգին մասնակցում էր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, որը պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում այնտեղ անցկացրած ժամանցից։

ՔՊ-ական գյումրեցի պատգամավորները, ինչպես երեւում է, այս փառատոնը որոշել էին որպես առիթ օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու, նրա մոտ դիվիդենտներ հավաքելու, ու իրենց հնազանդությունը Փաշինյանին ցույց տալու համար:

ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, որն իրեն, կարծես, Գյումրու ապագա քաղաքապետ է պատկերացնում, ինչպես նաեւ Էմմա Պալյանը հերթ էին կանգնել՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու ու նրա ձեռքը սեղմելու համար։ Նրանց սոցցանցերի էջերը ողողված էին Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներով ու տեսանյութերով։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը եւս առիթը բաց չէր թողնում՝ նրա աչքին բարձրանալու համար։

«Ֆեստիվառ»-ին մասնակցելու համար Գյումրի էր գնացել նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ում Շիրակի մարզպետը ծաղկեփնջով դիմավորեց։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ անցկացված «Ֆեստիվառ»-ին համերգային ծրագրով հանդես եկավ հայտնի երգիչ Թաթան, որը, ի դեպ, ընդդիմության, ինչպես նաեւ հանրության մի հատվածի կողմից շատ քննադատությունների ենթարկվեց, որ երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին՝ համերգ է տալիս, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ներկայությամբ։

 

 

«ԵՐԲ ԼՌԵԼԸ ԱՆՀՆԱՐ Է». Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆ

«Ի՞նչն է պատճառը, որ տարիներ տեւող այսքան մեծ ու անդադար աղմուկի մեջ, չնայած ստեղծված բարդագույն իրավիճակին ու հնարավոր էլ ավելի բարդ հեռանկարներին, այդպես էլ ասպարեզ չի բերվում իրավիճակի հաղթահարման իրատեսական այլընտրանքային քաղաքական ծրագիր, իսկ «մեղավորի» դերում այդ նույն քաղաքական աղմկարարների կողմից, ինրպես միշտ, կարգվում է ժողովու՜րդը»: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության հետ ամեն բան պարզ է: Այն շարունակում է իրագործել իր ձախավեր ծրագիրը:

Իրական պատճառը նախեւառաջ այն է, որ ստեղծված իրավիճակն իսկապես բարդ է, աննախադեպ բարդ ու խճճված: Երանի, թե մեր երկրում գտնվեին գոնե 3-4 հոգի, ովքեր ի վիճակի կլինեին ՃԻՇՏ գնահատել ստեղծված իրավիճակն ու առկա իրատեսական հեռանկարները եւ այդ ամենի համատեքստում Հայաստանի ու հայ ժողովրդի ամենանախընտրելի ու իրատեսական ռացիոնալ շահը, դրա իրացման անխոցելի քաղաքական մարտավարությունը: Ինքնակոչ անհամար «Սողոմոն իմաստուններին» մի կողմ թողած:

Մնացածը դատարկ աղմուկ է, ինչը բացառապես օգնում է օրվա իշխանություններին՝ հանրության նորանոր շերտերի մղելով անհուսության, անտարբերության, հիասթափության ու հանրային-պետական կյանքից օտարվածության»։

 

 

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին X-ում պատասխանել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւի՝ հայերի եւ օկուպացված Արցախի մասին մեկնաբանություններին, որոնք նա արել էր այն բանից հետո, երբ France 2 հեռուստաալիքի հաղորդավարը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ընթացքում Հայաստանի հավաքականի ներկայացման ժամանակ խոսել էր Արցախի անկման մասին:

«Եվ, իհարկե, մեր հայ ընկերները… Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո եւ Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ», – ասել էր հաղորդավարը, երբ կադրերում հայտնվել են հայ մարզիկները։

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը, սրան արձագանքելով, գրել էր. «Հայերը, իհարկե, ձեր ընկերներն են։ Բայց ոչ թե սկսվել է Ղարաբաղի «անկումը», այլ սկսվել է նրա նորացումն ու վերածնունդը, բացվում են նրա համար հրաշալի հեռանկարներ։ Եվ եթե հայերը «լավ տղաներ» լինեն, ապա կկարողանան օգտվել այդ հեռանկարներից»։

 

 

 




Լրահոս